Այսպէս է ասում Տէրը. «Ով մեղաւորին իր մոլորութեան ճանապարհից յետ է բերում, կը փրկի նրա հոգին մահուանից եւ կը ծածկի մեղքերի մի ամբողջ բազմութիւն» (Հակոբոս 5:20)

Ջոն Կիրակոսյան

Ջոն Սահակի Կիրակոսյան (1929, մայիսի 6, Երևան - 1985, հունիսի 20, Մոսկվա, թաղված է Երևանում), հայազգի պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, քաղաքական գործիչ, Հայկական ԽՍՀ արտաքին գործերի նախարար (1975 - 1985)։ Ջոն Կիրակոսյանի հեղինակած հիմնական ուսումնասիրությունները նվիրված են հայ ժողովրդի նոր և նորագույն պատմությանը, Հայկական հարցին և Հայոց ցեղասպանությանը։

Արման Կիրակոսյանի հայրն է։

Կենսագրություն

Ջոն Կիրակոսյանը ծնվել է 1929 թվականի մայիսի 6-ին Երևան քաղաքում։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո անմիջապես ընդունվել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, որն ավարտել է 1951 թվականին։ Նրա ասպիրանտական ուսումնառությունն անցել է Մոսկվայում՝ ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտում, ուր մասնագիտացել է արևելյան երկրների նոր պատմության բնագավառում։ Նույն ինստիտուտում՝ 1954 թվականին, հաջողությամբ պաշտպանել է 1918-1921 թվականներին Իրանում անգլիական ինտերվենցիայի մասին թեկնածուական ատենախոսությունը։

Ջոն Կիրակոսյանը վերադառնում է հայրենիք և, ամենևին չանտեսելով գիտական իր պատրաստությունն ու անելիքները, մի շարք պատասխանատու կուսակցական, պետական աշխատանքներ է կատարում։ 1955-1962 թվականներին գլխավորում է «Լենինյան ուղիով» ամսագրի քարոզչության բաժինը։ Ապա չորս տարի աշխատում է ՀԿԿ կենտկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչի տեղակալ։ 1966-1969 թվականներին նա վարում էր Հայկական ԽՍՀ մինիստրների խորհրդի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի նախագահի, 1969-1975 թվականներին՝ ՀԿԿ-կենտկոմի գիտության և ուսումնական հաստատությունների բաժնի վարիչի, իսկ կյանքի վերջին տասնամյակում՝ 1975-1985 թվականներին, ՀԽՍՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնները։ 1967 թվականից Կիրակոսյանը դասախոսում էր սկզբում ԵՊՀ պատմության ֆակուլտետում, իսկ մեկ տարի անց, երբ հիմնադրվեց համալսարանի արևելագիտության ֆակուլտետը, աշխատանքի անցավ այնտեղ որպես դասախոս և ապա Արևելքի երկրների պատմության ամբիոնի վարիչ։

Գրական գործունեություն

Ջ. Կիրակոսյանի գիտական-ստեղծագործական աշխատանքները ծավալվում են 60-ական թվականներից, երբ համեմատաբար նպաստավոր պայմաններ են ստեղծվում գաղափարախոսական ոլորտում. անհատի պաշտամունքի քննադատությամբ պայմանավորված՝ ամբողջ երկրում իշխող գաղափարական պարտադրանքներն ինչ-որ չափով թուլացան, ստեղծվեց համեմատաբար ազատ ստեղծագործելու մթնոլորտ։ Շնորհիվ դրա 1960-ական թվականները դարձան հասարակական գիտությունների, հատկապես հայագիտության, հայ արվեստի ու գրականության և ամբողջ մշակույթի համար վերելքի ժամանակաշրջան։

Պատմագիտության մեջ այդ զարթոնքն արտահայտվեց մինչ այդ չխրախուսվող արգելված թեմաների, ինչպես՝ հայ ազգային-ազատագրական շարժումների, հայկական գաղութների ու սփյուռքի և այլ հիմնահարցերի ուսումնասիրությամբ։ Նախաձեռնվեց հայ ժողովրդի ընդհանրացնող պատմության ութհատորյակի ստեղծումը։ Ավելին, ակադեմիկոս Մկրտիչ Ներսիսյանին հաջողվեց հրատարակել «Հայերի գենոցիդը Օսմանյան կայսրությունում» փաստաթղթերի ու նյութերի ժողովածուն և այլն։

«Առաջին համաշխարհային պատերազմը և արևմտահայությունը»

1965 թվականին լույս է տեսնում Ջոն Կիրակոսյանի «Առաջին համաշխարհային պատերազմը և արևմտահայությունը (1914-1916 թթ.)» մենագրությունը։ Այն ունեցավ երկրորդ հրատարակություն (1967 թ.) և տպագրվեց նաև ռուսերեն (1971 թ.)։ Մենագրությունը լույս տեսավ հայ ժողովրդի ամենաողբերգական իրադարձության՝ Մեծ եղեռնի 50-ամյակի հուժկու շարժման ժամանակ։

Մենագրությունը սկսվում է Առաջին աշխարհամարտին նախորդող շրջանում Արևմտյան Հայաստանի ազգաբնակչության, նրա սոցիալ-տնտեսական և ազգային ծանր գոյավիճակի նկարագրությամբ։ Թվում էր, թե 1908 թվականի վերնախավային հեղաշրջումով արյունոտ սուլթան Աբդուլ Համիդ II-ին տապալած և իշխանության գլուխ եկած «Միություն և առաջադիմություն» («Իթթիհատ վե թերաքքի») երիտթուրքերի կուսակցությունն առաջադիմական քայլ կկատարեր կայսրության մեջ դժվարին պայմաններում ապրող ժողովուրդների նկատմամբ։

Սակայն հեղինակը վերլուծությամբ ցույց է տալիս, որ երիտթուրքերը ոչնչով չտարբերվեցին իրենց նախորդից, հայ ազգաբնակչության անմխիթար վիճակն ամփոփոխ մնաց։

Ջ. Կիրակոսյանը ներկայացնում է երիտթուրքերի պարագլուխների պանթուրքական վարդապետությունը։ Նրանք գտնում էին, որ Հայաստանն ու հայերը խանգարում են թուրքերի միավորմանը։ Նրանց գաղափարախոսներից դոկտոր Նազըմը նշում էր, որ իրենց նախնիները Թուրանից են եկել, և Կասպից ծովից դեպի արևելք ընկած ընդարձակ տարածքներում թուրք ցեղերն ապրում են գրեթե միատար, իսկ իրենք մնում են մեկուսացված։

Հետևաբար, իրենց առաքելությունն է համարում իրականացնելու թուրք ցեղի միությունը՝ Միջերկրականից մինչև Արալի ծովը։ Հասկանալի է, որ հայ ժողովուրդն էր համարվում գլխավոր խոչընդոտն այդ միավորումն իրականացնելու ճանապարհին։

Այնուհետև հեղինակն անդրադառնում է Առաջին աշխարհամարտին անմիջականորեն նախորդող քաղաքական իրադարձություններին։ Վկայակոչելով թուրքական նոր իշխանավորների օրոք կատարված 1909 թվականի Ադանայի կոտորածը՝ հանգամանորեն լուսաբանում է թուրքական հակահայկական նացիոնալիզմը, նրա տարաբնույթ դրսևորումները։ Ապա հեղինակն անցնում է 1912-1913 թվականների Բալկանյան պատերազմում թուրքերի պարտության և Հայկական հարցի վերաբացման խնդրին։

Այս գրքում, ուշագրավ է Ջոն Կիրակոսյանի կողմից հորինված հեռագիրը որն իբր ուղղված էր Օսմանյան կառավարության զինվորական մինիստր Էնվեր փաշային, Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահ Հովհաննես Քաջազնունու անունից: Սակայն վերոնշյալ հեռագրի իսկությունը չի հաստատվում ոչ մի արխիվային փաստաթղթով: Բացի այդ, հորինված հեռագրի ներքև ստորագրած երեք գործիչներից երկուսի զբաղեցրած պաշտոնները սխալ են ներկայացվել Ջոն Կիրակոսյանի կողմից:

«Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923 թթ․)»

1972 թվականին լույս տեսավ Ջոն Կիրակոսյանի և Ռ. Սահակյանի կազմած «Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923 թթ.)» ժողովածուն։

Այն ընդգրկում էր Հայաստանի միջազգային իրավական և քաղաքական պատմությանն առնչվող մեկդարյա բոլոր հիմնական փաստաթղթերը՝ 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրից մինչև 1923 թվականի Լոզանի պայմանագիրը։ Գրքի ընդարձակ առաջաբանում Ջ. Կիրակոսյանը կատարել է ժողովածուի փաստաթղթերի և նյութերի գիտական քննություն։

Պարգևներ

Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան, 1971

ՀԽՍՀ Պետական մրցանակ (հետմահու)

Ջոն Կիրակոսյանի հուշատախտակը Երևանի Ստեփան Զորյան փողոցում