Այսպէս է ասում Տէրը. «Այլ դու երբ աղօթես, մտի՛ր քո սենեակը, փակի՛ր քո դռները եւ ծածո՛ւկ աղօթիր քո Հօրը, եւ քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կը հատուցի քեզ յայտնապէս» (Ղուկ. 11:4)

Վահան Ասատրյան․ «Մերժելու եք միայն ձեր էությունը՝ հավերժ նույնը մնալով ու հերթական շորը ձեր անձև մարմնին քաշելով...»

Զգու՞մ եք, թե ինչպես եք օր-օրվա, ցիրկ-ցիրկի վրա դառնում մանկուրտ, ձեր էղածը լքում, թողնում անտեր, փորձում վրաներդ առնել ուրիշինը, դառնալ ուրիշը…

…որ գլուխներդ շոյեն, որ մի ոսկոր նետեն առաջներդ, ծափ տան ձեր ծամածռություններին, գլուխները դրվատանքով թափ տան՝ ձեր ինքնամոռաց ինքնադավության ճիգերի համար…

…ու թողնելու եք ձեր հերթական մայրաքաղաքը՝ տասներեքերորդը, տասնչորսերորդը, քսանվեցերորդը, ինչպես արել եք հարյուրավոր տարիներ…

…ու հերթական մայրաքաղաքում չեք ունենալու հարյուրամյա մի շենք, բայց ունենալու եք բազմաթիվ լքված շեներ, ուրիշին թողած այգիներ ու արտեր, գործարաններ ու բնակարաններ, խոնարհված տաճարներ ու խաչագող ժամանակիցներ

… էրեխու բռնած մողեսի պես պոչներդ թողնելու եք՝ վազ տաք մի ուրիշ քարի տակ տափ կենալու, մինչև մի նոր պոչ բսնի թողածի տեղը…

…ուրիշինը ձեզ չեն տալու, ձեզ են տալու ուրիշին, ձեր թոռներն ու երեխաները հերթական պատմական հայրենիքում տուրիստ են լինելու լավագույն դեպքում…

…ու հաջողության չեք հասնելու էս աշխարհում, որովհետև միշտ մնալու եք ուրիշ աշխարհի համար, որովհետև իր ունեցածը չսիրողներին չեն սիրում աշխարհում, որովհրտև աշխարհի ուժեղները սիրում են իրենցը, որովհետ իր ունեցածը չգնահատողը ուրիշի ունեցածը չի կարող սիրել… իսկ էս աշարհը սիրո վրա ա շինված… ու ձեր ամենահաջողակները հեռանալու են աշխարհից՝ վաստակածը ուրիշին թողնելով…

…աշխարհը ձեզ ու ձեր հոգսերը, ձեր իրավունքներն ու հավակնությունները մերժելու է, որովհետև դուք մերժում եք ինքներդ ձեզ… լավն առանց վատի չի լինում ու հնարավոր չէ ժառանգությունից տեր լինել միայն լավը կարծածին, չի լինում էդպես…

…չեք փոխվելու, որովհետև փոխվելու համար ձեր իմացած վատին պիտի տեր կանգնեք՝ որ իմանաք ինչն եք փոխում, ինչն եք պահում, չեք փոխվելու ու չեք փոխելու, մերժելու եք միայն ձեր էությունը՝ հավերժ նույնը մնալով ու հերթական շորը ձեր անձև մարմնին քաշելով, կապկելով, ծամածռվելով՝ գավառական ձեր կրկեսում…

․․․ և դարից երկար ձգվում է օրը

Վահան Ասատրյան