Այսպէս է ասում Տէրը. Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք: ՍԻՐԱՔ ; 20 ,28

Մուշեղ Գալշոյան. Սարի ճամփով գնացող մարդիկ

Կոմերիտմիության Իջևանի շրջկոմում զարմանում են.

- Ախր ի՞նչ կարիք, կա գրել ժողովի մասին:

- Կա, կսղագրեմ կամ կգրեմ:

- Սևքարում ժողով հնարավոր չի:

- Ինչո՞ւ:

- Քարտուղարը գյուղում չի:

- Քարտուղարը չկա, կոմիտե կա, կուսկազմակերպության քարտուղար…

- Անպայման՝ Սևքարո՞ւմ:

- Այո, ինձ ասել են, եթե որոշել եք գյուղական կոմերիտական կազմակերպության ժողովի մասին գրել, գնացեք

Սևքար: Մեր լավագույն կազմակերպություններից է:

Եվ Սևքարում ենք:

Հիմա էլ կոմերիտմիության շրջկոմի կազմբաժնի վարիչ Ցոլակ Եգանյանն ու Սևքարի կաթնանասնապահական սովխոզի կուսակցական կազմակերպության քարտուղար Գրիշա Աբազյանն են բանակցում:

- Ի՞նչ ժողով, անունն ի՞նչ դնենք, - Աբազյանը նոթոտվել է:

- Այ, մի քանի օր հետո տարին կես է լինում, ընտրենք այսպիսի օրակարգ, դրա մասին կարելի է, նոր պարտավորություններ… Հը՞, հարմար օրակարգ չէ՞,- պայծառանում է Եգանյանը:

- Եթե ժողով անենք, օրակարգը հարմար է, դա էլ պետք է լինի: Բայց… Ուզունթալայում կազմակերպեցեք, էլի, կամ՝ Աչաջրում, կամ… Թե չէ, ամառ, կոմերիտականների կեսը էստեղ, կեսը՝ սարում, չի ստացվի:

- Լավ, ընկեր Աբազյան, իսկ Ուզունթալայում ու Աչաջրում ամառ չէ՞, նրանք սար չունե՞ն:

- Նրանց քարտուղարը Ռուսաստանում չէ, - ելքը գտնում է Աբազյանը:

Իսկ երբ երկար բանակցել էին՝ կոմերիտական ժողով կազմակերպե՞լ, չկազմակերպե՞լ, կստացվի՞, չի՞ ստացվի, և երբ

Աբազյանը արդեն հաղթում էր, կոմերիտմիության շրջկոմի կազմբաժնի վարիչ Ցոլակ Եգանյանը դիմեց վերջին միջոցին.

- Ընկեր Աբազյան, - ասաց, - մարդը Երևանից եկել է հատկապես Սևքար՝ ժողովի մասնակցի, բա դատարկ թողնի, գնա՞, մարդիկ մեզ ի՞նչ կասեն: Ամսագրի բոլոր նյութերը պատրաստ են, բացի էս մեկից, բա մի ժողովի երեսից մեր երիտասարդական ամսագրի համարը ձախողվի՞:

Չէ՜, Աբազյանը այդպիսի «պատասխանատվություն» իր վրա վերցնողը չէ, ինչպե՞ս կարելի է երիտասարդական ամսագիրը «ձախողել»:

- Եթե սարից ժողովին մասնակցող չլինի, համաձա՞յն եք, - զիջում է Աբազյանը: Եգանյանը
ինձ է նայում:

- Ես ժողով չանելուն եմ համաձայն,- մի տեսակ վիրավորված եմ:

- Չէ, դուք գաք հասնեք էստեղ ու առանց ժողովի՞ գնաք, ամոթ չէ՞: - Հիմա էլ Աբազյանն է համառորեն պնդում, միայն թե՝

- Սարից մարդ չի լինի:

Եվ «ստորագրվում է համաձայնագիրը»: Ապա գրվում է հայտարարություն. «Հունիսի 24-ին, երեկոյան ժամը 8-ին տեղի կունենա Սևքարի սկզբնական կոմերիտական կազմակերպության ժողով: Օրակարգ.- Մեր սովխոզի այս տարվա պարտավորությունները և կոմերիտականների անելիքները (կիսամյակի ամփոփում): Զեկուցող՝ Գ. Աբազյան»:

* * *
Նշանակված օրը, ճաշից հետո, հանդիսավոր մտանք Սևքար: Ալեքսանդրը իր նկարչական լաքոտ ալբոմով, Պողոսը՝ գյուղի համար մի քիչ արտասովոր լուսանկարչական ապարատով, կուսշրջկոմի հրահանգիչ Ժորա Բարսեղյանը, կոմերիտմիության շրջկոմի քարտուղար Նորիկ Գալստյանն ու ես՝ ձեռնունայն, բայց լուրջ: Եվ այդպես հանդիսավոր անցանք մի փողոց, մի կամուրջ, հասանք Աբազյանի մոտ:

Եվ մեր հանդիսավոր երթին միանում է նաև Գ. Աբազյանը՝ զուսպ ու ավելի լուրջ, քան մենք ենք:

- Կուլտուրայի տուն ենք կառուցում, - մատնացույց է անում կիսակառույցը: - Սա էլ Հայրենական պատերազմում զոհվածների հիշատակին կանգնեցրած արձանը:

- Պողոս, լուսանկարիր:- Պողոսը «կրակի» տակ է առնում զինվորի արձանը:

Հետո Ալեքսանդր Գրիգորյանը նստում է պատաշարին, բացում նկարչական ալբոմը, առնում կանաչ մատիտը և փորձում արդարացնել Երևանից Սևքար գործուղվելու փաստը: Տղաներ են հավաքվում Ալեքսանդրի շուրջբոլոր, ծկլկում, նայում նկարչի կանաչ գծերին, ապա՝ հայացքի ուղղությամբ՝ սարն ի վեր ձգվող տներին, տները խեղդող ծառերին, դիմացի անտառին, նորից՝ նկարին, ապա նայում են իրար ու տարակուսած շարժում ուսերը, ասել է թե՝ Ալեքսանդրի նկարը չեն հավանում, իրենց այդքան ծանոթ տներն ու ծառերը չեն գտնում նկարչի կանաչ խզբզոցի մեջ:

- Ձեր նկարչին ասեք, թե ուզում է գյուղը նկարել, բարձրանանք Կիլպունի յալը, - ասում է Աբազյանը, - հրեն, - ձեռքն ուղղում է սարի կողմը:

- Գնացինք, Ալեքսանդր,- առիթը չեմ կորցնում հայացքների ու գծերի մեջ խճճված ընկերոջս փրկելու:

Բարձրանում ենք Կիլպունի յալը, թե աչքս կտրեր՝ աշխարհի եզրերը անպայման կտեսնեի: Գյուղի տները ելել, հասել են սարի պորտը, ավելի վեր, հենց գագաթին էլ տուն շինելու աչք կա. մեկն էլ թեկուզ Ալեքսանդրը.

- Այստեղ մի տուն ունենայի, - ասում է, - մեծ սիրով կապրեի այստեղ:

- Է, ապրիր, ո՞վ չի թողել,- ասում եմ, - քաղաքի մի սենյականոց բնակարանդ տուր, էն երկու հարկանի տունը կտան:

- Այդպես չէ, ամառները ապրելու համար եմ ասում:

- Հա՜, վատ ցանկություն չէ, դրանից էլ գյուղը վնաս չունի, մի տասը անգամ կնկարես, տասը անգամ կշենանա:

Եվ Կիլպունի յալից նկարիչն ու լուսանկարիչը սկսում են «շենացնել» Սևքարը:

Իսկ մենք արքայավայել թիկնել ենք սարի գլխին: Գրիշա Աբազյանի դեմքին չարաճճի մի ժպիտ կա: Նորություն:

Ժողովի մասին բանակցություններ վարելու օրը չկար, թեկուզ և քիչ առաջ, երբ գրասենյակում էինք, երբ քայլում էինք Սևքարի փողոցներով:

- Ծառերը թույլ չեն տալիս, որ շենքերով որոշեմ, Աբազյան, դու ասա, գյուղի ամենահարուստն ո՞վ է: - Տեսնենք այդ չարաճճի ժպիւոի տակ ի՞նչ կա:

- Ես եմ:

- Տունդ ո՞րն է, երևո՞ւմ է այստեղից:

- Չէ, տունս պահել եմ:

Օհո՜, Աբազյանը կարգին կատակել գիտի:

- Պողոս,- ասում է, - մի հատ ինձ լուսանկարիր:

Պողոսը լուսանկարում է: Աբազյանը հիմա էլ թիկունքն է դեմ անում.

- Պողոս, մի հատ էլ էսպես նկարիր, - կարգադրում է: Հետո էլ ծաղիկ է պոկում, մեկնում ինձ.

- Առ, էս քեզ ծաղիկ: Քաղաքում ի՞նչ կարժենա սրա հատը:- Պատասխանի չի սպասում, - մի 10-15 կոպեկ կարժենա… հարստություն է կորչում, է՜, հարստություն… Առ, էս քեզ 10 կոպեկ, էս քեզ 15 կոպեկ, էս քեզ… էս քեզ… Առ, էս քեզ մորի, վայրի մորի, փորացավի համար շատ լավ է, կեր:

Աբազյանը ինձ՝ քաղաքաբնակիս ձեռ է առնում: Վնաս չունի: Միայն թե Գրիշա Աբազյանին տեսնեմ այնպես, ինչպիսին կա:

- Լսիր,- նույն չարաճճի ժպիտը դեմքին դառնում է ինձ, - յանի դու ի՞նչ պիտի գրես ժողովի մասին:

- Հայ, հա՜յ,- աշխատում եմ բռնել իր տոնը, - էնպիսի բաներ, որ զարմանքդ գա:

- Յա՜,- ձգում է, հետո թմբթմբացնում թիկունքիս, - արա, դու լավ տղա ես եղել, գնանք տուն սալորի արաղ խմենք:

- Բա դու, դու ինչքան լավն ես, Աբազյան:

Եվ սարն ի վար գլորվող մեր ծիծաղի ետևից իջնում ենք, կանգ առնում սարի փեշին փաթաթված ճամփեզրին, սպասում տղաներին: Իրիկնապահ է, և դաշտից գյուղ դարձող մարդիկ տրորում են ճամփի լռությունը:

Չորս-հինգ հոգի, ավանակներին նստած, գալիս, մոտենում են: Չգիտեմ ինչու, ժպտում եմ, կատակի տրամադրությամբ թեքվում Աբազյանի կողմ… Վա՜հ, դեմքի քիչ առաջվա ժպիտը ո՞ւր է: Չկա: Դեմքը լուրջ է ու կենտրոնացած:

- Բարի աջողում:- Ասողը ավանակը հարմար նստած մի ծերունի է:

- Բարև ձեզ, ընկեր Ծովանյան, - պատասխանում է Աբազյանը, ապա դառնում ինձ, - մեր կոմունիստներից է, թոշակառու է, բայց աշխատում է:

- Բարի աջողում:

- Բարև ձեզ, ընկեր Բազինյան… Մեր կոմունիստներից է, բրիգադիր է աշխատում:

Բրիգադիր Բազինյանի ետևից քայլողը կորամեջք է: Ճերմակ, խռիվ մազերը թափվել են քրտինքով ծծված գլխարկի կողքերից, քայլում է գլուխկախ, ձեռքերը քամակին դրած:

- Բազինյան,- ձայն է տալիս կուսշրջկոմի հրահանգիչ Ժորա Բարսեղյանը,- էս մարդուն դեռ բանեցնո՞ւմ ես:-

Բազինյանը ծիծաղում է, «էս մարդը» չլսելու է տալիս, անցնում, գնում են:

- Բարի աջողում:

- Բարև ձեզ, Գրիգորի Գրիգորիչ… Մեր լավագույն հանդապահներից է:

Գրիգորի Գրիգորիչը ցորենի արտից մի փունջ է բերել՝ ապացույց, որ հնձի ժամանակ է: Գրիգորի Գրիգորիչը ձիով է, իսկ ձին հղի է, ծնելու օրերն են:

- Թողեք թող հանգիստ մնա, մեղք է, - ասում եմ:

- Բա ես մեղք չե՞մ, ինձ ո՞վ է թողնում հանգիստ մնամ:

Երևում է գյուղի երեխաները շատ են նեղում քեզ ու Ջեյրանին:

Ջեյրանը Գրիգորի Գրիգորիչի ձին է:

- Բարի աջողում:

- Բարև ձեզ, ընկեր Փաշինյան… մեր երիտասարդ կոմունիստներից է, բրիգադիր է աշխատում:

«Արա, դե լավ, էլի, - մտքիս մեջ կռիվ եմ տալիս Աբազյանի հետ: - Բարև ձեզ, ընկեր Ծովանյան, բարև ձեզ ընկեր Բազինյան, բարև ձեզ ընկեր չգիտեմինչյան, դա բարևի պատասխան չէ, այ մարդ, պարտք է, պա՜րտք, քիչ առաջ կարգին մարդ էիր», ու դառնում եմ Աբազյանին.

- Արի նորից սարը բարձրանանք, էլի:

- Սա՞ր, - հարցական նայում է, - բարձրանանք ի՞նչ անենք, ժողովին մեկ ժամ քառասունհինգ րոպե է մնում…

Սևքարում ժողովները գումարվում են «Սուրբ Պետրոս» («Սուրբ Պետրոս-կառուցեց Սևքարի հասարակությունը 1852 թվին»-քաղվածք՝ պահեստի դռան կամարից), նախկին եկեղեցու երկրորդ հարկում (կինոն նույնպես այդտեղ է ցուցադրվում): Գմբեթն ու տանիքը թռցրել են, դրել երկրորդ հարկը: Հարկերի շարվածքները իրար չեն բռնում, բայց ժամանակը փոշի է մաղել որմ ու պատին և տարբերությունը այնքան չի երևում:

- Քոչարյան,- կանչում է Աբազյանը: Քոչարյանը աղվամազը երեսին տղա է, նստած է գրասենյակի պատի տակ:- Մի ժամ է մնում ժողովին, չմոռանաս:

- Չեմ մոռանա,- պատասխանում է… Քոչարյանը (կներեք, տղայի անունը չգիտեմ):

- Եսայան, - կանչում է Աբազյանը, - մի արի:

Եսայանը՝ կարմրատակած դեմքով, «բոկս» կտրած մազերով, ընդառաջ է գալիս:

- Ծանոթացեք, - հերթական պարտավորությունն է կատարում կուսկազմակերպության քարտուղար Գ. Աբազյանը,- կոմերիտական հովիվ է, սարից է եկել:

- Եսայան,- երիտասարդը մեկնում է ձեռքը:

- Սարում քեզ Եսայա՞ն են ասում,- հարցնում եմ:

- Չէ, Ռազմիկ:

- Դե, Ռազմիկ ասա, այ մարդ:

Եվ անմիջական այս խոսքով Ռազմիկն ու ես մտերմանում ենք: Գրասենյակի դռանը նստում
ենք կողք-կողքի, զրուցում սարից: Խեղճ Ռազմիկ, հազիվ մի օր հաջողացրել է գյուղ իջնել, միտքը քշում ենք սար, չենք թողնում «աշխարհիկ» կյանքով ապրի, էլի:

- Սարում ի՞նչ կա, Ռազմիկ:

- Հեչ:

- Ոնց թե հեչ, գա՞յլ էլ չկա:

- Գել կա, երկու հատ, - անմիջապես ու լուրջ պատասխանում է Ռազմիկը:

- Բայց ի՞նչ գիտես, թե՝ երկու:

- Երկու անգամ են հորի վրա քշել,- նույն լուրջ տոնն է:- Էդ ոչինչ, շուն ունենք, հրացան ունենք, կինո-թատրոնից ենք խեղճանում: Գարնանը մի անգամ եկան, մսի, կաթի համար ժողով արեցին, էղ պատճառով համերգ տվեցին, էդ էր ու էդ:

Հետո իր ընկերներ Զուլում Ղալումյանի ու Պտրոս Ծովանյանի մասին է պատմում՝ գովում է ու շիփ-շիտակ Զուլումին առանձնացնում, անձրևի ու կարկուտի մասին է պատմում, սեփականություն Իլա ձիու, մտերմիկ խոսում-պատմում է:

- Ռազմիկ, - ԼԿԵՄ շրջկոմի քարտուղար Ն. Գալստյանն է միջամտում, - կարո՞ղ ես ասել էգուց ի՞նչ օր է:

Դե, Ռազմիկ, եկ ու իմացիր Գալստյանի մտքինը: Այդ օրը հունիսի 24-ն էր, այդ ամբողջ օրը Գալստյանն ու ես միասին էինք, նա անընդհատ հիշել, անհանգստացել էր հաջորդ օրը անցկացվող կարևոր միջոցառման համար, և ես հազիվ գլխի ընկա, թե Գալստյանի ուզած էգուցը՝ սովետական երիտասարդության օրն է:

- Էգուց կիրակի է,- պատասխանում է Ռազմիկը:

- Չեմ ասում, թե շաբաթվա որ օրն է, ասում եմ էգուց՝ հունիսի 25-ը, ի՞նչ նշանավոր օր է,- Գալստյանը հույսը չի կտրում, և Ռազմիկին գցում մտքի մեջ: Հետո բացատրում, հասկացնում է.

- Ամեն տարի հունիսի 25-ը, Ռազմիկ, սովետական երիտասարդության օրն է: Չե՞ս մոռանա:

- Չէ,- շունչ է քաշում Ռազմիկը:

- Ընկեր Եսայան… - Աբազյանն է, մեր Ռազմիկին է կանչում.- Լավ, դու խոսիր ընկերների հետ… Ընկեր Քոչարյան,- (էլի ներողություն, ասել եմ արդեն, տղայի անունը, որն այդքան պետք էր, չգիտեմ),-վազիր մի 200 մոմանոց լամպ բեր:

Բարձրամոմ լամպն էլ մեր լուսանկարիչ Պողոսի պահանջն է՝ ժողովի բազմակողմանի նախապատրաստություն:

- Ընկեր կոմերիտականներ, այսօր Սևքարի կաթնանասնապահական սովխոզի կոմերիտական կազմակերպության ժողովը…

Հասկանալի է, ժողովը սկսված է, զեկուցողը Գ. Աբազյանն է: Մեր լուսանկարիչը՝ չըխկ, չըխկ, չըխկ… Մեկը չէ, երկուսը չէ, տարբեր տեղերից հա «կրակում» է:

- Ընկերներ, ես ուզում եմ մեր կոմերիտականներին մի անգամ ևս հիշեցնել, թե մեր սովխոզը այս ընթացիկ տարում ինչպիսի պարտավորություններ է վերցրել և մեր կոմերիտականները կուսակցական կազմակերպության հետ…

- Լսիր,- թևս քաշում է Ալեքսանդրը, - գլխի են ընկել, որ նկարում եմ, կեցվածք են ընդունել:

- Դրանցից ոչ մեկը աշխատող չէ, - հարկ է համարում ժողովի քարտուղարը, Մարուսյան՝ քիչ առաջ չաշխատողների շարքում նստած ինքն էլ էր կեցվածք ընդունել, հիմա նախանձում է, - դրանք բոլորն էլ դպրոցաններ են:

- Հա՞, դրանց պետք չէ, Մարուսյային նկարիր, Ալեքսանդր:
Մարուսյան կարմրում է:

- Ես էլ եմ դպրոցի կազմակերպությունից:

- Ոչինչ, քեզ կնկարեմ, պայմանով, որ արտադրության մեջ աշխատող կոմերիտականներին ցույց տաս,- Ալեքսանդրի խոսքի կեսը լուրջ է, կեսը՝ կատակ: Մարուսյան «քարտուղարական» իր բարձրությունից դահլիճն առնում է աչքի տակ, շարք-շարք սահեցնում է հայացքը, գտնում մեր ծանոթ հովիվ Ռազմիկ Եսայանին, կոմերիտմիությունից ոտքը հենց նոր դուրս դրած կուսթեկնածու Միշա Փաշինյանին, ամենավերջին շարքում նշմարում է ուսնկից նստած երեք ծխախոտագործուհու՝ Ռիմային, Ասյային, Ֆլորային: 200 մոմանոց լամպի լույսից չնչին բան էր նրանց բաժին ընկել, և ո՛չ Ալեքսանդրը, ո՛չ Պողոսը նրանց նկարել-լուսանկարելու միտք չունեին:

- Ընկերներ, նշված հաջողություններում իրենց բաժինն ունեն նաև մեր անվանի կոմերիտականները, որոնք գիշեր ու ցերեկ պայքարում են…

- Բայց լավ է խոսում, չէ, - ասում է Ալեքսանդրը:

…Ահա կոմերիտական հովիվներ Դիմիտրի Ղազարյանը, Ռազմիկ Եսայանը, ավտովարորդ Համլետ Բեջանյանը, այգեգործ բրիգադիր Միշա Փաշինյանը: Ինչու չպետք է խոսել անվանի ծխախոտագործ օղակավարուհի, շրջսովետի դեպուտատ ընկեր Ռիմա յանի մասին: Անպայման պետք է խոսել կոմերիտուհիներ Ասյա Մինասյանի, Ֆլորա Հովսեփյանի, Օֆելյա Եսայանի մասին: Սակայն…
(- Պետք է նշել,- մեկը Աբազյանից առաջ, Աբազյանի զեկուցումը առաջ է տանում):

…Ցավոք սրտի պետք է նշել, որ դեռ ունենք այնպիսի կոմերիտականներ, որոնք բացի ժողովներին վատ մասնակցելուց, նաև չեն զբաղվում հանրօգուտ աշխատանքով: Օրինակ Լարիսա Ղուկասյանը…

- Տես, է՛, տղերքից զգուշանում է, կուժը էլի խեղճ աղջիկների գլխին է ջարդում: Չէ՞, Մարուսյա: -Դահլիճից բան դուրս չեկավ, Ալեքսանդրը հիմա շուռ է եկել՝ կողքը նստած ժողովի քարտուղարին է նկարում:

- Ընկերներ, մի քանի խոսք երիտասարդության հանգստի, գյուղի կուլտուր-կենցաղային պայմանների մասին: Կառուցվել է սպորտհրապարակ, գյուղն ունի հիվանդանոց, մսուր-մանկապարտեզ, բաղնիք, ճաշարան: Գործում է ստացիոնար կինոն, կենցաղ սպասարկման պավիլիոն, կահույքի ցեխ…

- Յա՜,- զարմանքն ու հիացմունքը իրար է խառնում Ալեքսանդրը,- էլ ի՞նչ գյուղ, քաղաք է, էլի, էլ ինչո՞ւ են գանգատվում, թե դաշտի համար բանվորական ձեռք է պակասում;

- Հուսով եմ, որ մեր կոմերիտականները կդառնան ավագ սերնդի արժանի փոխարինողը, - կոչով կուսկազմակերպության քարտուղար Գ. Աբազյանը աւխսրտում է զեկուցումը, նստում, սրբում է քրտնած ճակատը:

Ժողովի նախագահ Յուրիկ Ծովանյանը խնդրում է, որ ըստ էության արտահայտվեն:

ՄԻՇԱ ՓԱՇԻՆՅԱՆ (բրիգադիր). - Հիմա մեր սովխոզը ունի 73 հեկտար խաղողի և 63 հեկտար պտղատու այգի: Մեր բրիգադը մշակում է նաև բանջարեղեն: Այդ բոլորը մշակելու համար մեծ ուժ է հարկավոր…
(- Սակայն,- դահլիճից ձայնակցում են):

… Սակայն մեր բրիգադը բանվորական ուժի մեծ պակաս է զգում: Լավ է, որ հիմա գոնե իններորդ դասարանցիները օժանդակում են: Ես կխնդրեի մեր կոմերիտականներին, որ…

(- Օգնության ձեռք մեկնեին,- հուշում են դահլիճից):

…Օգնության ձեռք մեկնեին:

ՎԱՆԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ (ֆիզկուլտ խորհրդի նախագահ).- Ընկերներ, վերջապես ունենք սպորտհրապարակ, բայց մեր երիտասարդների մի մասը հրապարակի տեղն էլ չգիտի:
(- Երեկ-մյուս օր բողոքում էին, - սովխոզի դիրեկտոր Լ. Օրդինյանը տեղին կպցնում է):

…Այժմ սպորտ-գույքի պակաս ունենք: Ինձ թվում է սովխոզի դիրեկցիան այդ մասին պետք է լուրջ մտածի:
(- Իսկ քո ֆիզկուլտուրնիկ տղերքը սովխոզի մասին մտածո՞ւմ են,- Ալեքսանդրն է ասում, բայց հենց այնպես, իր համար):

ԵՐՎԱՆԴ ԾՈՎԱՆՅԱՆ (գյուղսովետի նախագահ). - Ընկերներ, վերջին ժամանակներս ունենք լուրջ հաջողություններ: Դրա համար քրտնել են ձեր հայրերը, ձեր ավագ եղբայրները, ձեզնից շատերը: Ավարտում են դպրոցը, փորձում են բարձրագույն հաստատություն, չեն ընդունվում, չեն էլ մասնակցում արտադրությանը: Ես, որպես տարիքոտ մարդ, բահը ձեռքիս քար եմ շաղ տալիս ճանապարհին, իսկ մեր կոմերիտականներից մի քանիսը հեռու կանգնած նայում են:

Աշխատանքը, ընկերներ…
(- Գեղեցկացնում է մարդուն, - հուշում են դահլիճից):

… Այո, գեղեցկացնում է, աշխատանքը…

ԼԻՊԱՐՒՏ ՕՐԴԻՆՅԱՆ (սովխոզի դիրեկտոր) .- Ընկերներ, Սևքարի սովխոզային կոմերիտական կազմակերպությունը ունի 70 անդամ: Սա մի ուժ է, որը ամեն ինչ կարող է անել, եթե կամենա…
(- Եթե,- հասնում է լեզվիս ծայրին, կուլ եմ տալիս):

… Ոչ հեռավոր անցյալում, երբ աղջիկ տեսնելու էին գնում, որպես արժանիք անպայման հարցնում էին՝ աղջիկը կոմերիտակա՞ն է, թե ոչ…
(Դահլիճում նստած միակ տարեց մարդը օրորում է գլուխը, ասել կուզհ՝ հե՜յ գիտի, հե՜յ):

…Եվ, ընդհանրապես, կանայք ավելի ակտիվ են մասնակցում մեր սովխոզային արտադրությանը: Այժմ ունենք կոմերիտական լավ աշխատողներ, բայց կան այնպիսիներ, որ սովխոզում աշխատանքը անպատվաբեր են համարում, բայց առանց ամոթի ու վիրավորվելու ուտում է ծնողի քրտինքը: Այս տարի մեր դպրոցը տվել է մոտ 30 շրջանավարտ:

Թող բոլորն էլ բարձրագույն ընդունվեն, ուրախ կլինեմ, իսկ ով կձախողվի, թող վերադառնա և, ի սեր աշխատանքի, ի սեր իր ծնողի, ի սեր գյուղի, արտադրությունից չխուսափի:

- Ուրիշ խոսողներ, - ժողովի նախագահն է: Չկա: Կրկնում է՝ չկա, անուններով է դիմում՝ չեն ուզում, էլի, հո ստիպելով չէ՞. դահլիճը ուսը ետ է քաշում: Դե լավ, եթե այդպես է…

- Ընկերներ, ԼԿԵՄ շրջկոմը մեր կոմերիտականներից հնգին պատվոգրի է արժանացրել, ընկերները թող բեմ բարձրանան:

- Ռազմիկ Եսայան:

Մեր ծանոթ Ռազմիկն է, դեմքի կարմրին որտեղից-որտեղ էլի կարմիր է ավելացնում, երկու ձեռքով երկար թափ է տալիս շրջկոմի քարտուղար Նորիկ Գալստյանի աջը, թե՝ շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ…

- Համլետ Բեջանյան:

Աբազյանի գոված ավտովարորդն է, հանդարտ առնում է պատվոգիրը, վերադառնում:

- Ռիմա Բրուտյան…

- Ասյա Մինասյան…

- Ֆլորա Հովսեփյան…

Վերջին շարքում նստած ծխախոտագործուհիներն են, ժողովի կեսից… Դե, դադրած մարդիկ են:

- Չկա՞ն… Կհանձնեք:

Վիլիսի լույսերը լվացվում են գիշերվա անձրևով: Լուռ ենք, ամեն մեկս մեր մտքի հետ (թե միտք կա):

- Էնպես հոգնած եմ, - ասում է Պողոսը:

- Ի՞նչ ես արել… Ասենք, ժողովը շուտ է հոգնեցնում, ես էլ…- Ալեքսանդրն է:

- Բա ես ինչ ասեմ,- գանգատվելու հերթը իմն է,- չորս-հինգ օր է այստեղ ժողովը կազմակերպելով եմ զբաղված:

- Ուրեմն սա քո կազմակերպած ժողո՞վն էր, - Ալեքսանդրը փորձում է սրամտել, - հազիվ էլ էսքան… Լսիր,- միանգամից փոխում է տոնը,- ճիշտ, ի՞նչ ես գրելու ժողովի մասին…

Ի՞նչ… Այդ մասին չէի մտածել և մտքի մեջ եմ ընկնում, իրո՞ք, ի՞նչ եմ գրելու: Պողոսի ու Ալեքսանդրի գործը հանգիստ է, երկար ու բարակ մտածելու պետք չունեն: Իսկ ես… Դե լա՜վ, - ինքս ինձ առարկում եմ,- քեզնից էլ սարեր շուռ տալ չի պահանջվում, ոչ էլ նույնիսկ մի կարգին սար բարձրանալ: Սարի ճամփով գնացողները ուրիշ մարդիկ են. նրանք են, որ ժողովում լուռ մնացին ու այդ լռությունը այնքան մտահոգում է՝ բա ի՞նչ գրեմ: Նրանք են, որոնց ձեռքերում ծնվում է հացը, որոնց ենթարկվում են հողը, երկինքը, տարերքը: Նրանք, որ չգիտեն էլ, թե մեծ, աշխարհաշեն գործ են անում: Նրանք են, որ սարից գյուղ էլ չիջան: Նրանց մասին պիտի գրեմ…

Աղբյուր՝ Գարուն