Այսպէս է ասում Տէրը. «Ով մեղաւորին իր մոլորութեան ճանապարհից յետ է բերում, կը փրկի նրա հոգին մահուանից եւ կը ծածկի մեղքերի մի ամբողջ բազմութիւն» (Հակոբոս 5:20)

Թաղում եմ ինձ ամեն գիշեր, բայց մի մահից եմ վախենում

Ի՞նչ վախենամ մահից. նույն բանն են կյանքն ու մահը, նույն նյութից: Ի՞նչ իմանամ՝ որե՞րորդ մահս եմ ապրում: Երբ քեզնից հետո կյանքը կա, մահը դատարկ բան է:

Ամպից, ծառից, աղբյուրից, դաշտից ձանձրացած մարդը մեռած է: Սովորաբար ամեն ինչից ձանձրացած, ինքնամփոփ դարձած, այլևս սրտակից չունեցող մարդիկ են ինքնասպան լինում:

Ասածս վերաբերում է նաև Եսենինին, Մայակովսկուն: Հուսախաբվելն էլ ձանձրանալ է: Եթե ձանձրացել ես, ուրեմն՝ հուսախաբվել ես:

Մարդը ոգևորվել է և այլևս չի ոգևորվում: Ոգևորությանը սովոր չլինի՝ կապրի…Դժվար բան եմ ասում, բայց կյանքն ամենադժվարն է:

Արևը դուրս է գալիս, ինքն ասում է՝ որ ի՞նչ: Հենց սա ասիր՝ վերջացար:

Երբեմն մտածում եմ՝ ինչու՞ է մեռնելն այսպես դժվարացել, կարևոր բան դարձել: Գրականությունը պիտի զբաղվի այս խնդրով:

Մահը բնության մեջ ապրող մարդու համար եղել է սովորական բան՝ խոտը աճեց, աշնանը չորացավ, մեռավ, ծառը ապրեց, չորացավ, մեռավ: Մարդն էլ իրեն դրանցից մեկն է համարել:

Այսօրվա մարդուն պետք է ասես, հասկացնես, որ մահը դատարկ բան է: Քարը չէ՞, որ ավազ է դառնում, ի՞նչ կա դրա մեջ:

Ջահել ժամանակ թվում էր մահը շատ հեռու է, բայց ամեն քայլի տեսնում էի, զգում էի:
……………………

Եթե ասեմ մահից չեմ վախենում, ճիշտ չի լինի: Հազար անգամ մեռել եմ, բայց մի մահից եմ վախենում: Մարդկանց նեղություն տալուց եմ վախենում:

Թաղում եմ ինձ ամեն գիշեր, լուսաբացին՝ պեղում:

Վախենում եմ բեռ դառնալուց՝ թեկուզ մի օրով, մի ժամով, թեկուզ մի մարդու համար: Էդ մեկը չեմ ուզում:

Թեկուզ ինձ համար մեռնելու ձև չեմ գտել…Երանելի է. նստես ու վեր չկենաս: Թռչես, գնաս կորչես: Չիմանան էլ, որ մեռար:

Գարշելի աշխարհում, ինչպես Չարենցն է ասել, ավելի գարշելի բան չկա, քան դիակը:

Իմաստուն է փիղը, մահը զգաց, գնում կորչում է:

Հիշեցի Ջոնին, հիշեցի վերջերս տեսած երազս: Ջոնին տեսա, Ջոն Կիրակոսյանին: Չգիտեմ ինչու: Հսկայի պես նոր շորեր հագած Ջոնը կանգնած էր դեմս: Ոչ ինքը խոսեց, ոչ էլ ես խոսեցի: Բայց երազը խոսք էր…

Ջոնի երևույթը, տեսակը… Երևի նրան փոխարինող մարդ չունեցանք: Էդքան փաստեր, փաստաթղթեր, որ նա էր բերում…

Վաղը դատ եղավ, թուրքը կասի՝ հայերն են մեզ կոտորել:

Թաղած երեխայի վրա գրված անունը ջնջում, փոխում են, մեղքի բեռը իրենցից վերցնում գցում են հայ ազգի վրա:
Սպանողը սպանվածին մեղավոր է դուրս բերելու:

Ջոնը մեր վերջնական դատի բոլոր փաստերն հավաքում էր….ազնիվ հոգի էր Ջոնը…

Հ..Գ. - Ջոնը Սահյանի երազում էլ հենց այնպես չէր եկել…
Ցավն էր նրան բերել բանաստեղծի մոտ:

ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

1992թ. (բանաստեղծի հետ` տարբեր հարցազրույցներից)

Աղբյուր՝ Magaghat.am