Այսպէս է ասում Տէրը. «Ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծոյ հրեշտակների առաջ: Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ ուրանայ, Աստծոյ հրեշտակների առաջ պիտի ուրացուի» (Ղուկասի 12:8)

Աղոթք երեխաների

Տեր Աստված մեր, Սուրբ Հոգուդ սրբությամբ պահիր մեր երեխաներին, որպեսզի անարատ մնալով Քո կամքը կատարեն և անմեղությամբ հասնեն հավիտենական կյանքիդ:
Ուղղիր նրանց քայլերը, Քո լուսավոր պատվիրաններիդ մեջ պահելով նրանց, և իրենց ամբողջ կյանքի ընթացքում պահիր խաղաղ ու առանց մեղքի՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհով. Ամեն:

* * *

Սիրելի Աստված, աղոթում եմ Քեզ, որ պահես պահպանես ինձ, որպեսզի ապրեմ Քրիստոսի սիրով և իմաստությամբ, դառնամ հավատարիմ զավակը մեր Սուրբ Եկեղեցու, հավատարիմ ու հնազանդ բալիկ իմ հայրերին և մայրերին, մեծ հայրիկներին ու մեծ մայրիկներին, խոստանում եմ քեզ, սիրելի Աստված, որ ես պիտի դառնամ լավ սովորող, աշխատասեր և իմ ազգի հպարտությունը։ Օրհնիր ինձ Աստված, պաշտպանիր ու հեռու պահիր ինձ բոլոր փորձանքներից։

Օրհնիր Տեր Աստված իմ ծնողներին, նրանց պարգևիր երկար, քաջառողջ կյանք և հաջողություն իրենց բարի գործերին, որովհետև իմ ծնողները իմ կյանքի մեջ՝ իմ հրեշտակներն են։ Աստված օրհնիր մեզ, ամբողջ աշխարհին և բոլոր մանուկներին։ Ես զավակն եմ Հայաստանի և ուխտում եմ միշտ սիրել Հայաստանը ու դառնալ նվիրյալ զավակը իմ Հայրենիքի և Սուրբ Էջմիածնի։ Ամեն։

Արևմտյան թեմի առաջնորդ` Հովնան արքեպիսկոպոս

* * *

Ո՛վ մեծ Աստված, որ տվել ես մեզ
բարի հայր և սիրող մայր, տո՛ւր
մեզ շնորհք, անենք աղոթք, լինենք
անհոգ, ապրենք խելոք, պարկեշտ ու
հեզ ու սիրենք Քեզ:

Ամեն:

* * *

Հայր Աստված, Արարիչ ամենայնի, ինձ արժանացրիր լինել ընտանիքի մայր, պարգևեցիր երեխաներ: Եվ ես համարձակվում եմ բարբառել, որ նրանք Քո երեխաներն են, որովհետև Դու տվեցիր նրանց կյանք, կենդանացրեցիր Քո անմահ հոգով և վերածնեցիր Քո սիրով՝ Սուրբ Ավազանիդ մկրտությամբ:
Ինձ օգնիր, որ լինեմ արթնամիտ և երեխաներիս դաստիարակության գործում երբևէ չձանձրանամ: Աղերսում եմ Քեզ. պահիր նրանց Քո սիրով և թող որ նրանց միջոցով օրհնվի Քո սուրբ անունը, ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա: Մի զրկիր նրանց հանապազորյա հացից, այլ պարգևիր նրանց ամեն անհրաժեշտն իր ժամանակին, և ինչ էլ որ պարգևես, թող հավիտենական կյանքի համար գործածեն:

Եվ եթե մեղանչեն Քո առաջ, քանի որ մարդ են՝ մեղանչական բնույթով՝ ողորմած եղիր նրանց հանդեպ: Ներիր նրանց երիտասարդության մեղքերն ու հանցանքները: Բարեհաճ եղիր նրանց աղոթքներին և հաջողություն տուր ուղիղ գործերում: Թող Քո հրեշտակը քայլի նրանց հետ և պահպանի նրանց ամեն դժբախտությունից և չար ճանապարհից:
Բարերար Աստված, դարձրու ինձ իմ երեխաներով խնդացող մայր, նրանք թող իմ ուրախությունը լինեն իմ կյանքի բոլոր օրերում և լինեն հենարանն իմ ծերության:

Քո ողորմածությամբ արժանացրու ինձ նրանց հետ ահեղ դատաստանի օրը կանգնել Քո առաջ, անարժան համարձակությամբ ասելու. «Ահա ես և իմ երեխաները, որոնց Դու տվեցիր ինձ»:
Եվ նրանց հետ միասնաբար փառավորենք անճառելի բարությունդ, հավերժական սերդ և Սուրբ անունդ. հավիտյանս հավիտենից: Ամեն: