Այսպէս է ասում Տէրը. «Բայց պիղծ բաներից եւ սնոտի խօսքերից հեռո՛ւ մնա, քանի որ դրանց անձնատուր եղողները աւելի ու աւելի առաջ են գնում ամբարշտութիւնների մէջ, եւ նրանց խօսքերը քաղցկեղի նման ճարակ են գտնում» (Տիմոթեոս 2:16)

Բարությամբ համեմված արդարությունը

«Վստահ եմ այն բանում, թե ով որ ձեր մեջ սկսեց բարի գործերը, ավարտին կհասցնի մինչև Հիսուս Քրիստոսի օրը» (Փիլիպեցիներ 1:6):

Սիրելի՛ հավատացյալ զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու.

Մեր կյանքի ընթացքում մենք կարող ենք հայտնվել տարբեր իրավիճակներում, տարբեր երկրներում, տարբեր բնագավառներում գործունեություն ծավալել, սակայն պետք չէ մոռանանք, որ մենք քրիստոնյա ենք, և պետք է մեզ պահենք իբրև ճշմարիտ հավատարիմ քրիստոնյաներ, այսինքն՝ լինենք արդար և բարի: Որովհետև արդար և բարի մարդը, երբ տարիների հեռավորությունից, հետադարձ հայացքով գնահատի ինքն իրեն ու իր ապրած կյանքը, երբեք չի զղջա արդարամիտ գործելու և բարիքներ սփռելու համար: Մենք պետք է զղջանք մեր մեղքերի համար, բայց ոչ երբեք արված բարության և ողորմած լինելու համար: Մարդը բարիք գործելով նմանվում է իր Արարչին, և դա է մեզ պատվիրում Աստծո Միածին Որդին. «Գթասի՛րտ եղեք, ինչպես որ ձեր Հայրը գթասիրտ է» (Ղուկ 6։36)։ Ներքին առաքինությունը մարդու մեջ Աստծո զորությամբ հաստատուն է լինում և ոչ թե հեղհեղուկ, այն ստիպում է մարդուն հաշվետու լինել միմիայն իր Արարչին և կեղծավոր չլինել, մի տեղ հանդես գալ մի դիմակով, մի այլ տեղ՝ մի ուրիշ դիմակով: Ճշմարիտ առաքինությունը մարդուն մղում է ամենուր լինել միևնույն մարդը՝ արդար և բարի: Նիկոդեմոսը իսկապես արդար փարիսեցի էր, որի արդարամտությունը օգնում էր իրեն հասկանալ, որ Քրիստոսը Աստծո Որդի է, քանի որ եկավ Հիսուսի մոտ իրեն տանջող հարցերի պատասխանները որոնելու և ասաց Հիսուսին. «Ռաբբի՛, գիտենք, որ Աստծուց ես եկել որպես վարդապետ, որովհետև ոչ ոք չի կարող կատարել այն նշանները, որ դու ես անում, եթե Աստված նրա հետ չլինի» (Հովհաննես 3:2): Այնուհետև իր արդարամտությամբ առաջնորդվելով՝ նա նաև Հիսուսին պաշտպանեց քահանայապետների և օրենսգետների մոտ և ասաց նրանց. «Միթե մեր օրենքը դատապարտո՞ւմ է մարդուն, եթե նախ նրանից լսած և իմացած չլինի, թե ինչ է գործել նա» (Հովհաննես 7:51): Սա փաստում է այն մասին, որ նա իր «խղճի մտոք» էր շարժվում և չէր միացել փարիսեցիների բանակին, որոնք ուզում էին բռնել Հիսուսին: Երբ Քրիստոսին խաչից իջեցրին, նա Տիրոջ մարմնի համար «բերեց մոտ հարյուր լիտր զմուռս՝ հալվեի հետ խառնված» (Հովհաննես 19:39): Ահա ավետարանական մի անձ, որի հատկանիշները մեզ համար օրինակելի են: Նիկոդեմոսը միշտ նույն առաքինի, արդարամիտ և բարի մարդն է, որ երբեք չի կորցնում իր դեմքը և փարիսեցիների մոտ չի ուրանում Քրիստոսին:

Սիրելինե՛ր, կյանքում տարբեր խնդիրներ, տարբեր հանգամանքներ մարդուն կարող են մղել սխալ և հեշտ լուծումների, սակայն քրիստոնյան պետք է իր արդարադատությամբ և բարությամբ միաժամանակ կարողանա հասնել ճիշտ, թեպետ և դժվար ու բարդ հանգուցալուծմանը: Հիսուս Քրիստոս ասում է. «Մտե՛ք նեղ դռնով. ինչքան լայն է դուռը և ընդարձակ՝ ճանապարհը, որ դեպի կորուստ է տանում, և բազմաթիվ են նրանք, որ մտնում են դրանով: Ինչքան անձուկ է դուռը և նեղ՝ ճանապարհը, որ տանում է դեպի կյանք, և սակավաթիվ են նրանք, որ գտնում են այն» (Մատթեոս 7:13,14):

Արդարությունն ու ողորմությունը այն երկու իրողություններն են, որոնք կարծես գնահատման չափորոշիչներ լինեն մեր կյանքի գործերի համար: Արդար և բարի մարդը կեղծավորություն անել չի կարող, նա կա՛մ այդպիսին է, կա՛մ այդպիսին չէ: Ինչու եմ ասում արդար և բարի միաժամանակ, որովհետև եթե մենք արդար լինենք առանց բարության, կդառնանք փարիսեցիների պես, որոնց համար շաբաթ օրվա բժշկությունն անգամ առիթ էր Քրիստոսին մեղադրելու օրենքը չպահելու մեջ:

Երբ Քրիստոսի աշակերտները շաբաթ օրով հասկեր պոկեցին և սկսեցին ուտել, անմիջապես ենթարկվեցին փարիսեցիների հարձակմանը. «Ահա քո աշակերտները անում են մի բան, որ շաբաթ օրն անել օրինավոր չէ» (Մատթեոս 12:2): Քրիստոս նրանց համար Հին կտակարանից օրինակ բերեց, որ Դավիթ թագավորը ևս քաղցելով իր ուղեկիցների հետ մտել էր տաճար և կերել առաջավորության հացը, չնայած որ օրենքով դա նրան չէր թույլատրվում. «Եվ եթե իմանայիք, թե ինչ է՝ ողորմություն եմ կամենում և ոչ զոհ, ապա դուք անպարտներին չէիք դատապարտի, ուրեմն մարդու Որդին շաբաթ օրվա տերն է» (Մատթեոս 12:7): Այնուհետև Հիսուս ժողովարան է գնում և նրան է մոտենում չորացած ձեռքով մի մարդ: Փարիսեցիները սպասում էին՝ տեսնելու, արդյոք Հիսուս շաբաթ օրով կբժշկի՞ այդ մարդուն, որպեսզի ամբաստանեն նրան: Եվ Հիսուս բժշկում է և միաժամանակ բացատրում քահանայապետներին ու օրենսգետներին. «Ո՞վ է ձեզնից այն մարդը, որ մի ոչխար ունենա, և դա շաբաթ օրն ընկնի փոսի մեջ, միթե չի՞ բռնի ու վեր հանի այն: Իսկ արդ, մարդը ոչխարից որքան ևս առավել է, ապա ուրեմն, պետք է շաբաթ օրը բարիք գործել» (Մատթեոս 12:11,12):

Ուստի՝ անհրաժեշտ է այս ամենից եզրակացություն անել, որ քրիստոնեությունը մարդասիրական կրոն է, և նրա նպատակը մարդու փրկությունն է: Արդարությունը անպայման պետք է համեմվի բարությամբ, այլապես սիրո կրոնը կդառնա օրենքի և պատժի կրոն:

Քրիստոնեական հավատքը մարդկանց դարձնում է առաքինի և զարդարում նրանց հոգին անշոշափելի, բայց տեսանելի զարդարանքներով՝ արդարության և բարության գործերով, քանի որ մարդու ապրելակերպը դառնում է մեկը, այն է՝ նմանվել մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին:

Մենք, հետևելով Աստծո Որդու վարդապետությանը, միմյանց նկատմամբ պետք է լինենք արդար և ողորմած: Ցանկացած քայլ կատարելիս առաջնորդվե՛ք արդարությամբ և բարությամբ և հարատևեք դրանում: Անկասկած, անվարձք չեք մնա թե՛ երկրի վրա և թե՛ երկնքում: Թող Տերը մեզ իմաստություն տա, որպեսզի մենք կարողանանք, իբրև ճշմարիտ քրիստոնյաներ, արդարություն գործելիս չմոռանալ բարությունը և հավատարիմ լինենք աստվածաշնչյան այդ սկզբունքներին, որպեսզի միշտ ճառագենք Քրիստոսի լույսը, սերը և ողորմածությունը:

Սուրբ Պողոս առաքյալի խոսքերով մեզ բոլորիս համար «այս աղոթքն եմ անում. թող ձեր սերը ավելի և ավելի առատանա գիտության և ամենայն իմաստության մեջ, որպեսզի դուք լավն ընտրեք, հաստատուն մնաք և առանց գայթակղության լինեք Քրիստոսի օրվա համար՝ լցված արդարության պտուղներով, Հիսուս Քրիստոսի միջոցով ի փառս և ի գովություն Աստծու» (Փիլիպեցիներ 1:9-11):

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:

Տեր Վահան քհն. Առաքելյան

Աղբյուր՝ Surbzoravor.am