Այսպէս է ասում Տէրը. «Եւ կամ ի՞նչ միաբանութիւն Քրիստոսի եւ Բելիարի միջեւ. կամ ի՞նչ առնչութիւն ունի հաւատացեալը անհաւատի հետ. կամ ի՞նչ նմանութիւն ունի Աստծու տաճարը մեհեանների հետ։ Արդարեւ, կենդանի Աստծու տաճար էք դուք» (Կորնթացիներ 6:16)

Գեղանկար

Էքսպոզիցիան ներկայացնում է 6-20-րդ դարերի հայկական գեղանկարի զարգացումը, նրա ոճական ողջ բազմազանությունը, ինչպես նաև առանձին վարպետների գործեր:

Հայկական դասական արվեստի ցուցադրումը սկսվում է միջնադարյան որմնանկարի և մանրանկարչության նմուշների վավերագրական պատճեններից, որ 1936-1951 թթ. կատարել են հայ արվեստի նշանավոր հետազոտող Լիդիա Դուռնովոյի (1885-1963) ղեկավարությամբ մի խումբ հայ նկարիչներ: Հայկական եկեղեցիները զարդարող որմնանկարների՝ ժամանակի ընթացքում կրած կորուստներն ու վնասները թանգարանում պահվող պատճեններին հաղորդում են բնօրինակի արժեք: Գեղանկարչական մեծ ավանդույթի վկայությունն են նաև ձեռագրերը, որոնց թվում` անցյալի մեծագույն մանրանկարիչներ Թորոս Ռոսլինի, Սարգիս Պիծակի և այլոց գործերը:

18-20-րդ դարերի հայկական արվեստը դժվար է գնահատել Ռուսաստանի, Արևմտյան Եվրոպայի և արևելյան երկրների հետ մշակութային կապերի կոնտեքստից դուրս: Ժամանակի ընթացքում ընդհատվող թելը վերականգնվում է ոչ միայն կրոնական թեմաներով գործերի, այլև Հովնաթանյանների գեղարվեստական դինաստիայի թողած ժառանգության շնորհիվ: Ամենից ամբողջական է ներկայացված ընտանիքի ամենավառ ներկայացուցիչ Հակոբ Հովնաթանյանի (1806-1881) արվեստը, որն աշխատել է Թիֆլիսում 1830-1880 թվականներին: Նրա դիմանկարների շարքը իր ժամանակի ոգու և մթնոլորտի լավագույն վկայությունն է: Դրանք ընդգծում են պատկերվածների անհատականությունը, նրանց սոցիալական դիրքը. դրանցում արտահայտվել է նկարչի եզակի գեղանկարչական ձիրքը, դրանք աչքի են ընկնում դետալների մանրակրկիտ ու նրբաճաշակ մշակումով: Այդ ամենն ապահովել է հայկական գեղանկարի պատմության մեջ Հովնաթանյանի տեղը որպես դիմանկարի ժանրի հիմնադրի:

Թանգարանի էքսպոզիցիան լուսաբանում է թե´ արտասահմանում բնակվող, թե´ հայրենիք վերադարձած հայ վարպետների տարբեր սերունդների արվեստը, բացահայտելով նրանց համար ընդհանուր գծեր: Նրանում կարևոր տեղ են զբաղեցնում աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու (1817-1900) գործերը: Պատկերասրահում է պահվում Թեոդոսիայի թանգարանից հետո նրա աշխատանքների ամենապատկառելի հավաքածուն` 62 նկար, որոնց թվում են նաև Այվազովսկու հայկական թեմաներով կոմպոզիցիաները («Բայրոնը Սուրբ Ղազար կղզում», «Նոյն իջնում է Արարատից»): Դրանցում նրա նախասիրած ծովային տեսարանները ներդաշնակվում են հայկական մոտիվների հետ, ինչն ավելի հասկանալի է դարձնում Այվազովսկու հոգատարությունը կոտորածներ վերապրած հայրենակիցների հանդեպ, շատ հայ նկարիչների ստեղծագործական կայացման հանդեպ նրա հետաքրքրությունը:

Թանգարանի հայ գեղանկարչության ցուցադրության զգալի մասը նվիրված է հայկական արվեստի դասականներ Վարդգես Սուրենյանցի (1860-1921), Ստեփան Աղաջանյանի (1863-1940), Եղիշե Թադևոսյանի (1870-1936), Փանոս Թերլեմեզյանի (1865-1941), Գևորգ Բաշինջաղյանի (1857-1925), Մարտիրոս Սարյանի (1880-1972), Հակոբ Կոջոյանի (1883-1959) ստեղծագործությանը, որոնց դերն ազգային արվեստի կայացման գործում հսկայական է: Զուգակցելով ռեալիզմի և ռոմանտիզմի միտումները, իմպրեսիոնիզմի, պոստիմպրեսիոնիզմի և մոդեռն ոճի նվաճումները ազգային ավանդույթների հետ, նրանք կերտում էին հայկական մշակույթի ինքնատիպ հյուսվածքը:

Ժամանակի ընթացքը փոխում է հայկական արվեստը՝ բազմաթիվ տաղանդավոր ու ինքնատիպ նկարիչների ներգրավելով սովետական արվեստի ծիրի մեջ. դրանք էին Մարտիրոս Սարյանը (1880-1972), Հակոբ Կոջոյանը (1883-1959), Սեդրակ Առաքելյանը (1884-1942), Սեդրակ Ռաշմաճյանը (1907-1978), Արա Բեքարյանը (1913-1986), Էդվարդ Իսաբեկյանը (1914-2007), Հովհաննես Զարդարյանը (1918-1992), Հմայակ Ավետիսյանը (1912-1978), Եփրեմ Սավայանը (1909-1974): Այս արվեստագետների անունների հետ առնչվող թեմաների նոր շրջանակը նպաստեց ազգային մշակույթի նկարագրի կերտմանը:

Այս մշակույթի անկապտելի մասն է կազմում մի շարք նկարիչների, ի թիվս որոնց` Պետրոս Կոնտուրաջյանի (1905-1965), Բարթուղ Վարդանյանի (1897-1978), Արարատ Ղարիբյանի (1903-1952), Հարություն Կալենցի (1910-1966), Հովհաննես Ասատրյանի (1914-2007), Հակոբ Հակոբյանի (1923) արվեստը, որոնց գործունեությունը մասամբ ծավալվել է արտասահմանում և որոնք յուրացրել են ֆրանսիական դպրոցի գեղարվեստական փորձը: Չնայած նրանք ներկայացնում են տարբեր սերունդներ և ստեղծագործական ուղղություններ, նրանց միավորողը բարձր մասնագիտական չափանիշներն են: Փարիզը միշտ գրավել է շատ հայ վարպետների, ինչպես Գեորգի Յակուլովին (1884-1928), Մարտիրոս Սարյանին (1880-1972), Վահրամ Գայֆեճյանին (1899-1960), Երվանդ Քոչարին (1899-1979), որոնք կարողացան պահպանել իրենց անհատականությունը գեղարվեստական հոսանքների հորձանուտում: Լինելով 20-րդ դարի ավանգարդում, նրանք մեծապես կանխորոշեցին ժամանակակից հայկական գեղանկարչության զարգացումը:

Բացառիկ նշանակալից է հայկական գեղանկարչության ձևավորման մեջ Մարտիրոս Սարյանի (1880-1972) ազդեցությունն ու դերը: Նրա արվեստը դարձավ Հայաստանի խորհրդանիշը: Սարյանը ցայտուն ու պատկերավոր կերպով արտահայտեց մեր հոգևոր էությունն ու աշխարհընկալումը: Միևնույն ժամանակ նա նորարար է, 20-րդ դարի մի շարք խոշոր արվեստագետների թվում արվեստում նոր ուղիներ ու նոր գեղարվեստական արտահայտչամիջոցներ հայտնագործողներից մեկը: Սարյանն օժտված է գույնի, կոմպոզիցիայի և գծանկարի բնատուր վարպետությամբ: Նրա ընդհանրացման տաղանդը հնարավորություն է տալիս իր հայրենիքի պատկերները փոխակերպելու աշխարհի սինթետիկ պատկերի, աշխարհի արարչության, նրա փոփոխականության, նրա մեջ մարդու դերի մասին մտորումների: Միևնույն ժամանակ դա Հայաստանն է՝ իր բնությամբ ու մարդկանցով, լեռներով ու արևով: Սարյանի արվեստը նաև միավորում է հայկական աշխարհընկալման երկու հակադարձ բևեռները` Արևելքն ու Արևմուտքը: Հայերի համար Արևելքը ոչ միայն բնական միջավայր է, մտածելակերպ և ավանդական ապրելակերպ, այն մշակույթի մաս է, որ վառ արտահայտված է Սայաթ-Նովայի և Ավետիք Իսահակյանի պոեզիայում, Վարդգես Սուրենյանցի (1860-1921) նկարչության մեջ, Սերգեյ Փարաջանովի ֆիլմերում:

Արևելքի ոգով ու շնչով է տոգորված Թիֆլիսի հայ նկարիչների խոհուն ու նրբագեղ աշխարհը: Այս քաղաքը հայկական մտավոր ու մշակութային կյանքի կենտրոնն է եղել 17-20-րդ դարերում: Հովնաթանյանների դինաստիա, Գևորգ Բաշինջաղյան (1857-1925), Գեորգի Յակուլով (1884-1928), Հովսեփ Կարալյան (1897-1981), Վանո Խոջաբեկյան (1875-1922), Գևորգ Գրիգորյան (Ջոտտո) (1897-1976), Հակոբջան Ղարիբջանյան (1902-1987), Վեհիկ Տեր- Գրիգորյան (1903-1965), Վաղարշակ Էլիբեկյան (1910-1994),- ահա Պատկերասրահում ցուցադրված նկարիչների այս ճյուղի ոչ լրիվ ցանկը: Ինքնատիպ արվեստագետներից մեկին` Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանին (1891-1966) հատուկ վառ երևակայությունը, գեղեցիկի սուր զգացումը արտահայտվել են կանացի կերպարների` նրբագեղ զգացմունքայնությամբ լի աշխարհում: Սա էքսպոզիցիայի ուշագրավ մասերից մեկն է:

Սարյանի գեղարվեստական հայտնագործությունները, նրա գեղանկարչական- պլաստիկական լեզվի թարմությունը տարբեր փոխակերպումների ենթարկվեցին վարպետների մի ողջ համաստեղության` Մարիամ (1907-2006) և Երանուհի (1909-1998) Ասլամազյանների, Լավինյա Բաժբեուկ-Մելիքյանի (1922-2005), Սարգիս Մուրադյանի (1927-2007), Նիկոլայ Քոթանջյանի (1928), Մինաս Ավետիսյանի (1928-1975), Աշոտ Հովհաննիսյանի (1929-1997), Հենրիկ Սիրավյանի (1928-2001), Ալեքսանդր Գրիգորյանի (1927-2008), Ռուբեն Ադալյանի (1929), Վարոս Շահմուրադյանի (1940-1977), Սեյրան Խաթլամաջյանի (1937-1994) արվեստում: Ստեղծագործական խառնվածքի բազմազանությամբ հանդերձ, նշված արվեստագետների համար ընդհանուր է ազգային ավանդույթների և ժամանակակից գեղանկարչության նվաճումների իմաստավորված յուրացումը. այս երևույթն ընդհանրապես հատկանշական է հայկական արվեստի համար:

Հայ վարպետների (ընդհանրացումների և փոխաբերականության հանդեպ իրենց հակումներով հանդերձ) գեղարվեստական մտածելակերպը, գունանկարչական լեզուն շատ համահունչ են ժամանակակից արվեստին հատուկ գունային ու պլաստիկական սինթեզի որոնումներին: Դրա վառ օրինակն են Մինաս Ավետսիյանի (1928-1975) աշխատանքները: Օժտված լինելով գույնի զգացմունքային բնույթի ընկալումով՝ նա իր արվեստում միավորեց միջնադարյան հայկական նկարչության ավանդույթները և պոստիմպրեսիոնիստների ու ֆովիստների փորձը: Ձևի և գույնի սինթեզին ձգտելը հատուկ է այլ հայ նկարիչների` Աշոտ Հովհաննիսյանի (1929-1997), Լավինյա Բաժբեուկ-Մելիքյանի (1922-2005), Սարգիս Մուրադյանի (1927-2007), Գրիգոր Խանջյանի (1926-2000), Հրաչյա Հակոբյանի (1935-1982), Անատոլի Պապյանի (1924-2007) և ուրիշների գեղարվեստական մտածողությանը: Պատկերասրահի հավաքածուն ներառում է նաև մի շարք ժամանակակից նկարիչների՝ Էդուարդ Արծրունյանի (1929-2010), Ալեքսանդր Գրիգորյանի (1927-2008), Ալբերտ Պարսամյանի (1935-1995), Ռուբեն Ադալյանի (1929), Կարեն Սմբատյանի (1932-2008), Էդուարդ Խարազյանի (1939), Հենրի Էլիբեկյանի (1936), Վարուժան Վարդանյանի (1948-2010), Ռոբերտ Էլիբեկյանի (1941), Ռուբեն Աբովյանի (1948), Աշոտ Բայանդուրի (1947-2003), Փարավոն Միրզոյանի (1949), Կարո Մկրտչյանի (1951-2001), Արամ Իսաբեկյանի (1952) և այլոց գործերը: Ծանոթացնելով հայ գեղանկարիչների մի քանի սերունդների հոգևոր որոնումներին, թանգարանի էքսպոզիցիան բացահայտում է աշխարհընկալման այն նոր կողմերը, որոնք աստիճանաբար փոփոխվելով՝ ձևավորում են ժամանակակից գեղարվեստական մշակույթի պատկերը:

Աղբյուր՝ ՀԱՊ