Այսպէս է ասում Տէրը. «Ով մեղաւորին իր մոլորութեան ճանապարհից յետ է բերում, կը փրկի նրա հոգին մահուանից եւ կը ծածկի մեղքերի մի ամբողջ բազմութիւն» (Հակոբոս 5:20)

Հովհաննես Թումանյան․ Զինվորագրվել են…

Գաղափարները մեծ բաներ են: Մեծ գաղափարները մարդկանց մեծացնում, զորացնում ու ազնվացնում են, մի խոսքով, մարդը դառնում է գաղափարական։ Բայց դրա համար պետք է մարդու գլուխը էնքան մեծ ու բանական լինի, որ մի որևէ մեծ գաղափար մտնի նրա մեջ ու մերվի։

Դժբախտաբար, մեծ մասամբ էսպես չի լինում, գաղափարը չի մտնում գլխի մեջ, այլ գլուխն է մտնում գաղափարի մեջ։
Այո՛, սովորաբար փոքր գլուխներն իրենք են մտնում մեծ գաղափարների մեջ, ինչպես մեծ ծովի մեջ ու էս տեսակ, մարդիկ հոգեպես, բարոյապես, մտավորապես խեղդվում են ու դառնում են ո՛չ թե գաղափարական, այլ, եթե կարելի է էսպես ասել՝ գաղափարագար։ Իսկ սա նույնքան դժբախտ երևույթ է, ինչքան խելացիի հանդեպ խելագարը։

էս տեսակ մարդիկ ո՛չ թե առողջ դատում են, այլ դուրս են տալիս, և հավատալով, թե իրենք գաղափարի զինվորներ են, իրենք իրենց տաքանում են ու դառնում են վտանգավոր և մինչև անգամ դաժան ու գարշելի արարածներ. մինչդեռ գաղափարի մարդը միշտ գրավիչ է և ազնիվ:

Եթե հոգևորական է` լինում է մոլեռանդ, անգիր արած դուրս է տալիս ավետարանի նախադասությունները, որոնք ոչ մի կապ չունեն իր սրտի հետ, իր ներքին մարդու հետ, և մի սպանաներ ասելով միշտ կարող են ինկվիզիցիա սարքել:

Եթե սոցիալիստ է` անգիր գիտի ինչ են ասել Մարքսն ու Էնգելսը, բայց բնավ չգիտի թե ո՛ւմ, որտե՛ղ, ի՛նչ պետք է ասի ինքը, դուրս է տալիս նրանց բառերն ու նախադասությունները և վերջ ի վերջո տեռորն է իր իդեալը` անհատական թե մասսայական, իբրև իր ներքին անկորողության ապոֆեոզը:

Աղբյուր` Հովհաննես Թումանյան, ԵԼԺ, հատոր 9, էջ 301

Հովհաննես Թումանյան, «Զինվորագրվել են…», 1918թ.