Այսպէս է ասում Տէրը. «Իսկ վերին իմաստութիւնը նախ՝ սուրբ է եւ ապա՝ խաղաղարար, հեզ, բարեացակամ, լի ողորմածութեամբ եւ բարի գործերով, մաքուր խղճմտանքով, առանց կեղծաւորութեան: Արդարութեան պտուղը խաղաղութեամբ է սերմանւում նրանց համար, ովքեր խաղաղութիւն են անում» (Հակոբոս 3:17-18)

Մորգանի խնամին

Մորգանի խնամին, Ալեքսանդր Շիրվանզադեի համանուն պիեսի հիման վրա նկարահանված հայկական ֆիլմ։

Սյուժե

Երբեմնի մեծահարուստ Մինթոևը սնանկացել է ու հեղափոխությունից հետո հայտնվել Փարիզում։ Նրա որդին՝ Ժորժը, նրանից փող չստանալով, հորը խաբում է, թե շուտով ամուսնանալու է ամերիկյան բանկիր Մորգանի քրոջ դստեր հետ։

Դերերում

Մինթոև - Ավետ Ավետիսյան

Ժորժ - Ժիրայր Ավետիսյան

Նատաշա - Տատյանա Գավրիլովա

Մագթաղ - Վարդուհի Վարդերեսյան

Ստյոպա - Հ. Ղազարյան

Բեռնար - Երվանդ Մանարյան

Արտաշես - Ավետիք Ջրաղացպանյան

Մետրդոտել - Վ. Սարգսյան

Լիդիա - Մ. Աբուսեֆյան

Գեներալ - Ե. Ներսիսյան

Զեփյուռ - Նվարդ Աբալյան

Հմայակ - Էդուարդ Մուրադյան

Դրվագներում

Վերջալույս Միրիջանյան, Վաղինակ Մարգունի, Էվելինա Շահիրյան, Լ. Ղարագյոզյան, Գևորգ Ասլանյան, Վ. Գևոև, Մաշիկ, Կարեն Ջանիբեկյան, Լ. Առաքելյան, Ս. Ջանիբեկյան, Ա. Չրթչյան, Վ. Բորիսով, Կ. Հովակիմյան, Տ. Ոպյան, Վալենտին Պոդպոմոգով, Ս. Հարությունյան, Ժ. Սրապյան, Վրեժ Հակոբյան, Ե. Մանվելյան

«Մորգանի խնամին» ֆիլմի ստեղծման պատմությունը, առանձնահատկությունները, Life.panorama.am-ի «Մեր կինոն» շարքից։

«Եթե Շիրվանզադեի «Մորգանի խնամին» պիեսի հիման վրա այսօր նկարահանվեր ֆիլմ, դրանում տեղ գտած փարիզյան տեսարաններն արդյո՞ք հնարավոր կլիներ ստանալ տեխնիկապես աղքատ մի կինոստուդիայում՝ զուտ տաղավարների միջոցով»,-հարցնում է 1970-ին էկրան բարձրացած համանուն ֆիլմի «բեմադրիչ-օպերատորը՝ Լևոն Աթոյանցը: Ավելին՝ այն ժամանակ դժվար էր լուծել անգամ տաղավարների հարցը. «Երևան» կինոստուդիան, Ռուսական թատրոնը, որտեղ ստեղծվել էին դրանք, այնքան աղքատիկ էին, որ ֆիլմի ստեղծագործական կազմը նկարահանման ժամանակ ստիպված էր տեխնիկական մի շարք խնդիրներ հաղթահարել՝ ստեղծագործական մոտեցում ցուցաբերելով: Ուշագրավ է, որ ռեժիսորական և օպերատորական հնարքների միջոցով հնարավոր դարձավ ստանալ Փարիզը, անգամ ընդգծել քաղաքի խորությունը:

Մյուս խոչընդոտը, որ ֆիլմը նկարահանելիս հաղթահարել է օպերատորը՝ Մինթոևի երազի տեսարանը ստանալն էր, նրա հանդիպումը՝ Մորգանի հետ: Ի դեպ, ֆիլմի բեմադրող նկարիչը՝ տպավորիչ արտաքինով Պոդպոմոգովը, ինքն էլ ստանձնել էր Մորգանի դերը. «Այդ երազի տեսարանում մի դժվարին դրվագ կար, երբ Մորգանը ձեռքը մեկնում է Մինթոևին: Դա այսօր հնարավոր կլիներ ստանալ միայն թվային տեխնոլոգիաների միջոցով, իսկ մենք այն ժամանակ դա արեցինք՝ խելքներիս զոռ տալով», - մեզ հետ զրույցում ընդգծեց օպերատորը:

Ֆիլմին առանձնահատուկ նշանակություն և գրավչություն է հաղորդում ընտրված դերասանական կազմը, նրանց թվում, հատկապես, Ավետ Ավետիսյանը: Վերջինս, Բեռնարի դերակատար Երվանդ Մանարյանի խոսքով, շատ էր շահագրգռված նկարահանվելու համար: Ցավոք, դերասանն այդպես էլ չկարողացավ տեսնել իր աշխատանքի արդյունքը. երբ «Մորգանի խնամին» էկրան բարձրացավ, նա արդեն ծանր հիվանդ էր: Սա վերջին ֆիլմն էր, որտեղ հանդես եկավ դերասանը, թեև, ինչպես պատմում է Լևոն Աթոյանցը, նա մեծ ցանկություն ուներ խաղալու «Խաթաբալայում». «Ես կարող եմ վկայել, որ Ավետ Ավետիսյանը՝ որպես իսկական թիֆլիսեցի, երազում էր նկարահանվել «Խաթաբալայում», և երբ որոշվեց, որ Զամբախովի դերում պետք է հանդես գար ոչ թե ինքը, այլ՝ Սոս Սարգսյանը, նա շատ վշտացավ, և, թերևս, դա էր դերասանի մահվան պատճառը»,-հավաստիացնում է օպերատորը:

«Մորգանի խնամու» գլխավոր արժանիքներից մեկն էլ Վանի բարբառի ներմուծումն էր ֆիլմ: Ռեժիսոր Արման Մանարյանը, սցենարի հեղինակի իրավունքով, ներմուծել է Ֆրանսիա տարագրված վանեցի ամուսինների կերպար: Ժամագործի դերում Էդվարդ Մուրադյանն է՝ կինոգետ Դավիթ Մուրադյանի հայրը, իսկ նրա կնոջ՝ Զեփյուռի դերում Նվարդ Աբալյանը: Վերջինիս փոխարեն ձայնագրվել է Վերջալույս Միրիջանյանը, որը, լինելով բնիկ վանեցի, անաղարտ էր պահել Վանա բարբառը: Իսկ ամուսնու փոխարեն ձայնագրվել է Էդգար Էլբակյանը:

Ռեժիսորը՝ Արման Մանարյանը, մի հետաքրքիր հատկություն ուներ. առօրյա կյանքում նրա ուշադրությունը գրաված մի դրվագ, արտահայտություն, դետալ կարող էր ներմուծել ֆիլմ: Նրա կինը՝ Լիդա Հարությունյանը, հիշում է, թե ինչպես իրենց սովորական խոսակցությունը ամուսինը դարձրեց ֆիլմի ամենահիշվող արտահայտություններից մեկը. «Մի օր ինձ ու ամուսնուս հրավիրել էին ընթրիքի, Արմանին հարցրի՝ բա ինչպես կլինի, մենք արդեն ճաշի ենք հրավիրված, նա էլ ծիծաղելով ասաց՝ մեկը մյուսին չի խանգարում: Եթե հիշեք, ֆիլմում ևս այդպիսի դրվագ կա, և նույն արտահայտությունը կրկնվում է»,-պատմեց նա:

Լևոն Աթոյանցն էլ հիշում է, թե ինչպես էին կադրից դուրս կատարվող իրադարձությունները որոշիչ դառնում որոշ տեսարաններ նկարահանելիս. «Խնամու դերակատարուհին, ով ֆիլմի վերջում հանդես է գալիս բոլորովին հարբած, իրականում չի խաղում, նա իսկապես հարբած էր, մենք մեկ-մեկ գնում էինք ինչ-որ տեղ խմելու, նա միշտ մեզ հետ էր»,-ծիծաղելով վերհիշեց օպերատորը:

Թե որքանով է ֆիլմը հաջողվել, ինչ արժեք այն ունի, թող դատի հանդիսատեսը, բայց այն հանգամանքը, որ դրանում տեղ գտած մի շարք արտահայտություններ արդեն 40 տարուց ավելի է՝ մեր, հատկապես՝ ավագ սերնդի ներկայացուցիչների շուրթերին են, կփաստեն շատերը: