Այսպէս է ասում Տէրը. «Որովհետեւ չկայ ծածուկ բան, որ չյայտնուի, եւ գաղտնի բան, որ չիմացուի, քանի որ, ինչ որ խաւարի մէջ ասէք, լսելի պիտի լինի լոյսի մէջ. եւ ինչ որ շտեմարաններում փսփսաք ականջների մէջ, պիտի քարոզուի տանիքների վրայ» (Ղուկասի 12:2-3)

Սբ. Գրիգոր Նազիանզացի․ «Ո՜վ Դու, ամէն ինչից Անդինդ»

Ո՜վ Դու, ամէն ինչից Անդինդ,
ինչպէ՞ս դիմել Քեզ մի ա՛յլ անունով:
Ինչպիսի՞ տաղ կարող է երգել Քեզ:
Ոչ մի անուն Քեզ չի արտայայտում:
Ինչպիսի՞ միտք կարող է ըմբռնել Քեզ:
Ոչ մի խելք չի կարողանում յղանալ Քեզ:
Դու միակդ ես անսխալական.
այն ամէնն, ինչ մտածում ենք, Քեզնից է ելել:
Բոլոր գոյակները ծիսակատարում են Քեզ,
խօսուններն ու անխօսները:
Բոլոր գոյակները պատիւ են մատուցում Քեզ,
մտքով օժտուածներն ու չօժտուածները:
Տիեզերական իղձը, բոլորի հառաչանքը
մղւում է դէպի Քեզ:
Ամէն բան, որ գոյութիւն ունի, աղօթում է Քեզ
եւ տիեզերքն ընթերցել իմացող իւրաքանչիւր գոյակ
դէպի Քեզ է վերառաքում լռութեան մի տաղ:
Ամէն բան օթեւանում է Քո մէջ միայն
եւ ամէն բան, միասնական սլացքով,
որպէս իր նաւամատոյցին, դէպի Քեզ է ձգտում:
Բոլոր գոյակների նպատակակէտը Դու ես,
միակդ ես,
իւրաքանչիւրն ես, եւ ոչ մէկը չես:
Գոյակներից մէկը չես, նրանց ամբողջութիւնը չես.
բոլոր անունները Քոնն են. ինչպէ՞ս Քեզ դիմեմ,
Քեզ, որ միակդ ես, ում անհնարին է անուն տալ:
[...] Ողորմիր ինձ, ո՜վ Դու, ամէն ինչից Անդինդ.
Ինչպէ՞ս դիմել Քեզ մի ա՛յլ անունով:

Սբ. Գրիգոր Նազիանզացի (329-390թթ.)
Աղբյուր՝ Mashtoz.org