Այսպէս է ասում Տէրը. «Ամէն տղամարդ, երբ աղօթքի կանգնի կամ մարգարէանայ եւ գլուխը ծածկած պահի, անպատւում է իր գլուխը։ Եւ ամէն կին, երբ աղօթքի կանգնի կամ մարգարէանայ գլխաբաց, անպատւում է իր գլուխը» (Կորնթացիներ 11:4)

Սուրբ Մամասի մասին

Ավրեղիանոս կայսեր ժամանակ, երբ ծաղկել էր կուռքերի մոլորությունը, մի պատանի, որի անունը Մամաս էր, հրաժարվելով բազմամբոխ քաղաքներից, լեռներում էր բնակություն հաստատել, մանկուց աղոթել, օրհներգել և պահք էր պահել, միայն մրգով հոգացել մարմնի կարիքները: Եվ ամեն ջանք գործադրում էր, որ բարեպաշտ հավատով և առաքինությամբ շարժվի: Նա լի էր իմաստությամբ և բարի խորհուրդներով և անպակաս աստվածային գրքերի ընթերցումից: Նաև զարմանալի ձայն ուներ, որ բազմաբարբառ քնարի պես հաճելի էր ամենքին, ինչպես Դավիթը, որովհետև սաղմոսելիս հալածում էր չարության ոգին և մարմնական ցավը խաղաղեցնում: Եվ երկրի վրա անմարմնականի պես էր, երկնային կրոնով էր շարժվում:

Մի անգամ աստվածային մի տեսիլք հայտնվեց. մի ձայն էր լսում, որ ասում էր իրեն. «Պատերազմի ժամանակը, խաղաղության ժամանակը, առժամանակյան արհամարհելու ժամանակը և հավիտենական կյանքից ամուր բռնվելու ժամանակն է»: Եվ նա, այդ լսելով, ամուր կերպով հաստատվեց իր մտքին, մահվան երկյուղը դուրս վանեց և այդուհետ, առանց վախենալու, երևում էր բոլորին և այլևս չէր թաքնվում:

Եվ նրան ու վայրի կենդանիներին, որ ձեռնասուն էր դարձրել, տեսան հեթանոս հովիվները, որ լեռներում էին, իջան քաղաք և պատմեցին բոլորին: Եվ շատերը բարձրանում էին նրա մոտ և տեսնում սքանչելիքները. [երեներին], որ ասես մի ամրոցում` ապաստանում էին այնտեղ, մանավանդ եղջերուներին եղնիկների հետ, որ նրա մոտ իջևանել էին` նախ այնտեղ եղած աղբյուրների համար, նաև գազաններից փախչելով, որոնց նա բազում անգամ ընտանի դարձնելով` կրթում էր, այնքան, որ նրա հարկի շուրջն էին ձագ ունենում:

Հասավ համբավը պիղծ հեթանոսներին և խիստ խոցեց նրանց լսելիքները, որովհետև նրա վարդապետությամբ շատերը դառնում էին դեպի ճշմարիտ Աստված, ինչին չհամբերեցին կուռքերի պաշտոնյաները, գնացին իշխանի մոտ և ասացին. «Ինչ որ կախարդ կա լեռներում, որ կախարդում է եղջերուներին և շատերին հիմարացնելով մոլորեցնում և ասում` «Չկան աստվածներ, որ ստեղծել են ամենը, այլ միակ Տեր Հիսուս Քրիստոսն է Աստված, և ամեն բան ստեղծել է Նա, որի մասին հրեաներն ասում են թե` «Մոլորեցուցիչ է», -ինչի համար Նրան խաչեցին»: Եվ այս լսելով` Աղեքսանդրոս իշխանը հրամայեց շտապ բռնել Մամասին և բերել: Եվ գնալով` դահիճները գտան նրան աղոթելիս ու հոգևոր երգեր երգելիս և զարմանալով նրա սքանչելի տեսքից` չէին համարձակվում նրա հանդեպ բռնություն գործել, այլ աղերսական խոսքերով աղաչում էին նրան, որ տանեն իշխանի մոտ: Եվ նա ուրախությամբ համաձայնեց գնալ, եթե միայն [թողնեն, որ] կատարի օտարասիրության, [հյուրասիրության] գործը: Եվ նույն պահին նրանց առաջ մրգեր դրեց ու եղնիկի պանիր, և նրանք, ուտելով ու ըմպելով, նրա հետ ճանապարհ ընկան:

Եվ գալով իշխանի մոտ` առջևը կանգնեցրին երանելի Մամասին: Եվ իշխանն ասում է նրան.

«Ի՞նչ գործի ես, մինչև տանջանքները խոստովանիր խաբեություններդ»: Մամասն ասում է. «Ես Քրիստոս ունեմ, ո՛չ կախարդ եմ, և ո՛չ խաբեբա, որ կուռքերի պաշտոնյաներ են: Իսկ մեզ Քրիստոս ամեն ինչից փրկեց առ Ինքն ունեցած մեր հավատի համար, ամեն ինչ հնազանդեցրեց մեզ` ցամաքայիններին և ջրայիններին, ընտանիներին և վայրիներին, և կախարդության մասին լսելիս` անգամ գարշում ենք»: Դատավորն ասում է. «Մի՛ խաբիր ամբոխին բազում խոսքերով, այլ մինչ տանջանքներն ասա՛` ինչե՞ր էիր գործում»: Մամասն ասում է. «Ուզում ես սպառնալիքներով զարհուրեցնել ինձ, մինչդեռ իմ միակ ձգտումը ճշմարտությունն ասելն է, որովհետև սուտը մերժված է Աստծու ծառաների կողմից: Այժմ ականջալուր եղիր մեր հավատքին. եթե կամենաս հավատալ` կշահես այս կյանքը և հանդերձյալը: Մենք խոստովանում ենք մի Աստված, որ ամեն բան ստեղծեց, և որովհետև բարի է` երևաց մեզ մարմնով համապատիվ աստվածությամբ, որին թողնելով` մարդիկ փայտերն ու քարերը պաշտեցին: Դրանցից փրկվածներիս բարեպաշտության բերեց, նաև մեզ ցույց տվեց, թե ապրողներն ի՛նչպես են հաճո լինում Աստծուն, և որ միայն Նրան է պարտ երկրպագել»: Դատավորն ասում է. «Ինչո՞ւ Խաչվածն սպանվեց իբրև կախարդ»: Մամասն ասում է. «Կախարդության համար չէր, այլ մարդասիրության, որովհետև Նրա պարտքն էր մեզ չարչարակից լինել և ցույց տալ հարությունն ու դեպի երկինք ճանապարհը, նաև այն, որ մյուս անգամ գալու է ողջերին և մեռյալներին դատելու»:

Դատավորն ասում է. «Ինչո՞ւ ես երկարաբանում` ինքդ քեզ խաբելով. եթէ Աստված էր Նա առանց անարգութեա՞ն հարություն տվեց մեռելներին, միայն խոսքով, և ոչ մարմնով: Այդ ամենը թողնելով` զո՛հ մատուցիր աստվածներին, և կախարդությանդ թողությունը կտանք քեզ, պաշտի՛ր և երկրպագի՛ր արեգակին` առանց որի գոյություն չկա»: Մամասն ասում է. «Ճիշտ չէ երկրպագել արեգակին, որ մեզ համար է երկրի շուրջը պտտվում»: Դատավորն ասում է. «Երկնքին զոհ մատուցիր, որ ամեն բան իր մեջ է կրում»: Մամասն ասում է. «Այն ստեղծածն է Աստծու, որին կենդանի զոհ է պետք մատուցել մեր անձերը»: Դատավորն ասում է. «Մի՛ ստիպիր, որ տարբեր չարչարանքները քեզ մերձենան, այլ շտապ զոհ մատուցիր աստվածներին, որոնց նաև ինքնակալն է զոհ մատուցում, այլապես անտանելի չարիքների կհանդիպես և կզղջաս տանջանքներից հետո»: Մամասն ասաց. «Եթե իմաստությամբ համոզեիր ինձ, մի՞թե կպատասխանեի հարցումներիդ, բայց եթե անմտությամբ բռնություն կիրառես` կհաղթվես ճշմարիտ խոսքով: Արա՛ ինչ որ կամենում ես. ո՛չ ամբարիշտ թագավորներին կհնազանդվեմ, ո՛չ ժանտ օրենքներին հավանություն կտամ, և ո՛չ զոհ կմատուցեմ պիղծ և գարշելի կուռքերին»: Դատավորն ասում է. «Ընդունի՛ր պարգևները թագավորի, որ քեզ պատիվ, փրկություն ու մեծություն է շնորհում, և մեզ ընկերակցիր»: Մամասն ասում է. «Դա է, որ մենք արհամարհեցինք, իսկ ձեզ դա մոլորեցնում է և ստիպում ապստամբել Աստծու դեմ և ընկնել իբրև առաքինության խափանիչ և փրկության արգելիչ: Եվ եթե դուք դրանով ձեզ բախտավոր եք համարում, մահվանից հետո ուրիշ ոչինչ չեք ունենալու` բացի թշվառությունից»: Եվ դատավորն անսպառ բարկությամբ լցվեց, հրամայեց կախել նրան և քերել այնքան` մինչև բրիչներն աղիքներին հասնեն: Եվ մունետիկն աղաղակում էր. «Պետք է տանջել դրան, որ չկամեցավ զոհ մատուցել աստվածներին»: Դատավորն ասաց նրան.

«Զո՛հ մատուցիր, թշվառակա՛ն, որ հոգուցդ էլ չզրկվես»: Մամասը պատասխանեց. «Հավատա՛ ինձ, ո՛վ դատավոր, որ թերևս դու կտանջես բարկությամբ լեցուն հոգիդ, իսկ ինձ ամենևին ցավը չի մերձենա, կվանվի ինձնից հեռու` իմ մարդասեր Աստծու միջոցով, որին օրհնում եմ հոգով և փառավորում ամբողջ ուժով, որ ինձ` տառապյալիս, արժանի արեց հանուն Իրեն այս չարչարանքները կրելու»: Դատավորն ասաց. «Բոլորը պարզորոշ տեսան, որ դու կախարդ ես, որի համար [քեզ] կզրկեմ քաղցր կյանքից»: Եվ ասաց դահիճներին. «Մինչև ներքին անդամները հասցրեք քերիչները և ձեռքերը երկաթով պրկեք»: Եվ նրանք հրամանը լսելով` տեղահան էին անում ու խախտում հոդերը և կողերը քերում փշամազ քուրձով և աղով, որ աղը, վերքերին հասնելով, ավելի մորմոքի տանջանքները: Իսկ երանելին խոսեց ի լուր ամբողջ հասարակ ժողովրդին. «Օրհնյա՜լ ես, Տե՛ր իմ Հիսուս Քրիստոս, որ տանջանքի ոչ մի զգացում չտվեցիր ինձ»: Եվ այս լսելով` դատավորը բարկությամբ գրգռվեց և հրամայեց հաջորդ օրը սրբին գազանների մոտ նետել: Մամասն ասաց. «Գազաններն ինձ վայրի չերևացին ինչպես ձեզ»:

Դատավորն ասաց. «Ա՜յ թշվառական, հույսդ կախարդության վրա ես դրել. ես կվերացնեմ քո զորությունները»: Եվ մյուս օրը` վաղ առավոտյան, գնաց ասպարեզ: Այնտեղ հավաքվել էին բազում հրեաներ և հեթանոսներ: Եվ երբ սրբին կապված բերեցին, նրա վրա բաց թողեցին մի ամեհի արջ, որ բազում մարդկանց էր սպանել, սակայն սրբին մոտենալով` ակնածելով աստվածեղեն դեմքից` վերադարձավգնաց դեպի վանդակը: Բաց թողեցին մի ընձառյուծ: Սա հեզիկ մոտենալով սրբին` վերքերը լիզեց, սրբեց ասես սպունգով, և ավարտելով` նույնպես գնաց դեպի վանդակը: Դատավորը կատաղում էր, իսկ հավաքված ամբոխն աղմկում էր, որ առյուծ բաց թողնեն վրան: Եվ երբ արձակեցին, դուրս եկավ առյուծը մռնչալով և սրբին թողնելով` դիմեց դեպի ամբոխը: Դատավորն, այս տեսնելով, ավելի էր զայրանում և խորհում էր, թե ինչ մահով սպանի սրբին: Մամասն ասաց. «Աստվածատյաց և մարդատյաց և ամենայն արդարության թշնամի, ինչո՞ւ ես հապաղում. քո հայր սատանայի հրամանները կիրառի՛ր իմ դեմ»: Այս լսելով` դատավորը հրամայեց գազան վարժեցնողներին, որ ամբոխին գրգռեն` քարկոծելու սրբին: Եվ բազմությունն ատամները կրճտացնելով քարեր էր նետում Աստծու սրբի վրա, իսկ նա, աչքերը երկնքին հառած, փառավորում էր Աստծուն: Եվ քարկոծվելով մեկ ժամ շարունակ աղոթեց, ավարտեց խոսքը և ասաց` Ամեն: Եվ երկնքին նայելով` սուրբ Մամասը հոգին ավանդեց Աստծու ձեռքը` բարի խոստովանությամբ առ Հայր և Որդի և Սուրբ Հոգի, որին փառք հավիտյանս:

Սուրբ Մամասի ուրիշ վկայաբանություն

Ավրեղիանոս ամբարիշտ արքայի ժամանակներում Պափղագոնացիների գավառի Գանգրյա քաղաքում Թեոդոտոն անունով մի քրիստոնյա մարդ էր ապրում իր բարեպաշտ կնոջ հետ, որի անունը Ռուփինա էր: Եվ որովհետև զոհ չմատուցեցին կուռքերին և չուրացան Քրիստոսին, քաղաքի իշխանը նրանց կապանքներով Կեսարիա առաքեց` Աղեքսանդրոս դատավորի մոտ: Իսկ Ռուփինան այդ ժամանակ հղի էր:

Եվ դատավորը հարցերով քննեց նրանց, իսկ նրանք համարձակությամբ խոստովանեցին Քրիստոսի անունը: Եվ հրամայեց բանտ գցել նրանց: Երանելի Թեոդոտոնը բանտում հիվանդացավ և վախճանվեց բարի խոստովանությամբ:

Բարեպաշտ Ռուփինայի հղության օրերը լրացան, և բանտում մի արու մանուկ ծնեց, իսկ ինքը վախճանվեց ուղիղ դավանությամբ: Եվ դուրս հանելով` թաղեցին նրան իր ամուսնու մոտ: Եվ մի քրիստոնյա կին` Մատրոնիա անվամբ, հրեշտակի հրամանով մանկանը վերցրեց բանտից և սնեց քրիստոնեական հավատով: Եվ երբ երեխան մեկ տարեկան դարձավ, Մատրոնիան գրկած համբուրեց նրան և տղային ձայն տալով` ասաց. «Մամա»: Եվ մկրտության ժամանակ նրան անվանեցին Մամաս: Եվ երբ մեծացավ մանուկը, կինը նրան դպրոց տվեց, երեխան գիր սովորեց: Եվ Մամասը դպրոցակից մանուկներին ուսուցանում էր հեռու մնալ սնոտի կռապաշտությունից և հավատալ կենդանի Աստծուն, որ երկնքում է:

Դիմիկրատոն իշխանն իմանալով` կանչեց Մամասին և հարցրեց, թե արդյոք քրիստոնյա՞ է: Նա ընդամենը տասնմեկ տարեկան էր, բայց հայտնապես խոստովանեց Քրիստոսին: Իշխանը նրան առաքեց Եդեսիայի Արիոս դատավորի մոտ: Դահիճները երանելիին ձաղկեցին և մարմինը հրով այրեցին: Տարան ծովի մոտ և պարանոցից ծանր կապար կախեցին և կամեցան ծովը գցել: Բայց Տիրոջ հրեշտակը Մամասին փախցրեց դահիճների մոտից և բարձրացրեց Կեսարիայի մերձակա լեռը: Այնտեղ քառասուն օր աղոթեց, և երկնքից նրան գավազան երևաց, և մի ձայն լսվեց, որ ասում էր. «Վերցրու գավազանը, և ինչ որ խնդրես Աստծուց` կտա»: Գավազանը վերցնելով հարվածեց գետնին և իր առջև մի Ավետարան տեսավ, վերցրեց, համբուրեց և այդտեղ մի Սեղան պատրաստեց: Եվ նրա մոտ հավաքվեցին երեները, և երբ ընթերցում էր Ավետարանը, բոլոր կենդանիները երկրպագում էին:

Եվ մի օր նրա մոտ եկավ մի առյուծ և երկրպագեց նրան: Եվ երանելի Մամասը առյուծին ասաց. «Ասպարեզում քեզ ինձ վրա են բաց թողնելու»:

Սրբին մատնեցին Աղեքսանդրոս դատավորին, ասելով` թե կախարդ է և մոգությամբ իր մոտ է հավաքում կենդանիներին: Եվ դատավորը հրամայեց սարից իջեցնել նրան: Երբ նրան տարան դատավորի մոտ, ուժգին ծեծեցին և բանտ նետեցին: Եվ մի աղավնի նրան կերակուր էր բերում, իսկ նա տալիս էր նաև ուրիշ բանտարկյալների: Եվ ապա սուրբ Մամասին գցեցին հնոցի հրի մեջ, բայց հուրը նրան չմերձեցավ, որովհետև հրեշտակները երևացին հնոցում և նրան հանեցին կրակի միջից: Նրա վրա արջ բաց թողեցին և մի ահավոր մատակ առյուծ. հենց այն առյուծին, որ գնացել էր սրբի մոտ, երբ նա լեռան վրա էր: Առյուծը տեսնելով` ճանաչեց երանելիին և մոտենալով երկրպագեց նրան և խոսեց մարդկային լեզվով և կշտամբեց դատավորի ամբարշտությունը և կռապաշտներից շատերին կոտորեց և վերադարձավ իր տեղը: Եվ դատավորի հրամանով բազում ամբարիշտներ հավաքվեցին սրբի վերևում` նրան քարկոծելու համար, իսկ մի ըմբիշ եռակողմ սուսերով հարվածեց սրբին: Երանելին Կեսարիա քաղաքից դուրս եկավ երկու ասպարեզի չափ, իսկ արյունը նրա մարմնից հոսում էր որպես աղբյուրից: Եվ բարձրանալով մի վեմի վրա նա օրհնեց Աստծուն: Նույն պահին ձայն եղավ Տիրոջից և երկնային արքայության կանչեց նրան: Եվ այդպես ավանդեց հոգին…3 Քրիստոսի սուրբ վկա Մամասը վախճանվեց սեպտեմբերի երկուսին:

Աղբյուր՝ Ter-hambardzum.net