Այսպէս է ասում Տէրը. «Արդարեւ, իմաստութիւնն ինքն է շրջում՝ գտնելու իրեն արժանի եղողներին, եւ քաղցրութեամբ յայտնուելով նրանց շաւիղների վրայ, ինքն է նրանց տալիս ամէն մի հնարագիտութիւն» (Իմաստ. Սողոմոնի 6:17)

Եղիշե Չարենց․ Իմ լերան աղոթքը

Քառասնամյա կյանքի քարն ուսերիս վրա,
Արարչական գործիս անագորույն կեսին
Հղում եմ Քեզ կրկին ահավասիկ ես իմ
Խոհն անտրտունջ երթիս աղոթքը իմ լերան:
Քե՜զ, ո՛վ Բաշխող խոհի և շնորհող եռանդ,
Քեզ՝ Տվողիդ հանճար, և՜ ինքնություն, և՜ ձիրք. -
Դող՝ տարփուհուն պարող, շնորհք՝ բանաստեղծին,
Որ բարբառեն բանիվ և գեղգեղեն ձեռամբ…
Շնորհապարտ եմ, Տե՜ր, ինձ լիաբուռ ձոնած
Շնորհների համար և ձիրքերի անեղծ, -
Որ կոչեցիր երգիչ ու բանաստեղծ
Նվիրեցիր տավիղ և էվոլյան քնար…
Շնորհապարտ եմ, Տե՜ր, ես առավել սակայն,
Որ կոչեցիր դու ինձ ոչ սոսկական քերթող, -
Այլև ասպետ, և պետ, և զինակիր
Եվ սերմնացան աննինջ՝ դժնի ժամանակի:

* * *

Իբր ադամանդ մաքուր տառապանքով թրծած,
Պայծառացավ նա հար՝ և կարծրացավ անվերջ, -
Հայրենական հողում որքան ապաքինվեց՝
Ստրկության դժնի կոշկոճներով քերծած: -
Ո՛վ Տեր, գիտե՜ս, որ այս հողն հոգևոր ցողող
Իբր հայրենի հողի վաղվաղակի մշակ -
Դեմքիս հազարամյա հալածանքի նշան՝
Հերկդ եմ հերկել խոսքի ադամանդյա խոփով…
Գիտես, որ հար՝ ելած նախքան լուսաստղը վաղ՝
Ինքըս՝ ոգով անխոնջ լծված իբր համր եզ՝
Խոփն եմ քաշել խոհիս - և ինձ հենց ինքըս ես
Խարազանել խստիվ, որ չընթանամ դանդաղ, -
Եվ վաստակել եմ մինչ ուշ գիշեր խրթին,
Մինչև վերջին կաթիլն առօրյական ուժիս, -
Ապա քնել եմ ես դաշտում քնով ուշիմ
Որ լուսաստղից առաջ - կրկին ելնեմ երթի: -
Սակայն գիտես դու, Տեր, որ ոչ ինձ լուծիդ
Ծանրությունն է ընկճել
Ոչ զեփյուռը շնչով շոյել է դեմքիս վճիտ
Զովացուցիչ քրտինքը - իբրև բալզամ -

* * *
Օ, ո՜չ. - դու չե՜ս լսել երբեք տրտունջը իմ
Ոչ հոգնության, ոչ չար հերյուրանքի հանդեպ.
Թեկուզ իջել են ծանր, օրհասական ամպեր
Իմ ուսերին խոնջած և անտերունչ շնչին…
Ինձ չի՜ ընկճել երբեք և ո՜չ մի ծանր քար,
Եվ ոչ մի սև կոշկոճ՝ ընկած խոփիս առջև. -
Ես չեմ շեղվել երբեք, - երբեք ետ չեմ դարձել
Ակոսներից երկար, և քարքարոտ, և դար: -
Ես չեմ շեղել երբեք հերկն հայրենի Խոհի, -
Եվ հանդուրժել, որ բյուր սերունդների հերկած
Հին գրքերում մնա անգամ չնչին մի քար
Նետված օտար ձեռքով, որ խարանե Ուղին…
Եվ մառախուղ, և մեգ, և կողմերից օտար
Հռնդալով թռչող ոչ ընչաշունչ քամի, -
Եվ վայրենի վրեժ դժնի բարեկամի,
Եվ ոսոխի ժանիք արյունոտած -
Հեղեղատներ՝ հանկարծ հայրենական հողի
Անդաստաններն համայն հեղեղատող, -
Չեն ընդհատել երբեք այս Տքնությունն անդուլ
Հազարամյա արյամբ սրբագործված Խոհի…

