Այսպէս է ասում Տէրը. «Ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծոյ հրեշտակների առաջ: Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ ուրանայ, Աստծոյ հրեշտակների առաջ պիտի ուրացուի» (Ղուկասի 12:8)

Աղոթք հոգևոր վարձատրության

Սաղմոս 27 (ԻԷ)

Գրաբար
Առ քեզ, Տէր, կարդացի. Աստուած իմ, մի՛ լռեր յինէն. մի՛ երբեք լռեսցես յինէն, զի մի՛ նմանիցիմ այնոցիկ ոյք իջանեն ի գուբ:
Լուր, Տէր, ձայնի խնդրուածոց իմոց յաղաչել ինձ առ քեզ, ի համբառնալ ձեռաց իմոց ի տաճար սուրբ քո:
Մի՛ համարիր ընդ ամպարիշտս զանձն իմ, եւ մի՛ ընդ այնոսիկ ոյք գործեն զանօրէնութիւն` կորուսաներ զիս. ոյք խօսէին զխաղաղութիւն ընդ ընկերս իւրեանց, եւ չարութիւն է ի սիրտս նոցա:
Տուր նոցա, Տէր, ըստ գործոց նոցա, ըստ անօրէնութեան գնացից նոցա հատո նոցա. ըստ գործոց ձեռաց նոցա հատո նոցա` զհատուցումն նոցա նոցին:
Ոչ իմացան նոքա զգործս Տեառն, եւ ոչ ի գործս ձեռաց նորա հայեցան. կործանեսցես զնոսա եւ այլ մի՛ շինեսցին:
Օրհնեալ է Տէր զի լուաւ ձայնի աղօթից իմոց:
Տէր օգնական իմ եւ պաշտպան իմ. ի նա յուսացաւ սիրտ իմ, օգտեցաւ եւ զուարճացաւ մարմին իմ. եւ ես կամօք իմովք խոստովան եղէց նմա:
Տէր զօրութիւն ժողովրդեան իւրոյ, ապաւէն փրկութեան օծելոյ իւրոյ:
Փրկեա զժողովուրդս քո, եւ օրհնեա զժառանգութիւնս քո, հովուեա եւ բարձրացո զնոսա մինչեւ յաւիտեան:

Աշխարհաբար
Քեզ կանչեցի, Տէ՛ր, անարձագանք մի՛ թողնիր ինձ, Աստուա՛ծ իմ. եթէ երբեւէ լուռ մնաս, կը նմանուեմ նրանց, ովքեր գերեզման են իջնում։ Լսի՛ր, Տէ՛ր, պաղատանքիս ձայնը, երբ ես աղաչեմ քեզ, երբ ձեռքերս դէպի սուրբ տաճարդ պարզեմ։ Ամբարիշտների շարքը մի՛ դասիր ինձ եւ մի՛ կործանիր ինձ նրանց հետ, որ անօրէնութիւն են գործում, որ հաշտութեան մասին են խօսում իրենց ընկերների հետ, բայց սրտներում չարութիւն կայ։ Վարձատրի՛ր նրանց, Տէ՛ր, ըստ իրենց արարքների, իրենց անօրէն վարքի համեմատ հատուցի՛ր նրանց, նրանց ձեռքերի գործին նայելով՝ տո՛ւր իրենց հատուցումն իրենց։ Նրանք ուշ չդարձրին Տիրոջ արածներին, ոչ էլ նայեցին նրա ձեռքի գործերին։ Դու կը կործանես նրանց, եւ այլեւս նրանք ոտքի չեն կանգնի։ Օրհնեալ է Տէրը, քանզի լսեց ձայնն իմ աղօթքի։ Տէրն իմ օգնականն է ու պաշտպանը. նրա վրայ դրեց իր յոյսը սիրտն իմ, եւ մարմինս գոհացաւ ու զուարճացաւ. ես յօժարակամ պիտի փառաբանեմ նրան։ Տէրը զօրութիւնն է իմ ժողվրդի, ապաւէնն իր օծեալի փրկութեան։ Փրկի՛ր քո ժողովրդին, եւ օրհնի՛ր քո ժառանգորդներին, հովուի՛ր ու յաւէտ բարձրացրո՛ւ նրանց։

Աղբյուր՝ Աղոթագիրք