Այսպէս է ասում Տէրը. «Ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծոյ հրեշտակների առաջ: Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ ուրանայ, Աստծոյ հրեշտակների առաջ պիտի ուրացուի» (Ղուկասի 12:8)

Սարգիս Շնորհալի Վարդապետ․ Բարկություն

Կա բարկություն, որ գովելի է՝ ըստ Սուրբ Գրքի, ինչպես Մովսեսինը, ով եգիպտացուն սպանեց (տե՛ս Ելք 2:11-12), Փենեհեսինը, ով մադիանացուն իսրայելացու հետ միասին սատակեցրեց (տե՛ս Թիվք 25:6-8), Սամվելինը, ով Ագագ թագավորին սպանեց (Ա Թագ. 15:33), և Եղիայինը, ով ամոթահար եղած մարգարեներին մահվան դատապարտեց(տե՛ս Գ Թագ. 18:40):

Եւ կա բարկություն, որ պարսավելի է, ինչպես Կայենինը, ով իր եղբորը սպանեց (տե՛ս Ծննդոց 4:8), կամ նրանցը, ում մասին Սուրբ Գրքում ասվում է, թե «նրանց բարկությունը նման է օձի» (Սաղմոս 57:5):

Բարկություն էլ կա, որ հանցավորների վրեժխնդրության համար է, ինչպես որ, թեև Աստծո բնությունն անբարկանալի է, սակայն ինչպես ասում է սուրբ Եսային, «Տիրոջ բարկությունը՝ իբրև ձորը լցնող ջուրը, կհորդի, կհասնի մինչև պարանոցը» (հմմտ. Եսայի 30:28), և այլ սրանց նման խոսքեր:

Այժմ տեսնենք, թե որն է գովելի բարկություն, և որը՝ պարսավելի:

Գովելին ուղղված է մեղավորների դեմ և Աստծո պատվիրանների արհամարհության, երբ կամենում են ուղղել նրան, ով շահագործում է Աստծո ներողամտությունն ու համբերատարությունը: Այս բարկության մասին է մարգարեն հայտնապես ասում՝ ազատելով դրա մասին եղած սխալ կարծիքից. «Եթե բարկանաք, մի՛ մեղանչեք» (Սաղմոս 4:5):

Նույն միտքն է արտահայտում նաև տերունական խոսքը. «Ամեն մարդ, որ զուր տեղը բարկանում է իր եղբոր վրա, ենթակա կլինի դատաստանի» (Մատթ. 5:22), «զուր տեղը», այսինքն՝ երբ վերջինս արժանի չէ մեղադրանքի: Իսկ Տիրոջ առաքյալը գրում է իր աշակերտին. «Սաստի՛ր, հանդիմանի՛ր» (Բ Տիմ. 4:2): Ահա այս և սրանց նման բարկությունները գովելի են:

Իսկ պարսավելին այն բարկությունն է, որը մարգարեն իժի ու քարբի նմանեցրեց (տե՛ս Սաղմոս 55:5), իսկ առաքյալը գրում է. «Արեգակը ձեր բարկության վրա թող մայր չմտնի» (Եփես. 4:26), որպեսզի սատանան առիթ ստանալով՝ չարատավորի ձեր ծառայությունը: Այլև ասում է. «Ոչ մի բարկություն ու դառնություն թող չելնի ձեր բերանից» (հմմտ. Եփես. 4:31):

Աստված հոգու բնության մեջ բարկությունը որպես բարի բան դրեց՝ որպես մարտիկի ձեռքին եղած սուր՝ սարսափեցնելու համար թշնամիներին, և որպես հովվի շուն՝ գազանների վրա հաչելու, օտարների վրա կատաղելու, իսկ Տիրոջը պատկանածը սիրելու և անվնաս պահելու: Այդպես էլ բարկությունը որպես հոգու դռնապան կարգվեց՝ կատաղելու օտարի՝ սատանայի դեմ, հեռու քշելու ցանկության գազանին և հոգում անվնաս բնակեցնելու հարազատ ողջախոհությունը: Սակայն պատվիրանների մեջ մարդկանց ծուլացումը և չարիքի հանդեպ նախանձը բարկությունը չար դարձրին՝ մարդկանց մղելով միմյանց վրա կատաղելու և բարկանալու: Քանզի չկա այնպիսի մի չարիք, որն այս կյանքում բարկության միջոցով չկատարվի: Եւ նախևառաջ նրանց է ապականում, ովքեր լցվում են նրանով՝ մարդկային բնությունից դուրս գալով, որովհետև բարկացողները գազաններից չեն տարբերվում:

* * *

Աստծո արդարությունը բոլոր առաքինի գործերն են, մանավանդ հեզությունը, քաղցրությունը և ներողամտությունը, որոնցով Ինքը Քրիստոսը հանդես եկավ: Իսկ այն ամենը, որ բարկությունից է, հակառակ է սրանց, սրանցից անսահման հեռու, և մեկ անձի մեջ այս երկուսը չեն կարող միանալ:

* * * 

Մեկը քեզ մեղավոր ու հանցավոր անվանեց: Եթե ինչ որ ասաց, ճիշտ էր, դու չպետք է բարկանայիր, այլ հակառակը՝ պետք է արտասվեիր ու հառաչեիր, քանի որ քո մեղանչումով բամբասանքի պատճառ դարձար: Իսկ եթե սուտ ասաց, քե՞զ ինչ, նրա գլխին է մնում բամբասանքը, քանի որ «բամբասողներն Աստծո արքայությունը չեն ժառանգելու» (Ա Կորնթ. 6:10):

Եթե սիրելի է նա, ով անպատվեց, միանգամից զայրանալովդ մի՛ կորցրու սիրո բարիքները, քանի որ քեզ համար ավելի հեշտ է զսպել բարկությունդ, եթե կամենաս, քան սիրելիից զրկվել: Մեկ անգամ անպատվեց, սակայն բազմիցս պատվել ու պատվում է: Ուրեմն ո՞րն է նախընտրելի. միանգամից կորցնել ամբողջ պատի՞վը, թե՞ համբերությամբ կրկնակին ստանալ: Անպատվողինն է անպատվության ամոթը, ո՛չ թե քոնը, քանի որ նա՛ է շառագունում քեզ տեսնելոս և ո՛չ թե դու, իսկ դու պարծանքով ու պարզերեսությամբ ես լինում նրա հանդեպ՝ ոչ մի վախ չունենալով նրանից:

Եթե քո թշնամին է նա, ով քեզ անպատվեց, պարտավոր ես նրա նկատմամբ առավե՛լ հեզություն ցուցաբերել, որպեսզի այդպես վերջ դնես թշնամությանը և մղես նրան քո հանդեպ սիրով լցվելու: Իսկ եթե չսիրի էլ քեզ, ապա քո համբերությամբ գոնե կխափանես էշնամության բազմապատկումը և նրա գլխին կկուտակես Աստծո սպառնալիքները. «Այս անելով՝ նրա գլխին կրակի կայծեր կկուտակես», - ասում է Պողոս առաքյալը (Հռոմ. 12:20), որով մարդկանց մեջ դու հարգանք ձեռք կբերես, իսկ նա՝ թշնամանք ու անարգանք: Քեզ բոլորը կգովեն քո համբերության համար, իսկ նրա մասին ամենքը կբամբասեն նրա զրպարտության պատճառով:

Եթե քեզ անպատվողը ծառա է, մի՛ չարացիր նրա նկատմամբ, քանի որ դու էլ, Աստծո ծառան լինելով, քո մեղքերով բազմիցս անպատվում ես Նրան, բայց Նա ներողամիտ է գտնվում քո նկատմամբ և նույնիսկ բարիք գործում քեզ:

Իսկ եթե մեկին բարիք ես գործել, իսկ նա անշնորհակալ լինելով՝ քո դեմ դուրս գա ու բամբասի քեզ, այդ դեպքում պարտավոր ես առավե՛լ ներողամիտ լինել, որպեսզի չկորցնես կատարածդ բարի գործի վարձը, այլ կրկնակին շահես, մեկը՝ բարի գործիդ դիմաց, իսկ մյուսը՝ համբերությանդ: Նաև այն պետք է մտածես, որ դրանով Աստծո հեզության նմանությունն ես ցույց տալիս, որովհետև Նա ևս բարիք է գործում, բայց արհամարհվում է և չի բարկանում ու երես թեքում մեզանից: Եթե նույնիսկ մեկի նկատմամբ բարերար ես, սակայն այնքան բարերար չես, որքան Աստված, որովհետև Նա ստեղծեց մեզ ու խնամում է բազմապիսի բարերարություններով. Իր արեգակն է մեզ վրա ծագեցնում, Իր անձրևը տեղացնում, օդը տարածում, աղբյուրները հոսեցնում, բույսերը ծլեցնում, աճեցնում ու պտղաբերության հասցնում, և մնացած բարիքները՝ ծովից ու ցամաքից եղած՝ ո՞վ կարող է թվել: Այս ամենից բացի խոստացավ տալ նաև երկնքի արքայությունը և անճառ ու հավիտենական հանգիստը: Բայց մենք դեռ անարգում ենք Նրան ու անպատվում մեր անկարգություններով ու չարագործություններով, իսկ Նա տեսնում է ու չի զայրանում ու հեռանում մեզանից, այլ ապաշխարության ճանապարհով նորից դեպի Իրեն է կանչում, և երբ խոստովանում ենք մեր մեղքերը, մեզ լվանում է դրանցից, բժշկում և ձյունից ավելի սպիտակ դարձնում:

Հեզությամբ, ո՛վ մարդ, այս բարերարությունների նման գործե՛ր կատարիր: Թերևս ուրիշ շատ օօրինակներ էլ ունես, ամաչի՛ր դրանցից, քանի որ Աստծո ծառաների մեջ չկա այնպիսին, որ չանարգվեց, բայց նրանք ոչ միայն չէին բարկանում, այլև անպատվության դիմաց բարիք էին գործում:

Մովսեսը նախ վրեժխնդիր եղավ զրկված իսրայելացու համար՝ սպանելով եգիպտացուն, իսկ հետո իսրայելացին հակառակվեց նրան՝ ասելով. «Ո՞վ քեզ իշխան ու դատավոր կարգեց մեզ վրա» (տե՛ս Ելք 2:1-14): Եւ դրանից հետո բազմաթիվ բարիքներ ընդունելով Մովսեսից՝ ոչ միայն անպատվում էին նրան, այլև քարկոծում, սակայն նա չէր բարկանում, այլ Աստծուն ասում էր. «Եթե ներում ես նրանց մեղքերը, ների՛ր, իսկ եթե ոչ, ուրեմն ջնջիր նաև ի՛մ անունը քո մատյանից, ուր գրել ես» (Ելք 32:32):

Դավիթը, անարգվելով իր ծառայից, լսում էր և որպես տկար մեկը՝ Աստծուն էր վրեժխնդրության կանչում (տե՛ս Բ Թագ. 16:5-13): Իսկ որդուց՝ Աբեսաղոմից, սչ միայն թշնամանվեց, այլև մահվան դատապարտվեց, նրա ձեռքով նաև թագավորական գահից զրկվեց ու ոտքով փախուստի դիմեց (տե՛ս Բ Թագ. 15): Սակայն պատվիրեց խնայել պատանուն պատերազմում (տե՛ս Բ Թագ. 18:5), իսկ երբ վերջինս զոհվեց, Դավիթը, ամենևին չհիշելով նրա չարիքները, աղեկտուր ողբում էր՝ ասելով.«Որդյա՛կ իմ Աբեսաղոմ, Աբեսաղոմ որդյա՛կ իմ» (Բ Թագ. 18:33):

Երեմիա մարգարեին ոչ միայն խոսքով էին նախատում, այլև տղամալից փոսի մեջ գցեցին (տե՛ս Երեմիա 38:6): Բայց նա չհիշեց այդ ամենը, այլ աչքերն արտասուքի աղբյուր դարձնելով՝ որկարաշունչ ողբեր էր հորինում և անմարդաբնակ վայր փնտրում՝ ողբալու դատապարտվածների գերությունը (տե՛ս Երեմիա 9:1-2):

Հապա ի՞նչ ասեմ Ստեփանոս Նախավկայի մասին, որ քարկոծվեց ու մեռնելու պահին Աստծուն աղոթում էր, որ քարկոծողների արածը մեղք չհամարվի (տե՛ս Գործք 7:59):

Իսկ ո՞վ կթվի Պողոսի կրած բոլոր անպատվություններն ու ծեծերը. բայց նա Քրիստոսից խնդրում էր նզովք դառնալ կատաղածների ու մոլեգնածների համար (տե՛ս Հռոմ. 9:3):

Սակայն ինչո՞ւ եմ թվում ծառաների նախատինքները. հենց Տիրոջինն ու Աստծունն ասեմ, թե ինչքան բարիքներ գործեց ապերախտ ժողովրդին, իսկ նրանք չարիքով հատուցեցին Նրան: Նրան սամարացի, դիվահար էին կոչում (տե՛ս Հովհ. 8:48, Մարկոս 3:22), Աստծուն հակառակ համարում (հմմտ. Մատթ. 9:3, 26:63-65) ՝ ամեն տեսակ անպատիվ անուններ տալով Նրան: Բայց Նա չէր բարկանում ու չէր սաստում, թե նրանցից վրեժ կառնի: Եւ նրանք է՛լ ավելի հանդգնելով՝ Նրան բռնեցին, կապեցին ու ատյան տարան: Թքում էին երեսին, ապտակում ծնոտին, դատավորի առջև աղաղակում՝ ասելով. «Եթե չարագործ չլիներ, Դրան քեզ չէինք մատնի» (Հովհ. 18:30): Թշե պսակ դրեցին գլխին, քղամիդ հագցրին, եղեգով ծեծեցին, քացախ ու լեղի խմեցրին, խաչին գամեցին: Իսկ Նա այսքան անարգանք կրելով չէր զայրանում, ոչ էլ երկնքից կրակ էր իջեցնում՝ այրելու նրանց, ինչպես սոդոմացիներն (տե՛ս Ծննդոց 19:24-25, նաև Ղուկաս 9:51-56), կամ հրաման չէր տալիս երկրին՝ բացելու բերանն ու կուլ տալու նրանց, ինչպես Դաթանին ու Աբիրոնին (տե՛ս Թվեր 16:1-33), այլ խաչին գամված՝ Հորն աղոթում էր նրանց համար. «Հա՛յր, ների՛ր նրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում» (Ղուկաս 23:34):

Տեսա՞ր անոխակալության այդ օրինակները. գոնե Տիրոջ օրինակից ամաչիր: Եթե Նրա աշակերտն ես, պետք է Նրա ճանապարհով գնաս, Նրա գթությունն ընդօրինակես, Նրա բարությունը ձեռք բերես, Նրա հեզությունն արթնացնես քո մեջ: Քանզի Տիրոջը նմանվելուց բացի ուրիշ մեծություն, հանգիստ, փառք և պարծանքի պսակ չունես:

Ինչո՞ւ ես կորցնում քո պատիվը, ինչո՞ւ ես արատավորում քո փառքը, ինչո՞ւ ես երկնայինդ երկրային ու սանդարամետական դառնում: Երբ քո Տիրոջ նմանությամբ խոնարհություն ու հեզություն ես հագնում, հրեշտակների համար իսկ պատկառելի ես դառնում, բայց երբ բարկությամբ ու գազանությամբ նմանվում ես Բանսարկուին (այսինքն՝ սատանային), դևերի խաղալիք ես դառնում ու ծաղրվում մարդկանցից:

Ուրեմն՝ հիմնավորապես իմանալով այս չարիքի մասին՝ անչափ հեռանանք նրանից, քանի որ միայնակ չէ այդ չարը, այլ բազմաթիվ ճյուղավորումներ ունի: Քնզի որտեղի՞ց են կռիվները, խռովությունները, հարվածները, վերքերը, բոլոր սպանությունները, եթե ոչ բարկությունից: Եւ ատելությունը, ոխակալությունը, քինախնդրությունը, հիշաչարությունը, նախանձը, անողորմությունը և սրանց նմանները նույնպես բարկության ծնունդ են:

* * *

Կրակը հանգցնելու համար ջուր է հարկավոր, այդպես էլ բարկությունը հանգցնելու համար նախևառաջ պետք են Աստծո երկյուղը և դատաստանի տանջանքներն աչքի առջև ունենալը, ապա՝ հեզություն, խոնարհություն, սեր, ներողամտւթյուն, հպատակություն եղբայրներին և իրեն ամենահետինն ու ամենամեղավորը համարել: Այնուհետև պետք են աղոթքներ, արտասուք, անդադար աղաչենք Աստծուն, որ ձեռք մեկնի, օգնի, հանի մեր քարեղեն սիրտն ու տա մարմնեղեն սիրտ և առաջնորդի դեպի Իր արդարության գործերը, որոնցով կկարողանանք հեզերի երկիրը գտնել և արժանանալ խոստացված բարիքներին՝ մեր տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհով ու մարդասիրությամբ:

Սարգիս Շնորհալի Վարդապետ

«ԽՐԱՏԱՆԻ»

Հատվածներ Հակոբոս առաքյալի ընդհանրական թղթի մեկնությունից

Աղբյուր՝ Սուրբ Էջմիածնի Քարոզչական կենտրոն