Այսպէս է ասում Տէրը. «Ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծոյ հրեշտակների առաջ: Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ ուրանայ, Աստծոյ հրեշտակների առաջ պիտի ուրացուի» (Ղուկասի 12:8)

Աղոթք եկեղեցի մտնելիս

ԱՌ ԴՐԱՆՆ ՍՐԲՈՅ ԵԿԵՂԵՑՎՈՅ

Գրաբար
Առ դրանն սրբոյ Եկեղեցւոյս եւ առաջի աստուածընկալ եւ պայծառացեալ սուրբ նշանացս խոնարհեալ երկիղիւ երկիր պագանեմք քեզ, Տէր Աստուած, որ յերկինս ես եւ ամենայն ուրեք: Զսուրբ, զհրաշալի եւ զյաղթող Տէրութիւնդ քո օրհնեմք եւ փառաւորեմք եւ քեզ մատուցանեմք զօրհնութիւն եւ զփառս Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ,
այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից: Ամէն:

Աշխարհաբար
Այս սուրբ Եկեղեցու դռան մօտ եւ աստուածընկալ ու լուսապայծառ սրբութիւնների առաջ երկիւղածութեամբ խոնարհւում եւ երկրպագում ենք քեզ, Տէր Աստուած, որ երկնքում ես եւ ամենուր: Քո սուրբ, հրաշալի եւ յաղթող Տէրութիւնդ օրհնում ենք ու փառաւորում եւ քեզ՝ Հօրը, Որդուն եւ Սուրբ Հոգուն օրհնութիւն ու փառք ենք մատուցում, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից: Ամէն: