Այսպէս է ասում Տէրը. «Եւ կամ ի՞նչ միաբանութիւն Քրիստոսի եւ Բելիարի միջեւ. կամ ի՞նչ առնչութիւն ունի հաւատացեալը անհաւատի հետ. կամ ի՞նչ նմանութիւն ունի Աստծու տաճարը մեհեանների հետ։ Արդարեւ, կենդանի Աստծու տաճար էք դուք» (Կորնթացիներ 6:16)

Սուրբ Ստեփանոսի և նրա երեսուներեք ընկերների վարքի պատմությունը

Ես` մեղավոր և հետին կրոնավորս, հասնելով երիտասարդ տարիքի և հմտանալով աստվածային պատվիրաններում, բազում անգամ եմ շտապել սուրբ Ստեփանոսի տաճարը: Եվ տեսնում էի, որ սրբի նահատակության օրը չեն տոնում, այլ նրանը կատարում են սուրբ Նախավկայի հիշատակի հետ: Բազմիցս հարցրել եմ գիտակներին և սուրբ վարդապետներին, թե գո՛ւցե մի տեղ կա սրբերի պատմությունը, որից կարելի է իմանալ նրանց նահատակության օրը, թե երբ վախճանվեցին, որ ձեռնամուխ լինեմ և գրեմ սրբերի պատմությունը, որպեսզի տարեցտարի տոնենք նրանց հիշատակը, սակայն ոչ մեկից պատասխան չստացա: Միայն մեկը ծանուցեց ինձ, թե հույներն ունեն նրանց պատմությունը, և ես շուտ գնացի Կլա կոչված վանքը և փնտրելով հարցրեցի նրանց պատմության մասին, իսկ նրանք ասացին ինձ.

«Մեր մոտ չկա, եթե լինի` սուրբ Սիմեոնի վանքում»: Եվ ես ճանապարհ ընկնելով Սիմեոնի վանքը գնացի և հարցրեցի նրանց: Իսկ նրանք անտեղյակ էին և ասացին ինձ. «Մեր մոտ չկա, եթե լինի` Կոստանդնուպոլսում»: Եվ ես հույժ տրտմեցի, որովհետև հեռու ճանապարհ էր: Սակայն երկու տարի անց ինձ վիճակվեց Կոստանդնուպոլիս գնալ: Եվ երբ խաղաղությամբ հասա այդ քաղաքը, սկսեցի հետաքրքրվել, թե քաղաքում կա՞ մի հավաստին [գիտեցող] մարդ, որի միջոցով հնարավոր լինի պարզել ճշմարտությունը: Եվ հանդիպեց նիկիական ուղղափառ հավատով մի քահանա, որի անունը Կոլոյժան էր: Եվ ասաց ինձ. «Ո՜վ մարդ, ինչո՞ւ ես հավաստին գիտեցողի փնտրում, և կամ ինչո՞ւ ես եկել այստեղ»: Բացատրեցի նրան: Եվ վերցնելով` տարավ իր տան սենյակներից մեկը: Հարցրեց. «Անունդ ի՞նչ է»: Ասացի` Գրիգոր: Նա ասաց. «Պատմի՛ր ինձ, թե ի՞նչ ես փնտրում»: Եվ ես պատմեցի նրան բոլոր հանգամանքները: Իսկ նա ասաց. «Մոտս կհանգրվանես, մինչև որ սրբերի աղոթքով Տեր Աստված ցույց տա մեր փնտրածը»: Եվ այնտեղ մնացի վեց ամիս, և նա հանձն առավ ու մեծ ջանքեր գործադրեց, և հետո սրբերի աղոթքներով գտավ նրանց պատմությունը, և շատ ուրախացանք: Եվ սկսեց կարգով թարգմանել ու պատմել ինձ, որովհետև հմուտ էր գրքերին:

Իսկ այժմ, եղբայրնե՛ր, որ հավաքվել եք սուրբ Ստեփանոսի և նրա ընկերների տոնը կատարելու. բոլորդ ունկնդրեք սրբերի պատմությունն ու չարչարանքները, որպեսզի նրանց բարեխոսությամբ մեր Տեր Աստված ողորմի բոլոր հավատացյալներին:

* * *

Անօրեն Հուլիանոսի ժամանակներում քրիստոնյաներին խիստ հալածում էին: Եվ աստվածապաշտներից ում բռնում էին, կամ հարկադրում էին կուռքերին զոհ մատուցել, և կամ վիճակվում էր մեռնել Տիրոջ անվան համար: Եվ Անտիոք քաղաքում Ղազարոս անունով մի մարդ կար` պատվական և մեծազգի, որ երիտասարդության տարիքին էր հասել և թաքուն պահում էր իր հավատն առ Քրիստոս: Եվ անօրենների ահից փախավ Կոկիսոն մեծ քաղաքը, որովհետև քրիստոնեական հավատքի համար կամենում էին նրան բռնել և սպանել: Եվ բարեհաջող մնաց երեք տարի, ծառայության անցավ, ամուսնացավ: Եվ նրան քրիստոնյա կին հանդիպեց, որի անունը Մարիամ էր: Եվ միասին ապրում էին բարի վարքով, սակայն զավակ չէին ունենում: Եվ երկուսով խնդրեցին Աստծուց, որ իրենց մի զավակ պարգևի: Եվ աղոթքների և պահքի շնորհիվ Տեր Աստված տվեց նրանց ուզածը, կինը հղացավ և որդի ծնեց: Եվ ութերորդ օրը նրան տարան Կոստանդին քահանայի մոտ, որ սուրբ Աստվածածնի տաճարում ամենօրյա պատարագն էր մատուցում: Եվ մանկանն ու քրիստոնյաներին հաղորդեց Տիրոջ մարմնին և արյանը: Եվ մանուկ Ստեփանոսը` իմաստությամբ լի, աճում և զորանում էր: Եվ նրան ուսման տվեցին, և նա աճեց Սուրբ Հոգու շնորհներով: Եվ երբ տասնհինգ տարեկան դարձավ, կրթում էր աստվածային պատվիրաններով, հորդորում սուրբ Գրքերի հետևող լինել, իսկ քրիստոնյաներին` ամեն օր երկրպագել Աստծուն:

Եվ մի օր Կոստանդին քահանան հիվանդացավ և իր մոտ կանչեց Աստծու ծառա Ստեփանոսին ու ասաց նրան. «Որդյա՛կ, պինդ կաց հավատքիդ մեջ և քաջալերի՛ր քո սակավ հոտը, որ չհեռանան հավատից, մինչև Աստված տեսուչ տա ժողովրդիդ»: Եվ ձեռքը դնելով նրա վրա ասաց. «Տերը թո՛ղ քո և հավատացյալ հոտիդ հետ լինի, Աստծո՛ւ ծառա: Որդյա՛կ, քիչ օրեր անց դու սակավ մարդկանց հետ փախչելու ես լեռները, սակայն կարճ ժամանակ կմնաս այնտեղ, և ձեզ կմատնեն անօրեններին, և դրանից հետո կնահատակվեք: Ձեր նահատակության վայրում ամեն տեսակի հիվանդություններ կբժշկվեն, և քո անունը կտարածվի ողջ աշխարհով մեկ, և քեզնով կփառավորվի Աստված»: Այս ասելով` ավանդեց հոգին: Եվ սուրբ Ստեփանոսը, մի խումբ քրիստոնյաների հետ, ամփոփեց քահանայի մարմինը, օծեց յուղերով և խունկ ծխեցրեց, և գերեզման դրեցին: Եվ քահանայի մահվան համար ժողովուրդը խիստ տրտմեց, սակայն մխիթարվում էին Աստծու ծառա Ստեփանոսի կողմից և նրա միջոցով ավելի էին ամրանում և զորանում հավատքի մեջ:

Քիչ ժամանակ անց, Հուլիանոսի Կեսարիա ժամանելու օրերին, երբ սուրբ հայրապետ Բարսիղիոսը քաղաքում էր, Կոկիսոնի կողմերում հալածանքներ սկսվեցին քրիստոնյաների դեմ: Եվ Հուլիանոսն սպառնալով Բարսիղիոսին և ժողովրդին ասաց. «Եթե վերադառնամ, և համաձայնած չլինեք իմ կամքին, կմահանաք չարաչար մահվամբ»: Եվ ուղարկեց զորքը մեծամեծների հետ մեկտեղ, որպեսզի որոնեն իշխանության տակ եղած քրիստոնյաներին և անխնա կոտորեն բոլորին, որ Քրիստոսին Աստված են խոստովանում: «Եթե համաձայնեն, ուրանան Խաչյալին և երկրպագեն աստվածներին, պատվի արժանացրեք, իսկ եթե չհամաձայնեն` սրի ճարակ դարձրեք»: Եվ ինքն ուղևորվեց Պարսկաստան:

Մեծ Հայքի Կոկիսոն քաղաքը եկավ Սոկրատես բդեշխը: Եվ քաղաքը մտնելով` առյուծի պես մռնչաց, և երեսի գույնը սևացավ խիստ, իսկ հավատացյալներն սկսեցին անօրենի ահից դողալ: Եվ սուրբ Ստեփանոսը, իմանալով բդեշխի ահից քրիստոնյաների վախն ու սարսափը, հավաքեց նրանց մի տեղ և ասաց. «Եղբայրնե՛ր, մի՛ վախեցեք և մի՛ երկնչեք անօրեն դատավորից, որովհետև Աստված նրա ձեռքից կփրկի մեզ, ինչպես փրկեց առաջիններին, որ նահատակվեցին և պսակ ստացան Քրիստոսից: Այժմ, ով կամենում է ընթանալ Քրիստոսի ետևից, ելե՛ք և հեռացե՛ք քաղաքից, որովհետև ոչ բոլորդ եք կատարյալ. կան այնպիսիները, որ կրտսեր են, և որպես առաջիններից ոմանց հետ եղավ, գուցե բռնակալը կկարողանա սուտ խոսքերով խաբել և պառակտել ընտիր հոտը»: Եվ նրանք ասացին. «Տերն է մեր հույսը, ումի՞ց պիտի վախենանք: Թո՛ղ մեր Տիրոջ կամքը լինի»: Այնժամ սուրբ Ստեփանոսը վերցրեց նրանց, տարավ սուրբ Աստվածածնի տաճարը, և ձեռքերը երկինք պարզելով` ասաց[ին]. «Մեր Տե՛ր և Աստված, Դու ես մեր արարիչը, Քեզ ճանաչեցինք սուրբ առաքյալների միջոցով, որովհետև Քեզնից բացի չկա ուրիշ Աստված: Դու, առաջին ընտրյալներին անօրենների ձեռքից փրկեցիր և կանգնեցրիր որպես Քո հավատքի ամուր աշտարակ և պարիսպ, որ և մենք, նրանց նայելով, ամրացանք Քո հավատքի մեջ: Սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ և սուրբ քահանայի աղոթքներով` ընդունի՛ր հավատով Քեզ դիմող ծառաներիդ աղաչանքները: Մեզ ուղղորդի՛ր Քո հրեշտակի միջոցով, որ տանելով` նավահանգիստ հասցնի մեզ և աներկյուղ պահի թշնամի և անօրեն դատավորից, որ բանսարկուի կողմից շեղվելով` դուրս չգանք Քո հոտից: Մեր Տեր Աստված, ողորմի՛ր մեզ և փրկի՛ր մեզ, որ փառավորենք Քեզ` Երրորդությունը սուրբ, հավիտյանս հավիտենից. ամեն»:

Սուրբը վերցրեց իր հետ գնացածներին` երեսուներեք հոգու, և գիշերով հեռացան քաղաքից: Եվ երբ բավականաչափ հեռու էին քաղաքից, վախճանվեց [սուրբ] հայր Ղազարիոսը1, որ անբիծ վարքով և ճշմարիտ առաքինությամբ հասել էր ծերության տարիքի, [բոլորել էր] հիսունհինգ տարին: Եվ Աստծու ծառաները գիշերով ամփոփեցին սուրբ Ղազարի մարմինը, աղոթեցին գերեզմանի վրա և կնքեցին սուրբ Խաչի նշանով: Իսկ իրենք շտապեցին դեպի լեռը և հասան մի քարանձավի, ուր սուրբ Բարսեղ հայրապետը եկեղեցի էր հիմնել, օրհնել էր խաչն ու եկեղեցին անվանել սուրբ Աստվածածին: Այնտեղ քաղցրահամ ջրի աղբյուր էր բխել, որ կա մինչ օրս, որը Կեսարիայից տեսել էր սուրբ հայրապետը` հրի սյան պես ցոլալիս, և հրաման էր ստացել Տիրոջից, որ գնա և հիմնի այդ եկեղեցին: Եվ հասան այն տեղը, որի մասին ասացինք, որովհետև Աստծու հրեշտակն էր նրանց այնտեղ առաջնորդում: Եվ սկսեցին անդադար աղոթել գիշեր ու ցերեկ, սաղմոսներով ու հոգևոր երգերով օրհնել Աստծուն: Եվ զովանում էին Սուրբ Հոգու շնորհներով և կերակրվում լեռան կանկարով: Եվ այնտեղ մնացին մոտ երեք ամիս: Եվ մի օր սուրբ Սոմնասը եղբայրներին սպասավորելու համար լեռան ետևի հովիտն իջավ` կանկար հավաքելու: Եվ մի հովիվ հոտն էր արածեցնում լեռան մոտ: Եվ տեսնելով սուրբ Սոմնասին` շուտ եկավ նրա մոտ և հարցրեց. «Ո՞րտեղից ես, ո՛վ մարդ»:

Եվ սուրբն ասաց. «Աստծու ծառան եմ: Եկել եմ բանջար հավաքելու իմ եղբայրների և քույրերի համար»: Հովիվն ասաց. «Եվ ո՞րտեղ եք բնակվում»: Սուրբն ասաց. «Մյուս կողմում` մի քարանձավում ենք բնակվում և Խաչյալին ենք Աստված երկրպագում»: Եվ հովիվը, բարկությամբ լցված, կամեցավ բռնել նրան և սպանել: Իսկ սուրբ Սոմնասը փախչելով` անմիջապես գնաց ընկերների մոտ և նրանց պատմեց հովվի և նրա հետ [իր] զրույցի մասին: Իսկ հովիվը հոտը տվեց ընկերներին և ինքն շտապով գնաց դատավորի մոտ և նմանվելով մատնիչ Հուդային` մատնեց նրանց, թե` «Մեր դիմացը` մի քարայրում են նրանք, որ փախել էին քաղաքից»: Իսկ դատավորը, լսելով այս խոսքերը, հրամայեց երկաթե կապանքների մեջ դնել անօրեն հովվին և ասաց նրան. «Թերևս դու ես նրանց փախցրել իմ քաղաքից. այժմ շտապով իմ զինվորներին տար նրանց քարայրը, որ մոտս բերեն, իսկ եթե ոչ` սրով կսպանեմ քեզ»: Պատասխանեց դատավորին. «Ես կտանեմ քո զինվորներին նրանց մոտ»:

Սուրբ Ստեփանոսը վերցրեց բոլոր եղբայրներին և յոթ կույսերին և միասին ծնկի իջան սուրբ Նշանի առջև և ասացին. «Օրհնյա՜լ ես ճշմարի՛տ Աստված, որ կարող ես ազատել մեզ անօրենների ձեռքից, բայց արժանի արեցիր նրանց ձեռքով նահատակվելու: Եվ մենք, որ մոռանալով Քո պատվիրանը, փախանք-եկանք այստեղ, [այժմ] պատրաստ ենք մեռնելու Քո անվան համար: Մի՛ լքիր, Տե՛ր, մեզ` Քո արյամբ գնվածներիս, որ փառավորում ենք ամենասուրբ Երրորդությունդ` այժմ և հավիտյանս. ամեն»: Եվ երբ ավարտեցին աղոթքը, տրտմությունից փոքր-ինչ ննջեցին: Եվ Տերն իր հրեշտակին առաքեց նրանց մոտ, որ ասաց նրանց. «Մի՛ երկնչեք, որովհետև Տերն ինձ առաքեց ձեզ օգնության, և թշնամին չի կարող հաղթել ձեզ: Ձեր ոսկորների նշխարներով բժշկություն կլինի այս երկրին, իսկ ձեր քաջությունը կտարածվի ամբողջ աշխարհով մեկ»: Եվ իրենց քաջալերող հրեշտակի հանկարծահաս տեսիլքից զարթնեցին և շատ ուրախացան և կրկին սկսեցին աղոթել:

Իսկ անօրեն հովիվը, ձեռքերը ետևում կապված, առաջնորդելով բերեց-հասցրեց զինվորներին: Եվ երբ եկավ-հասավ նրանց մոտ, դևերը հանկարծակի բռնեցին հովվին և այնտեղ սատկեց: Եվ երբ զինվորները տեսան այս, մեծ ահ ընկավ նրանց մեջ, և սարսափահար եղան, իսկ սուրբ Ստեփանոսն ու մյուս սրբերը տեսնելով` փառավորեցին Աստծուն: Սուրբ Ստեփանոսն ասաց զինվորներին. «Ի՞նչ եք փնտրում, կամ ինչի՞ համար եք եկել այստեղ»: Զինվորները պատասխանեցին. «Սոկրատես իշխանն առաքեց մեզ այստեղ, որ ձեզ իր մոտ տանենք, որովհետև հովիվը եկավ մատնեց ձեզ: Արդ, եթե կամենաք` գնանք նրա մոտ, այլապես մեզ կսպանի դատավորը»: Սուրբ Ստեփանոսն ասաց. «Չենք վախենում ձեր իշխանի մոտ գնալուց, որովհետև, ահա, մեր Տերն ամոթով թողեց մեր թշնամիներին, և մենք պատրաստ ենք Տիրոջ անվան համար մեռնելու»: Ապա սուրբ Ստեփանոսն ասաց եղբայրներին. «Եղբայրնե՛ր, եկե՛ք գնանք, որովհետև հասել է մեր նահատակության ժամը. և ինչպես կյանքում էինք միաբան, նույն կերպ և մեր նահատակության ժամանակ միաբան մնանք, որպեսզի բանսարկուն մեզանից որևէ մեկին չկորցնի և չծիծաղի մեզ վրա»: Եվ ծնկի իջան սուրբ Աստվածածնի առջև և սկսեցին միաբան երգել ԻԲ. սաղմոսը. «Տերն իմ հովիվն է»: Եվ սաղմոսն ավարտելով` սուրբ Ստեփանոսն ասաց. «Տե՛ր, առաջնորդի՛ր և պահի՛ր մեզ, որովհետև Քեզ ենք ապավինում»:

Եվ եղբայրները զինվորների հետ ճանապարհ ընկան և հասան դղյակ-ամրոցը, որ այժմ Կանշի է կոչվում: Իսկ դատավորը, որ նախապես դղյակ էր եկել, առյուծի պես մռնչաց, երբ տեսավ սրբերին, և հրամայեց իր մոտ բերել նրանց: Երբ բերեցին, դատավորն ասաց. «Փախչելով` կամենում էիք ազատվել ձեռքիցս»: Սուրբ Ստեփանոսը պատասխանեց և ասաց. «Անօրե՛ն և արյունարբու գազան, քեզ տեսնելը մենք ամոթ և նախատինք ենք համարում, որովհետև Արարչի ծառաներն ենք և չենք կամենում շփվել անօրենների հետ, ուստի և քեզնից հեռու գնացինք»:

Դատավորն ասաց. «Համառությունդ վանի՛ր քեզնից և համաձայնի՛ր իմ խոսքերին. երդվի՛ր իմ աստվածներին, որ մեծ պատվի արժանացնեմ քեզ և հետիդ մարդկանց, և քեզ իմ զորքին առաջնորդ կարգեմ»: Սուրբ Ստեփանոսն ասաց. «Թո՛ղ քո պարգևները քեզ հետ կորչեն. չենք կամենում ընդունել քո կամքը: Եվ ինչ կամենում ես, արա՛ անմիջապես, որովհետև մեր Տեր Հիսուս Քրիստոսի համար պատրաստ ենք կապանքների, բանտի և մահվան»: Դատավորն ասաց. «Քո կախարդությամբ համոզել ես հետիններիդ. այժմ կկործանեմ քո կախարդության ուժը»:

Եվ դատավորը հրամայեց նրանց ձեռքերը ետևներից կապել և արջառաջիլերով հարվածել որովայններին: Եվ եկան զինվորներն ու կապեցին սրբերի ձեռքերը, իսկ կույսերին և Ստեփանոսի մորը չկապեցին, այլ նրանց բանտ նետեցին: Եվ օրվա վեցերորդ ժամից մինչև տասներորդ ժամը ծեծեցին սրբերին: Իսկ սուրբ Ստեփանոսն ընկերների հետ մեկտեղ աչքերը երկինք հառեցին և ասացին` «Որ բնակվում ես…», և` «Աստվա՛ծ, մեզ օգնության հասի՛ր և Տե՛ր, փութա՛ ընկերակցել մեզ» (Սաղմ. ԿԹ. 2) և` «Մեր նեղությունները մեր թշնամիների դեմ դարձրու և Քո ճշմարտությամբ կործանի՛ր նրանց (Սաղմ. ԾԳ. 7), որովհետև Դու, Տեր, մեզ հետ ես, և մեզ չի հաղթի մեր թշնամին» սաղմոսները: Եվ բազում ժամեր սաղմոսելով` աղոթում էին: Իսկ զինվորները զարհուրում էին, որովհետև սրբերն արհամարհում էին տանջանքների նեղությունը: Եվ երբ առավոտը բացվեց, պահապանները գնացին դատավորի մոտ և ասացին. «Իրենց բաժին ընկած տանջանքներն արհամարհում են»: Եվ դատավորը հրամայեց իր առջև բերել նրանց: Երբ բերեցին, ասաց նրանց. «Ա՛յ չարեր և աստվածների թշնամիներ, մինչև ե՞րբ ներեմ ձեզ: Այժմ ևեթ ենթարկվեցեք կամքիս և զոհ մատուցեք աստվածներին, որպեսզի չար տանջանքներով չկործանեմ ձեզ»: Ասես միաբերան` սրբերն ասացին. «Մենք չենք երկրպագի քո աստվածներին և չենք ենթարկվի քո կամքին, որովհետև Տերն է մեր օգնականը, և չենք երկնչում քո սպառնալիքներից: Իշխանություն ունես մեր մարմինների վրա. կարող ես անհապաղ անել ինչ կամենում ես»:

Այնժամ անօրենը հրամայեց սրբերին կախել և քերել երկաթե քերիչներով: Եվ այնքան քերեցին, մինչև արյունը, թրջելով նրանց մարմինները, գետին էր հոսում: Եվ սուրբ Ստեփանոսը տեսավ, որ եղբայրներից մեկը, որ դեռ մանուկ էր, նեղվում է տանջանքներից` գրեթե հոգին ավանդելու չափ: Եվ ասաց տղային. «Որդյա՛կ, գնա՛ մեր Տիրոջ մոտ: Ինչպես տան տերը որդիներին հաց տալիս նախ պատվական կերակուրն է մատուցում, այնպես և դու իբրև պատվական, անբիծ և անարատ գառ` խաղաղությամբ գնում ես մեր Տիրոջ մոտ»: Եվ երբ դահիճները տեսան տղայի մահը, գնացին և պատմեցին դատավորին: Եվ դատավորը, բարկությամբ լցված, հրամայեց իջեցնել սրբերին, իսկ մահացածին նետել շների մոտ: Եվ երբ իջեցրին նրանց, երկու զինվոր սկսեցին զբաղվել մեռած տղայով: Եվ երբ կամենում էին նրան քարշ տալ ու նետել գազանների մոտ, նրանց ձեռքերն անշարժացան, իսկ իրենք կարկամեցին ու պապանձվեցին և չէին կարողանում խոսել: Իսկ [մյուս] զինվորները, որ տեսան այս, վախեցան և պատմեցին դատավորին: Եվ նրա իշխաններից մեկն ասաց. «Եթե չսպանես կախարդներին, կկործանեն մեր զորքը. հովվին սպանեցին, իսկ այժմ այս երկու պատվական զինվորներին կիսամեռ դարձրին»:

Եվ դատավորը, բարկությամբ լցվելով, հրամայեց նրանց իր առջև բերել: Եվ երբ եկան, ասաց նրանց լի ցասմամբ. «Ձեր կախարդությունը հիմարացրեց ձեզ. իմ հովվին սպանեցիք, և անպատասխան թողեցի, որ համաձայնության գաք, իսկ այժմ երկու պատվական զինվորներին կիսամեռ դարձրիք: Երդվում եմ իմ աստված Ասկղեպիոսով, որ եթե իմ կամքին չենթարկվեք և չմոռանաք ձեր համառությունը, չարաչար մահվամբ կսատկեցնեմ ձեզ, իսկ եթե ենթարկվեք` կմոռանամ ձեր արածները, միայն ասացեք, որ հավատում եք մեծ աստված Ասկղեպիոսին, որովհետև նրանով կանք` մենք և երկիրը»: Առաջ գալով` սուրբ Ստեփանոսն ասաց. «Սատանայի՛ որդի, քո հովվին դևերն սպանեցին, որովհետև Ասկղեպիս [անունը] դևերի բնակություն է թարգմանվում: Իմացի՛ր, որ մենք անխոս և անմիտ դևերին չենք երկրպագում, իսկ մեր ընկերը, որին մեռած ես կարծում, մահից դեպի կյանք փոխադրվեց, որ և Պողոս առաքյալն ասում է. «Եթե միայն այս կյանքի համար ենք հույս դրել ի Քրիստոս, ողորմելի ենք» (Ա. Կորնթ. 19), և դարձյալ. «Նրանք, որ ննջեցին ի Քրիստոս, կորա՞ն արդյոք» (Ա. Կորնթ. 18): Մինչդեռ մեր եղբայրը մեզ հորդորեց դեպի Քրիստոսի սերը և գնաց մեզ տեղ պատրաստեց»: Սոկրատեսն ասաց. «Խելագարությունդ չի թողնում, որ իմանաս, թե ինչ ես խոսում»: Ստեփանոսը պատասխանեց. «Խելագարը դու ես, որ աստված ես անվանում մարդկանց ձեռքով ստեղծվածներին` քանդակված փայտերն ու հղկված քարերը, որ չեն կարող քեզ փրկել հավիտենական հրից, քանի որ հոգուդ աչքերը կուրացել են և մարմնիդ կարիքներով ես առաջնորդվում»: Սոկրատեսն ասաց. «Ձեզնից առաջ շատերը պաշտեցին Խաչյալին և մեռան թագավորների ձեռքով»: Ստեփանոսը պատասխանեց.

«Թշնամի՛, նրանք մահից դեպի կյանք տեղափոխվեցին և անթառամ պսակների արժանացան»: Սոկրատեսն ասաց. «Ես քեզ անթառամ պսակներ կմատուցեմ»,- և հրամայեց նրա գլխին հարվածներ տեղալ դալար ճիպոտներով, այնքան, որ [իրար փոխարինող] տասը զինվորները տկարացան: Իսկ սուրբ Ստեփանոսը և ընկերները, ձեռքերը երկինք պարզելով, ասում էին. «Մեր նեղությունների մեջ օգնի՛ր մեզ, Տե՛ր Աստված, որովհետև ծաղրի ենթարկելով Քո անվան համար` հարվածում են մեր գլուխներին, վիրավորական խոսքեր հնչեցնելով անվանը Քո, որ Քո ծառաներս Քեզ ճանաչեցինք սուրբ առաքյալների միջոցով, որովհետև Քեզնից բացի Աստված չկա, Տե՛ր: Արդ, մի՛ թող, որ անօրեններն անարգեն Քո անունը, այլ ցույց տո՛ւր Քո սքանչելիքները, որպեսզի միայն Քեզ ճանաչեն ճշմարիտ Աստված և հավատացյալները փառավորեն Քո սուրբ անունը»:

Եվ երբ ավարտեցին աղոթքը, հանկարծ մի հզոր լույս փայլեց, այնքան [պայծառ], որ արեգակն սկսեց չերևալ, և նրանց մոտ իջավ Տերն ու ասաց. «Խաղաղություն ձեզ, ի՛մ սիրելիներ, ձեզ հետ եմ հավիտյան»: Եվ նույն պահին բժշկեց սրբերին և Ինքը երկինք բարձրացավ, իսկ երանելիները, տեսնելով սքանչելիքն ու իրենց բժշկվելը` շատ ուրախացան, դատավորն ու իշխանները սարսափահար եղան ու ապշեցին, իսկ այնտեղ կանգնածները, որ [ուժեղ լույսից] կուրացել էին, հարյուր հիսունհինգ հոգի, հավատացին Տիրոջը և բարձրաձայնում էին. «Մենք ևս պաշտում ենք Ստեփանոսի Աստծուն»: Եվ սուրբ Ստեփանոսը ձեռքերը դրեց նրանց վրա և բժշկեց, իսկ դատավորը, տեսնելով այս ամենը, խիստ տրտմեց: Նրա իշխաններից մեկն ասաց. «Ասում էի, որ անմիջապես սատկեցնես դրանց, որ իրենց կախարդությամբ չսպանեն մեզ: Այժմ արա՛ ինչ ասում եմ. նախ հրամայի՛ր բերել կույսերին և սպանել, իսկ հետո` այս մարդկանց»:

Եվ դատավորը հրամայեց իր մոտ բերել կույսերին: Երբ բերեցին, դատավորն ասաց.

«Ափսոսում եմ ձեր գեղեցկությունը և չեմ տանջում ձեր ընկերների պես: Այժմ ենթարկվեցե՛ք իմ կամքին և զո՛հ մատուցեցեք աստվածներին, և ես երդվում եմ, որ ձեզ մեր իշխաններին կնության կտամ և մեծ պատվի կարժանացնեմ, իսկ եթե ոչ` կհրամայեմ սրով սպանել»: Եվ Ստեփանոսի մայրը` Մարիամը, ասաց.

«Կույսերն իրենց անձերը չեն նվիրի երկրավոր մեծությունների կամ մարդկանց, այլ թագավոր Քրիստոսին: Այժմ սուտ խոսքեր մի՛ բարբաջիր և խաբեությամբ մարդ մի՛ որսա. մենք Տիրոջն ենք հուսացել և չենք երկնչի քո սպառնալիքներից: Իմ որդու, մեր ընկերների և եղբայրների աղոթքներով Տերը կօգնի մեզ և կփրկի քո ձեռքից»: Այնժամ դատավորը դահիճներին հրամայեց նրանց վերցնել-տանել մի բացօթյա վայր և այնտեղ սպանել` «Որ նրանց մարմինները,-ասաց,- գազանների կերակուր դառնան»: Եվ առավոտյան վաղ դահիճները վերցրեցին սուրբ կույսերին ու Մարիամին և տարան նրանց նահատակության վայրը:

Եվ Մարիամը, տեսնելով, որ իրենց նահատակության են տանում եղբայրներից և իր որդուց առաջ, սկսեց արտասվել, և որովհետև սրբերից հեռու էր, բարձր ձայնով ասաց. «Որդյա՛կ իմ Ստեփանոս, գիտե՛ս, թե ինչպես ուղղորդեցի քեզ դեպի աստվածպաշտություն. այժմ ամո՛ւր մնա հավատքիդ մեջ և քաջալերի՛ր եղբայրներիդ, որպեսզի որևէ մեկը չզարհուրի տանջանքներից, չվախենա, չերկմտի, չերկնչի դատավորի սպառնալիքներից, որովհետև դեռ փոքր են: Իսկ մեզ ձեզանից առաջ են տանում նահատակության, և մենք սրբությամբ գնում ենք Տիրոջ մոտ: Որդյա՛կ իմ Ստեփանոս, աղոթի՛ր իմ և դուստրերիս համար, որ խաղաղությամբ ելնենք խավար իշխանությունից` զերծ մնալով խավարի օդային դևերից»: Սուրբ Ստեփանոսն ասաց. «Մա՛յր իմ Մարիամ, գնա՛ խաղաղությամբ: Տերը քեզ հետ և իմ քույրերի»: Եվ շարունակեց հունարեն. «Մա՛յր իմ, մա՜յր. Նախ թո՛ղ կույսերն ըմպեն մահվան բաժակից և նոր դու. փոքր են, սուրը տեսնելով` չերկնչեն: Իսկ ես և եղբայրներս այսօր ևեթ կգանք ձեզ մոտ»:

Եվ դահիճները, վերցնելով կույսերին և Մարիամին, տարան նրանց նահատակության տեղը` լեռան ստորոտի մերձակա ձորակներից մեկի դիմաց, և ձեռքերը մեջքերին կապելով` սկսեցին անխնա սպանել նրանց: Եվ կույսերը մեկ առ մեկ առաջ էին գալիս դահիճների մոտ` ողջակիզվելու: Իսկ Մարիամը կանգնած էր կույսերի դիմաց և շարժումներով ու նշաններով քաջալերում էր սրբերին, որ ամուր մնան հավատքի մեջ և Քրիստոսին տեսնեն: Եվ անխնա կոտորելով կույսերին, մերկացած և արյունոտ սուսերներով դահիճները հասան Մարիամին: Եվ որովհետև ձեռքերը կապած չէին, նա երկինք էր կարկառել և մենակ կանգնած աղոթում էր և ասում.

«Օրհնյա՜լ ես, անմահ Թագավոր, որ զավակներիս արժանի արեցիր ըմպելու մահվան անարատ բաժակը»: Եվ երբ ավարտեց աղոթքը, դահիճներից մեկը սուրը խփեց նրա կրծքին, և սուրբ Մարիամն անմիջապես ավանդեց հոգին` բարի խոստովանությամբ ի Հայր, Որդի և Սուրբ Հոգի, օգոստոս ամսի տասնմեկին, ուրբաթ օրվա տասներորդ ժամին:

Եվ նրանց ու ավելի վաղ վկայած Բագրատունու մարմիններն անթաղ էին: Իսկ հետո նոր հավատացածները գիշերով թաքուն վերցրեցին սուրբ Բագրատունու նշխարներն ու տարան սուրբ կույսերի նշխարների հետ ամփոփեցին միևնույն վայրում և որոշ ժամանակ գաղտնի պահեցին նրանց հանգստարանը:

Եվ սուրբ կույսերի նահատակությունից հետո դահիճները գնացին դատավորի մոտ և պատմեցին իրենց արածները:

Դատավորը հրամայեց կրկին իր մոտ բերել սրբերին: Երբ բերեցին, դատավորն ասաց. «Ինչքա՞ն համբերեմ և ներեմ ձեր արարքները, որ կախարդությամբ ժողովրդիս ձեր կողմն եք դարձնում»: Սրբերը պատասխանեցին. «Աստված պաշտության դարձնելը կախարդությո՞ւն ես համարում»: Սոկրատեսն ասաց. «Հրաման եմ ստացել թագավորներից մեղավորներիցդ երեք-չորս հոգու ազատելու: Արդ համաձայնեցե՛ք և զո՛հ մատուցեք աստվածներին, որ կրկին չենթարկվեք չար տանջանքների և ձեր Աստված չկարողանա փրկել ձեզ իմ ձեռքից»: Սուրբ Ստեփանոսն ասաց.

«Ո՛վ դատավոր, ինչո՞ւ ես ջանում փորձության ենթարկել Աստծու ծառաներիս. պատրաստ ենք տանջանքներին, որոնց ենթարկելու ես: Իշխանություն ունես մեր մարմինների վրա. ինչ կամենում ես գործել` արա՛ անմիջապես»: Այնժամ թագավորը հրամայեց թեժ կրակ վառել և նրանց գցել հրի մեջ: Եվ զինվորները կատարեցին հրամայվածը, վառեցին բորբոք կրակն ու սրբերին վերցնելով` տանում էին կրակի մոտ, իսկ Աստծու ծառաները ճանապարհն անցնելիս սկսեցին երգել Երից մանկանց օրհնությունը: Երբ հասան հնոցի մոտ, զինվորները [սրբերի] ձեռքերը կապեցին հետևները և նետեցին կրակի մեջ: Իսկ սրբերը հնոցի մեջ կանգնել էին որպես մի զով վայրում, որովհետև հուրը խորանի պես եղավ նրանց վրա: Եվ սուրբ Ստեփանոսը բոլորի հետ սկսեց ասել.

«Օրհնյա՜լ ես, անմահ Թագավոր, որ այսօր մեզանում ցույց տվեցիր սքանչելիքներդ: Գովում ենք Քեզ, սքանչելի Աստված, փառավորում ենք անունդ հնոցում»: Իսկ զինվորները, տեսնելով սքանչելիքները, երկյուղեցին ու խիստ վախեցան և սրբերին հնոցում թողնելով` փութով գնացին իրենց իշխանի մոտ և պատմեցին` ինչ տեսել էին: Դատավորն ասաց. «Եվ դեռևս ո՞ղջ են կրակի մեջ»:

Զինվորները պատասխանեցին. «Խնդության մեջ են և փառավորում են իրենց Աստծուն»: Եվ առյուծի պես գազազելով դատավորն ասաց դահիճներին. «Անմիջապես նրանց հեղեղատը տարե՛ք և սպանեցե՛ք, որ նրանց կախարդության նոր հավատացյալներ երևան չգան և սպանեն ինձ, որովհետև զորքը մոտս չէ»:

Եվ դահիճները գնացին և գաղտնի հանեցին նրանց հնոցից, որովհետև Աստծու կարողությամբ Տիրոջ հրեշտակը պահում էր նրանց, որ անգամ մի մազ նրանց գլուխներից չէր խանձվել: Եվ դահիճները տեսնելով` զարմացան, բայց դատավորի խոսքերից խիստ երկնչում էին և շտապում էին սրբերին տանել նրանց մարտիրոսության վայրը` դատավորի հրամանը կատարելու: Եվ դահիճներից մեկն արձակեց նրանց կապանքները, և սրբերը ճանապարհն անցնում էին մեծ խնդությամբ, սաղմոսում էին և ասում. «Մեր նեղության մեջ Տիրոջը ձայն տվեցինք, Տերը փրկեց մեզ նենգ շրթունքներից ու չար լեզուներից» (Սաղմ. ՃԺԹ. 1-2): Եվ ավարտելով աղոթքը` հասան վկայության վայրը` կույսերի վախճանի տեղին հանդիպակաց մի խոր ձորակի: Եվ դահիճներն շտապեցնում էին սրբերին, որ սպանեն: Եվ երանելիները, բոլորով ծնկի իջնելով, միաբան ասացին. «Տե՛ր, մեր հույս, ապավեն և փրկիչ, ճշմարիտ Աստված. փառավորում ենք Քո մարդասիրությունը, որ մեզ փրկեցիր դատավորի ձեռքից և միասնական պահեցիր, որ մեզանից ոչ ոք չերկմտեց դատավորի տանջանքներից: Բարերա՛ր Տեր, ընդունի՛ր Քո ծառաներիս աղաչանքները: Մարդասե՛ր Տեր, Քո մոր` սուրբ Աստվածածնի և կույսի բարեխոսությամբ ընդունիր Քո ծառաներիս հոգիները, որ Քո անունը փառավորվի հավիտյան»: Եվ երկնքից ձայն լսվեց, որ ասաց. «Եկե՛ք, Աստծո՛ւ ծառաներ, և բազմեցե՛ք մյուս նահատակների հետ»: Եվ դահիճները, սրբերի վրա հարձակվելով, սկսեցին կոտորել: Իսկ սուրբ Ստեփանոսը մեկուսի էր կանգնած և ձեռքերը երկինք պարզած աղոթում էր: Եվ երբ տեսավ, որ դահիճներն անխնա կոտորում են եղբայրներին, ասաց. «Նախ տարիքով փոքրերին կոտորեցե՛ք»: Իսկ դահիճները, հակառակվելով սրբի խոսքերին, նախ ծերերին կոտորեցին: Եվ Աստծու ծառա Ստեփանոսը սիրտ էր տալիս կրտսերներին, հորդորում մի փոքր դիմանալ և հասնել ընկերներին: Եվ ասում էր. «Հիմա կգնանք հանգստարանը, որ Տերը պատրաստեց Իր ծառաների համար»:

Եվ բոլորին կոտորեցին, ու միայն Ստեփանոսը մնաց: Եվ վկայեցին սրբերը, որոնց անուններն այս են` սուրբ Բագրատ և Վեղարիոս, Բասիլիոս, Սիմեոն Կեսարացի: Գրիգորիս, որ Կոկիսոն քաղաքում առաջինն էր հավատացել Աստծուն, և նրա երկու որդիները` Սմբատ և Հովհաննես, նաև պատվական ծերը` Ղևոնտեոսը երեք որդիների` Դավթի, Ստեփանոսի և Թադեոսի հետ: Նաև պատվական ծերը Անտիոքից` չորս որդիների հետ, ինչպես և ուրիշները, որոնց անունները գրված են կյանքի գրքում:

Սուրբ Ստեփանոսն արտասվալից աղոթում էր, և երբ դահիճները մոտեցան իրեն, ասաց նրանց. «Ինչո՞ւ եք հապաղում, ինչո՞ւ եք անօրինությամբ արբած ապշել: Սատանան ի՞նչպես կուրացրեց ձեր սրտերի աչքերը, որ չտեսաք, որ նրանք, ում մեռած եք կարծում, մահից կյանք փոխադրվեցին և անանց հանգստի մեջ են»: Ութ դահիճներն ասացին. «Մենք գիտենք և իմացել ենք մեր իշխանից քո և սպանվածների կախարդության մասին: Այժմ կամենում ես, որ դատավորը մեզ ևս սպանի»: Սուրբն ասաց. «Այսպես է գրված. «[Նա], որ չուզեց Աստծու օրհնությունը, թող այն հեռու լինի նրանից» (Սաղմ. ՃԸ. 18): Եվ շարունակեց. «Մի քիչ ժամանակ տվե՛ք, որ աղոթեմ»,- և երեսնիվայր ընկնելով` ասաց. «Սո՛ւրբ Եր րորդություն, որ Քեզ օրհնում են հրեշտակների դասերն անլռելի ձայնով, և երկրպագվում ես Քեզ խոստովանող բոլոր արարածների կողմից, որ մշտապես օրհնում են Քո իշխանությունը` փառավորելով անունդ: Դու, որ իբրև ամուր պարիսպ հավատացյալներին տվեցիր Քո սուրբ Խաչի նշանը, որով անձերը կնքելով` ամոթով են թողնում հակառակորդին, որ չի կարողանում հաղթել հավատացյալներին: Քո սուրբ Խաչի նշանին ապավինելով` Քո սուրբ անվան համար մեր անձերը մահվան մատնեցինք, իսկ այժմ, Տե՛ր, գոհանում ենք Քեզնից, որ մեզ աներկբա հավատով պահեցիր և [արժանի արեցիր] Քո անվան համար մեռնելու: Տե՛ր, այժմ ընդունի՛ր բանավոր պատարագը, որ մատուցեցին Քեզ, և Քո սրբերի կարգը դասի՛ր նաև այս ծառաներիդ անուններն ու դրոշմիր կյանքի գրքում: Մարդասե՛ր Տեր, նաև ինձ ընդունի՛ր և խավարային իշխանության միջով խաղաղությամբ անցկացրու, որպեսզի չար և պիղծ դևը չհամարձակվի ինձ մոտենալ: Աղաչում եմ սուրբ անվանդ, սուրբ Երրորդություն, ընդունի՛ր աղաչանքներս և մեր նահատակության վայրը քրիստոնյաների բնակություն արա՛ և օրհնի՛ր հավատացյալ նոր հոտն ու օրըստօրե աճեցրո՛ւ նրանց, որ շատանան և օրհնեն Քո անունը: Նաև սատկեցրու թշնամի դատավորին, ինչպես նրա թագավորին սատկեցրիր Մեռկուրիոս վկայի միջոցով, երբ լսեցիր սուրբ Բարսեղ հայրապետի աղոթքներն ու կատարեցիր նրա խնդրածները` ապրեցնելով Քո սուրբ անվանը հավատացողներին: Այժմ դարձյալ խնդրում ենք Քեզ, մարդասե՛ր Տեր, օրհնի՛ր Քո անվանը հավատացողներին և մեր նահատակության վայրում հիվանդների բժշկություններ արա՛, եկող և մեր անվամբ աղաչողներին օգնի՛ր, թե՛ հիվանդությամբ, թե՛ ցավով տառապողներին բժշկի՛ր և ապրեցրու, որ փառավորեն Քո սուրբ անունը: Տե՛ր, ինձ ևս արժանի արա՛ ուրախությամբ ըմպելու մահվան բաժակը, որ Քեզ փառք մատուցեմ` Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն` հավիտյանս հավիտենից. ամեն»:

Ձայն հնչեց երկնքից, որ ասաց. «Ե՛կ, Քրիստոսի վկա և զբաղեցրո՛ւ տեղդ արդարների ուրախության մեջ: Եվ ինչ խնդրում էիր Տիրոջից, թե ով որ գա ձեր նահատակության տեղը և ինչ որ խնդրի` ձեր բարեխոսությամբ կտրվի Տիրոջ կողմից»: Եվ վկան ցնծաց Սուրբ Հոգով, և նրա երեսին լույս փայլեց: Եվ դահիճներին, որ հեռվում խմբվել էին և չգիտեին, թե ինչ անեն, սուրբն ասաց. «Եկե՛ք, կատարեցե՛ք ձեր հայր սատանայի կամքը»: Եվ դահիճներից մեկը, որ անօրեն էր խիստ, եկավ սուրբ վկայի մոտ, և նա խոնարհեց պարանոցը և աղոթում էր մտքում: Եվ դահիճը, սուրը մերկացնելով, հատեց նրա պարանոցը: Եվ դահճի թևը, սուրը ձեռքին, քարացած մնաց, և արյունախառն լյարդը բերանով դուրս թափվեց, և սատկեց: Իսկ նրա ընկերները փախչելով շտապ գնացին իրենց իշխանի մոտ, պատմեցին իրենց արածն ու իրենց ընկերոջ սատկելը:

Այնժամ դատավորը կանչեց իր խորհրդակիցներին և ասաց. «Ճշմարիտ եմ ասում, որ այն կախարդներն սպանվեցին: Այժմ մեծ բերկրանքով կուրախանանք, կգնանք մեր քաղաքից, իսկ հետո, երբ քիչ օրեր անց վերադառնանք, կկործանենք կախարդների համախոհներին»: Իսկ նրա իշխաններն ասացին. «Եկե՛ք վաղը զոհեր մատուցենք աստվածներին, որ մեզ փրկեցին կախարդներից»: Եվ անօրեն դատավորին այս խոսքերը հաճո թվացին: Եվ երբ առավոտը բացվեց, և իշխանը կամենում էր ելնել գահույքից, հանկարծ մի մեծ վեմ ընկավ նրա վրա և սատկեցրեց նրան, և անհայտ էր, թե ո՛րտեղից ընկավ վեմը: Իսկ նրա զինվորները, դևերից հարված, տառապում էին: Նրա իշխաններից մեկը, զղջալով և խելքի գալով, ասում էր. «Այս բոլոր տառապանքները, որ բաժին ընկան մեր զորքին, Աստծու ծառաների համար եղան, որոնց կոտորեցին անխնա»: Եվ իշխանը, որի անունը Կավստե էր, վերցրեց դիվահար զինվորներին, և գնացին սուրբ վկաների նահատակության վայրը, բոլորով ծնկի իջան և ասացին. «Ո՛վ սուրբ վկաներ, հավատում ենք ձեր Աստծուն, որին երկրպագում եք դուք. բարեխոսեցե՛ք Տիրոջը, որ ների մեր մեղքերը, և ցասումը, որ եկավ մեզ վրա, թո՛ղ վերանա, որովհետև ապաշխարում ենք և ուղղվում ենք դեպի Տերը»: Եվ երբ իշխանն այս ասաց, դիվահարներն սկսեցին բժշկվել և միաբան օրհնել Աստծուն:

Մինչդեռ սուրբ վկաների մարմիններն անթաղ էին: Եվ բժշկված զինվորները` իշխանի հետ մեկտեղ իննսունհինգ հոգի, անմիջապես հավաքեցին սրբերի նշխարներն ու հողը, որի վրա հեղվել էր վկաների արյունը, և ամփոփեցին: Իսկ ավելի վաղ հավատացած քրիստոնյաները, երբ եկան Կավստե իշխանի մոտ, և տեսան սուրբ վկաների միջոցով Քրիստոսի ժողովուրդ դարձած և բժշկված զինվորներին, սկսեցին օրհնել Աստծուն: Եվ ասացին իշխանին. «Եկե՛ք սուրբ վկաների համար տաճար կառուցենք և այնտեղ կդնենք նրանց նշխարները»: Եվ հավատացյալներն սկսեցին կառուցել տաճարը և սուրբ վկաների մարմինները դրեցին խորանում, իսկ սուրբ Ստեփանոսի նշխարները` աղբյուրի դիմաց, որ կա մինչ օրս, որ և բխել էր այնտեղ բնակվողների կարիքների և հիվանդների բժշկության համար: Իսկ իշխանը զինվորների հետ գնաց սուրբ կույսերի նահատակության վայրը և սկսեցին այնտեղ տաճար կառուցել, ուր ամփոփեցին սրբերի նշխարները և եկեղեցին անվանեցին սուրբ Կաթուղիկե: Նաև այլ հավատացյալներ սուրբ վկաների տաճար կառուցեցին և անվանեցին սուրբ Ստեփանոս, և քրիստոնյաներից մեկը սպասավորում էր տաճարում: Իսկ իշխանը, տեր դառնալով այդ տեղերին, օժանդակում և քաջալերում էր հավատացյալներին, և օր ըստ օրե աճում և բազմանում էին և տարեցտարի նշում սուրբ վկաների նահատակության օրն ու փառավորում Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն` այժմ, միշտ և հավիտյանս հավիտենից:

1 Բն.` Ստեփանոսը. փխ. ըստ շարադրանքի:

Վարք Սրբոց, Հատոր Դ, Ս. Էջմիածին - 2010թ.

Աղբյուր՝ Surbzoravor.am