Այսպէս է ասում Տէրը. «Այլ դու երբ աղօթես, մտի՛ր քո սենեակը, փակի՛ր քո դռները եւ ծածո՛ւկ աղօթիր քո Հօրը, եւ քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կը հատուցի քեզ յայտնապէս» (Ղուկ. 11:4)

Հայկական տարազ

Ազգային հագուստը՝ հայկական տարազը, մեր ժողովրդի մտածողության արտացոլանքն է: Այն ոչ միայն արտահայտել է մեր ինքնությունը, այլև՝ եղել է այդ ինքնությունը պահպանող ազդակներից մեկը՝ ունենալով դարավոր պատմություն և լինելով նույնքան հարուստ ու բազմազան, ինչպիսին մեր բազմաբարբառ լեզուն է:

Հայ ժողովրդի տարազային քարտեզ

Տարազային համալիրներ

Պատմական որոշ հանգամանքների բերումով ձևավորվել է տարազային երկու համալիրներ՝ արևմտահայկական և արևելահայկական: Տարազային համալիրներում վառ արտահայտվել են սոցիալական, տոնածիսական, սեռատարիքային և անգամ մասնագիտական տարբերությունները: Եվ այս է պատճառը, որ տվյալ տարազին նայելուց՝ մարդիկ անմիջապես հասկանում էին, թե այդ տարազ կրողը ինչ խավի է պատկանել:

Տղամարդու հայկական տարազ

Տարազը բաղկացած էր երկու հիմնական բաղադրիչներից՝ ուսային (շապիկ, բաճկոն, մուշտակ) և գոտիական (տաբատ, շալվար)։ Շապիկի օձիքը զարդարվում էր ասեղնագործ գեղազարդերով: Հագուստը հիմնականում կարում էին բամբակյա գործվածքից, իսկ արևմտ

ահայերը օգտագործում էին այծի բուրդը։ Ավանդական հագուստ էր համարվում չերքեզին, որը կրում էին շապիկի և բաճկոնի վրայից։ Հասարակական վայրում առանց չերքեզիի երևալը համարվում էր անընդունելի՝ նույնիսկ շոգ եղանակին: Ամենատարածված գլխանոցները համարվում էին տարբեր ձևերի գլխարկները, որոնք սովորաբար պատրաստվում էին գառան մորթուց:

Տղամարդու հայկական տարազ

Կանացի հայկական տարազ

Կանացի արտաքին հագուստը եղել է բավականին բազմազան՝ զգեստներ (արձակ և ոչ արձակ), բաճկոնակներ և անթև հագուստներ։ Զգեստները կարում էին սատինից, մետաքսից, թավշից։ Կանացի հագուստը զարդարված էր ասեղնագործ գեղազարդերով, իսկ բարձր խավի ներկայացուցիչները զարդարում էին իրենց հագուստը ոսկե և արծաթե մանրաթելերով։ Հագուստի մեջ կարևոր դեր էր խաղում նաև կանացի զարդարանքը։ Ոսկերչական բանվածքները պահվում էին խնամքով և փոխանցվում էին սերնդեսերունդ։ Հայաստանի արևելյան շրջաններում ապրող կանայք, կարմիր և երկար շապիկի տակից` կրում էին կարմիր և երկար տաբատներ, որոնց ստորին մասերը կարված էին ավելի թանկարժեք գործվածքից։ Արևմտյան Հայաստանի կանացի զգեստները ձևով համարյա նույն էին, սակայն ունեին որոշակի տարբերություններ (շապիկը սպիտակ էր, օգտագործվում էր ասեղնագործությունը, պարտադիր ներկա էր գոգնոցը)։ Զարդարանքներից էին մանյակը, արծաթե ապարանջանը:

Ասեղնագործ բանվածքը, որը հատուկ էր կնոջ տարազին, բացի գեղագիտական գործառույթից ունեցել է մեկ այլ ու թերևս ավելի կարևոր՝ ծիսապաշտամունքային և պաշտպանական նշանակություն: Այդ բանվածքներին մոգական զորություն էր վերագրվում ու հավատում էին, որ դրանք կրողներն պաշտպանված էին չար, վնասաբեր ազդեցությունից: Այս գաղափարը կար նաև կանանց գլխաշորի վրա, որի գաղափարաբանությունը այն էր, որ կրողին այն պաշտպանում էր նույնիսկ ծոծրակի հատվածից:

Կանացի հայկական տարազ

Միջնադարյան և ուշ միջհնադարյան կնոջ տարազ

Միջնադարյան կնոջ տարազի համալիրը, գլխի հարմարանքը, ի տարբերություն հին հայկական տարազների, ավելի պարզ էր՝ կազմված ծաղկազարդ ճակատակալից։ Որպես գլխի ծածկոցներ օգտագործում էին քողերը, որոնց հանդիպում ենք նաև ուրարտական տարազում։ Միջնադարյան կանայք բերանն այնքան ամուր չեն կապել, ինչպես ընդունված էր։ Վաղ միջնադարում հայ վերնախավի շրջանակներում նկատելի է ինչպես արաբ, այնպես էլ բյուզանդական տարազների ազդեցությունը։ Ուշ միջնադարում հայկական ավանդական տարազը մասամբ ենթարկվել է նաև թուրք, թաթար և քուրդ նվաճողների ազդեցությանը, իսկ մի շարք նահանգներում և գավառներում պահպանվել մինչև IXI դարի վերջը և XX դարի սկիզբ։ Այնուհետև հայկական տարազները աստիճանաբար սկսել են տեղի տալ եվրոպական զգեստներին և դուրս մղվել առօրյա գործածությունից։

Արևմտյան և Արևելյան Հայաստանի տարազի համալիրները

Արևմտյան և Արևելյան Հայաստանի տարազի համալիրները տարբերվում են նրանով, որ Արևմտյան Հայաստանում կանացի տարազն աչքի էր ընկնում առավել ճոխությամբ, ավելի հարուստ էր ոսկեթել և արծաթաթել ասեղնագործություններով: Մյուս էական տարբերությունն այն էր, որ արևմտյան բոլոր գավառներում գոգնոցը կնոջ տարազի պարտադիր մասն էր: Այն կապում էին գոտկատեղում, կրծքամասում կամ ուսամասում:

Արևմտյան Հայաստանի տարազ

Արևմտյան Հայաստանի տարազային համալիրի մեջ մտել են Վասպուրականի, Բարձր Հայքի, Սասունի տարազաձևերը, ինչպես նաև Կիլիկիայի և Փոքր Հայքի հայաբնակ շրջանների տարազները: Վերջիններս աչքի են ընկնում բուսական և երկրաչափական զարդանախշերով, որոնք առկա էին թե՛ կանանց և թե՛ տղամարդկանց հագուստներում: Կրել են բարձրարվեստ զարդեր, որոնք էլ ամբողջացրել են տարազային համալիրը:

Արևմտյան և Արևելյան Հայաստանի տարազը տարբեր էր նաև տղամարդկանց դեպքում: Արևելյան գավառներում տարածված էր կովկասյան տարազաձևը, որը կազմված էր ներքնազգեստից, կարճ վերնազգեստից, չուխայից: Ձմռանը հագնում էին լայն մուշտակ՝ առանց գոտու, գլխին կրում էին գառան կամ ոչխարո մորթուց գլխարկ: Արևմտահայերի տարազը տարբերվում էր: Այն կազմված էր ասեղնագործ տարրերով տաբատից, կարճ անթև զգեստից, վերնաշապիկից, կարճ վերնազգեստից: Շապիկի թևքերը հարդարվում էին ասեղնագործություններով: Մեջքին կապում էին բրդյա գոտի ու դնում էին սպիտակ, կոնի ձևով գլխարկներ:

Տղամարդու հայկական տարազ

Գուլպան և ոտնամանը հայոց տարազի անբաժան մասն են կազմել, որոնք նաև պաշտպանել են ցրտից: Թե՛ կին և թե՛ տղամարդ հագել են կաշվե սրածայր ոտնաման՝ տրեխ:

Տարազի կարևոր բաղադրիչ է կազմել զարդը, որն արտահայտել է կրողի գեղագիտական նախասիրությունը: Զարդերի հատուկ խումբ են կազմել հմայելիպարագաները՝ աչքուլունք, հուռութ, խաչեր: Կիրառել են հիվանդություններ բուժելու նպատակով՝ հմայական, ծիսական աղոթքների ուղեկցությամբ:

Թեև Արևմտյան և Արևելյան Հայաստանում հայ ավանդական զարդարանքի պարագաները տարբերվել են, բայց ունեցել են որոշ ընդհանրություններ՝ գույնի, ձևի, իմաստաբանության առումով:

Աղբյուր՝ Armgeo.am