Այսպէս է ասում Տէրը. «Կին արարածը թող ուսանի լռութեամբ, կատարեալ հնազանդութեամբ։ Եւ ես թոյլ չեմ տալիս, որ կին արարածը ուսուցանի կամ էլ խօսքով իշխի տղամարդու վրայ, այլ թող լուռ մնայ. որովհետեւ նախ Ադամը ստեղծուեց եւ ապա՝ Եւան» (Տիմոթեոս 2:11-13)

Հովհաննես Շիրազ․ Մորս սրտի պես

Մայրիկիս մեջ ողջ մայրերին ես կզգամ,
Նրանց կերգեմ` երգելով մորն իմ անգին,
Թող ինձ կարդա մայրամոռն էլ անզգամ`
Պաշտե գեթ իր մայրիկին:
Ախ, անառակ որդիք շատ եմ տեսել, շատ,
Անառակ մայր...Օձն էլ չունի, օ, երբեք,
Միայն մայրն է մնացել սուրբ Արարատ
Ողջ աշխարհում այս պղերգ:
Աստվածները սատանաներ դուրս եկան,
Ախպերն ախպոր, քույրը` քրոջ կդավե,
Սուրբ է մնում միայն սիրտը մայրական,
Ախ, լոկ մայրն է սուրբ ու վեհ:
Սայաթ-Նովան իր սիրուհուն սիրերգեց,
Նարեկն` սատծուն, Խայամն երգեց իր գինին,
Ես ինձ ասի` մորդ երգիր, բանաստեղծ,
Որ մայրանան կյանք ու կին:
Ես մոր սրտի սիրտը պիտի ձեզ բանամ`
Նման մթնած, գանձաթաքույց այրերին,
Ողջ անառակ որդոց պարտքը պիտի տամ
Բոլոր մոլոր, բոլոր մոլոր մայրերին...

* * *
Ես սիրում եմ ծաղիկները
Մեկ էլ մորս աչքերը պարզ,
Ազգեր մեկ էլ ձեր արքերը`
Թե ծաղկի պես նայեն վաս:
Ես սիրում եմ ողջ աստղերը,
Մեկ էլ մորս աչքերը հեզ,
ԱՍտված մեկ էլ քո աչքերը`
Թե ինձ պահես մայրիկիս պես...

* * *
Հին աշխարհը չեմ տեսել
Ու ոչ մի բան չեմ հիշում,
Ու չեմ նրան երազել
Իմ հուշերի մշուշում:
Բայց երբ նայում եմ խաղաղ
Մորս դեմքի դալուկին,
Ինձ թվում է, թե մի պաղ,
Վիշտ է եղել կյանքը հին:
Հին աշխարհը չեմ տեսել
Ու ոչ մի բան չեմ հիշում,
Բայց թողել է նա մի թել
Մորս աչքի մշուշում:

* * *
Մայրս փոքրիկ, մայրս խողճ,
Մայրս մի մայր հասարակ,
Մայրս այս մայր երկրի մեջ`
Արևի դեմ մի ճրագ:
Բայց արևի լույսի տակ,
Երբ ցավեր եք ինձ բերում,
Սրտիս մռայլն անհատակ`
Այն խեղճ ճրագն է ցրում:
Մայրս փոքրիկ, մայրս խողճ,
Մայրս մի մայր հասարակ,
Մայրս` մի բուռ սրտիս մեջ`
Գիշեր ու զօր արեգակ:
 
* * *
Մորս աչքերն օրոցքիս
Զույգ մոմերի պես վառվել`
Գիշեր ու զօր աչքերիս
Լույս տալով են սպառվել:
Ու թախծում եմ ես պռով,
Ախ, չլինի մորս պես`
Սևան, դու էլ վառվելով
Ու լույս տալով սպառվես...

* * *
Մայրս` ձեզ համար
Խեղճ, անշուք մի մայր,
Ինձ` նշխար մի երգ.
Ինձ` մի տիեզերգք,
Ինձ աշխարհ բերած
Մի նշխար աստված:

* * *
Մորս սրտի հետ աշխարհն եմ չափել`
Էլի մեծ էր նա, մեծ էր ու անգին,
Արև աչքերի լույսն է նա թափել`
Լուսնյակ դառնալով` որդոց օրոցքին...
Եվ հիմա քիչ է, թե աչքերս տամ,
Թե սիրտս հանեմ ու տամ մայրիկիս,
Ախ, մայր երգելուց ինչպես կշտանամ,
Մայրս պատկերն է մայր հայրենիքիս:

* * *
Հանեմ գանձերը հայոց լեռների,
Շաղ տամ բոլորը մորս ոտքի տակ`
Ախ, էլի քիչ է, ախ, քիչ է էլի:
Շաղ տամ մարգարիտն` համայն ծովերի,
Ծաղիկների հետ, մորս ոտքի տակ`
Ախ, էլի քիչ է, ախ, քիչ է էլի:
Ցած բերեմ բոլոր բույլերն աստղերի,
Զույգ աչքերիս ետ ձգեմ ոտքի տակ`
Մորս ոտքի տակ` , ախ, քիչ է էլի:
Եվ թեկուզ հանեմ իմ սիրտը բարի`
Գառի պես զոհեմ մորս ոտքի տակ`
Ախ, էլի քիչ է, ախ, քիչ է էլի:
Լոկ մայրն է այժմ խիղճն հայրենիքիս`
Դարերի կյանքն էլ թե տաս մայրիկիս,
Աստված իմ, քիչ է, չէ, քիչ է էլի: