Այսպէս է ասում Տէրը. «Իսկ վերին իմաստութիւնը նախ՝ սուրբ է եւ ապա՝ խաղաղարար, հեզ, բարեացակամ, լի ողորմածութեամբ եւ բարի գործերով, մաքուր խղճմտանքով, առանց կեղծաւորութեան: Արդարութեան պտուղը խաղաղութեամբ է սերմանւում նրանց համար, ովքեր խաղաղութիւն են անում» (Հակոբոս 3:17-18)

Դանիել Բեկ-Փիրումյան

Դանիել Բեկ-Փիրումյան (նոյեմբերի 22, 1861, Նախիջևանիկ, Խոջալուի շրջան, Ադրբեջան - 1921, Ղարաքիլիս, Գուգարքի շրջան), հայ նշանավոր ռազմական գործիչ, Սարդարապատի ճակատամարտի գլխավոր հրամանատար, ազգային հերոս, ռուսական բանակի գնդապետ (1915)։ Պողոս Բեկ Փիրումյանի հորեղբոր որդին։

Ծառայությունը Ռուսական բանակում

Ծնվել է 1861 թվականի նոյեմբերի 22-ին Արցախի Խաչեն գավառի Նախիջևանիկ գյուղում։ Ավարտել է Շուշիի քաղաքային ուսումնարանը։ Զինվորական ծառայությունը սկսել է 1881 թվականից՝ Երևանյան գնդում։ 1881-1883 թվականներին սովորել է Թիֆլիսի հետևակային յունկերական ուսումնարանում։ 1890 թվականին Դանիել Բեկ-Փիրումյանին շնորհվել է կապիտանի կոչում: 1913 թվականին Դանիել Բեկ-Փիրումյանը փոխգնդապետի կոչումով ավարտել է Օրանիենբաումի սպայական հրաձգային դպրոցի դասընթացները: Եղել է վաշտի, գումարտակի, գնդի հրամանատար: Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918 թթ.) ժամանակ կռվել է Կովկասյան ռազմաճակատում, աչքի ընկել քաջությամբ, ստացել ռուսական բանակի գնդապետի կոչում, պարգևատրվել Գեորգիևյան և այլ շքանշաններով ու անվանական զենքով։

Սարդարապատի հերոսամարտում

1918 թվականի մայիսին թուրքական առաջապահ ջոկատները հասել էին Սարդարապատ կայարան՝ ընդհուպ մոտենալով Էջմիածնին: Հայության համար այդ օրհասական պահին վճռական դեր են խաղացել Դանիել Բեկ-Փիրումյանի ռազմաճակատային մեծ փորձը և ուժեղ կամային հատկանիշները: Բացառիկ է եղել Դանիել Բեկ-Փիրումյանի դերակատարումը Սարդարապատի ճակատամարտի հաղթանակում, որտեղ նա փաստացի հանդիսացել է այդ ուղղության հայկական զորաջոկատների ընդհանուր հրամանատարը: Հենց Դանիել Բեկ-Փիրումյանի անմիջական ջանքերով հնարավոր եղավ կազմակերպել Սարդարապատի ռազմաճակատի գիծը և արժանի հակահարված տալ թուրք զավթիչներին:

Սարդարապատի Ճակատամարտի վճռական պահին, մարտի հետագա ղեկավարությունը հանձնելով Ալեքսանդր Շնեուրին, նետվել է կռվի դաշտ։ Ցուցադրելով զինվորական հմտություն և արիություն՝ իր գլխավորած ուժերով ռազմաճակատի կենտրոնական մասում ջախջախել ու հետ է շպրտել թուրք զավթիչներին։

57-ամյա Դանիել Բեկ-Փիրումյանին 1918 թվականին շնորհվել է գեներալ-մայորի կոչում: Նորանկախ Հայաստանի հանրապետության օրոք նա առաջիններից մեկն էր, ով պաշտոնապես ստացավ այդ կոչումը: Նշենք, որ Սարդարապատի հերոսամարտին մասնակցել և մարտական իսկական սխրանքներ է գործել նաև Դանիել Բեկ-Փիրումյանի հորեղբորորդի Պողոս Բեկ-Փիրումյանը՝ որպես Ղարաբաղի 5-րդ (մահապարտների) գնդի հրամանատար:

Կյանքի վերջին տարիները

Հայաստանի առաջին հանրապետության տարիներին Դանիել Բեկ-Փիրումյանը տարբեր պաշտոններ է զբաղեցրել Հայաստանի ռազմական գերատեսչությունում: 1919 թվականի վերջին նա ստացել է գեներալ-լեյտենանտի կոչում և նշանակվել Կարսի բերդի պարետ: Ցավոք, ավտովթարի պատճառով նա կոտրել է ոտքը, որի պատճառով էլ չի կարողացել պատշաճ ձևով կազմակերպել Կարսի բերդի և Կարսի ճակատի ինքնապաշտպանությունը 1920 թվականի աշնանը կայացած թուրք-հայկական պատերազմի ժամանակ: Իսկ 1920 թվականի հոկտեմբերի 30-ին թուրքերի կողմից Կարսի անառիկ բերդի գրավման ժամանակ գերի է ընկել: 1921 թվականի հունվարին նրան տեղափոխել են Ալեքսանդրապոլ, ապա հանձնել ռուսական 11-րդ Կարմիր բանակի ներկայացուցիչներին:

Խորհրդայնացված Հայաստանում մոլեգնում էր բոլշևիկյան տեռորը, և թուրքական գերությունից ազատվելուց անմիջապես հետո Սարդարապատի հերոսամարտի պանծալի հրամանատար Դանիել Բեկ-Փիրումյանը հայ բարձրաստիճան այլ սպաների հետ բոլշևիկների կողմից գնդակահարվել է Ղարաքիալիսա-Դիլիջան ճանապարհին: Հայտնի է, որ գեներալի դին հնարավոր է եղել գաղտնի տեղափոխել Էջմիածին և թաղել Սուրբ Գայանեի վանքին կից գերեզմանատանը: Նույն 1921 թվականին, այլևս չդիմանալով բոլշևիկյան արհավիրքին, Երևանում ինքնասպան է լինում Սարդարապատի մեկ այլ հերոս՝ Պողոս Բեկ-Փիրումյանը:

Տեսանյութը՝ ԱՐ հեռուստաընկերության «Մեր Մեծերը» հաղորդաշարի