Այսպէս է ասում Տէրը. «Ով մեղաւորին իր մոլորութեան ճանապարհից յետ է բերում, կը փրկի նրա հոգին մահուանից եւ կը ծածկի մեղքերի մի ամբողջ բազմութիւն» (Հակոբոս 5:20)

«Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ մտքով, քո ամբողջ հոգով ու զորությամբ»

«Սրանո՛ւմ է սերը. մենք չէ, որ սիրեցինք Աստծուն, այլ Նա՛ սիրեց մեզ և ուղարկեց Իր Որդուն մեր մեղքերի քավության համար» (Ա. Հովհ. 4-7)։

Ո՞Ւմ կողմից և ինչո՞ւ գոյացավ այս աշխարհը։ Մարդ արարածին դարեր շարունակ կեղեքել են այս հարցերը։ Դրանց պատասխանը տալիս է Աստվածաշունչը։ Աստված անէությունից ստեղծեց ամեն ինչ և նախախնամում է արարչությունը։

Ո՞րն էր այն դրդիչ ուժը, այն գերագույն պատճառը, որ ստեղծեց տիեզերքը։ Սրան պատասխանում է Հովհաննես ավետարանիչը։ Մենք չէ, որ սիրեցինք Աստծուն, այլ Նա նախապես սիրեց մեզ։ Մինչ արարչությունը Աստված ինքն իր մեջ էր կրում այդ սերը, և ուրիշ մեկը հաղորդակից չէր դրան։ ՈՒստի Արարիչը ցանկացավ այդ ինքնաբուխ սիրուն մասնակից դարձնել նաև արարածներին։ Այլ կերպ ասած` արարչությունն աստվածային սիրո զեղում է։

Բազմաշերտ ու բազմապիսի են ստեղծվածները. նրանցից որո՞նք էին ընդունակ ընկալելու Աստծո սերը։ Հայտնի է, որ միայն նրանք, ովքեր օժտված էին բանականությամբ։ Իսկ ինչո՞ւ գոյացան մյուս արարածները։ Որ ճանաչել տան Աստծո սերը։ Այսպես էր, որ նախքան մարդուն ստեղծելը Արարիչն արևելքում դրախտ տնկեց, այն զարդարեց քաղցրահամ պտուղներով, անուշաբույր ծաղիկներով, երգեցիկ թռչուններով և այդ փառահեղ վայրում բնակեցրեց արարչության թագ ու պսակին` մարդուն։ Աստծո գերագույն սերը մարդու նկատմամբ երևաց նրանով, որ բոլոր մյուս արարածներին պարզ խոսքով ստեղծեց, իսկ մարդու համար նախ խորհրդածեց, ապա նոր արարեց։ Նաև ըստ իր պատկերի ու նմանության ստեղծեց և կենդանության շունչ փչեց նրա վրա։ Մարդու մեղանչելուց հետո էլ Աստծո գութն ու ողորմությունը չվերացան, ինչի վառ ապացույցն է Ադամից յոթներորդի` Ենովքի երկինք վերանալը։

Աստծո տեսությունից և հաղորդակցությունից զրկված մարդն ընկղմվեց հեթանոսական թանձր խավարի մեջ։ Նա պատվի մեջ էր, սակայն չգիտակցեց ու հավասարվեց անբան անասուններին։ Սակայն Տերը չէր կամենում մեղավորի մահը, այլ նրա դառնալը չար ճանապարհից։

Տարբեր դարերում Աստված տարբեր էր Իր սերը հայտնում մարդկությանը։ Խոր հեթանոսության շրջանում այն դրսևորվեց պատժիչ գավազանի միջոցով, ինչի օրինակները եղան ջրհեղեղը, Սոդոմ-Գոմոր քաղաքների ծծմբով այրումը։ Ահա այս ճանապարհով էր, որ արարածներն սկսեցին ծառայական սիրով սիրել իրենց Արարչին։ Ծառան իր կամքը չունի, այլ միայն Տիրոջ կամքն է կատարում։ Մարդիկ, մեղքի ծառայության մեջ լինելով, սատանայի կամքն էին կատարում։ Եվ Աստված մարդուն չարի ծառայությունից ազատելու համար օգտագործեց պատժիչ գավազանը։

Արարածներն իրենց արարչին սկսեցին սիրել ինչպես ծառան տիրոջը` պատժի վախով։ Սա նահապետների շրջանն էր, երբ Աստծո հետ հաղորդակցությունը տեղի էր ունենում բնական օրենքի միջոցով, որի կրողները հանդիսացան Նոյը, Աբրահամը։

Աստված-մարդ փոխհարաբերության մյուս փուլը գրավոր օրենքն էր, որի կրողն ու հեղինակը դարձավ Մովսեսը։

Պատժի վախով մեղքից հետ դարձած մարդու առջև Արարիչը դրել էր վարձկանական սերը։ Վարձով աշխատողները վարձքի ակնկալիքով են սիրում իրենց տիրոջը։ Ճիշտ այսպես մովսիսական օրենքները պահողին Աստված խոստանում էր Ավետյաց երկիրը։

Սակայն մարդն ավելի բարձր ու վեհ սիրո էր կոչված. որդիական սիրո, որի ճանապարհը հարթողները եղան մարգարեները։ Նրանք հայտարարում էին, որ հրեա ժողովրդի մոտ օրենքների պահպանությունը դարձել է ձևական, որ նրանք պահում էին միայն օրենքի տառը, որը սպանում է, սակայն կորցրել էին օրենքի ոգին, որը կենդանացնում է։ Մարգարեանում էին Քրիստոսի Գալստյան մասին, Ով մարդկանց որդիներին պետք է դարձներ Աստծո որդիներ։

Վերջին մարգարեն եղավ Հովհաննես Մկրտիչը, որը ոչ միայն մարգարեացավ, այլև տեսավ ու մկրտեց Աստծո Որդուն։

Քրիստոս սովորեցրեց մեզ, որ մենք բոլորիս Հորը պետք է սիրենք ո՛չ պատժի վախով և ո՛չ վարձքի ակնկալիքով, այլ անկեղծ որդիական սիրով։ Պետք է սիրենք, որովհետև չենք կարող չսիրել և ուրանալ այն բոլոր բարերարությունները, որ Նա արեց մեզ համար։

Աստծո սիրո լրումը եղավ Նրա Միածին Որդու զոհաբերումը մեր մեղքերի համար։ Եվ այսուհետ ինչ պետք է անել արարածի համար, որ Արարիչը չարեց։ Սակայն մարդիկ ապերախտ գտնվեցին, Տիրոջ բարիքի դեմ չարիքով փոխհատուցեցին։ Մեղավորը խարխափում էր անօրենության խավարում, և Աստված սիրո այս տեսակներով նրան բերեց դեպի ճշմարիտ աստվածգիտության լույսը։ Ծանր, մահացու մեղքերից հրաժարեցնելու համար Տերը գեհենի տանջանքների հիշեցումը դրեց մեղավոր մտքի առջև։ Այս ծառայական, պատժի վախի սիրով անօրենն ուղղեց իր ընթացքը։ Աստված երկնային պարգևներ խոստացավ չար ճանապարհից հրաժարված մեղավորին, և մարդը վարձքի ակնկալիքով սկսեց բարին գործել։ Այս վարձկանական սիրո շնորհիվ էլ մարդը սովորեց բարեգործությունը։ Եվ, ի վերջո, փոխակերպված, մարդկային կերպարանք ստացած մեղավորին Տերը պարգևեց ամենամեծ պատվիրանը. «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ մտքով, քո ամբողջ հոգով ու զորությամբ»։ Այս խոսքերի մեջ է աստվածային կատարյալ, որդիական սիրո լրումը։

Սիրելի՛ հավատացյալներ, հավատարիմ լինենք աստվածային սիրո պատվիրանին, բախենք Տիրոջ ողորմության դռները, որպեսզի Նրա ներողամտությանն արժանանալով` ժառանգենք Երկնքի Արքայությունը. ամեն։

Տեր Միքայել աբեղա ԳԵՎՈՐԳՅԱՆ
Տաթևի վանքի վանահայր

Աղբյուր՝ Irates.am