* * *

Եվ դու, ով իմ Տեր, որ՝ չնայած անվերջ,
Անհատնելի, նորանոր, որոմային ձիրքով՝
Զարհուրելի կենսունակ, ինչպես անհուն ձեռքով
Աղետալի բեղմնությամբ ցանված որոմ անկեզ,
Յուրաքանչյուր անարատ բողբոջի կողքին,
Ահ, որպիսի ամեհի, անմարելի խանդով
Հռընդում են, բազմանում ու բազմանում անթիվ
Իրարամերժ սաղմերն այս սև - դժնի դժոխքի…
Եվ այն գիտես, ով Տեր, դու, որ որոմն անցան՝
Սաղմն անմշակ այդ սերմի՝ հրի պես լափող, -
Ինչպես մորեխ ինքնակեր՝ զարհուրելի թափով
Բազմանալով, լափելով սերունդների անծայր:
Անխզելի տքնությամբ՝ հերկում միևնույն՝
Ամենօրյա, տվնջյան աշխատանքով ցանած
Բերքն անաղարտ, - խժռելով դեռ նորընծա կանաչ,
Անգամ արմատ ձգած պիրկ շյուղեր ինքնահուն, -
Հրկիզելով, խանձելով, իբր անխորհուրդ հրդեհ -
Հազարամյա մեր ցանի բերքն այսօրվա կանաչ, -
Հրկիզելով անգամ մեր երգն այսօրվա անհաս,
Ողջ կենսաբաղձ մի սերունդ՝ սեզ նորածիլ իբրև դեռ, -
Միևնո՜ւյնն է, ո՛վ Տեր, հանճարավոր անմահ, -
Ո՛վ ինձ խորհուրդ պարգևող և անխորտակ ոգի, -
Զրահավոր քո տված իմաստությամբ՝ գիտեմ,
Որ՝ ինչպես բոց ինքնաչափ՝ ընդերքներին անմաս, -
Ինչպես երեկ, ինչպես միշտ՝ չգտնելով շուրջն իրենց
Հեշտ, դյուրակեզ ոչ մի շյուղ այլևս կենդանի, -
Լափլիզելու են իրենց զարհուրելի խանդով
Եվ մոխրացած՝ < > հողն հայրենի:
Թեկուզ անինչ իմ ողին երբեմնակի բեկված՝
Թողած ակոս, թողած հերկ, թողած հազարամյա,
Անձկալի տքնությունն - իր հին, զառամյալ
Ողբն է հյուսել՝ սգալով կարոտն աներկբա, -
Շնորհակալ եմ, Տեր, ինձ շնորհած անմահ
Իմաստության համար այն՝ զրահավոր, որով՝
Կարողացել եմ տեսնել թե ծիլ, թե որոմ, -
Եվ սնել ծիլ բազմաթիվ՝ ուժերին անմարս…

ԻՄ ԼԵՐԱՆ ԱՂՈԹՔԸ

Իմ հանճարի անցած չարչարանաց լերան
Եվ դժվարին, և դառն ճանապարհի կեսին -
Ահա հղում եմ քեզ խեղճ աղոթքը ես իմ, -
Ո՛վ Առաջնորդ ու Տեր հոգիներին մեր այն,
Որք - կկերտեն ոգով և որք «կերգեն ձեռամբ…»
………………………………………………………
………………………………………………………
Ո՛վ Առաջնորդ ու Տեր ու մեծագույն վարպետ
Տիեզերքում սփռած բազմաբազում -
Եվ աշխարհում, կյանքում, և երազում
Մարմնավորված ոգի և կերպարանք տարբեր -
Յուրաքանչյուր չնչին սաղմնավորման անգամ
Ձև ինքնություն տվող և ինքնության պատկեր, -
Արարչագործ կամքի ո՛վ անհատնում < …………..>

