Այսպէս է ասում Տէրը. «Ով մեղաւորին իր մոլորութեան ճանապարհից յետ է բերում, կը փրկի նրա հոգին մահուանից եւ կը ծածկի մեղքերի մի ամբողջ բազմութիւն» (Հակոբոս 5:20)

Երանի են ողորմածները

Արդարության քաղցն ու ծարավ ունեցողը մարդկանց նկատմամբ ողորմած է և գթասիրտ: «Երանի նրանց, որոնք արդարության քաղցն ու ծարավն ունեն…» երանիին հաջորդում է «Երանի ողորմածներին, որովհետև նրանք Աստծուց ողորմություն պիտի գտնեն» (Մատթեոս 5:7): Արդարության գաղափարին հարակից է ողորմությունն ու գթասրտությունը:

Որևէ ժողովրդի մեծության գաղտնիքն իր բարոյական ուժերի և սկզբունքների մեջ է: Սակայն սկզբունքներն առանց սիրո և գութի, նման են ձմռան արևին, որ լուսավորում է, բայց չի տաքացնում: Գթասրտությունը մարդուն նմանեցնում է Աստծուն. «Գթասիրտ եղեք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն էլ գթասիրտ է» (Ղուկաս 6:36), Ով չի զլանում Իր արեգակը ծագեցնել թե՛ չարերի և թե՛ բարիների վրա, և անձրև տեղացնել թե՛ արդարների և թե՛ մեղավորների վրա (Մատթեոս 5:45):

Ողորմել կարող են ամեն դասակարգի և աստիճանի մարդիկ: Չկա որևէ մարդ, որ չկարողանա ողորմել, ուստի չկա որևէ մարդ, որ չկարողանա արժանանալ երանությանը: Այդ պատճառով է Տերը ասում՝ երանի ողորմածներին: Ողորմությունը հոգու պահանջ է, այն առաջին հերթին բարության, կարեկցության, քաղցրության և սիրո արտահայտություն է: Տվածի քանակական չափը և տեսակը չէ, որ նկատի է առնվում, այլ սիրո և զոհողության ոգին. Աստված սրտին է նայում և նրա համեմատ էլ կշռում է ընծայվածի արժեքը: Ողորմածը նա է, ով Աստծուց իրեն տրված նյութական և բարոյական շնորհներից բաժին է հանում կարոտյալին: Երանի են նրանք, ովքեր քաղցածներին կերակրում են, ծարավյալներին ջուր են տալիս, աղքատին հագցնում են, այցելում և մխիթարում են հիվանդներին և բանտարկյալներին: Երանի են նրանք, ովքեր որբերին կերակրում են, այրիներին օգնում, հուսադրում վհատվածներին (Ա Թեսաղոնիկեցիներ 5:14): Երանի են նրանք, ովքեր մոլորյալներին դարձի են բերում, անհավատներին հավատքի մեջ հաստատում, օգնում են բարի խորհրդով, չարիքը չարիքով (Հռոմեացիներ 12:17) և նախատինքը նախատինքով չեն հակադարձում (Ա Պետրոս 3:9), չեն մտածում վրեժի մասին (Հռոմեացիներ 12:19), այլ ողջ սրտով ներում են վիրավորանքները: Երանի են մերձավորների (Հակոբոս 5:16) և հատկապես թշնամիների համար աղոթողները (Ղուկաս 6:27):

Ողորմությունը մարդկանց առջև բացում է գործունեության անհուն դաշտ՝ մարդկային անհամար ցավերին համապատասխան: Աշխարհը լեցուն է թշվառներով և տառապյալներով, որոնց ցավի աղաղակներն ավելի շատ են, քան ծովի ալիքները, նրանք բոլորը կարոտ են մխիթարության, օժանդակության և լույսի: Տերը մարգարեի շուրթերով ասում է. «Քանզի ողորմություն եմ ցանկանում և ոչ թե զոհաբերում, Աստծո ճանաչումն ավելի եմ ցանկանում, քան ողջակեզները» (Օսէէ 6:6):

Ճշմարիտ և աստվածահաճո է միայն այն ողորմությունը, որ արվում է Աստծո և մարդկանց հանդեպ անկեղծ սիրուց դրդված, զվարթ հոգով և անշահախնդրորեն: Այս մասին Տերը պատվիրում է. «Զգույշ եղեք, որ ձեր ողորմությունը մարդկանց առաջ չանեք, որպես թե այն լիներ ի ցույց նրանց: Այլապես վարձք չեք ընդունի ձեր Հորից, որ երկնքում է» (Մատթեոս 6:1): Տալու արվեստը քրիստոնեական է, առանց այդ զգացումի չի կարող գոյանալ գեղեցիկը և ազնիվը: Ոչ մի կրոն այնքան չի ծառայել այս գաղափարին, որքան քրիստոնեությունը: Դպրոցներ, հիվանդանոցներ, ծերանոցներ և գթության բոլոր հաստատությունները արգասիքն են տալու արվեստի:

Վարվիր ուրիշի հետ այնպես, ինչպես կցանկանաս, որ ուրիշը վարվի քեզ հետ: Ինչպես մենք ենք վարվում մեզանից օգնություն հայցողների հետ, այնպես էլ Աստված կվարվի մեզ հետ: «Աղքատը,- ասում է երանելի Սուրբ Օգոստինոսը,- քո դուռն է, իսկ դու աղքատ ես Աստծո դարպասների առջև: Ինչպես դու կվարվես քեզանից խնդրողների հետ, այնպես էլ Աստված քեզ հետ կվարվի»: Մենք հայցում ենք, որ Տերը ոչ թե արդար, այլ գթած և ողորմած լինի մեր հանդեպ: Մեղավոր մարդն առավել կարիք ունի Աստծո ողորմության: Ուրիշին ողորմելով՝ մենք ինքներս ենք արժանանում Աստծո ողորմությունը, ժամանակավոր ողորմության դիմաց՝ հավիտենական ողորմությունը, փոքր ողորմության դիմաց՝ մեծ ու անվերջանալի ողորմությունը: Ողորմածությամբ շահելու ենք Երկնքի արքայությունը. «Եվ երբ Մարդու Որդին Իր փառքով գա բոլոր հրեշտակների հետ, այն ժամանակ Նա պիտի նստի Իր թագավորական գահի վրա: Բոլոր ազգերը կհավաքվեն Նրա գահի դիմաց, և Նա մարդկանց պիտի բաժանի իրարից, ինչպես որ հովիվն է զատում ոչխարներին այծերից: Ոչխարները պիտի կանգնեցնի Իր աջ կողմը, իսկ այծերը՝ ձախ կողմը: Հետո թագավորը պիտի ասի Իր աջ կողմը կանգնածներին. «Եկե՛ք Իմ Հոր օրհնյալներ, և ժառանգեցեք այն արքայությունը, որ պատրաստված է ձեզ համար աշխարհի սկզբից ի վեր, որովհետև Ես քաղցած էի, և Ինձ կերակրեցիք, ծարավ էի, և Ինձ ջուր տվեցիք, օտարական էի, և Ինձ ընդունեցիք, մերկ էի, և Ինձ հագցրիք, հիվանդ էի, և Ինձ խնամեցիք, բանտում էի, և այցելեցիք Ինձ» (Մատթեոս 25:31-36):

Ողորմած մարդուն, եթե անգամ մարդիկ մոռանան, Աստված երբեք չի մոռանում. «Երանի նրան, ով մտածում է աղքատի ու տնանկի մասին. փորձանքի օրը Տերը կփրկի նրան» (Սաղմոս 40:2), «Եվ ով այս փոքրիկներից մեկին նույնիսկ մի բաժակ սառը ջուր տա խմելու որպես իմ աշակերտի, վստահ եղեք, որ իր վարձը չի կորցնի» (Մատթեոս 10:42):

«Պատմվե՞ց քեզ, ո՛վ մարդ, թե ի՛նչ է բարին և ի՞նչ է ուզում քեզնից Տերը. իրավունք հաստատել, ողորմություն սիրել և պատրաստ լինել քո Տեր Աստծո հետևից գնալու» (Միքիա 6:8):

Կազմեց Գայանե Սուգիկյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am