Այսպէս է ասում Տէրը. «Ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծոյ հրեշտակների առաջ: Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ ուրանայ, Աստծոյ հրեշտակների առաջ պիտի ուրացուի» (Ղուկասի 12:8)

Միլիոն ու կեսի փոխարեն. Ո՞վ է Սողոմոն Թեհլիրյանը

Ո՞վ է Սողոմոն Թեհլիրյանը

Համացանցի հայկական հատվածում ոչինչ չեք գտնի ամենահայտնի հայերից մեկի մասին, եթե փնտրեք նրա իսկական անուն-ազգանունով, քանի որ Թեհլիրյան Սողոմոնի ազգանունը ժամանակի ընթացքում աղավաղվել է ու դարձել Թեհլերյան:

Թեհլիրյանների նախապապը 16-17 տարեկանում վիճում է տան անդամների հետ և հեռանում տնից: Տարիներ անց նա վերադառնում է, և գյուղի բնակիչների կողմից մականուն ստանում: Թուրքերեն «կռիվ» բառը «թեհն» էր, ու գյուղացիներն ասում էին, որ նա «թեհ է ըրել», որտեղից էլ ծնվում է նրա մականունը՝ «Թեհլիր», նրա զավակներին էլ ասում են Թեհլիրի տղաներ, որտեղից էլ սկիզբ է առնում Թեհլիրյան ազգանունը: Սողոմոնն ինքը ստորագրում էր որպես Թեհլիրյան: Թալեաթի սպանությունից հետո Թեհլիրյանները փոխում են իրենց ազգանունը, և Սողոմոնը դառնում է Մելիքյան:

Սողոմոնը ցեղասպանության տարիներին հայրենիքում չէր: Նա գնում է Գերմանիա` ուսումը շարունակելու: Երզնկայից նոր էր հասնում Սերբիայի գավառական քաղաք Վալևո, երբ սպանվում է ավստրիական գահաժառանգ Ֆրանց Ֆերդինանդը, ու վրա հասած Առաջին աշխարհամարտը խառնում է պատանի Թեհլիրյանի բոլոր ծրագրերը: Պատերազմի մեկնարկից մի քանի ամիս անց իմանալով, որ Բուլղարիայում կամավորական ջոկատներ են կազմավորվում, Սողոմոնն առանց հոր համաձայնությունը ստանալու՝ մեկնում է այնտեղ: Սերբիայից անցնում է Ռումինիա, այնտեղից էլ՝ Դոնի-Ռոստով և 1915 թ. փետրվարին հանգրվանում է Թիֆլիսում: Այնտեղ Սողոմոնը զինվորագրվում է Սեպուհի վաշտին՝ մասնակցելով Սալմաստի, Դիլմանի ճակատամարտերին, Վանի ազատագրմանը: Սակայն Վանի ազատագրումից օրեր անց՝ ռուսական բանակի նահանջին զուգընթաց նահանջում են նաև հայկական կամավորական ջոկատները:

1916 թ. գարնանը ռուսական բանակը, Կովկասյան ռազմաճակատում կրկին հարձակման անցնելով, գրավում է նախ Էրզրումը, ապա հուլիս ամսին` Երզնկան: Սողոմոնը ողջ մնացած հարազատներին գտնելու հույսով Կարս-Սարիղամիշ-Էրզրում ճանապարհով շտապում է Երզնկա: Ավա՛ղ, նա ականատես է լինում մի սահմռկեցուցիչ տեսարանի. սեփական տունը ամբողջովին ավերված էր և թալանված, ամբողջ ընտանիքը՝ սրի քաշված: Ցեղասպանության տարիներին Թեհլիրյանների տոհմը 85 անդամ է կորցնում: Սողոմոնի 17 անդամից բաղկացած ընտանիքից գյուղում մնացածներից փրկվում է միայն նրա եղբոր` Միսակի դուստրը, Արմենուհին, ում հետագայում փրկագնով քրդերի մոտից վերադարձնում են հարազատներին: Բացի Արմենուհուց փրկվում են նաև նրանք, ովքեր Սերբիայում էին:

Երզնկայում Թեհլիրյանը միանում է Սեբաստացի Մուրադի խմբին, որն զբաղվում էր հայ երեխաներին որոնելու և թուրք-քրդական գերությունից ազատելու խնդրով: Սակայն դա շատ կարճ է տևում: Ապրիլի սկզբներին Սարիղամիշում վիրավորված Սողոմոնը փոխադրվում է Թիֆլիս: Որոշ ժամանակ անց Սեբաստացի Մուրադին փնտրելու հույսով Սողոմոնը մեկնում է Հյուսիսային Կովկաս, հիվանդանում է տիֆով և մնում՝ բուժվելու Եսենտուկի առողջարանային քաղաքում, որտեղ էլ նա լսում է Մուրադի զոհվելու բոթը: Ապաքինվելուց հետո նա մեկնում է Կ. Պոլիս:

Թալեաթը միակը չէ

Սողոմոնը Կ. Պոլիս ժամանելուց հետո տեղեկանում է, որ Թալեաթը և նրա ոճրագործ ընկերները փախուստի են դիմել մայրաքաղաքից: Այդ լուրը խորը հիասթափություն է պատճառում նրան: Սակայն դա երկար չի տևում, քանի որ տեղեկություններ է ստանում, որ դեռևս Պոլսում է Թալեաթի հայազգի գործակալ, մատնիչ Հարություն Մկրտչյանը: Այդ նա էր, որ Պոլսի ոստիկանապետ Բեդրիի միջոցով Թալեաթին էր փոխանցել «սև ցուցակը» (բաղկացած 250 հայ մտավորականների անուններից, որոնք գրեթե բոլորն էլ դառնում են Մեծ եղեռնի զոհ): Երկու շաբաթ լրջորեն հետապնդելով հրեշին` 1919 թ. ապրիլյան մի երեկո Թեհլիրյանը փողոցից հետևում էր Մկրտչյանի տան անցուդարձին: Տեսնելով, որ տանն ինչ-որ հավաքույթ է, ու Մկրտչյանը բաժակը ձեռքին ճառ է ասում, Թեհլիրյանը հանում է ատրճանակը և որոշում կրակել ապակու հետևից: Նա կրակում է ուղիղ դավաճանի սրտին ու տեսնում, թե ինչպես է գետնին տապալվում, ապա արագ հեռանում է: Հաջորդ առավոտ Թեհլիրյանը տեղեկանում է, որ Մկրտչյանը չի մահացել և հիվանդանոցում է: Նա որոշում է հիվանդանոց գնալ և այնտեղ ավարտին հասցնել սկսած գործը: Այս քայլից նրան հետ է պահում օրիորդ Երանուհին՝ ասելով, որ բժիշկները հույս չեն տվել: Մի քանի ժամ անց Հարություն Մկրտչյանը մահանում է: Այս մասին Սողոմոնը որևէ տեղ չի հիշատակել, և գիտեին միայն նրա ընտանիքի անդամները:

Թալեաթի սպանությունը

1921 թ. դաշնակցականները տեղեկանում են, որ Հռոմում թուրքերի մասնակցությամբ ժողով է լինելու, և Թալեաթին գտնելու բոլոր ջանքերը կենտրոնացնում են այնտեղ: Քանի որ Թեհլիրյանը Բեռլինում էր, նրան հանձնարարվում է լինել կառամատույցում և ստուգել Հռոմ մեկնող գնացքները: Մի անգամ Թեհլիրյանը նկատում է, որ թուրքերի մի խումբ ճանապարհում է մեկ այլ խմբի և վերադառնում: Վերադարձողներից մեկին շրջապատողները առանձնահատուկ վերաբերմունք էին ցուցաբերում և դիմում «փաշայով»: Թեհլիրյանը սկսում է կասկածել, որ այդ մարդը կարող է Թալեաթը լինել և գնում է նրանց հետևից: Սողոմոնը հետագայում պատմում է, որ մինչև վերջին պահը կասկածում էր՝ արդյոք նրա դիմացից գնացող թուրքը Թալեաթն է, թե՝ ոչ: Կրակելուց առաջ Սողոմոնը գոռում է «Թալեաթ», և նա շրջվում է: Դա էլ ցրում է Թեհլիրյանի վերջին կասկածներն, ու նա կրակում է: Կրակելուց հետո հասցնում է փախչել, բայց ճանապարհին տարակուսում է՝ արդյոք սպանե՞լ է նրան: Կասկածներն ավելի են ահագնանում, երբ նա մտաբերում է, որ Հարություն Մկրտչյանին միանգամից սպանել չէր ստացվել: Հենց այդ պատճառով էլ պտտվում է և վերադառնում սպանության վայր: Երբ փորձում է ճեղքել ամբոխը՝ համոզվելու, մահացե՞լ է արդյոք Թալեաթը, թե՝ ոչ, նրա ուղեկիցները ճանաչում են Թեհլիրյանին ու բռնում: Ու քանի որ այն ժամանակ ընդունված էր ձեռնափայտ կրելը, հավաքվածները ձեռնափայտերով ծեծում են նրան: Մինչև օրս պահպանվել է շապիկը, որն այդ օրը կրում էր Սողոմոնը, ամբողջովին արյունոտված:

Սողոմոն Թեհլիրյանի դատավարությունն սկսվում է 1921 թ. հունիսի 2-ին՝ Բեռլինի նահանգային դատարանում, և տևում ընդամենը երկու օր: Այդ ընթացքում Թեհլիրյանի տված բացատրություններով, վկաների ցուցմունքներով մի անգամ ևս հրապարակի վրա է դրվում մեծ ոճիրը` իր մանրամասներով: Դատավարության վերջին օրը մեկ ժամ տևած խորհրդակցությունից հետո գլխավոր դատավոր Օտտո Թայնիկեն կարդում է. «Պատվով ու խղճով վկայում եմ երդվյալների որոշումը: Հանցավո՞ր է արդյոք ամբաստանյալ Սողոմոն Թեհլիրյանը 1921 թ. մարտի 15-ին Շարլոտենբերգում Թալեաթ փաշային կանխամտածված սպանելու համար:

- Ո՛չ: Հնչում է երդվյալ ատենակալների պատասխանը»:

Երբ Սողոմոնը հայտնվում է փողոցում, այնտեղ հավաքված բազմությունը բուռն ծափողջյուններով է դիմավորում նրան և ձեռքերի վրա տանում:

Սողոմոն Թեհլիրյանի բեռլինյան դատավարությունը վերածվում է երիտթուրք ոճրագործների դատավարության: Այն պատմական մեծ իրողություն է, որը հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի սկիզբ հանդիսացավ: Հենց սա է Սողոմոն Թեհլիրյանի «արդարության գործի» պատմական առաքելությունը:

Պատրաստեց Լուսինե ՕՀԱՆՅԱՆԸ
Աղբյուր՝ Qahana.am
Տեսաֆիլմը՝  «Գործ N 22/21. Սողոմոն Թեհլիրյան», Առաջին ալիքի