Այսպէս է ասում Տէրը. «Կամենում եմ, որ դուք ամէնքդ էլ լեզուներ խօսէք. աւելին՝ որ մարգարէանաք. որովհետեւ նա, ով մարգարէանում է, աւելի լաւ է, քան նա, ով լեզուներ է խօսում. միայն թէ նա թող բացատրի, որպէսզի եկեղեցին ամրանայ» (Կորնթացիներ 14:5)

Սամվել Մարտիրոսյան. Պոչը

Շատ վաղուց է եղել:

Ինչքա՞ն, ոչ ոք չգիտի:

Բայց մինչև հիմա էլ մարդիկ հիշում են ու ծիծաղում:

Հիշում են, որովհետև սա մի սովորական դեպք չի: Այսպիսի բաները մարդու հետ կյանքում մի անգամ են պատահում, կամ էլ բոլորովին չեն պատահում:

Իսկ ծիծաղում են, որովհետև դա հենց իրենց հետ է պատահել:

ՈՒրեմն լսեք, թե բանն ինչպես է եղել:

Օրերից մի օր, մեծ, շատ մեծ երկրի մի թագավոր սովորականից շուտ է արթնանում քնից: Վեր կենալուն պես, թիկնոցն ուսերին է գցում, ու հապշտապ մոտենում պալատական գլխավոր հայելուն:

Շուտ է վեր կենում, որովհետև ողջ գիշեր շուռումուռ էր եկել անկողնու մեջ, ու այդպես էլ չէր կարողացել քնել: Ինչ որ բան խանգարում էր նրան, անհանգստացնում:

Նայում է հայելու մեջ, ու սարսափով հայտնաբերում, որ իր հետևից մի երկար պոչ է քարշ գալիս: Այնքան երկար, որ մինչև գետին է հասնում:

Թագավորը վախենում է, իրար խառնվում, չգիտի՝ ի՞նչ անի:

Այս կողմ է վազում, այն կողմ է վազում, բայց արի ու տես, որ պոչն էլ նրա ետևից է այս ու այն կողմ վազում, պոկ չի գալիս:

Մեկ մտածում է՝ ձեռքը գցի, քաշի ու պոկի նրան իրենից, բայց քաջությունը չի հերիքում, ու այդպես շվար կանգնում, մնում է դահլիճի մեջտեղում, ընկնում ծանր, արքայական մտքերի մեջ:

Քիչ անց, երբ մի կերպ ուշքի է գալիս, կեռիկի վրայից զգուշորեն իջեցնում է ոսկե զանգն ու մի երկու անգամ թափահարում:

Ձայնի վրա ներս է վազում առաջին խորհրդատուն:

- Տեսնու՞մ ես,- խոժոռ հարցնում է թագավորը:

- Տեսնում եմ, տեր արքա,- հնազանդորեն կմկմում է առաջին խորհրդատուն:

- Եթե մինչև արևի մայր մտնելը չպարզես, թե ի՞նչ բան է սա, ապա, լավ իմացիր՝ իրիկունը գլխիդ հետ հրաժեշտ ես տալու:

- Ո՞րն է իմ մեղքը,- ծնկներին է ընկնում առաջին խորհրդատուն,- ո՞րն է իմ մեղքն, ի՞նչ եմ արել…

- Այս վայրկյանից, քո մեղքն այն է,- ասում է թագավորը,- որ դու տեսնում ես իմ պոչը: Իսկ դա, իմացած եղիր, մեծ մեղք է, շատ մեծ մեղք:

Խեղճ խորհրդատուն մորուքը բռնած դուրս է վազում:

Թագավորը մի անգամ էլ է թափահարում զանգը: Ձայնի վրա ներս է ընկնում երկրորդ խորհրդատուն:

Նույնն էլ երկրորդ ու երրորդ խոհրդականներին է արքան պատվիրում ու սպառնում:

Այստեղ պետք է ասել, որ նույնիսկ այն հին ժամանակներում, թագավորներն առանց խորհրդականների չէին կարող ոչ մի որոշում ընդունել:

Բայց քանի որ հենց սկզբից էլ պարզ էր, որ նրանցից ոչ մի օգուտ չկա, դրա համար էլ երեք հոգուց ավել չէին պահում:

Երեք հատ ու՝ վերջ:

Ահա խորհրդականները գնացին, ու թագավորը նորից մենակ մնաց:

- Էս ի՞նչ բան էր,- կրկնեց նա, ինքն իրեն ուսումնասիրելով հայելու մեջ,- երկնային պատի՞ժ է, թե՝ պարգև:

Եթե սա պատիժ է, ապա կարելի է հրաման տալ, և դահիճը նույն վայրկյանին կկտրի այդ անիծյալ պոչը:

- Կտրել, կտրել է պետք,- տեղնուտեղն արձագանքեց անկյունում պատրաստ կանգնած դահիճը և մի քայլ առաջ եկավ:

Թագավորը ետ-ետ գնաց ու հենվեց պատին:

- Իսկ եթե պարգև՞ է,- չէր հանգստանում նա,- լսվա՞ծ բան է, որ թագավորը բաց աչքով իր ունեցածը կտրի, գցի մի կողմ:

Թե այսօր այդպես հեշտությամբ թույլ տաս, որ պոչդ կտրեն, ապա վաղն էլ, մեկ էլ տեսար՝ գլուխդ կտրեցին: Չէ, չի կարելի արքայի գործերը դահճին վստահել:

Իսկ միգուցե տերտերի՞ն է հարկավոր դիմել: Ի՞նչ կա որ: Թող աղոթք կարդա, թող օրհնած ջուր ցանի: Նրա օրհնանքից հետո, ուզած-չուզած, բոլորն էլ կհամակերպվեն եղածի հետ:

- Աղոթել, աղոթել է պետք,- առաջ եկավ մյուս անկյունում պատրաստ կանգնած տիրացուն:

- Մեռոնաջրելն, իհարկե, ավելի լավ միտք է, քան թե կտրել, դեն շպրտելը,- մտքերի մեջ ընկավ արքան: Բայց ի՞նչ կասեն մարդիկ, եթե իմանան, որ եկեղեցին օրհնել է իմ պոչը: Անշուշտ կուզենան, որ իրենց մեղք ու արատներն էլ օրհնվի, ներվի: Քաոս, իրարանցում կսկսվի երկրիս մեջ: Վախ ու հավատ կկորչի:

Իսկ մարդկանց վախ է պետք, հավատ է պետք ապրելու համար:

Իսկ պոչավո՞ր է արքան, թե՝ ոչ, դա այսքան տարի ոչ ոքի չի էլ հետաքրքրել:

Նա այնքան էր հոգնել ետ ու առաջ քայլելուց, որ վերցրեց ու նստեց դահլիճի մեջտեղում, սալահատակի վրա:

- Ինչ լավ կլիներ, եթե այս բոլորը երազ լիներ:

Այդ ժամանակ նա ծափ կտար ու բարձրաձայն կկանչեր,- երազահանին իսկույն ինձ մոտ բերեք:

Վախից կուչ եկած ներս կմտներ պալատական երազահանն ու խոնարհ կկանգներ, կսպասեր հրամանին:Նա շատ երազներ էր բացել իր համար, և անշուշտ, այս մեկն էլ կբացեր: Երկար-բարակ կզրուցեր, ու վերջիվերջո կիմանար, թե ի՞նչ է ուզում իրենից լսել իր արքան:

Բայց, ափսոս, սա երազ չէր, այլ՝ իրողություն:

Մի խոսքով, իրիկունը բոլորը գալիս, հավաքվում են պալատական ընդունարանում:

Առաջին խորհրդականն ասում է՝

- Տեր թագավոր, ես ամբողջ կյանքս աստղերի հետ եմ խոսել, և աստղերն ինձ ասում են, որ առյուծի է այդ պոչը: Դու երկար տարիներ առյուծի պես կռիվ ես տվել մեր երկրի թշնամիների դեմ, ու դրա համար էլ, վերջ ի վերջո, ինքդ էլ առյուծ ես դարձել:

- Ես արեգակի հետ եմ զրուցել երկար,- ասում է երկրորդ խորհրդականը:

- Արեգակն ինձ ասում է, որ քեզ օձի կերպարանք է տրված՝ կրելու: Որովհետև դու միշտ աչքի ես ընկել քո իմաստնությամբ ու հմտությամբ: Օձի է այդ պոչը, տեր թագավոր:

- Իմ երկար տարիների զրույցները լուսնի հետ են եղել, և ոչ մի անգամ դեռ չի սխալվել իմ զրուցակիցը,- առաջ է գալիս երրորդ խորհրդականը:

- Լուսնյակն ինձ ասում է, որ համառ ու աշխատասեր ավանակի է այդ պոչը: Քո երկարամյա քրտնաջան աշխատանքի ու մեծ գործերի համար է դա քեզ շնորհված:

Դուր չէին գալիս նրանց ասածներն արքային:

Նրանց ամեն մի խոսքից հետո ավելի էր նա մռայլվում ու մթնում:

Չէր հավատում նա իմաստուններին: Չէր հավատում, բայց ճար չկար: Հարկավոր էր մի որոշում ընդունել:

- Ձեր պատասխաններն ինձ չհամոզեցին,- վրդովված բացականչեց արքան,- բայց ես ձեզ չեմ գլխատի:

Ես հրաման կտամ, որ իմ պալատում բոլորը պոչեր կրեն, և չբաժանվեն այդ պոչերից այնքան ժամանակ, քանի դեռ մեկնումեկը չի գտել իմ հարցի իսկակա՛ն պատասխանը:

Պալատականներն ամբողջ օրվա մեջ առաջին անգամ թեթևացած շունչ քաշեցին:

Շատ ուրախացան, որ այս անգամ բոլորի գլուխներն իրենց տեղերում մնացին: Գլուխները մնացին, դեռ մի բան էլ՝ պոչեր ավելացան:

Բայց ասում են, որ այդ օրվանից, մեր թագավորին միայն պալատական կապիկներն էին շրջապատում:

Ինչու՞ էին այդպես ասում՝ չգիտեմ:

Գուցե այդ երկրում մարդիկ ավելի շատ կապիկների՞ էին նմանվում, երբ պոչեր էին կպցնում իրենց: Միգուցե:

Բայց այդ երկրի բնակիչներին, արի ու տես, դա դուր էր գալիս և նույնիսկ զվարճացնում էր:

ԵՎ իրոք, ի՞նչ կար տխրելու:

Չէ՞ որ այդ դեպքը պատահել է ոչ թե իրենց, այլ իրենց թագավորի հետ միայն,- ծիծաղում էին անցորդները:

Շատ էին զվարճանում:

Բայց ինձ, չգիտես ինչու, մինչև հիմա էլ թվում է, որ սխալվում էին նրանք:

Սխալվում էին, որովհետև նույնիսկ այն հին ժամանակներից էլ դեռ ընդունված էր աշխարհում, որ մարդիկ միայն մարդկա՛նց մեջ պետք է ապրեն, իսկ կապիկները՝ կապիկների:

«Ձմեռային հեքիաթներ» շարքից