Այսպէս է ասում Տէրը. «Եթէ դուք իմ ուսուցմանը հաւատարիմ մնաք, իմ ճշմարիտ աշակերտները կը լինէք: Եւ կը ճանաչէք ճշմարտութիւնը, եւ ճշմարտութիւնը ձեզ կ՚ազատի» (Հովհաննես 8:31)

Մի՛ փնտրեք Անասուն դիմացինի մեջ

Հին Կտակարան
Ծննդոց Ա
1 Ի սկզբանէ Աստուած ստեղծեց երկինքն ու երկիրը:
2 Երկիրն անձեւ ու անկազմ էր, խաւար էր տիրում անհունի վրայ, եւ Աստծու հոգին շրջում էր ջրերի վրայ:
3 Եւ Աստուած ասաց. «Թող լոյս լինի»: Եւ լոյս եղաւ:
4 Աստուած տեսաւ, որ լոյսը լաւ է, եւ Աստուած լոյսը բաժանեց խաւարից:

Նորագույն Կտակարան
Միտոզի Գ
1. Լույսը խավարից բաժանեց խոսքը… Խոսքն Աստուծոյ… մահկանացուները մինչև աշխարհի վերջը չեն իմանա, թե կոնկրետ ինչ ասաց Աստուած. լույսը` խավարից, ցամաքը` ջրերից ու իր մնացած ստեղծագործություններն իրարից առավել արդյունավետ, թափանցիկ և հաշվետվողական կերպով բաժանելիս… մեզ հասել է սոսկ բարձրյալի մամուլի ծառայության կողմից տրամադրված պաշտոնական ամփոփ տեղեկատվությունը… Եղիցի՛ լույս… ու վե՛րջ… իսկի արտակարգ իրավիճակ էլ չի հայտարարել երևի…

2. Բջիջը ամեն անգամ կիսվելու համար Աստուծոյ խոսքի կարիքը չունի,,, Աստուած մի անգամ ասաց` «Եղիցի՛ Միտոզ» ու վե՛րջ… սա մի գլուխ կիսվում է էդ օրվանից…. ու որ բջիջը չկիսվեր homo sapience-ը կմնար մեն միակ բջիջ, թեկուզ բեղմնավորված, բայց բջիջ… հիմա պատկերացրեք, որ բոլորս… և՛ դիմությունը, և՛ ընդդիմությունը մինչ այժմ կմնայինք այդ մեն միակ բջիջը` չկիսված վիճակում… և միայն Աստուծոյ կենարար խոսքը ստիպեց բջջին կիսվել… ասենք ոչ մի կիսվել առանք խոսքի չի լինում… ու հենց կիսվելն էլ խոսքի չափանիշն է… եթե խոսքն ուժեղ է` արդյունքում ինչ որ մի բան կիսվում է, եթե թույլ` էնպես էլի… ոչ մի զադ էլ չի կիսվում… բա հո ամեն խոսքից բան չի կիսվում… էլ չեմ ասում միտք… էն էլ հասարակական միտք…. բա հասարակությունը որ խոսքով չկիսվի, բա ինչո՞վ կիսվի… բա հո մկրատով չի՞ կիսվելու… անհատների ու «առավել անպատասխանատու» խմբերի խոսքով որ չկիսվի, բա հո Աստուած ամեն անգամ չի գալու ասի` «Եղիցի՛ քաղաքացիական հասարակություն» ասենք` Ուզբեկստանում… Բա Հայաստանը սեպտեմբերի 21-ին սովետից խոսքով չկիսվեց, ինչո՞վ կիսվեց… բա ինչու՞ են ասում. «ձայն Բազմաց` ձայն Աստուծոյ», այսինքն. գնացե՛ք, հանրաքվե արեք, հաշվեք թե ես եմ ասել հա՛. «Եղիցի՛ Հայաստանի Հանրապետություն», «Եղիցի՛ Սահմանադրական փոփոխություններ», «Եղիցի…»: Բա կարելի՞ է Աստուծո խոսքը կեղծել… ըհը՛ հասանք բռնությանը…

3. Աստուած բաժանեց աշխարհը եդեմից, եդեմում զատեց բոլոր ծառերը խնձորենուց (բա հո դամբուլի ծառի վրա չէր աճելու խնձորը, կամ մոշի թփի…) ու մարդու վրա քֆուր դրեց` որ դրանից չուտի… մարդն Աստուծոյ խոսքին չանսաց ու արդյունքում` Աստուած մարդու համար առաջին անգամ ստեղծեց բռնությունը (ընկած հրեշտակների համար` բռնություն անջատված մասով)… բա՛, էն ժամանակ ահազանգողն էլ էր ինքը, նախաքննության մարմինն էլ, դատախազությունն էլ, դատավորն էլ, կատարածուն էլ քեզ փեշքեշ… այսինքն բռնությունը խոսքից չի’, խոսքը չհասկանալուց ու խոսքը չկատարելուց է… ասեց չէ՞. համը մի հանեք, խոսքով ասեց… չլսեցին… ջրհեղեղ արեց… (ոչ ոքի մտքով չի էլ անցնում Աստուծոն մեղադրել պատմության մեջ առաջին ու ամենամեծ ցեղասպանության ծրագրման և իրականացման համար, տեսնես ու՞ր է նայում Հայ Դատի գրասենյակը, թե՞ էն ժամանակ հայ չկար…)… հասանք ծիածանին…

4. Աստուած ծիածան կապեց ջրհեղեղից հետո, որ խոսք չհասկացողների հանդեպ բռնություն չկիրառի էլ… ափսոս էդպիսի գույն չկա. Ծիածանագույն… կլիներ բռնություն չկիրառելու գույնը… այ հենց դրա համար էլ, չկա, որովհետև ամենահեշտը խոսք չհասկացողի վրա բռնանալն է… հասանք անասուններին…

5. Մարդիկ Աստուծո մազալուագույն արարումն են, մենակ մարդիկ են իրենց չհասկացողներին անասուն ասում… ասենք կատուն ու կովը իրար չեն հասկանում, տեսե՞լ եք կատուն կովին անասուն ասի… ա՛խր իրենք անասուն չեն, իրենք իրենցն ասում են, մեզ էլ իրենց չափով լսում-հասկանում են… մենք ենք անլսուն, որ իրենց մեր չափով չենք հասկանում… հասանք անլսուններին…

6. Դիմացինին չհասկացողն իրեն անլսուն չի համարում… որ համարեր` կլիներ երկխոսություն… երկխոսությունը անլսունների խոսակցությունն է, երբ ամեն մեկն ուզում է դիմացինին լավ հասկանալ, ավելի լավ, էլ ավելի լավ … մինչև իրար հասկանում են… անասունների միջև երկխոսություն հնարավոր չի, նրանք դիմացինին որակում են խոսք չհասկացող ու անցնում են Աստուածային նախաջրհեղեղյան պրակտիկային` բռնությանը… և ուրեմն….

Մի՛ փնտրեք Անասուն դիմացինի մեջ, այլ Անլսունին փնտրե՛ք ձեր մեջ… ու կգտնեք… եթե չգտնեք, ուրեմն լավ չեք փնտրել, մի տեղ մի բանի արանքում թաքնվել մնացել է….

Մի՛ խորշեք բռնությունից, բռնությունն Աստուածային կատեգորիա է, իսկ ասված է. Անքննելի են գործք Աստուծոյ… հիշեք սակայն, որ դուք Աստուած չեք, և ծիածան կապել ձեզ չի հաջողվի` նկատի չունեմ ռետինի շլանգից ջուրը արևկողին պզզացնելը….

Մի՛ սահմանափակեք խոսքն ու դրա ցանկացած դրսևորում. անլսունների համար ոչ մի խոսք սարսափելի չէ, զի նրանք ի վերջո կհասնական զմիմիանս…. անասուններն էլ չեն հասկանում ո՛չ սահմանափակված, ո՛չ անսահմանափակ խոսքը…. Խոսքը ձերը չի, խոսքն Աստուծոն է, դուք հնչեցնողն եք միայն…. մի՛ սահմանափակեք Աստուծոյ իրավունքը….
Եղիցի խոսք…. եղիցի բռնություն…Ամեն

Անկապ Մարգարե
Ապրիլի 5, 2008թ.