Այսպէս է ասում Տէրը. «Եւ կամ ի՞նչ միաբանութիւն Քրիստոսի եւ Բելիարի միջեւ. կամ ի՞նչ առնչութիւն ունի հաւատացեալը անհաւատի հետ. կամ ի՞նչ նմանութիւն ունի Աստծու տաճարը մեհեանների հետ։ Արդարեւ, կենդանի Աստծու տաճար էք դուք» (Կորնթացիներ 6:16)

Հեղնար աղբյուր

«Հեղնար աղբյուր» ֆիլմը նկարահանվել է 1970 թվականին, «Հայֆիլմ» կինոստուդիայում։ Ֆիլմը նկարահանվել է Մկրտիչ Արմենի համանուն վիպակի հիման վրա։

Սյուժե

Մկրտիչն աղբյուրներ կառուցող հայտնի վարպետ է։ Նրա երիտասարդ կինը՝ Հեղնարը, սիրահարվում է ուրիշին։ Կնոջ մահվանից հետո վարպետը նրա հիշատակին աղբյուր է կառուցում, որի ջուրը հոսում է միայն իր համար։

Դերերում

Վարպետ Մկրտիչ - Սոս Սարգսյան

Վարպետի ընկերները - Գեղամ Հարությունյան, Արտավազդ (Արթուր) Փաշայան,

Խաչատուր Աբրահամյան, Սերգեյ Չոլախյան, Ա. Դոնգելյան, Արսեն Բագրատունի

Հեղնար - Յու. Ռուստամյան

Երանոս - Հակոբ Ազիզյան

Վարոս - Ալեքսանդր Ղարիբջանյան

Ծերունի Վարոս - Գուժ Մանուկյան

Գալուստ - Հ. Ղազարյան

Մկրտիչի մայրը - Մետաքսյա Սիմոնյան

Երանոսի կինը - Գալյա Նովենց

Մանան - Կարինե Սուքիասյան

Գեղամ - Ազատ Գասպարյան

Ստեղծագործական խումբ

Սց. հեղ. Մ. Արմեն, բեմ. ռեժ. Ա. Մանարյան, գլխ.օպեր. Լ. Աթոյանց, բեմ. նկ. Ս. Անդրանիկյան, կոմպոզ. Ռ. Ամիրխանյան, հնչ. օպեր. Մ. Սամվելյան, ռեժ. Ա. Սամվելյան, օպեր. Մ. Շահբազյան, Ռ. Բալասանյան, զգ.նկ. Ռ. Գրիգորյան, նկ. դիմ. Խ. Զահալյան, նկ. դեկ. Մ. Առաքելյան, ռեժ. աս. Կ. Գասպարյան, օպեր. աս. Ս. Օրմանյան, նկ. աս. Գ. Մանուկյան, մոնտ. Ի. Միքայելյան, խմբ. Ա. Հունանյան, տն. Հ. Ոպյան:

«Հեղնար աղբյուր» ֆիլմի ստեղծման պատմությունը, առանձնահատկությունները, Life.panorama.am-ի «Մեր կինոն» շարքից։

1971-ին էկրան բարձրացավ մի ֆիլմ, որի թեմատիկան ամբողջովին տարբերվում էր նախորդներից. սյուժեն այդ ժամանակի համար համարձակ էր, որոշ տեսարաններ՝ անսովոր: Մկրտիչ Արմենի վիպակի՝ «Հեղնար աղբյուրի» հիմքում ընկած է մի պատմություն, ըստ որի աղբյուրներ կառուցող վարպետի երիտասարդ կինը՝ Հեղնարը, սիրահարվում է ուրիշին: Էկրանավորել վիպակը՝ միաժամանակ ցույց տալով կնոջ անպաշտպան զգացմունքը, ամուսնու խանդն ու ցասումը, ընդ որում, այս ամենը ներկայացնել պարզության ու մաքրության ֆոնին, ահա սա էր այն հիմնական հանձնարարականը, որն իր առջև դրել էր ռեժիսորը:

«Արման Մանարյանն իր հոգետեսակով մոտ էր այն կոնցեպցիային, որն առկա էր Մկրտիչ Արմենի վիպակում: Ես հիշում եմ, թե ինչպես էր նա ապրում այս կամ այն տեսարանով»,-մեզ հետ զրույցում հիշեց «Հեղնար աղբյուրի» կոմպոզիտորը՝ Ռոբերտ Ամիրխանյանը:

Թե որ ռակուրսից ցույց տալ վիպակում ծավալվող գործողությունները՝ որոշում է ռեժիսորը: Ինչպես նկատում է կոմպոզիտորը, Արման Մանարյանի ստեղծած ֆիլմում ամեն բան գեղջկական էսթետիկայի մեջ էր: Իսկ ինչպիսի՞ն կլիներ «Հեղնար աղբյուրը», եթե այն էկրանավորեր մեկ այլ ռեժիսոր. դժվար է ասել: Մի փաստ, սակայն, այս առումով բավական հետաքրքրական է: Ռոբերտ Ամիրխանյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ սկզբնական շրջանում «Հեղնար աղբյուրը» նկարահանելու համար Ռուսաստանից Հայաստան էր հրավիրվել ոչ ավել ոչ պակաս՝ ռուսական կինոյի նորարար ռեժիսորներից մեկը՝ Անդրեյ Տարկովսկին:

«Ես նրա հետ ունեցել եմ կարճ հանդիպում-քննարկում: Չգիտեմ, թե ի վերջո ինչու Տարկովսկին չնկարահանեց «Հեղնար աղբյուրը». չեմ կարծում, թե խնդիրը ֆինանսական էր, թերևս ընդհանուր էսթետիկական հարց կար, որը նրան անսամբլից դուրս թողեց: Տարկովսկին կարող էր իր համար ունենալ հեղինակային կինոյի դարձվածք, որը դիսոնանսի մեջ էր հայտնվել տվյալ միջավայրում»,-կարծիք հայտնեց կոմպոզիտորը:

Ֆիլմի գլխավոր օպերատորը՝ Լևոն Աթոյանցն իր հերթին փաստում է, որ «Հեղնար աղբյուրը», ըստ նախնական պայմանավորվածության, պետք է նկարահաներ ռեժիսոր Կարեն Գևորգյանը: Վերջինիս, սակայն, Գեղարվեստական խորհուրդն արգելում է այդ գործով զբաղվել.

«Մենք արդեն նախատեսել էինք, որ ֆիլմը պետք է լիներ գունավոր: Ռեժիսորն առաջարկում էր որոշ տեսարաններ նկարահանել Բաքվում, միանգամայն այլ ոճի ֆիլմ էինք ստանալու, սակայն գեղխորհուրդը թույլ չտվեց»,-մեզ հետ զրույցում պատմեց Աթոյանցը:

Երբ արդեն վերջնականապես վճռվեց, որ ֆիլմը պետք է նկարահաներ Արման Մանարյանը, ստեղծագործական կազմը ստիպված էր հապճեպորեն անցնել աշխատանքի, որպեսզի հասցներ սահմանված վերջնաժակետում ավարտին հասցնել այն:

«Չորս ամսում այդպիսի ֆիլմ նկարահանելը ռեկորդ սահմանելու պես մի բան էր: Մի հարց, սակայն, տուժեց. ստիպված եղանք սև ու սպիտակ կինոնկար ստանալ, քանի որ ժապավենը երևակելու համար Մոսկվա հասնելու ժամանակ պարզապես չկար»,-հիշեց օպերատորը: Նրա խոսքով՝ որոշ տեսարաններ նկարահանվել են Երևանում՝ Հին Նորքում, որոշները՝ Գյումրու հին փողոցներում:

Կարճ ժամանակահատվածը խոչընդոտ չհանդիսացավ, որպեսզի Մանարյանը հաջող կերպով ստանար ազնվագույն սիրո մասին ֆիլմ::

«Վերջերս դիտեցի «Հեղնար աղբյուրը» և նկատեցի, որ մի այնպիսի մաքրություն կա ֆիլմի օդի մեջ, ինչ-որ նվիրական հարազատություն, կարծես լքել էի մի թանկ բան ու դրա կարոտն էի քաշում», -իր զգացողություններով կիսվեց Ռոբերտ Ամիրխանյանը:

Նրա խոսքով՝ ֆիլմի հիմքում ընկած են իրական սիրո, խանդի ու նվիրումի զգացումները, հետևաբար, ինքը ալեգորիաների դիմելու կարիք չուներ և փորձել է պատում առաջ բերել. «Պատահական չէր, որ ֆիլմում ընգրկեցի տղամարդկանց երգչախմբի կատարում՝ դուդուկի նվագակցությամբ, այս միասնությունն արտահայտեց պայքար, սարսափ, ցասում», -մեկնաբանեց Ռոբերտ Ամիրխանյանը:

Նա հատկապես ընդգծեց այն հանգամանքը, որ ինքը զուտ գեղջկական միջավայրին բնորոշ երաժշտություն չի ստեղծել. «Սա մի գյուղի, մի քաղաքի ու երկրի պատմություն չէ. արծարծվող թեման համամարդկային հնչեղություն ունի, հետևաբար, իմ երաժշտությունն էլ համամարդկային է»,-նկատեց կոմպոզիտորը:

Ու թեև ֆիլմը նկարահանելու համար մի քանի ռեժիսորներ փոխվեցին, աշխատանքները տարվեցին հապճեպ կերպով, «Հեղնար աղբյուրի» շուրջ հավաքված հսկա դերասանները, և, առհասարակ, ստեղծագործական կազմը նպաստեցին, որպեսզի մի գյուղի ընտանիքի պատմությունն իսկապես դառնա համաշխարհային հնչեղության թեմա: