Այսպէս է ասում Տէրը. «Ուրեմն, դէն գցելով ամէն չարութիւն, ամէն նենգութիւն, կեղծաւորութիւններ, նախանձ եւ ամէն չարախօսութիւն, որպէս նորածին երեխաներ՝ միշտ փափագող եղէք բանական եւ անխարդախ կաթին, որպէսզի նրա միջոցով աճէք փրկութեան համար» (Պետրոս 2:1-2)

Աղոթք իմաստության համար

Սողոմոն Իմաստուն - Իմաստություն Սողոմոնի, Գլուխ 9

Ո՛վ իմ հայրերի Աստված և Տերդ ողորմության, Դու ես, որ քո խոսքով ստեղծեցիր բոլորին. և Քո իմաստությամբ ձևավորեցիր մարդուն, որ տիրի Քո ստեղծած արարածներին, սրբությամբ ու արդարությամբ կառավարի աշխարհը և ուղիղ հոգով դատ ու դատաստան անի։ Տո՛ւր ինձ Քեզ գահակից իմաստությունից և խոտան մի՛ համարիր ինձ քո ծառաներից։ Արդարև, ես Քո ծառան եմ և Քո աղախնի որդին, ես տկար մարդ եմ և կարճատև կյանքի տեր,ես հասուն չեմ դատի ու օրենքի իմացության մեջ։ Եվ եթե նույնիսկ որևէ մեկը կարող է կատարյալ լինել մարդու որդիների մեջ, բայց եթե Քո իմաստությունը հեռու է նրանից, նա ոչինչ պիտի համարվի... Քեզ հետ է նաև իմաստությունը, որ գիտի Քո գործերը, Քեզ մոտ էր նա, երբ դու արարում էիր աշխարհը, և գիտեր, թե որն է հաճելի Քո աչքին ու որն է Քո պատվիրաններին համապատասխան։ Առաքի՛ր դրան Քո սուրբ երկնքից, Քո փառքի աթոռից ուղարկի՛ր դրան, որ գա և տեղ գտնի իմ մեջ, և ես գիտենամ, թե ինչն է հաճելի Քո առջև, քանզի Նա գիտե ամեն ինչ և խելամուտ է բոլորին, իմ գործերի մեջ ինձ կառաջնորդի զգաստությամբ և իր փառքով կպահպանի ինձ... Ո՞ր մարդը կարող է իմանալ Աստծու խորհուրդները, և կամ ո՞վ կարող է խելամուտ լինել, թե ինչ է կամենում Տերը. քանզի մահկանացուների մտածումները անստույգ են, իսկ մեր գիտելիքները՝ անհաստատ։ Եղծանելի մարմինը ծանրացնում է հոգին, և հողեղեն այս հարկը բազմահոգ է դարձնում միտքը։ Ուստի մենք հազիվ ենք նկատում երկրային բաները և չարչարանքով ենք գտնում այն, ինչ ընկած է մեր ոտքերի մոտ։ Իսկ այն, ինչ գտնվում է երկնքում, ո՞վ կարող է քննել, և ո՞վ կարող է գիտենալ Քո խորհուրդները, եթե Դու իմաստություն չտաս և քո սուրբ Հոգին չառաքես Քո բարձունքներից։ Այսպես է, որ երկրայիններն ուղղեցին իրենց շավիղները, սովորեցին այն, ինչ հաճելի է Քեզ, և փրկվեցին Քո իմաստությամբ։ Ամեն։