***

Ոչ քաղցրություն եմ հայցում ես քեզնից, Տեր՝
Իմ դառնության բաժակին խառնելու հաշիշ, -
Ոչ զորավիգ՝ տեգերի հանդեպ ամբարիշտ,
Որ ինձ խոցել են անվերջ և խոցոտում են դեռ, -
Ոչ բալասան եմ ուզում՝ վերքերին իմ սև,
Բազմաչարչար իմ մարմնին՝ զարկված ամենքից, -
Ոչ ստության, պղծության և քսության պիղծ
Նիզակներով ծակոտած իմ կողերին դեղ. -
Ո՜չ չեմ սարսում արտաքին և ոչ մի ուժից, -
Եվ ոչ դրսից ինձ դավեր նյութողներից նոր, -
Բարձր է անպարտ իմ ոգին և զրահավոր
Ամենայն ուժ արտաքին դարձնելու փոշի:
Ո՜չ ես հիմա, ոչ առաջ իմ վերքերի վրա
Ուժ չեմ հայցում, չեմ հայցել և չեմ հայցի երբեք, -
Իմ մարմնական տոգորման, ողջակիզման դեմ,
Ես - ի՜նքս եմ իմ դեմ - ո՛վ Տեր, - հայցում զրահ…

* * *
Ալեկոծվող իմ ոգու այս խորքն անարև՝
Անքննելի ինքնության այս ակունքներն անտես,
Այս պղպջումն՝ ինքնաբուխ ջերմուկների հրկեզ
Տո՜ւր զորություն կաշկանդել կամքով հանճարեղ:
Տո՜ւր զորություն հորձանուտն այս անշղթա գետի,
Անժամանակ, անկապան ոգևորության
Բանտել՝ անդուլ տքնության անկիրք զորությամբ՝
Կոփել կայուն գիտության գրանիտյա գետին: -
Տո՜ւր զորություն ազատվել աննինջ աղետից՝
Հեղեղումից, ձյուների գարնանային անտես,
Կածաններից, ուղիներից, առուներից այն նեղ
Շռնդագին հորդացող պղտոր հեղեղի
Բարիքներից աննախորդ ու աննախընթաց, -
Բարձունքներից այն անհաս, անհունձ, անկոխ - .

