Այսպէս է ասում Տէրը. «Ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծոյ հրեշտակների առաջ: Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ ուրանայ, Աստծոյ հրեշտակների առաջ պիտի ուրացուի» (Ղուկասի 12:8)

Վահագն Դավթյան․ Ծաղկում

Ես չիմացա՝ դեղձենին արշալույսի՞ց բռնկվեց,
Թե՞ արշալույսը՝ նրա բռնկումից այս ծաղկած…
Եվ կանգնել է ծառն ահա այգաբացի լույսի մեջ
Իբրև փոքրիկ այգաբաց:

Կանգնել վառվում է մենակ, կանգնել վառվում է լռին,
Օ լռելյայն է հնչում աշխարհում երգն այրումի,
Զով այգաբացն իր ձեռքով ցող է մաղել բոցերին,
Որ խենթ այրումը մեղմի:

Սակայն լուրն այս ծաղկումի, իբրև բարի ավետում,
Այդ ո՞վ տարավ այդքան շուտ մեղուներին ոսկեթև,
Որ եկել են ու իրենց բոցերի մեջ են նետում՝
Իբրև փոքրիկ ասպետներ:

Ու երգում է ծառը տե՛ս, քաղցր մի երգ է երգում,
Երգում է երգը սիրո, նվիրումի ու այրման,
Եվ այդ երգից, այդ երգից ջրերն անզուսպ հեկեկում,
Քարը լալիս է անձայն:

Եվ մեղուները ոսկե, և մեղուները զեղուն
Հեռանում են՝ քաղցրության բեռն ու պաշարը կապած,
Ու վառվում է դեղձենին այգաբացի լույսերում՝
Իբրև փոքրիկ այգաբաց: