Այսպէս է ասում Տէրը. «Իսկ վերին իմաստութիւնը նախ՝ սուրբ է եւ ապա՝ խաղաղարար, հեզ, բարեացակամ, լի ողորմածութեամբ եւ բարի գործերով, մաքուր խղճմտանքով, առանց կեղծաւորութեան: Արդարութեան պտուղը խաղաղութեամբ է սերմանւում նրանց համար, ովքեր խաղաղութիւն են անում» (Հակոբոս 3:17-18)

Լև Օզերովի նամակը Համո Սահյանին

…Պոեզիան: Ձեր պոեզիան, Համո Սահյան, ինձ` ընթերցողիս հետ անձնական խոր կապի տպավորություն է թողնում:

Չիմանալով քնարերգուի անկետային տվյալները` ես ամեն ինչ, կամ էլ գրեթե ամեն ինչ գիտեմ նրա հոգեկան աշխարհի մասին: Տաղանդի ուժով և վարպետությամբ Դուք ինձ ստիպում եք հետևել Ձեր հոգեկան աշխարհին: Մենք նստած ենք դեմ դիմաց և զրուցում ենք: Մեջտեղում` մեր միջև, Ձեր գիրքն է:

…Համո Սահյան, հասկացեք իմ ուրախությունը և սրտնեղությունը: Դուք գրել եք բանաստեղծություններ, որոնք ես պետք է գրեի:

…Դուք վերցնում եք առօրեական փաստը, արտաքինից ոչնչով աչքի չընկնող փաստ, որի կողքով անտարբեր կանցնեն շատերը: Դրա հետ բան եք անում, որից հետո փաստը ներկայանում է կերպարանափոխված: Ես կավելացնեմ նաև` ոգեշնչված: Դուք այն գուրգուրանքով պահել եք Ձեր սրտի մեջ, շփել եք ձեռքերով, տաքացրել: Քար: Եզ: Քարափ: Մասրենի: Թռչուն: Ամպ: Արևմուտ: Ճանապարհ: Երգ: Այգաբաց: Ես դիտմամբ եմ առանձնացնում այս գոյականները: Դուք վերցնում եք դրանք իբրև բնության պարգև: Եվ սովորական առարկայի մեջ բացում եք նրա աշխարհը: Բայց առարկայի աշխարհը չէր բացվի, եթե միաժամանակ չբացվեր Ձեր աշխարհը, պոեզիայի աշխարհը:…Քարափը շնչավորված է, իսկ մարդը հավերժացվել, դարձել է նույն ինքը բնությունը, ձուլվել նրա հետ:

…Ինձ հմայեց Ձեր Խաչիպապ պապը: Ինչպիսի ծերունի: Ինչպիսի հարազատությամբ է մարմնավորել ժողովրդի գծերը: Ամեն ինչի վարպետ, նա ստեղծվել է բնության կողմից, որպեսզի կատարելով իր բոլոր բարի գործերը, նորից ձուլվի բնությանը …Դուք քնարերգության մեջ որմնանկար եք արել: Այժմ ես այնպես եմ ծանոթ Խաչիպապին, որ եթե հանդիպեի նրան փողոցում /իսկ նա ժողովրդի մեջ միշտ էլ կենդանի է, քանի որ հենց ինքը ժողովուրդն է/, կբարևեի և կխոնարհվեի նրա առաջ: Մինչև գետին կխոնարհվեի, որովհետև նա ինքը Հայաստանն է:

Դուք խոսքի նկարիչ եք: Բնանկարի մեջ Դուք կարողանում եք տալ դիմանկար, դիմանկարի մեջ` բնանկար: Այստեղ բնանկարը և խմբանկարը /մայրը և երեխաները օրորոցում/ ձուլվում են իրար:

Խոսելով կտավի մասին` ես պետք է խոսեմ նաև գույների մասին: Դուք գույների վարպետ եք: Ձեր ներկապնակի շռայլությունը պետք է զգա յուրաքանչյուր անկանխակալ մարդ: Քամին Ձեր մի բանաստեղծության մեջ նախ կանաչ է, ինչպես Լորկայի մոտ, հետո` կարմիր, հետո` դեղին, իսկ հետո` սպիտակ: Քամիների մի ամբողջ գամմա: Եվ դա խաղ չէ: Ձեր քամին կապույտ է/այնուամենայնիվ, կապույտը Ձեր սիրած գույնն է/:

…Կարդալով Ձեզ` ես ուրախացա, որ Հայաստանում, տաղանդներով աներևակայելիորեն հարուստ Հայաստանում կա այնպիսի բանաստեղծ, ինչպիսին Դուք եք:

Կարդալով Ձեր գիրքը` ես շատ անգամներ թաքուն մտածել եմ.:

Աղբյուր՝ «Համո Սահյան» ֆեյսբուքյան էջ