Այսպէս է ասում Տէրը. Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք: ՍԻՐԱՔ ; 20 ,28

Հավատքո´վ բուժվիր

«Վե´ր կաց, վերցրո´ւ քո մահիճը և գնա´:
Եվ մարդը առողջացավ, վեր կացավ, վերցրեց մահիճը և ման էր գալիս» (Հովհ. 5:9):

Հիսուս եկել էր ծառայելու, հրաշագործությունների և բժշկությունների ճանապարհով ցույց տալու Իր աստվածային զորությունն ու մարդկանց առաջնորդելու դեպի Լույս, դեպի Ճշմարտություն, դեպի առավել Կյանք և վերջապես, դեպի Աստված:

Երբ Նա շրջում էր գյուղից-գյուղ, ավանից ավան, հրեաների մի տոնի ընթացքում Գալիլիայից Երուսաղեմ է անցնում և այցելում Պրոբատիկե կոչվող ավազանը: Հրեաների լեզվով այն Բեթհեզդա էր կոչվում, որ նշանակում էր «Ողորմության դուռ», այսինքն` հայտնվում էր աստվածային ողորմությունը և այդ ավազանի ջրով հիվանդները բուժվում էին: Հիվանդների, կույրերի ու կաղերի հսկա մի բազմություն, գետնին պառկած, հույսով սպասում էր ավազանի ջրերի խառնվելուն: Տիրոջ հրեշտակը երբեմն-երբեմն իջնում էր այդ ավազանի ջրերի մեջ և այն խառնում էր: Հիվանդներից նա, ով առաջինը կարողանում էր ինքն իրեն գցել խառնված ջրերի մէջ, իր բոլոր հիվանդություններն անմիջապես բուժվում էին: Պարզ ժողովրդի հավատքն էր այս:

Ահա այդ սրահներից մեկում մի անդամալույծ կար, որ երեսունութ տարի այնտեղ հիվանդ պառկած սպասում էր: Հիսուս երբ նայում է նրան, անմիջապես հասկանում է նրա վիճակը: Զգում է, որ նրա վշտահար ու մելամաղձոտ աչքերը օգնու-թյուն էին աղերսում: Նա, Իր աստվածային խորաթափանց հայացքը շեշտակի ուղղելով հիվանդին, քաղցր ժպիտով հարցնում է նրան. «Ուզո՞ւմ ես առողջանալ»: Նրա անսպասելի հարցից անակնկալի եկած հիվանդը հուզված պատասխանում է. «Տե՚ր, ոչ ոք չունեմ, որ երբ ջրերը խառնվեն, ինձ ավազանի մեջ իջեցնի և մինչ ես դանդաղում եմ, մեկ ուրիշն ինձնից ավելի առաջ է իջնում» (Հովհ. 5:7): Հիսուս նայում է անդամալույծի աչքերի մեջ և հրամայում, «Վե´ր կաց, վերցրո՚ւ քո մահիճը և գնա´»:

Անդամալույծն առողջանում է, վերցնում իր մահիճը ու սկսում քայլել:

Մեր այս օրերի դժվարությունների ու նեղությունների մեջ, երբ մի կողմից կան տնտեսական և քաղաքական տագնապներ, ընկերային բարոյական լուրջ հարցեր, իսկ մյուս կողմից վաղվա անորոշություններն ու հոգեկան խռովալի կացություններ, ապրուստի և այլ մտահոգություններն անդամալույծ են դարձրել մեր առօրյա կյանքը, ի՞նչը կարող է մեզ ու աշխարհին տալ կյանք, հույս և մխիթարություն, եթե ոչ Հիսուսի վերոհիշյալ խոսքը ուղղված մեզ և բոլոր դարերի անդամալույծներին. «Վեր կացե՚ք, վերցե՚ք ձեր մահիճը և գնացե՚ք»: Բարիք գործելու համար չկա ո՚չ օր, ո՚չ ժամանակ և ո՚չ էլ սահման: Աստված ինչ որ ստեղծեց բարի էր և մարդու համար կատարեց: Ժամանակը կամ օրը միմիայն միջոցներ են բարի գործեր կատարելու համար: Հետևելով Աստծու օրինակին` պարտավոր ենք ամեն օր բարի գործեր կատարել: Ճշմարիտ քրիստոնյայի պարտականությունը ճիշտ նույնը պետք է լինի, ինչպես Քրիստոսի սերը եղավ մեր հանդեպ:

Այստեղ հարց է ծագում, թե արդյոք մենք` իբրև հայ քրիստոնյաներ, այսօր աշխարհի աղմուկի ու բազմանվագ եղանակների միջից պիտի կարողանա՞նք տարբերել և լսել Հիսուսի մեղմ, անուշ ու կյանք պարգևող ձայնը: Լքելով մեր մեղավոր անցյալը` կամքի ուժը պիտի ունենա՞նք ոտքի կանգնելու, այնպես, ինչպես Պրոբատիկե ավազանի անդամալույծը խնդրեց ու հավատաց Քրիստոսին և բժշկվեց ու քաջաբար ոտքի կանգնելով առանց վախենալու բոլորի առաջ վկայեց, որ իրեն բուժողը Հիսուս Քրիստոսն է:

Այսօր` 21 դարեր հետո, Հիսուսի ձայնը կրկին մաքուր, հատիկ առ հատիկ իբրև մարտահրավեր սփռվում է աշխարհով մեկ ու բոլորիս կոչ է անում. «Վե՚ր կացե՚ք, վերցրե՚ք ձեր մահիճը և գնացե՚ք»: Ամեն:

Հատված՝ Տ. Հովսեփ Ա.Քահանա Հակոբյանի «Ճշմարտախոս քրիստոնյան» գրքից:

Աղբյուր՝ Ter-hambardzum.net