Եսայի 41.4-14
Ես եմ Տէրն առաջին, նոյնն եմ լինելու եւ յաւիտեան: 5 Տեսան ինձ հեթանոսները եւ վախեցան, երկրի բոլոր ծագերը սարսափեցին. իրար մօտեցան եւ միասին եկան: 6 Ամէն մէկը մտքում դրեց ընկերոջն ու եղբօրն օգնական լինել՝ ասելով. 7 «Թող հիւսնը քաջալերի դարբնին՝ կռելու, կոփելու եւ մուրճով հարուածելու, եւ ասի՝ ինձ համար լաւ օգնութիւն եղաւ»: Գամերով գամում են կուռքերը, դնում գետնի վրայ, որպէսզի չշարժուեն: 8 Բայց դու, ո՛վ իմ ծառայ Իսրայէլ, ո՛վ Յակոբ, որին ընտրեցի, ո՛վ դու Աբրահամի զաւակ, որին սիրեցի, 9 որին օգնական եղայ՝ երկրի ծայրերից ու նրա եզերքներից կանչելով նրան եւ ասելով, թէ՝ «Դու իմ ծառան ես, քեզ ընտրեցի ես եւ չեմ լքի քեզ», 10 դու մի՛ վախեցիր, քանզի ես քեզ հետ եմ, մի՛ խաբուիր, քանզի ես եմ քո Աստուածը, ես, որ զօրացրի քեզ, օգնեցի քեզ ու պահպանեցի քեզ իմ արդար աջով: 11 Ահա պիտի ամաչեն ու պատկառեն քո բոլոր հակառակորդները, չեղածի նման պիտի լինեն նրանք, եւ բոլոր քեզ ամբաստանողները պիտի կորչեն: 12 Եթէ փնտրես էլ, չես գտնելու այն մարդկանց, որոնք քո դէմ թշնամութիւն էին անում, քեզ հետ պատերազմողներն ի չիք պիտի դառնան: 13 Արդարեւ, ես եմ քո Տէր Աստուածը, որ բռնել եմ քո աջ ձեռքից, որ ասում եմ քեզ, թէ՝ «Մի՛ վախեցիր, ես կօգնեմ քեզ»: 14 «Չվախենա՛ս, Յակո՛բ, որ որդ ես հիմա, եւ դու, Իսրայէ՛լ, որ սակաւամարդ ես այժմ, ես օգնեցի քեզ»,– ասում է Աստուած՝ Իսրայէլի Սուրբը, որը փրկելու է քեզ:
Եբրայեցիներ 7.11-25
11 Իսկ արդ, եթէ կատարելութիւնը ղեւտացիների քահանայութեան միջոցով էր լինում (քանի որ ժողովուրդը նրանով էր օրէնք ստացել), ի՞նչ կարիք կար այլեւս, որ մի այլ քահանայ երեւան գար՝ ըստ Մելքիսեդեկի կարգի, չասելու համար՝ ըստ Ահարոնի կարգի, 12 որովհետեւ քահանայութեան փոփոխուելով պէտք էր, որ օրէնքի փոփոխութիւն էլ լինէր: 13 Եւ նա, ում մասին այսպէս է ասւում, պատկանում էր այլ ցեղի, որից ոչ ոք երբեք սեղանի ծառայութեան մասնակից չեղաւ: 14 Արդ, յայտնի իսկ է, թէ մեր Տէրը սերում է Յուդայի ցեղից. այդ ցեղից եղած քահանաների մասին Մովսէսը ոչինչ չի ասել: 15 Եւ առաւել եւս յայտնի է, թէ Մելքիսեդեկի նմանութեամբ երեւալու է մի այլ քահանայ, 16 որն ըստ մարմնաւոր պատուիրանի չէ, որ եղաւ քահանայ, այլ՝ ըստ անվախճան կեանքի զօրութեան: 17 Արդարեւ վկայուեց, թէ՝ «Դու յաւիտեան Քահանայ ես՝ ըստ Մելքիսեդեկի կարգի»: 18 Առաջին պատուիրանը արհամարհուեց իր տկարութեան եւ անօգտակարութեան պատճառով – 19 քանզի օրէնքը կատարեալ ոչինչ չարեց – եւ նրա տեղ մտաւ լաւագոյն մի յոյս, որով մօտենում ենք Աստծուն: 20 Այն չափով, որ Յիսուս երդումով քահանայ եղաւ (որովհետեւ կան ոմանք, որ առանց երդումի են քահանաներ կարգուել, 21 բայց սա՝ երդումով, նրա ձեռքով, ով ասաց նրան. «Երդուեց Տէրը եւ էլ չի զղջայ. դու յաւիտեան Քահանայ ես»), 22 այդ նոյն չափով Յիսուս երաշխաւոր եղաւ լաւագոյն մի ուխտի: 23 Եւ այսպէս, շատ քահանաներ եղան, որովհետեւ մահը արգելք էր լինում, որ նրանք տեւապէս քահանայ մնան: 24 Իսկ սա յաւիտենական լինելու պատճառով ունի անանց քահանայութիւն: 25 Ուստի եւ կարող է իր միջոցով Աստծուն մօտեցողներին մէկընդմիշտ փրկել. քանի որ նա միշտ կենդանի է՝ բարեխօս լինելու նրանց համար:
Ավ. ըստ Ղուկասի 19.12-28
12 Նա ասաց. «Մի ազնուական մարդ գնաց հեռու աշխարհ իր թագաւորութիւնը ստանալու եւ վերադառնալու համար: 13 Եւ կանչելով իր ծառաներին՝ նրանց տասը մնաս տուեց ու ասաց. “Շահարկեցէ՛ք դրանք, մինչեւ որ գամ”: 14 Բայց նրա համաքաղաքացիները ատում էին նրան. պատգամաւորներ ուղարկեցին նրա յետեւից եւ ասացին. “Մենք չենք կամենում, որ նա մեզ վրայ թագաւորի”: 15 Եւ ազնուականը վերադարձաւ՝ իր թագաւորութիւնը ստացած, եւ կանչեց այն ծառաներին, որոնց տուել էր դրամը, որպէսզի իմանայ, թէ ով ինչ է շահել: 16 Եկաւ առաջինը եւ ասաց. “Տէ՛ր, քո մէկ մնասը տասը մնաս բերեց”: 17 Եւ տէրը նրան ասաց. “Ազնիւ եւ բարի՛ ծառայ, քանի որ այդ փոքր բանի մէջ հաւատարիմ եղար, իշխանութիւն ունեցիր տասը քաղաքների վրայ”: 18 Եկաւ երկրորդը եւ ասաց. “Քո մէկ մնասը հինգ մնաս բերեց”: 19 Տէրը նրան ասաց. “Դու էլ՝ հինգ քաղաքների վրայ”: 20 Միւսն էլ եկաւ ու ասաց. “Տէ՛ր, ահա՛ քո մնասը, որ թաշկինակի մէջ ծրարած պահում էի. 21 վախենում էի քեզնից, որովհետեւ խիստ մարդ ես. վերցնում ես, ինչ որ չես դրել, եւ հնձում ես, ինչ որ չես սերմանել”: 22 Եւ տէրը նրան ասաց. “Հէնց քո բերանով քեզ պիտի դատեմ, անհաւատարի՛մ ծառայ. գիտէիր, որ ես մի խիստ մարդ եմ, վերցնում եմ, ինչ որ չեմ դրել, եւ հնձում եմ, ուր չեմ սերմանել: 23 Հապա ինչո՞ւ իմ դրամը լումայափոխներին չտուեցիր, որպէսզի ես գալով՝ տոկոսներով հանդերձ պահանջէի այն”: 24 Եւ սպասաւորներին ասաց. “Վերցրէ՛ք դրանից մէկ մնասը եւ տարէք տուէք նրան, ով տասը մնաս ունի”: 25 Եւ ծառաներն ասացին նրան. “Տէ՛ր, արդէն նա տասը մնաս ունի”: 26 “Ասում եմ ձեզ, թէ ով որ ունի, նրան պիտի տրուի, իսկ նրանից, որ չունի, պիտի վերցուի եւ այն, ինչ որ ունի: 27 Բայց իմ այն թշնամիներին, որոնք չէին կամենում, որ ես թագաւորեմ իրենց վրայ, բերէ՛ք այստեղ եւ սպանեցէ՛ք իմ առաջ”»: 28 Եւ երբ այս ասաց, առաջ գնաց Երուսաղէմ ելնելու համար: