Այսպէս է ասում Տէրը. Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք: ՍԻՐԱՔ ; 20 ,28

Ագուլիսի Ս. Թովմա առաքյալ վանք

Գողթն գավառի (այժմ` Նախիջևանի ԻՀ Օրդուբադի շրջան) Ագուլիս ավանի կենտրոնում: Ըստ ավանդության և Ս. Թովմա եկեղեցու արմևմտյան մուտքի բարավորի չափածո արձանագրության, Ագուլիսի Ս. Թովմա առաքյալ վանքը I դ. հիմնադրել է Բարդուղիմեոս առաքյալը և իր աշակերտ Կումսիին նրա առաջնորդ կարգել, իսկ 305-ին վանքը վերակառուցել է Գրիգոր Ա Լուսավորիչը: Ագուլիսի Ս. Թովմա առաքյալ վանքը եղել է Գողթն գավառի հոգևոր կենտրոնը և վաղ միջնադարից մինչև 1838-ը` եպիսկոպոսանիստ: Նրա վերաբերյալ վավերական հիշատակությունները հայտնի են XIV դարից:

Ագուլիսի Ս. Թովմա առաքյալ վանքը որպես կրոնոական, ուսումնական և մշակութային կենտրոն ծաղկում է ապրել XVII դ.` վաճառաշահ Ագուլիսի տնտեսական բարգավաճման հետ: Վանքի եկեղեցին և շինությունները խարխուլ լինելու պատճառով 1632-33-ին վանահայր Խաչատուր վարդապետը կառուցել է նոր պարիսպներ և շինություններ, իսկ 1634-1636-ին` եկեղեցու նոր շենքը: 1668-ին Պետրոս վարդապետը, Վասպուրականից հրավիրած վարպետների ուժերով, շրջանաձև բուրգերով նոր պարիսպներ և դրանց կից 2-3-հարկանի նոր շինություններ է կառուցել սրբատաշ քարով, թրծված աղյուսով ու կրաշաղախով: Վանքի եկեղեցին 1679-ի երկրաշարժից հավանաբար տուժել է, և 1694-ին հիմնովին նոր եկեղեցի է կառուցվել` սրբատաշ բազալտով ևկարմրավուն ֆելզիտով` ներսից յոթանիստ խորանով, չորս խաչաձև մույթերով գմբեթավոր բազիլիկի հորինվածքով:

Արմ. Ճակատի արձանագրություններում նշված են նոր եկեղեցու շինարարությանն աջակցած Գողթն գավառի 30-ից ավելի բարերարների անունները: Արմմտյան մուտքի առջևի քառամույթ սրահ-զանգակատունը կառուցվել է 1825-ին, ամբողջովին վերակառուցվել 1831-ին և 1904-ին: Համանման սրահներ XVII դ. կառուցվել են հյուսիսային մուտքի առջև ու հարավային պատի մոտ, որը որպես տապանատուն է ծառայել:

Եկեղեցու ներսը XVII դ. վերջին զարդարել է Ագուլիսի Ս. Թովմա առաքյալ վանքի դպրոցի սան, ապա նրա ուսուցիչ և վանքի դպիր, նկարիչ Նաղաշ Հովնաթանը: Գմբեթը և խորանի գմբեթարդը նկարազարդվել են որպես երկինք` կապույտ ֆոնի վրա փայլող աստղերով, բեմի անկյուններում պատկերված են չորս թևատարած հրեշտակներ, իսկ նրա մարմարե ճակատին` ս. Ստեփանոս Նախավկան: Թաղերը, գմբեթակիր կամարները և առագաստները ծածկված են բազմերանգ բուսական զարդամոտիվներով, սափորների մեջ դրված ծաղկեփնջերով և նկարներով: Եկեղեցու գլխավոր` արևմտյան մուտքի ճակատակալ քարին «ս. Թովմայի անհավատությունը» պատկերագրությամբ հարթաքանդակն է: Քառանկյուն շրջանակի մեջ քանդակված են Քրիստոսը` խաչափայտը բռնած, և գեղարդով խոցված նրա կողը շոշափող, ծնկաչոք Թովմա առաքյալը: Շրջանակից դուրս, վերևում Նաղաշ Հովնաթանը նկարել է Աստծուն, ձախում` Աստվածածնին, աջում` Մարիամ Մագթաղինացուն, իսկ նրանց գլխավերևում` արեգակ ու լուսին: Պատկերաքանդակի և որմնանկարի միջև ներդաշնակություն ու միասնական հորինվածք ստեղծելու համարգունազարդել է նաև քանդակը:

