Այսպէս է ասում Տէրը. «Ով անարատ է քայլում արդարութեան ճամփով, նա իրենից յետոյ երանութեան արժանի որդիներ պիտի թողնի» (Առակներ 20:7)

Գարեգին վ. Հովսեփյան․ «Սրբազան մի վայրկյան է այս մարդկային կյանքի մեջ, երբ նա յուր ամենաթանկագին ստացվածքը՝ սիրտը զոհ է բերում Աստծուն»

․․․» Տագնապալից սրտից բխած ջերմ աղոթքը երկնային մի ցող է պասքած հոգու վերա։ Ջարդված․ կորացած վշտի և նեղության բեռի տակ մոտենում ենք սիրո և գթության Աստծուն և հեռանում նորանից թեթևություն և խաղաղություն գտած։ Իսկ հոգու խաղաղությունը ստեղծագործող կյանքի գրավականն է զորության աղբյուրը մեր երկրավոր կյանքի պատերազմի մեջ։

Աղոթքի մյուս շարժառիթը, որ ավելի վսեմ է, սերն է առ Աստված։ Հավատացյալը յուր ամբողջ անձնավորությունը, եսը ճնշում է Աստուծո կամքին հպատակելու համար, իսկ Աստուծո կամքը սիրո, արդարության, սրբության թագավորությունն է մեր հոգու խորքում և երկրի վերա։ Կրոնական անձի հոգու խորին խորհուրդներից մեկն է այս զգացումը, որ իսկապես անկարելի է բացատրել։

Ինչպես կողմնացույցի սլաքը հակված է միշտ դեպի հյուսիս, այդպես էլ մարդկային եսը, բնությունը դեպի աշխարհայինը, փառքը, վայելքը, գայթակղությունը։ Ոչնչացնել այս ամենը և աստվածային սուրբ կամքի գերիշխանությունը հաստատել մեր հոգու մեջ, աղոթքի բարձրագույն նպատակն է։ Այսպիսի աղոթքը բանավոր զոհ է Աստուծո սրբության սեղանի վերա, ավելի սրբանվեր և անուշահոտ քան կնդրուկը։ Այսպիսի աղոթքը ամեն ժամանակի և ամեն մարդու գործ չէ, որովհետև բոլոր մարդիկ և ամեն ժամանակ ընդունակ չեն ամենաբարձր զոհաբերության։

Սրբազան մի վայրկյան է այս մարդկային կյանքի մեջ, երբ նա յուր ամենաթանկագին ստացվածքը՝ սիրտը զոհ է բերում Աստծուն։ Հպատակվել ուրիշի կամքին, նշանակում է կորցնել ներքին աշխարհում Աստուծո կամք, ճշմարտություն զգացած գաղափարներն իրականացնելու։ Մի պարադոքս է այս մարդկային հոգու մեջ, ինչպես պարադոքս են հոգևոր և բարոյական կյանքի շատ գաղափարներ։

«ԱՐԱՐԱՏ»-Ի ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
ՔԱՐՈԶԳԻՐՔ - ՀԱՏՈՐ Ա․