Պատահաբար տեղահան արված հորձանքով

Հարյուրամյա, ահռելի, սակայն անկենդան
Կաղնիներից, բներից, - բարիքներից թեկուզ
Եվ վեհափա՜ռ, և մեծ, և՜ կոթողներ դարձող,
Սակայն սնիր ինձ, Տե՜ր, - ամենօրյա հացով,-
Գորովագութ, չարքաշ, որ վարարած ոգուս
Տո՜ւր զորություն երկաթյա կամքով աներկբա
Կանգնած հախուռն այդ հողմի գալարմունքի հանդեպ՝
Պատկերների, խոհերի հեղեղումն անդեմ
Թեքել հունի մեջ ոգու՝ հեղեղի պես այն,
Որ անպատվար ու պղտոր լեռներից անթիվ
Առուներից, ուղիներից, կածաններից ծածուկ,
Գագաթներից բարձրաբերձ, իբրև հալած ձյուն,
Տեղահանված, ողողված գարնան անհուն խանդից -
Զարհուրելի հեղեղով ողողելով ամբողջ
Լեռնաշխարհի հովիտներն եզերքից եզերք,
Գետերի հունն են մտնում և հետզհետե -
Լայն, ծանրանիստ, վեհափառ, դանդաղ հորձանքով -
Ընթանում են համրաքայլ, արքայաբար, հանգիստ -
Հնամենի հունից դուրս ողողելով թեպետ
Անծայրածիր մերձակա մացառուտներ, թփեր,
Որ գարնան տիղմն են ծծում, որ բարձրանան կյանքի, -
Եվ ինչպիսի՛ հեղեղներ երազների, խոհի,
Եվ մտքերի որպիսի հեղեղատներ եմ հիշում, -
Որ բարձրացել են անցած տարիների մուժում, -
Եվ ինձ տվել են միայն խեղճ մի քանի երգ:
Եվ մինչև օրըս, ո՛վ Տեր, մի վայրենի, անխոհ,
Մութ հորդայի եմ եղել իմ արվեստում նման, -
Հեղեղումի ենթակա հովիտներում ամա
Դարեիդար բնակվող գեղջուկների անխոհ, -
Որ փոխանակ լեռներից յուրաքանչյուր գարուն
Վար գլորվող ահռելի հեղեղների համար
Հուն փորելու և ընթացք բեղմնավորող, անմահ
Որ ոսկե տիղմը մնա անբեր դաշտերում, -
Այս բյուրպատիկ ավելի, թե՜ հեշտ, թե՜ անահ,
Թե աղետից ազատող, թե վերահաս մահից, -
Այս պրոզայի փոխարեն ամեն ձյունհալի -
Տուն ու այգի թողնելով հեղեղատի կամքին՝
Քարանձավներն հանելով անասուն ու մանուկ,-
Ձող ու կեռել են շինում, ընտրում դիրքեր բանուկ
Կոճղ ու ծառեր բռնելու հեղեղատի միջից…
Եվ չգիտե, որ թեկուզ հազարամյա կաղնիներ
Կարողանա նա պղտոր հեղեղատից այդ որսալ
Նախ՝ հարազատ, հենց իրենց անտառներից է կորզած, -
Եվ ապա ջուրն այդ - որքան նոր կաղնիներ կծներ, -
Թե բովանդակ ուժերով իրենց և՜ պիրկ և առույգ
Բազուկների, ջղերի, և կամքերի զորավոր, -
Հուն փորեին գարնանային հեղեղատի համար, որ
Տիղմ է բերում բեղմնավոր ամեն ու գարուն
Ախ, դու նրանց ես եղել հաճախակի նման, -
Սպասել ես տարերքին ոգևորության
Կարողացե՞լ ես արդյոք, ով խոհերի վարպետ,-
Որ ամենայն գարունքի հախուռն խնդությամբ
Հեղեղատներ ես ապրել ոգևորության, -
Եվ քանի շունչ կա քո մեջ պիտի դեռ ապրես, -
Կարողացե՞լ ես արդյոք քո ուժերի ներքին
Հեղեղատով ողողված հովիտներում հողե, -
Ոչ միայն շյուղ որսալ խեղճ ու ինքնաբուխ տողեր,
Ոչ լոկ անխոհ վետվետում ինչ-որ հնչուն երգի -
[Դու որսացել ես միայն ինքնահորդուն տողեր,
Եվ միայն շյուղ մի չնչին լիահնչյուն երգի…]

ԼԵՐԱՆ ԱՂՈԹՔԸ

Տո՜ւր ինձ կորով, տո՜ւր ինձ ուժ, տուր զորություն անկոր,
Տո՜ւր գիտություն սեփական սահմանների, խորքի, -
Տուր տեսություն անմշուշ աչքի, շնորհքի -
Անեզրական տքնությամբ, համբերությամբ, կամքով
Ալեկոծվող իմ ոգու, իմ հոգևոր խորքի,
Կենսահարույց ուժերի ակունքներից անտես
Պղպջացող, եռացող ջերմուկների պես
Դեպի արև խոյացող այս խաժադուժ զորքին -
Դեպի արև, դեպի կյանք, դեպ դաշնություն ու ձև,
Կերպավորման, դաշնության, բյուրեղացման ձգտող
Այս քաոսի խաժադուժ արշավանքի հանդեպ
Լինելու բարձր ու զգաստ՝ ոչ ենթակա ստրուկ, -
Այլ զորապետ ու արքա, սուվերեն ու տեր, -
Մոգ ինքնախոհ ու իոգ, ճարտարապետ կարող, -
Պատկերների Արքիմեդ՝ ընդդեմ բարբարոս
Հորդաների ներխուժման՝ թեորեմն իր լուծող դեռ: -
Ո՛վ դու, որ պետ ես կարգել ինձ՝ տարերքին անդեմ,
Կույր տարերքի ու նյութի տենդր կաշկանդող, -
Տո՜ւր զորություն լինելու, - ինքըս իմ դեմ անդող,
Մութ ինքնությունը նյութի ձևով կաշկանդող -
Ով դու, որ վարպետ ես կարգել ինձ սկզբից ի վեր՝
Ճարտարապետ խոհերի, երազների, երգի, -
Գեղեցկության, դաշնության չեղյալ եզերքի,
Եղերական վարդապետ և
Տվե՞լ ես դու արդյոք ինձ՝ ձիրքից առավել,
Անգամ անհուն շնորհքից և հանճարից անգամ
Տասնապատիկ առավել կարևորը - կամք՝
Անեզրական երկունքով միայն տառապել…
Տվե՞լ ես ինձ զորություն անագորույն, դաժան՝
Չվարանել սաղմերի բեղմնավորման պահին
Չվարանել արյունից, սրածումից, մահից -
Հանուն ձևի ու խոսքի միակ սրբազան:
Տվե՞լ ես ինձ զորություն ստեղծագործ ոգուս
Զարհուրելի երկունքի հրաշագործ ժամին,
Երբ կայծակներ են ճայթում և շաչում է քամին -
Ոգևորման սանձարձակ հողմն հզորագույն, -
Երբ ամեհի ու հախուռն ոգևորության
Անանց քամին է շաչում անտառներում ոգու,-
Եվ խոհերի կապտափայլ կայծակն է զարկում՝
Հրկիզելով անդունդներ բեղմնավորության, -

