Այսպէս է ասում Տէրը. «Այլ դու երբ աղօթես, մտի՛ր քո սենեակը, փակի՛ր քո դռները եւ ծածո՛ւկ աղօթիր քո Հօրը, եւ քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կը հատուցի քեզ յայտնապէս» (Ղուկ. 11:4)

Իրական հրաշքն այն կլիներ, եթե մարդը հրաշքի ակնկալությամբ չապրեր

«Գնա՛, եվ ինչպես հավատացիր, այնպես թող լինի քեզ» (Մատթ. 8:13)

Հիսուս Քրիստոս մարդկության փրկագործության առաքելության ընթացքում բազմաթիվ հրաշքներ գործեց: Այդ հրաշքներն անկյալ տիեզերքի աստվածադիր օրենքների խախտում չէին, այլ Աստծո սիրո, զորության ու նախախնամության դրսևորում: Դրանք այն զորեղ ու գերբնական երևույթներն էին, որոնց հաղորդակիցն ու մասնակիցն էր դառնում հենց ինքը՝ մարդը՝ հանդիսանալով այդ հրաշքների առանցքն ու կրողը: Անցնելով մարդկային մտքի, տրամաբանության ու ըմբռնման սահմանագիծը՝ հրաշքներն աստվածհայտնության ու աստվածային փրկագործության յուրահատուկ դրսևորումներ էին:

Շուրջ 2000 և ավելի տարիներ մարդկության մեջ կատարված Հիսուս Քրիստոսի հրաշքներն այսօր էլ աշխարհին ասելիք ունեն: Սակայն մարդկությունն ապրում է այն թերահավատությամբ, որ հրաշքները մեր օրերում միանգամայն անիրական են թվում: Մարդն իր կյանքը շարունակում է ապրել աչքերի համար տեսանելի հրաշքներ փնտրելով՝ միևնույն ժամանակ մտածելով, որ այլևս չկան այն մարդիկ, ում միջոցով Աստված հրաշք կգործեր: Իսկ միգուցե մե՞նք թյուր ընկալում ունենք աստվածային հրաշքների նկատմամբ…

Մեր Տիրոջ զարմանահրաշ գործերը մարդկային բնությանը բնորոշ հետաքրքրասիրությունը բավարարելու նպատակ չէին հետապնդում: Հիսուս Քրիստոսի յուրաքանչյուր արարքի ետևում փրկագործական խորիմաստ ու հեռատես ծրագիր էր թաքնված: Մարդկային սահմանափակ միտքն անընդունակ է չափել Աստծո սիրո և ողորմության խորությունն ու անհունությունը, այդուհանդերձ հրաշքները՝ որպես աստվածային սիրո և ողորմության դրսևորում, բոլորի վրա չէին տարածվում. հրաշագործությունները պատահական ողորմության արարքներ չէին: Հիսուս Քրիստոս Աստծուն բնորոշ իմաստությամբ հրաշքներին մասնակից էր դարձնում նրանց, ում համար դրանք նոր՝ ճշմարիտ կյանքի սկիզբն էին ազդարարելու: Դրանով հրաշքները գալիս էին ծառայելու Տիրոջ փրկագործական ծրագրին:

Աստվածային ամենատեսությամբ մարդկության պատմության մեծագույն Ուսուցիչը շատ լավ գիտեր, որ մարդկային հետաքրքրությունը բավարարող հրաշքը չպիտի արժևորվեր և ծառայեր իր նպատակին, քանզի հրաշքների վրա հիմնված հավատքը նորանոր հրաշքներ էր պահանջելու՝ մնալով անհաստատ ու անկայուն:

Քրիստոնեության պատմությունը լի է զարմանահրաշ սքանչելիքներով ու մեծամեծ հրաշքներով, որոնք տրվել են քրիստոնյաներին որպես հավատքի վկայություններ, որպես Աստծո զորավոր ներկայություն նրա կյանքում: Հրաշքները եղել են, կան և կլինեն որպես աստվածահաճո ընթացքի վարձատրություն: Տերն աշխարհ էր եկել ոչ թե ամենուր հրաշքներ գործելու, այլ մարդուն ցույց տալու դրանց արժանանալու ճանապարհը՝ միաժամանակ նրան հեռու պահելով հրաշքների կախյալ անհարժեշտությունից, որպեսզի մարդկությունը հրաշքներ տեսնելու մշտատև ակնկալությամբ չապրեր: Հիսուս Քրիստոսի հրաշքների, մասնավորապես հրաշք-բժշկությունների առանցքը մարդու մեծագույն թուլությունը՝ մեղքը մատնացույց անելն էր:

Մարդու ուշադրությունը սևեռելով ու կենտրոնացնելով մեղքի գիտակցության վրա՝ Հիսուս Քրիստոս բացահայտում էր հրաշքի էության ճշմարիտ ընկալման աներևակայելի գաղտնիքը. մեծագույն հրաշքն այն կլիներ, եթե հրաշք գործելու անհրաժեշտություն չլիներ: Հրեական ընկալման համաձայն՝ ցանկացած հիվանդություն մեղքի արդյունք է: Պատահական չէր, որ Աստծո Որդին մեղքերը ներելով էր հրաշք-բժշկություններ կատարում՝ անուղղակիորեն մատնացույց անելով, որ իրական հրաշքը ոչ թե այն կլիներ, որ հիվանդը բժշկվեր, այլ այն, որ նա չհիվանդանար:

Տ. Հովսեփ քհն. Սարգսյան

Աղբյուր՝ Qahana.am