Եկեղեցու հս. մուտքի բարավորին քանդակված է ողջ հասակով կանգնած Պողոս առաքյալը, իսկ հվ.մուտքին` Պետրոս առաքյալը` դրախտի բանալիները ձեռքին: Արևմտյան մուտքի փայտե գեղաքանդակ, սադափով ու փղոսկրով զարդարված դուռը պատրաստվել է 1694-ին, Խոջա Սեթունի միջոցներով: Ագուլիսի Ս. Թովմա առաքյալ վանքում XIV-XVIII դդ. գործել է գրչության կենտրոն, որտեղ ընդօրինակվել է մոտ 90 ձեռագիր: Մեզ հասած հնագույնը Վարդան գրչի` 1375-ին ընդօրինակած Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգությանն» է: Գրչության կենտրոնն ընդլայնել է գործունեությունը XV դ.` Հակոբ րաբունապետի ջանքերով:

1425-ին Մատթեոս գրիչն ընդօրինակել է Գրիգոր Տաթևացու «Գիրք հարցմանցը», 1447-ին` մի «Տոնական», իսկ Թումա գրիչը 1432-ին` Միքայել Ասորու «Ժամանակագրությունը», ապա` Վարդան Արևելցու «Հավաքումն պատմության», Կիրակոս Գանձակեցու «Պատմություն Հայոց» աշխատությունները: XVI դարից վկայություններ կան միայն ձեռագրերի նորոգման մասին, իսկ XVII դարից պահպանվել է ութ ձեռագիր:

Ագուլիսի Ս. Թովմա առաքյալ վանքի գրչության կենտրոնը 1752-ին կողոպտել են Ատրպատականի Ազատ խանի, 1789-ին` Մուստաֆա խանի հրոսակները: Նրանք վանքի սպասքի հետ հափշտակել են նաև ձեռագրերը (դրանցից 1477-ի Ճաշոցը՚ 3900 արծաթով հետ է գնել Պետրոս տիրացուն և վերադարձրել վանքին): Ագուլիսի Ս. Թովմա առաքյալ վանքում գրված 10 ձեռագիր պահվում է Մատենադարանում:

1867-ին Ագուլիսի բնակիչների միջոցներով և գրող Պերճ Պռոշյանի նախաձեռնությամբ ու ջանքերով, կաթողիկոս Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցու հրամանով Ագուլիսի Ս. Թովմա առաքյալ վանքում բացվել է արական դպրոց` «Վերին Ագուլեաց Հայոց հոգևոր ուսումնարան» անունով, որը եղել է եռդասյան և ունեցել է նաև նախակրթարան: Դպրոցի համար վանքում հարավ-արևմտյան շինություններին հարկ է ավելացվել, հրավիրված ուսուցիչների համար բակում կառուցվել բնակարաններ:

Դպրոցն ունեցել է 150 աշակերտ, նրա կանոնադրության համաձայն` ընդունել են բնակչության բոլոր խավերի երեխաներին, դասավանդել են լեզուներ, պատմություն և աշխարհագրություն, թվաբանություն և երկրաչափություն, կենսաբանություն, գծագրություն ևն: Ագուլիսի Ս. Թովմա առաքյալ վանքում պահվել են` 1821-ին Եփրեմ Ա Ձորագեղցի կաթողիկոսի նվիրած` Թովմա առաքյալի Աջը, Գայանեի մասունքը, Հակոբ Հայրապետի Աջը, 1657-ի ուրար` հրեշտակներով շրջապատված Հակոբ Նահապետն իր որդիների հետ ձեռագործ պատկերով, 1763-ի ուրար (այժմ` ՀՊՊԹ-ում), 1797-ի ոսկեթել վակաս: 1918-ին թուրք. զորքերն ավերել են Ագուլիսը, կոտորել հայ բնակիչներին,կողոպտել Ագուլիսի Ս. Թովմա առաքյալ վանքը, որը դրանից հետո լքվել է և ամայացել:

Աղբյուր՝ Ter-hambardzum.net