* * *
Ես չգիտեմ արդյոք կա՞ աշխարհում մի այլ
Ստեղծագործ էակ, թեկուզ չնչին բացիլ, -
Իմաստագույն էակ կոչվող մարդուց բացի,-
Որ անխորհուրդ այսքան, այսքան շռայլ
Թե՜ առանձին, թե հետն իր նմանների բազում՝
Յուրաքանչյուրն ուրույն ճարտարության վարպետ, -
Այսքան անհուն, այսքան մրջյուններից տարբեր
Տնօրինի հանճարն ստեղծագործ, -
Այսքան անգետ մսխի իր ջեռացող ոգու,
Կայծակնացայտ մտքի, շնորհքների -
Օվկիանի նման անծայրածիր խորքի

* * *
Քառասնամյա հոգսի բեռն ուսերիս վրա
Անհանգըրվան երթի ճանապարհի կեսին
Հղում եմ քեզ, վարպետ, ահավասիկ
Խոհն անտրտունջ ես իմ - իմ աղոթքը լերան:
Քե՛զ, ո՜վ Բաշխող խոհի և շնորհող եռանդ
Քեզ՝ Տվողիդ հանճար, և տքնություն, և ձիրք, -
Դող՝ տարփուհուն պարող, - շնորհք՝ բանաստեղծին,
Որ գայթակղեն ոգով և որ երգեն ձեռամբ…
Քեզ՝ Տվողիդ մեղվին ոչ լոկ անհուն շնորհք
Հյութ քաղցրահամ հինել ծաղիկներից լեղի, -
Այլև հրաշագործ այդ երկունքով հղի՝
Հանուն գալիք զեղման՝ լինել ճարտար Շինող…
Եվ - Տվողիդ չնչին մրջյուններին անգամ
Ոչ միայն ձիրք ու ջանք տվընջական գործի -
Այլև ստույգ քարտեզ հազարամյա փորձի, -
Ճանաչության չափի, ձգողության անգայթ:
Համառության, ստույգ ճարտարության, անշեղ
Մի մազաչափ անգամ կանխորոշյալ գծից
Ոչ մի կողմ չթեքվող կառուցման կամք
Այն, որ տալիս է ուժ և գիտություն
Ոչ միայն, Տեր, նրանց՝ մրջյուններին անգետ, -
Բեղմնավորել, տևել, անընդմեջ տևել -
Այլև հանճարափայլ լաբիրինթներ ձևել, -
Եվ կերտելու պահին՝ չխնայել կյանքեր -
Արդ՝ անձանձիր, անտրտունջ անանձնական պատվիրան, -
Քառասնամյա տքնությամբ, ճարտարությամբ անբիծ,
Մոլեգնությամբ ուժերի, որ տրված էր ինձ
Կատարելով հոգևոր գործն ինձ պատվիրած, -

1937, մարտ

Երվանդ Երկանյան․ «Մերձիմահ երգեր» խմբերգաշարից «Իմ լերան աղոթքը»

Կատարում է Երևանի Կամերային Երգչախումբը

Գեղ.ղեկավար` ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԹՈՓԻԿՅԱՆ

Խմբավար` Քրիստինե Ոսկանյան