Այսպէս է ասում Տէրը. «Ով որ այս պատուիրաններից, փոքրերից անգամ, մի բան ջնջի եւ մարդկանց այդպէս ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ փոքր պիտի համարուի. իսկ ով կատարի եւ ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ նա մեծ պիտի համարուի» (Մատթեոս 5:19)

Սուրբ Հռիփսիմյանց կույսեր

Հռիփսիմյանց կույսեր սուրբ Հռիփսիմյանց և սուրբ Գայանյանց կույսեր (նահատակվել են 301 թվականին, Վաղարշապատ), տոնելի քրիստոնյա վկայուհիներ, նահատակներ։ Հռիփսիմյանց կույսերը առաքինազարդ վանական կյանք են վարել Հռոմում, իրենց մայրապետի՝ Գայանե կույսի առաջնորդությամբ։ Հռոմի Դիոկղետիանոս կայսրի (284-305) հալածանքներից խուսափելով՝ ի վերջո ապաստանել են Հայաստանում (Վաղարշապատի Հնձանք կոչված վայրում)։ Ավանդությունը հալածանքների պատճառ է համարում այն, որ կույսերից գեղեցկագույնը՝ երկնավոր հարս Հռիփսիմեն, հրաժարվել է Դիոկղետիանոս կայսրի առաջարկներից՝ դառնալու նրա կինը և Հռոմի կայսրուհին։

Կայսրը լուր է հղել Հայոց Տրդատ Գ Մեծ թագավորին, որ գտնի Հայաստանում ապաստանած կույսերին և վերադարձնի Հռոմ, բայց եթե ուզենա, կարող է և կնության առնել Հռիփսիմեին։ Տրդատ թագավորը, գտնելով կույսերին ու տեսնելով Հռիփսիմեի գեղեցկությունը, ինքն էլ է ցանկությամբ համակվել։ Հռիփսիմեն հրաժարվել է Տրդատից ևս։ Դրա համար նրան ենթարկել են անլուր չարչարանքների, կտրել լեզուն, հանել աչքերը և քառատելով այրել։ Սրահար են արել նաև Հռիփսիմեի 32 հավատակից վկայուհիներին։ Սրբուհիների մարմինները 9 օր մնացել են անթաղ, մինչև որ Խոր Վիրապից դուրս եկած Գրիգոր Լուսավորիչը ամփոփել է նրանց մարմինները տապաններում ու թաղել իրենց նահատակության տեղերում՝ Հռիփսիմեին՝ իր հավատակիցների հետ, Գայանյանց կույսերին՝ առանձին, իսկ հիվանդության պատճառով Հնձանք վայրում միայնակ մնացած կույսին՝ Հնձանքում, որտեղ հետագայում Նահապետ Ա Եդեսացի կաթողիկոսը կառուցել է Սուրբ Շողակաթ վանքը։

Սուրբ Հռիփսիմեի վկայարանի վրա Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսը 618 թվականին կառուցել է Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին, որի խորանի գետնահարկ մատուռի մեջ այսօր զետեղված է մնում սրբուհու տապանը։ Իսկ Եզր Ա Փառաժնակերտցի կաթողիկոսը Սուրբ Գայանյանց կույսերի մատուռի տեղում բարձրացրել է Էջմիածնի Սուրբ Գայանե վանքը։ Այս տաճարների ներքո մեծամեծ քարերով շինված գետնափորեր կան, որտեղ ամփոփված են կույսերի ոսկորները։

Հայաստան եկած կույսերի թիվը, ըստ Ագաթանգեղոսի, 70-ից ավելի էր, նահատակվածներինը՝ 37։ Հանվանե հիշատակված են Հռիփսիմեն, Գայանեն, Նունեն, Շողակաթը և Մարիանեն։ Գրիգոր Ա Լուսավորիչը Հռիփսիմյանց կույսերին դասել է սրբերի շարքը։ Որպես սրբեր Հռիփսիմեն և Գայանեն նշվում են ոչ միայն հայերեն, այլև հունարեն, լատիներեն, արաբերեն, ղպտիերեն, ռուսերեն Հայսմավուրքներում։

Հռիփսիմյանց կույսերի նահատակությունը հիմք է հանդիսացել հայ քրիստոնեական գրականության վաղ հուշարձաններից մեկի՝ Հռիփսիմյանց վկայաբանության համար, որը անցնելով Ագաթանգեղոսի և Մովսես Խորենացու Պատմությունների մեջ, լայն տարածում է ստացել ինչպես հայ, այնպես էլ ողջ միջնադարյան քրիստոնեական գրականության էջերում։

Սուրբ Հռիփսիմե վանքի օծման կապակցությամբ 618 թվականին Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսը գրել է Սբ. Հռիփսիմյանց կույսերին նվիրված շարականը.

Անձինք նուիրեալք սիրոյն Քրիստոսի,
Երկնաւոր նահատակք և կուսանք իմաստունք… - (Շարակնոց, 1853, էջ 487):

Հայ եկեղեցին Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը տոնում է Սուրբ Զատկին հաջորդող կիրակիից հետո՝ երկուշաբթի օրը։

 Տեսանյութը՝ Շողակաթ հեռուստաընկերության