Այսպէս է ասում Տէրը. «Ով մեղաւորին իր մոլորութեան ճանապարհից յետ է բերում, կը փրկի նրա հոգին մահուանից եւ կը ծածկի մեղքերի մի ամբողջ բազմութիւն» (Հակոբոս 5:20)

Աղասի Այվազյան

Մարդկության մեծ մասին հատուկ է անհատի ստորադասության բարդույթը, բայց կա մի ազգ (մենք), որ տառապում է ազգային ստորադասության բարդույթով: Եզակիական պարադոքսալ մի վիճակ, երբ առանձին-առանձին, յուրաքանչյուր հայ իրեն զգալով որպես բարձրագույն իսկություն, ի բնե, դրսևորելով իր կամքի գերակայությունը, բոլոր ժամանակներում իր շնորհներով մրցության մեջ մտնելով աշխարհի տարբեր ժողովուրդների անհատների հետ, ունենալով պատմության ընթացքը կարգավորելու սեփական առաքելության ներշնչանքը, իր հավաքական դրսևորույթի մեջ անվստահ է: Անբացատրելի մի երևույթ, միստիկական մի հարց, որը չի կարող բացապարզվել նույնիսկ մեր այսահար պատմության երկարաձիգ ու վայրիվերո ընթացքով: Եվ այժմ անկախության նկատմամբ մեր Այո-ն, իմ խորին համոզմամբ, փոփոխության առաջին փուլը կարող է հանդիսանալ ազգային մեր կազմախոսության մեջ: