Այսպէս է ասում Տէրը. «Արդարեւ, իմաստութիւնն աւելի գեղեցիկ է, քան արեգակը եւ բոլոր աստղաբոյլերը, իսկ լոյսի հետ համեմատած՝ առաւել է նրանից» (Իմաստ. Սողոմոնի 7:29)

Սուրբ մարտիրոս Փիթեոնի վկայաբանությունը

Հոռոմոց թվականության յոթ հարյուր հիսունինը և Պարսից թագավորության երկու հարյուր քսանչորս և Պարսից արքա Հազկերտի թագավորության իններորդ տարում էր: Պարսից ազգից մի մեծատուն մարդ կար, որ մոգ էր: Նա երկու որդի ուներ և նրանց սովորեցնում էր հայրենատուր մոգությունը: Սակայն նրա Հազտինոս կոչվող որդու սրտում ծագեցին Աստծու շնորհները, և հոր մոգությունը թողնելով` իրենց գյուղի եկեղեցին գնաց և աստվածային մկրտություն խնդրեց: Իսկ քրիստոնյաները տղայի հորից երկյուղեցին մկրտել, և Հազտինոսը, թողնելով հայրական տունը, գնաց Կերմիա օտար երկիրը, Սալուխ քաղաքի մոտ, որ մենք Սղաք ենք կոչում: Եվ գնաց այն վանքը, որ Պեթ Սավհըտե էր կոչվում, ուր առաջնորդն էր սուրբ հայր Հովհաննեսը: Եվ Հազտինոսն այնտեղ ընդունեց աստվածային մկրտությունը, ուսանեց սաղմոսներն ու սուրբ Գրքերը, նաև պահքի ճգնության կարգն ու աղոթքները:

Եվ երբ կատարելապես սովորեց քրիստոսական հավատքը, վերադարձավ իր երկիրն ու գյուղը: Եվ իր հորը մեռած գտավ: Եվ իր եղբորն ու եղբորորդուն, որ Փիթեոն էր կոչվում, ուսուցանեց Քրիստոսի հավատքը և մկրտեց նրանց: Եվ Փիթեոնին կրոնավորի սքեմ հագցրեց և կրթում էր ամենայն բարի բաներով: Եվ Փիթեոնը մաքուր մանուկ էր, Աստծու շնորհով ճգնավորական վարքով զորացած, որի համար նա փայլում էր Պերշիփարա երկրում: Եվ նա հռչակվեց շատերի մեջ: Եվ նրանց մոտ բազում մարդիկ էին գալիս, որ նեղված էին զանազան ախտերից, և բժշկվում էին: Եվ նրանց սքանչելագործությունների շնորհիվ մոգերից շատերը դառնում էին դեպի Քրիստոսի հավատքը:

Եվ երանելի Հազտինոսը երկարամյա ճգնական կյանքից հետո` օգոստոս ամսի մեկին, ի Քրիստոս փոխվեց: Իսկ Փիթեոնը, բնակվելով իր ուսուցչի խցում, ճգնությամբ և սքանչելի գործերով զորանում էր, բժշկում էր շատերին և ետ դարձնում մոլորությունից: Եվ բժշկեց պարսից մեջ երևելի մի մոգպետի դստերը, որ բորոտությամբ էր տառապում և այսահար էր: Եվ երբ մոգի դուստրը ազատվեց դևից և բորոտությունից, նրանք հավատաց[ին] Քրիստոսին: Եվ նախկին մոգի հավատքի մասին ծանուցեցին Պարսից թագավորին, և նա ստիպեց կրկին մոգության դառնալ:

Ստիպեց նաև աղջկան, որ հավատափոխ լինի: Եվ երբ նրանք անշրջելի կամքով Քրիստոս խոստովանեցին, բազում տանջանքների ենթարկեց նրանց և սպանեց այլ մարտիրոսների հետ մեկտեղ: Իսկ դատավորը, որ սպանեց նրանց, ծանուցեց, թե Փիթեոնի շնորհիվ էին նրանք քրիստոնեություն ընդունել: Թագավորը բազում մոգերի կանչեց, և խորհեցին. սքանչելի գործերի շնորհիվ սրբի շուրջ խմբված քրիստոնյաների բազմությունից թաքուն` բռնել և բերել երանելիին: Եվ երբ ուղարկվածները հասան սրբի ճգնության խցի դռանը, երանելին միջօրեի աղոթքն էր անում: Եվ նրանք չհամարձակվեցին ներս մտնել: Եվ երբ ավարտեց աղոթքը, դուրս եկավ և խոնարհությամբ ողջունեց նրանց ու ասաց. «Ի՛մ տերեր, համեցե՛ք, այս շուքի ներքո զովացե՛ք տապից: Եվ ինչ կամենաք` ձեր ձեռքում է»: Եվ նրանք ասացին. «Քո հեզաբարո բառերից հետո չենք համարձակվում խոսել, բայց [պետք է ասենք, որ] եկել ենք, որպեսզի երկաթյա կապանքներով քեզ մեծ մոգպետի մոտ տանենք, որովհետև դու մեր հավատքին դեմ բաներ ես սովորեցնում»: Եվ սուրբն ինքնակամ հանձնվեց: Այնժամ նրանց վերակացուն, որ Նիհուրմիզդ էր կոչվում, հրամայեց դահիճներից մեկին, որ շղթայի սրբին: Եվ երբ նրան կալանեցին, շղթաները քանդվեցին և թափվեցին գետին: Իսկ Նիհուրմիզդը հրամայեց երկու ուրիշ` ամուր շղթա բերել` մեկով կապել սրբի ոտքերը, մյուսով` ձեռքերը: Եվ երբ կապեցին, անմիջապես օղակները մաս-մաս եղան և իրարից բաժանվեցին: Եվ զարմանալով` զինվորներն ասացին.

«Այս ամենը կա՛մ կախարդությամբ է անում, կա՛մ Աստծու զորությամբ»: Եվ մի հաստ պարան բերեցին, որ խոզի մազից էր և չորս զինվորներ սկսեցին հնարավոր պնդությամբ կապել նրան: Եվ նրանց վրա որոտ հնչեց և մեռելի պես գետին տապալեց: Եվ երբ երեք ժամ [այդպես] մնացին, սուրբը մոտեցավ և ուշքի բերեց նրանց: Իսկ զինվորներից մեկը առավել խիստ էր հայհոյում սրբին և ասում էր, թե այդ սքանչելիքները կախարդությամբ են լինում: Եվ նրան խփեց կայծակն ու հրկիզեց: Եվ այդ ժամանակ աղմուկ բարձրացնելով` բոլորն սկսեցին ասել. «Ճշմարիտ, միայն Նա է Աստված, որին դու քարոզում ես»: Հավատալով աղմկում և խնդրում էր ողորմել նաև այն զինվորը, որին այրեց կայծակը: Եվ սուրբը հանգցրեց հուրն ու առողջացրեց այրման վերքերը: Եվ երանելին վերցրեց իր ցուպն ու նրանց առաջն ընկած` գնաց մոգպետի մոտ: Իսկ երբ արդեն հասնում էին, սուրբը վերցրեց շղթաներն ու կապանեց ինքն իրեն, որ այդպես մտնի, և մոգպետը չբարկանա զինվորների վրա:

Մոգպետը հարցրեց. «Դո՞ւ ես Փիթեոնը` Նազովրեցվոց կախարդության առաջնորդը»: Սուրբը պատասխանեց. «Կախարդությունը ձեր ուսմունքն է… ձեր, որ հեռացել եք Աստծու գիտությունից, իսկ մերը վարդապետություն է, որ Աստծու գիտությունն է և կենաց ճանապարհի ուղղորդումը»: Եվ բարկանալով` դատավորը ձեռքով բռնեց շղթայի ծայրից, որով կապված էր սուրբը, և իր կողմը քաշեց: Եվ անմիջապես սրբի պարանոցի կապանքները երկու կես եղան, իսկ շղթայի ծայրը, որ ձեռքում բռնել էր մոգը, կրակի շանթի վերածվեց, և նա, հուրը ձեռքից գցելով, աղաղակեց. «Ո՜հ, ի՞նչ էր այս… տեսնո՞ւմ եք սրա կախարդությունը»: Եվ հրամայեց սրբին բանտ տանել և փակել այնտեղ: Եվ գիշերը, երբ սուրբը ծնկի իջած աղոթում էր, հանկարծ որոտման ձայն լսվեց: Եվ բոլոր բանտարկյալներն արթնացան և տեսան, որ բոլորի կապանքներն արձակվել են, և բացվել է բանտի դուռը: Եվ այդ ժամանակ զարմացան և սկսեցին գոչել ու ասել. «Քո Աստված մեծ է, Փիթեո՛ն, և միայն Նա է Աստված»: Իսկ երբ բանտապետն արթնացավ ու տեսավ կատարվածը, կարծեց, թե բանտարկյալները փախել են, և կամենում էր գնալ որոնելու: Բայց սուրբը նրան ձայնեց և ասաց. «Մի՛ երկնչիր, բոլորս այստեղ ենք: Ե՛կ, փակի՛ր բանտիդ դռները»:

Եվ այգին մոգպետն իմացավ եղելությունը, խիստ բարկացավ և իր մոտ բերել տվեց սրբին ու երկար հարցաքննեց: Եվ երբ տեսավ, որ երանելին հաստատակամ է Քրիստոսի հավատքի մեջ, հրամայեց կապել նրան և գցել մոտերքում հոսող գետի խորքերը: Եվ երբ սրբին գետի մեջ գցեցին, վերևից եկող ջրերը ետ դարձան, պարսպի պես դիզվեցին և շարվեցին դեպի վեր: Իսկ գետի ներքևի ջրերն անցան գետնի տակ, և այն տեղը, ուր ընկել էր սուրբը, ամբողջությամբ ցամաքեց: Եվ հավաքվածների բազմությունը, որ վերևում կանգնած դիտում էր ահազդու սքանչելիքը, երկյուղի մեջ ընկած և զարհուրած սկսեց աղաղակել և ասել, թե` «Մեծ է քրիստոնյաների Աստվածը, որ Իր հրեշտակի միջոցով գետի ջրերը հեռացրեց Իր ծառա Փիթեոնից»: Եվ կատարվածի լուրն առնելով` մեծ բազմություն հավաքվեց այնտեղ, և մեծ սքանչելիքը տեսնելով` նրանցից շատերը հավատացին ի Քրիստոս: Իսկ մոգպետը, լսելով աստվածային հրաշալի նշանի մասին, մռայլվելով տրտմեց և ամոթահար այրվում էր բարկությամբ: Եվ երբ մոգպետը հրամայեց երանելիին դուրս բերել այնտեղից, գետի ջրերը, սրբի դուրս գալուն պես, մեծաձայն շառաչմամբ սկսեցին հոսել իրենց հին ընթացքով: Սակայն մոգպետը կատարվածը կախարդություն էր համարում: Եվ հրամայեց մեծ քանակությամբ փայտ հավաքել և գյուղի հյուսիսային կողմում հզոր կրակ վառել տվեց, այնքան, որ հրի սաստկությունից ամբողջ գյուղը դուրս փախավ: Եվ մոգպետը հրամայեց սրբին կապել և բոցի մեջ նետել: Եվ այդ պահին սաստկագույն ճայթմամբ հուրը բարձրացավ սրբի գլխից վեր և խորանաձև շրջապատեց իբրև առագաստ: Եվ չորս ժամ, արևի լույսի պես, ոչ մի վնաս չէր տալիս: Իսկ սուրբը սաղմոսելով բարձրաձայն օրհնում էր Աստծուն` հիշելով Նրա սքանչելիքները, որ գործել էր նախնի արդարների սերունդների համար, ինչպես և բաբելոնյան հնոցում երեք մանուկների հետ կատարվածը: Իսկ սաստիկ հուրը, ցոլալով և ոստնելով այսուայն կողմ, այրեց ու փախուստի մատնեց հեթանոսներից շատերին: Այնժամ Նիհուրմիզդը և մյուս զինվորները, որ սկզբում գնացել-բերել էին սրբին, պարզորոշ տեսնելով սքանչելիքը` հավատացին ի Քրիստոս և ասացին մոգպետին. «Այս մարդու արածը կախարդություն չէ, որովհետև իրեն է ծառայում հուրը, որին Պարսից աստվածորդի եք համարում»: Սակայն մոգպետը, հին խստությանն ու զայրույթին մնալով, ասում էր, թե այդ ամենը դևերի միջոցով է լինում: Մինչդեռ հավաքվածները քրթմնջում էին մեկը մյուսի հետ` համարելով, որ մոգպետը թագավորի երկյուղից է անում այդ ամենը. և ասում էին. «Տեսնե՞ս ինչու է հուրը արտաքս ելնելով կիզում մեզ: Գոնե այս մարդուն հրամայեր դուրս գալ, որ հուրն իր տեղը վերադառնար, ինչպես գետի ջրերի պարագայում տեսանք»: Մինչդեռ մոգպետը հայհոյական բաներ էր խոսում սրբի և Քրիստոսի հասցեին:

Հետո սուրբն անվնաս ելավ հնոցից և սկսեց փառավորել Աստծուն, իսկ հուրն իր տեղը վերադարձավ: Եվ առավել մոլեգնելով` մոգպետը հրամայեց սրբին կապանքների մեջ դնել և բանտ նետել: Քիչ օրեր անց նա պետք է այլ քաղաք մեկներ և հանձնարարեց բանտապանին, որ մինչև իր վերադարձը սրբին ո՛չ կերակուր տա և ո՛չ ըմպելու որևէ բան: Եվ այդպես սուրբը երկու ամիս և վեց օր անկերակուր մնաց բանտում` մինչև մոգպետը ճանապարհից վերադարձավ: Եվ սուրբը սովամահ չեղավ, որովհետև Աստծու հրեշտակը կերակրում էր նրան և նրա սաղմոսերգությունը միշտ լսելի էր:

Իսկ երբ մոգպետը հարցրեց սրբի մասին և իմացավ, որ դեռ ողջ է, հաջորդ օրն իսկ իր մոտ կանչեց Նիհուրմիզդին և ասաց. «Կախարդ Փիթեոնին վերցրո՛ւ, տա՛ր իր բնակության վայրը, որտեղից որ բերել ես, և այնտեղ կհատես նրա գլուխը»: Իսկ նա հանձն չառավ կատարել: Եվ մոգպետն իմացավ, որ Նիհուրմիզդը հավատում է Քրիստոսին, և խլեց նրա իշխանական կոչումը, ինչպես և մյուսների, որ սրբի սքանչելիքների շնորհիվ մերձեցել էին Ճշմարտությանը: Եվ հրամայեց նրանց կապանքների մեջ դնել, իսկ ինքը, մի այլ մոգի հետ, որ ուղարկվել էր թագավորի կողմից, սրբին վերցնելով տարավ նահատակության վայրը: Եվ այնտեղ ջանում էր աղերսներով ու սպառնալիքներով երանելիին հեռացնել Քրիստոսի խոստովանությունից: Իսկ Տիրոջ երանելի նահատակն աներկյուղ համարձակությամբ Քրիստոսի աստվածությունն էր դավանում, միայն Նրան էր ընդունում ճշմարիտ Աստված և անարգում էր հրապաշտների աղանդն ու Պարսից բոլոր մոլորությունները: Եվ մոգպետը հրամայեց դահիճներին, և նրանք սրով մոտեցան սրբին և նախ հատեցին ունկերն ու ռունգերը և վայր գցեցին: Իսկ սուրբն երեսնիվայր գետին ընկավ և գոհանում էր Աստծուց:

Եվ վերցրեց իր կտրված անդամ ները, համբուրում էր ու ասում. «Գոհանում եմ Քեզնից, Տե՛ր, որ արժանացրեցիր իմ անդամներով պատարագ մատուցելու: Սրանցով քավի՛ր իմ հանցանքները և ընդունի՛ր Քո գառների հոտի մեջ»: Իսկ հաջորդ օրը սրբին առավել ծանր տանջանքներով էին ստիպում ենթարկվել թագավորի հրամաններին և մոգություն ընդունել: Իսկ սուրբը ոչինչ չէր լսում, այլ Քրիստոս էր վկայում: Եվ հատեցին նրա ձեռքերից ու կախեցին իր աչքի առաջ` մի ծառից: Իսկ նա կրկին գոհանում էր Աստծուց: Եվ այդ օրը ևս թողեցին, որ նա տանջվի կտրվածքների ցավից և, թերևս, համաձայնի իրենց հետ: Եվ հաջորդ օրը թիկունքից կտրեցին բազուկները, իսկ սուրբն ասում էր.

«Փա՜ռք Քեզ, Տե՛ր, որ արժանի դարձրեցիր Քո լուծն ընդունելու թիկունքիս: Քո լուծը թեթև է, Փրկի՛չ, և երանի նրան, որ այն բարձրացնում ու ընթանում է Քո ուղիղ ճանապարհով»: Իսկ չորրորդ օրը ծնկներից կտրեցին սրունքները, սակայն սուրբը սաղմոսում էր և ասում. «Ոտքն իմ ուղիղ ճանապարհների վրա թո՛ղ լինի, մեծ հավաքներում պիտի օրհնեմ, Հիսուս Քրիստոսին (Սաղմ. ԺԵ. 12), որին պիտի խոնարհվի ամեն ծունկ և խոստովանի ամեն լեզու, թե` Հիսուս Քրիստոս Տեր է՝ ի փառս Հայր Աստծու» (հմմտ. Փիլիպ. Բ. 10): Եվ հինգերորդ օրը հատեցին սրբի մնացյալ անդամները: Եվ ո՛ր անդամը կտրում էին, կախում էին ծառից` իր դիմաց: Իսկ սուրբն Աստծու զորությամբ տոկում էր, ուշքը չկորցնելով` օրհնում էր Աստծուն և չէր դադարեցնում աղոթքն ու Քրիստոսի անվան գոհաբանությունը: Եվ վեցերորդ օրը դարձյալ եկան` սրբի գլուխը հատելու, իսկ նա սկսեց աղոթել և ասել. «Աստվա՛ծ, լսի՛ր իմ աղոթքները, կատարի՛ր խնդրածներս և Քո ողորմությամբ ընդունի՛ր Քո անարժան ծառային: Եվ ովքեր իմ անվամբ աղաչեն Քեզ, փրկի՛ր նրանց ամեն տեսակ չար դիպվածներից և հանկարծահաս պատուհասներից: Եվ ովքեր տառապեն չար դևերի ձեռքին և Քո ծառայի անվամբ Քեզ աղերսեն, Քո զորությամբ ազատի՛ր նրանց, Քո ողորմությամբ խնայի՛ր բոլորին»:

Եվ երկնքից ձայն հնչեց, որ սրբին ասաց. «Քո բոլոր խնդրածները լսելի եղան: Եվ դու ուրախությամբ ե՛կ Ինձ մոտ, Ի՛մ բարի և հավատարիմ ծառա»: Եվ երբ սուրբն ավարտեց աղոթքը, դահճապետը մոտեցավ և սրով կտրեց նրա գլուխը:

Եվ նրան կախեցին լեռան գագաթին` այնտեղ հավաքված քրիստոնյաների բազմությանը սարսափեցնելու համար: Եվ ուշադիր հսկում էին, որպեսզի որևէ մեկը չտանի-թաղի երանելիի մարմինը: Եվ վկայության տեղը շրջապատել էին հարյուր հիսուն զինվորներ, որ տասն օր հսկելուց հետո միայն հեռացան իրենց տեղերը:

Եվ մի խումբ հոգևորականներ, որ գերության մեջ էին, հավատացյալների բազմությամբ եկան լապտերներով և խունկ ծխելով` հավաքեցին սրբի բոլոր անդամներն ու թաղեցին լեռան ստորոտին, այնտեղ, ուր ավելի վաղ վկայել էին ուրիշները, որ աշակերտել էին նրան, հավատացել ի Քրիստոս և մարտիրոսվել: Իսկ Նիհուրմիզդն ու ևս վաթսուներկու անձինք մոգերից, որ սրբի սքանչելագործությամբ հավատացին և մկրտվելով` կրոնավորվեցին և առաքինական վարքով փոխվեցին ի Քրիստոս` ընդունելով Նրա պսակը:

Մեծ և փառավոր մարտիրոսը, ճշմարտության վարդապետը, երանելի և ամենաժուժկալ կրոնավորն ու ճգնավոր վկա սուրբ Փիթեոնը, որին Մար Փիթեոն են անվանում, ավարտեց իր ընթացքը հետի թշրին կոչվող ամսվա քսանհինգին, չորեքշաբթի օրը: Իսկ նրա հիշատակի մյուս օրը դրված է սեպտեմբեր ամսվա յոթերորդ օրը, [որ տոնում են] ի փառս մեր Աստված Քրիստոսի, որ օրհնյալ է հավիտյան:

Վարք Սրբոց, Հատոր Դ, Ս. Էջմիածին - 2010թ.

Աղբյուր՝ Surbzoravor.am