Այսպէս է ասում Տէրը. «Արդարեւ, իմաստութիւնն աւելի գեղեցիկ է, քան արեգակը եւ բոլոր աստղաբոյլերը, իսկ լոյսի հետ համեմատած՝ առաւել է նրանից» (Իմաստ. Սողոմոնի 7:29)

Սուրբ Տրիփոնի վկայաբանությունը

Տրիփոնը հավատացյալ հոր և մոր որդի էր: Երբ վախճանվեց նրա հայրը, թողեց որդուն և դստերը:

Եվ նրա մայրն ու քույրը մանկանը սնում էին բարեպաշտությամբ և ընծայում էին Տիրոջն և ուսուցանում խրատի իմաստությամբ: Եվ Աստծու շորհները մանկան վրա էին, և երբ լրացավ Տրիփոնի տասներկու տարին, իր հասակակիցների հետ բարեպաշտություն էր ուսանում և նրանց աստվածահաճո վարքի էր հորդորում: Եվ այնպես պատահեց, որ նրանցից մի մանկան խայթեց չարաթույն օձը, և այդ դժնդակ պատահարից երեխան մեռածի պես թուլացել էր: Եվ երբ երեխաներն աղմուկ բարձրացրեցին, բազում մարդիկ և կանայք խմբվեցին: Շտապեցին նաև խայթվածի ծնողները, որ ողբ բարձրացնելով` լալիս էին, ու նրանց հետ նաև մյուս հավաքվածները, որ նրան մահացած էին համարում: Եվ երբ երեք ժամ անցավ, խայթված երեխան հանկարծ ձայն տվեց Տրիփոնին և ասաց. «Աստծուն աղաչելով օգնի՛ր ինձ, որ ապրեմ, որովհետև Աստծու կողմից քեզ բժշկելու կարողություն է տրված»: Եվ մանուկ Տրիփոնին մոտեցրին խայթված երեխային: Նա աչքերը երկինք հառեց, խաչակնքեց թունավոր օձից խայթվածին և ասաց. «Տիեզերքի՛ն լույս շնորհող Քրիստոս, մարդկային ազգի կյանք և փրկիչ, Քո սուրբ անվամբ բժշկի՛ր վիրավորին, որովհետև Քո զորությամբ ամենակարող ես, ի՛մ Տեր Աստված»: Եվ մանուկն իսկույն վեր կացավ և սկսեց Տրիփոնի հետ փառավորել Աստծուն, և իբրև Աստծու ծառայի` ամբողջ ժողովուրդը զարմանալով և հիանալով սիրեց սրբին, իսկ նա մանկաբար չմեծամտացավ, այլ Աստծուն էր փառք տալիս և մտածում էր արդարության խորհուրդների մասին, մշտապես աղոթում էր և արդար արարքներ գործում: Գրաստին նստած մի մարդ` ճանապարհորդելիս անցնում էր Տրիփոնի մոտով: Տրիփոնն ասաց նրան. «Ո՛վ մարդ, ես քո հետ կգամ, ուր որ Աստված հրամայի»: Եվ նա պատասխանեց. «Արի՛, որդյա՛կ, բարով գաս»,- որովհետև տեսավ Աստծու շնորհները, որ երևում էին նրա վրա, և խնդրելով բարձրացրեց գրաստին, իսկ ինքը ետևից գնաց: Եվ հարցնում էր օգտակարի մասին և լսում ճշմարտության խոսքն ու զարմանում, թե ինչպես է, երեխա լինելով, կատարյալ խոսքեր բարբառում: Եվ տեսավ մանկան հրեշտակին, որ Տիրոջից ստացել էր Տրիփոնին պահելու հրաման: Եվ [տեսնելով]` զարհուրեց: Իսկ Աստծու սուրբը քաջալերում էր նրան իմաստության խոսքերով: Եվ դևերն աղաղակում էին նրա հետևից և ասում. «Տրիփո՛ն, մեր հալածիչ և սրբության քարոզ, ո՞ւմ մոտ ես գնում»,- իսկ նա դրանց ոչինչ չէր պատասխանում: Եվ ճամփորդն ասաց. «Ո՜վ սուրբդ Աստծու, քեզ ծառա և սպասավոր կլինեմ, որ արժանանամ Տիրոջ ողորմությանը»: Եվ նա ասաց. «Դու Քրիստոսի ծառան ես, Նրան սրբությամբ և արդարությամբ սպասավորի՛ր և կփրկվես»: Եվ գալով` օթևանեցին մի պանդոկում: Եվ պանդոկապանը հիվանդ էր և սաստիկ ջերմությամբ տանջվում էր: Եվ նրա ընկերն աղաչեց, որ ապաքինի հիվանդին: Եվ սուրբը մարդուն կնքեց Քրիստոսի խաչի նշանով ու ասաց. «Տիրո՛ջ անվամբ. շտա՛պ վեր կաց»: Եվ անմիջապես ելավ ու սկսեց պաշտել նրանց, սեղան դրեց նրանց առջև: Եվ սրբի շնորհիվ ապաքինվելով` իր ընտանիքով հանդերձ փառավորում էր Աստծուն:

Առավոտյան զարթնելով` ճանապարհ ընկան դեպի Կեսարիա` անդադար սաղմոսելով, օրհնություններ ասելով և աղոթելով: Եվ երբ գնում էին, ընդառաջ եկավ դևերի կողմից գրգռված մի վայրի գազան, որ ուզում էր կործանել նրանց: Իսկ սուրբ Տրիփոնը չընդհատեց աղոթքն ու անգամ չշփոթվեց և արհամարհեց չար գազանին: Իսկ նրա ընկերը զարհուրեց և ճչալով` դիմեց սրբին. «Փրկի՛ր ինձ»: Եվ սուրբն ասաց. «Քաջալերվի՛ր և մի՛ երկնչիր, որովհետև Տերը մեզ հետ է»: Եվ ձեռքերը վեր բարձրացնելով` ասաց. «Ամենակա՛լ Տեր Աստված, իջեցրո՛ւ Քո փրկարար աջն ու դիվական երկյուղը հեռու վանի՛ր Քո ծառայից: Թո՛ղ չար դևերը նկուն դառնան Քո ահազդու անունից, որից դողում են բոլոր արարվածները: Քո ողորմած կամքով հեռացրո՛ւ խռովարարին և զորացրո՛ւ ծառայիդ, որ ամենաչարից չերկյուղելով` փառավորի Քեզ»: Եվ երբ արտասանեց այս, զարհուրածը հոգեպնդվեց և աներկյուղ համարձակությամբ փառավորում էր Աստծուն: Իսկ սուրբը, գազանի առջև խաչակնքելով, ասաց. «Վերադարձի՛ր քո տեղը, որտեղից եկար, և թո՛ղ նկուն լինեն քեզ ուղարկողները»: Եվ [գազանն] իսկույն փախավ:

Եվ գնացին Կեսարիա: Երբ մտան քաղաքը, սրբի առաջ ելավ մի դիվահար և աղաղակելով` դիմեց Տրիփոնին. «Աստծո՛ւ ծառա, փրկի՛ր ինձ պաշտամունքից թշնամու, որ ինձ լլկում է»: Աստծու սուրբն սկսեց արտասվել, հոգոց հանեց և ասաց. «Բարերար Աստծու փառքերի ճառագա՛յթ և պատկեր, իրավունքի և արդարության անշիջելի լույս, Քրիստո՛ս, թո՛ղ ահազդու և փառավորված անունդ հալածի չար դևին Քո ձեռքով ստեղծվածի միջից, որ չարից մաքրվելով` օրհնի արարողիդ, որովհետև Դու հզոր և ամենակարող ես»: Նույն պահին աղաղակող մարդը լռեց, և ասես փոթորկված ուժգին հողմ ելավ նրանից և չքվեց դեպի անապատի կողմը: Եվ չար դևից ազատված մարդը, Աստծուն փառավորելով, գնաց իր տունը, և չարն այլևս նրան չհանդիպեց:

Իսկ մի նշանավոր մարդ, որին նեղում էր դևը, երբ լսեց, եկավ սուրբ Տրիփոնի մոտ և խնդրում էր, որ ողորմի իրեն և փրկի չար դևից: Տրիփոնն ասաց. «Քեզ կողորմի վտանգվածներին Լսողը»,- և բռնեց նրա ձեռքից, ու դևը շարժեց մարդուն: Եվ սուրբն ասաց. «Քեզ եմ ասում, անիրավությա՛ն չար դև, երկյուղի՛ր ահազդու Աստծուց և դո՛ւրս արի սրա միջից և այլևս չվերադառնաս քո այս բնակատեղին»: Եվ վտանգվածից ասես թանձր ծուխ ելավ հողմի պես, ու նա սթափվելով` ելավ ու սուրբ Տրիփոնի հետ սկսեց Աստծուն փառավորել:

Եվ քաղաքի Ուրկիոս դատավորը, լսելով այս, ուղարկեց իր հավատարիմ մարդկանց, որ իր մոտ բերեն նրան, ու տեսնի Աստծու սրբին: Եվ ելավ սրբին ընդառաջ ու ասաց. «Բարո՜վ եկար, բարձրյալ Աստծու ծառա»: Աստծու սուրբը պատասխանեց և ասաց. «Թո՛ղ բարձրյալն Աստված լուսավորի քո միտքը` հօգուտ քեզ»: Դատավորը հարցրեց. «Մանուկ լինելով` ինչպես ես ընդունել այս աստվածային շնորհները, որ ասես տարիքով մարդ լինես` հոգով և ճշմարտությամբ, լեցուն Աստծու շնորհներով»: Սուրբ Տրիփոնն ասաց նրան. «Բոլոր արարածների Տերն ինձ խնամեց ոչ ըստ իմ արժանավորության, այլ գթաց ինձ Իր ողորմությանը համապատասխան, որ վերացնի էակների տարբերությունը, որպեսզի մարմնով և գիտությամբ կարողը չպարծենա մյուսների առջև, որովհետև ինքն ընդամենը գիտությունն ու զորությունն է Աստծու կամքի, որով Ամենակարողը մարդկանց միջից հալածում է դևերին և ցավը, նաև անառակության ախտն ու չար խոհերի ազդեցությունը, որ պղծում են պես-պես և զանազան գործերով և մարդկանց ընկղմում են չար ապականությունների խորքերը: Աստված շնորհեց ինձ առատորեն, որպեսզի ցույց տա, որ աստվածային մանուկն իմաստնագույն է, քան ծերունիները, և Աստծու տկարը զորավոր է, քան աշխարհի հզորագույնները: Ե՛կ, դու ևս հավատա ամենակալ Աստծուն և Նրանից ստացիր բարերարության շնորհներ, որ հավատքով և արդար վարքով ժառանգես անհամեմատելի լույսն ու պայծառությունն ի Հիսուս Քրիստոս, [ընդունես] երկնային արքայությունն ու անապական բարիքները, որ պահվում են հավատացյալների, սրբերի և արդարների համար»: Եվ դատավորն ասաց. «Աղոթի՛ր ինձ համար, որ լինի` ինչպես որ ասացիր»:

Եվ սուրբ Տրիփոնն օրհնեց Աստծուն և ասաց. «Իմանալի՛ Զորություն, լուսավորիր նրան աստվածգիտության լույսով: Բե՛ր խավարից դեպի լույս` Քեզ հավատացողների մոտ, որ Քո լույսով տեսնի աստվածգիտության լույսն ու փառավորի Քեզ, ճշմարի՛տ Աստված»: Եվ դրանից հետո Աստծու ահով մեղքերից մաքրվելով` հաստատվեց և մնաց ուղիղ հավատքի և բարեպաշտ վարքի հույսի մեջ:

Եվ նույն քաղաքում մի մարդ կար, որ մի դուստր ուներ: Եվ եկավ Աստծու սրբի մոտ և աղաչում էր, որ գա, փրկի դստերը չար դևից: Եվ մարդու աղաչանքները լսելով` սուրբը նրա հետ տուն գնաց: Եվ տեսնելով դիվահարին` արտասվելով և հառաչելով` սկսեց աղոթել Աստծուն և ասել. «Բարիքների՛ բաշխող և ողորմած Տեր, նայի՛ր Քո ձեռքով արարվածին, որին բռնել է չար ոգին: Գործի՛ր Քո մարդասեր շնորհների գթությամբ, Քո ստեղծածի միջից հալածի՛ր չար դևին, որ ամոթահար լինի, և Քո սուրբ անունը փառավորեն Քո արարածները, որովհետև, Տե՛ր, Դու ես արժանի փառքի և պատվի»: Եվ երբ ասաց այս, աղջկան կնքեց Քրիստոսի խաչի նշանով` անվամբ Հոր և Որդու և Սուրբ Հոգու: Եվ աղջիկն անմիջապես մաքրվեց և ամբողջ ընտանիքով փառավորում էին Աստծուն` օրհնելով Տիրոջը:

Սրանից հետո սրբի մոտ բերեցին ջրգողությամբ տառապող մի հիվանդի, որ ունեցվածքը վաճառելով` փորձել էր բուժվել, սակայն օգուտ չէր եղել: Եվ հիվանդն աղաչում էր սրբին, որ աղոթքով բժշկի իրեն Տիրոջ անվամբ: Եվ հիվանդին գթալով` արտասվեց և հառաչանքով արտաբերեց Տիրոջ անունն ու սկսեց պատմել բժշկությունները, [որ կատարեց], երբ երևաց երկրի վրա և շրջեց մարդկանց մեջ: Եվ պատմում էր, որպեսզի գթա ախտահարվածին և Իր մեծ ողորմությամբ առողջություն շնորհի, որ և եղավ այդպես սրբի աղոթքներով և բարեխոսությամբ: Եվ առողջացածը գոհանալով օրհնում էր Աստծուն:

Եվ երանելին աղոթքներով, պահքով և սրբակրոնությամբ հանապազորդ, գիշեր ու ցերեկ այսպես խորհում էր Տիրոջ օրենքի մասին: Եվ դևերի մարտն ընդդեմ սրբի սաստիկ էր, սակայն Տիրոջ շնորհներով դևերին հաղթում էր կռվում:

Եվ մի անգամ նրա մոտ մի կին եկավ, որ կույր էր և կռացած ու կծկված դևերի բազմության պատճառով: Եվ սուրբը, տեսնելով նրան, զարհուրեց և հարցրեց. «Ո՞վ ես դու և ո՞րտեղից ես գալիս»: Կինն ասաց. «Ես դևերի բնակատեղի եմ. եկա անապատից և կանգնած եմ քո առջև»: Եվ սուրբը հարցրեց. «Ինչո՞ւ եկար այստեղ»: Եվ նա պատասխանեց. «Իմացա Աստծու զորությունը, որ քեզ վրա է»: Եվ Աստծու սուրբն սկսեց դառնապես ողբալ խեղճի համար և արտասվելով` բազում ժամեր աղոթում էր Տիրոջը, իսկ դևերը, տանջվելով սրբի աղոթքներից, տարբեր զարհուրական ձայներ էին արձակում: Եվ Աստծու սուրբն ասաց. «Տիրոջ անունով` հալածվեցե՛ք այստեղից և այլևս չհամարձակվե՛ք դառնալ ձեր այս բնակության տեղը»: Եվ ամենակալ Տիրոջ ահից սարսափած` դևերն աղաղակում էին և դիմում էին սրբին. «Քանի որ մեզ հալածեցիր քո աղոթքով, մենք կգնանք Հռոմ, որ և այնտեղ կգաս` կամա թե ակամա»: Իսկ սուրբն իր մոտ եղած քրիստոսական խաչով կնքեց կնոջ զգայարանը, և կինն իսկույն սթափվեց և ազատվեց ցավերից: Եվ այս տեսնելով` բոլորն սկսեցին փառավորել Աստծուն` սրբի միջոցով բարիք շնորհողին:

Եվ դևերը, գնալով Հռոմ, բնակվեցին Պրոկղ անունով մի պատվելի կնոջ ներսում, որ դևերի սաստիկ տանջանքներին էր ենթարկվում և ոչ ոք չէր կարողանում ազատել նրան: Իսկ դևերը գոչյուն էին բարձրացնում և ասում էին. «Մինչև այստեղ չգա Տրիփոնը` դուրս չենք գա»: Եվ հարցուփորձով շատ որոնեցին Տրիփոնին, մինչև որ եկան-գտան Կեսարիայում և նրան շտապով տարան Հռոմ: Եվ երբ մտավ տառապող կնոջ տունը, դևերն աղաղակ բարձրացրեցին և ասացին. «Եկար, որ այստեղ և՞ս մեզ հալածես»: Եվ սուրբն ասաց. «Անվամբ զորությունների Տիրոջ, որ ինձ զորացրեց ձեզ վրա. անզորանալով հալածվեցե՛ք դեպի արտաքին խավարը, որ բոլորի Փրկչի կողմից պատրաստված է ձեր չարությանը համապատասխան»: Եվ անմիջապես կինն ազատվեց պիղծ դևերից և սկսեց փառավորել Աստծուն: Եվ [երանելին] կնոջը հանձնեց ամուսնուն, հավատքի և արդարության մասին բազում բաներ խոսեց և նրանց օրհնելով` վերադարձավ իր գյուղը` Սամուսա, ուր նրա միջոցով Աստված բժշկություններ էր անում: Եվ մինչ օրս պատմում են դևերին պարտության մատնելու և դրանց հաղթելու զորության մասին, որ նրան տվել էր Աստված: Պատմում են նաև պարգևների մասին, որ Հոր, Որդու և Սուրբ Հոգու մոտ են, որին փառք հավիտյանս. ամեն:

* * *

Այդ ժամանակներում Հռոմում թագավորում էր Գորգիանոսը, որ բարեպաշտ էր: Եվ նա մի դուստր ուներ, որ նույն անունն էր կրում, վարժվել էր փիլիսոփայական իմաստությամբ և հույժ խելամիտ ու գեղեցիկ էր: Եվ թագավորական զարմից շատերն էին նրան կնության խնդրում: Եվ մինչ մտածում էին, թե ում տան կնության, չար դևը բնակվեց թագավորի աղջկա մեջ: Եվ աղջիկը ճչում էր, արտաբերում Տրիփոնի անունն ու ասում. «Ո՛վ սուրբդ Աստծու, օգնի՛ր ինձ քո աղոթքներով»: Եվ սարսափահար թագավորն ու թագուհին ձգտում էին իմանալ, թե ով է Տրիփոնը: Եվ հարցնելով ու փնտրելով` պալատականները գնացին ու գտան նրան Սամուսա գյուղում. սուրբը սագերին տարել էր լճի մոտ: Եվ գյուղացիները ցույց տվեցին սրբին, թե` նա է: Եվ պալատականները հարցրեցին. «Դո՞ւ ես Տրիփոնը»: Եվ նա պատասխանեց. «Ես եմ»,-որովհետև Տիրոջից ազդ էր եղել, որ նրանց հետ գնա, չհապաղի: Եվ անմիջապես նրան երիվարի վրա բարձրացրեցին և ըստ թագավորի հրամանի շտապեցնում էին նրան և ծանուցում գնալու պատճառը: Իսկ նա ճանապարհին անդադար աղոթում էր Աստծուն, որ թագավորի աղջկան բժշկի նախքան ինքը կմտնի նրա մոտ: Եվ սրբի հայցածը կատարվեց: Երբ սուրբ Տրիփոնի գալստյան լուրը հասավ թագավորի, թագուհու և նրանց դստեր ականջներին, դևերն աղաղակեցին և խառնաշփոթի մեջ ընկնելով` ասացին. «Եկե՛ք դուրս գանք այս աղջկա միջից, որովհետև Տրիփոնը գալիս է մեր բնակությունից մեզ հանելու և մեզ կհալածի այնտեղ, ուր չենք կամենում»: Եվ այդ ժամանակ ինչպես հուժկու հողմ դուրս եկան աղջկա միջից, և նա առողջացավ: Իսկ երեք օր անց եկավ Տրիփոնը: Թագավորը հավատացել էր, որ նրա աղոթքով Տերը բժշկեց իր դստերը և սրբին մեծարեց ու ասաց. «Ո՛վ սուրբդ Աստծու, հավատացած եմ, որ քո միջոցով Տերն ապաքինեց դստերս: Աղաչում եմ քեզ, ո՛վ սուրբ, ցո՛ւյց տուր դևին, որ չարչարում էր իմ դստերը»: Եվ սուրբը յոթ օր ժամանակ խնդրեց թագավորից, որ աղոթի Տիրոջն, ու թագավորի խնդրանքը կատարվի: Եվ մեկ շաբաթ` գիշեր ու ցերեկ ամուր հավատքով աղոթեց, և Տերը շնորհեց նրա խնդրածը: Եվ մեծ պատվով կանչեցին թագավորի մոտ, որ կրկին նույն բանը խնդրեց: Եվ սուրբն ասաց. «Քեզ եմ ասում, չա՛ր դև, ո՞վ ես և ինչացո՞ւ. հայտնվի՛ր այստեղ»: Եվ նույն պահին եկավ նա, որ թագավորի դստեր մեջ մտած դևերի իշխանն էր. շան կերպարանք էր առել` հրեղեն աչքերով, և գլուխը քարշ էր տալիս գետնով:

Սուրբն ասաց դևին. «Ա՛յ չարագույն դև, ինչո՞ւ մտար աղջկա մեջ և չարչարեցիր նրան»: Դևն ասաց. «Մեր հայրն առաքեց ինձ և ընկերակիցներիս` նրան չարչարելու և գեղեցկությունն ապականելու»: Սուրբն ասաց. «Եվ ո՞վ է ձեր հայրը»: Դևը պատասխանեց. «Սատանան` բարու թշնամին և չարի հորդորիչը, որ խլում է մարդկանցից բարեպաշտության ու արդարության մտքերը և անաստվածության ու անօրենության, հայհոյության մտքեր տնկում: Խլում է խորհուրդները, որ Պետրոսն ու Պողոսը քարոզեցին այս քաղաքում և տիեզերքով մեկ: Մեր հայրը նա է, որ մեզ սովորեցնում է քամահրանքով արհամարհել հավատքն ու արդար վարքը, ուսուցանում է ոչ միայն խոհերով խաբել մարդկանց, այլև չար գործերով: Խաբվողներին մոլորեցնում է բազմաստվածությամբ, երդմնազանցությամբ, սպանություններով, բամբասանքով, բարկությամբ և ստերով, ագահությամբ, ամբարտավանությամբ: Եվ արդյո՞ք կարիք կա, որ մեր և մեր հոր բոլոր չարագործությունները հիշեմ. չէ որ ձեր Գրքերը պատմում են մեր խորհրդով, խոսքով և գործերով իրականացած չարիքները, որ կատարում ենք մարդկանց միջոցով` հեշտությամբ արդարությունից դեպի մեղքերը քարշելով: Եվ այս ամենն ասացի քեզ իմ կամքին հակառակ` Աստծու հրեշտակի դրդմամբ:

Մեր հայրը չարի արարիչն է, իսկ մենք` արբանյակները չարի: Եվ արդարների մոտ, որ սիրում են Աստծուն, դառնում ենք տկար, սակայն հզորանում ենք մեր կամքով խորհողների և երկրային ցանկություններով տարվածների մոտ: Ահա ասացի քեզ այս ամենը ոչ իմ կամքով, այլ հարկադրված ճշմարտություն խոսեցի: Մենք ճշմարիտը չենք խոսում, այլ միայն սուտը, որպեսզի կարողանանք մարդ որսալ կորստյան վիհի և անշեջ հրի համար, որ պատրաստված են մեր հոր և մեզ համար, որպես և ասաց Քրիստոս»:

Եվ այս լսելով` թագավորն ու մեծամեծները զարմանալով հիացան և սկսեցին փառավորել Աստծուն: Եվ լսողներից շատերը հավատացին Աստծուն, իսկ հավատացյալներն առավել ամրապնդվեցին իրենց հավատքի մեջ: Եվ սուրբն ասաց դևին. «Ճշմարտությա՛ն հակառակորդ, որ խոսեցիր քո կամքին հակառակ, հեռացի՛ր»,- և չար դևն անհետացավ նրանց մոտից: Եվ թագավորը մեծարեց Աստծու երանելի սրբին ու բազում նվերներ շնորհեց, արծաթ և ոսկի, իսկ նա չէր կամենում ընդունել: Եվ այնքան համոզեցին, որ ամաչելով վերցրեց ու առնելով` բաշխեց կարոտյալներին, իսկ ինքը շարունակեց աղոթել գիշեր ու ցերեկ: Եվ մի օր գաղտնի հեռացավ դեպի իր բնակության վայրը:

Որոշ ժամանակ անց Գորգիանոս արքան վախճանվեց, և թագավորեց Փիլիպպոսը` այր ամբարիշտ և արդարության ու ճշմարիտ Աստծու թշնամի: Եվ չարի կողմից մոլորված կուռքերին էր պաշտում և զոհ մատուցում: Եվ քրիստոնյաների դեմ հալածանքներ սկսեց ու հրամայեց, որ ցանկացած գավառում ու գյուղում ով որ չպաշտի կուռքերին` չարաչար տանջանքներով վախճանվի: Եվ բոլոր ամբարիշտներն, ստանալով հրամանը, խոշտանգում ու նեղում էին հավատացյալներին, որ հնազանդվեն թագավորի կորստաբեր հրամանին:

Եպարքոսին տեղեկացրին Տրիփոնի և նրա հավատքի մասին: Պատմեցին նաև նրա սրբակրոն վարքն ու սքանչելիքները, որ երանելիի միջոցով կատարում էր Տերը: Եվ եպարքոսը զինվորներ ուղարկեց, որ սրբին ատյան բերեն: Եվ որովհետև հարկ չէր, որ լուսավոր անձն այն խավարում թաքչի, չհեռացավ: Եվ զինվորները բռնեցին սուրբ Տրիփոնին և եպարքոսի ատյանը բերեցին` ասես մի մահապարտի: Եպարքոսն ասաց նրան. «Ասա՛ անունդ և թե ո՞վ ես դու»: Երանելի Տրիփոնը պատասխանեց. «Անվամբ և հավատքով քրիստոնյա եմ, իսկ ծագմամբ` ազատների ազգից»: Եպարքոսը հարցրեց. «Եվ չե՞ս լսել թագավորի հրամանը` քրիստոնյաներին հրի, սրի և այլ տանջանքների մատնելու մասին»: Երանելին ասաց. «Եթե մահվան արժանի որևէ բան գործել եմ, չեմ հրաժարվի մեռնելուց»: Եպարքոսն ասաց. «Սթափվի՛ր և զո՛հ մատուցիր աստվածներին և պաշտի՛ր նրանց` ինչպես մենք, և թագավորին ու նրա մեծամեծներին սիրելի կդառնաս»: Սուրբ Տրիփոնը պատասխանեց. «Հաստատուն եմ ճշմարիտ հավատքի մեջ` Հոր, Որդու և Սուրբ Հոգու, և անշարժ կմնամ այս խոստովանությամբս»: Եպարքոսն ասաց. «Չարչարանքներն ընդունելու փոխարեն համաձայնի՛ր ասածներիս և զո՛հ մատուցիր»: Սուրբ Տրիփոնը պատասխանեց. «Քո հասցնելիք բոլոր չարչարանքները հոժարությամբ կընդունեմ հանուն Աստծու սիրու»: Այս լսելով` եպարքոսը հրամայեց սրբին կախել կրակի վրա: Եվ [երանելին] ամբողջ օրն այդպես մնաց և աղոթք էր մատուցում առ Աստված: Եվ բռնակալը, տեսնելով սրբի ժուժկալությունը, հրամայեց նրա մարմինը խոցել սրով: Սակայն սուրբն իր կամքն առ Աստված հաստատուն պահեց: Եվ երբ երեք ժամ չար ու դառն տանջանքներով չարչարեցին, եպարքոսն ասաց երանելիին. «Արդյոք չզղջացի՞ր մեծամտությանդ համար. ոչ ոք չի կարող ընդդիմանալ թագավորական հրամանին»: Սուրբն ասաց. «Շատերն ընդդիմացան երկրային1 չար հրամաններին և հաղթող դուրս եկան ու ընդունեցին անապական պսակը անմահ Թագավորից, որի համար ես հուսավառվեցի Անմահի զորությամբ և հավատում եմ, որ պարտության կմատնեմ քո, թագավորի և ձեր խորհրդատու սատանայի բռնությունը: Եվ չեմ պաշտի կուռքերն ու չեմ երկրպագի դևերին, որ երկրային իշխան[ներ]ին հորդորում են իրենց հաճությամբ գործել բոլոր անիրավությունները, որպեսզի ժառանգորդը դարձնեն հավիտենական տանջանքների, որ արդար Դատավորը պատրաստեց նրանց ու նրանց հնազանդվողների համար»:

Այս լսելով` բռնակալը հրամայեց նրան սառնամանիքին դաշտ տանել. ձմեռը խիստ էր և ձյունն առատ: Եվ այնտեղ գցեցին նրան, և եպարքոսը բազում զինվորների հրամայեց ձիընթաց անցնել սրբի վրայով և սմբակների տակ առնել: Եվ երբ երկար ժամեր տաժանեցին, սուրբը դիմեց Տիրոջն ու ասաց. «Տե՛ր, սա մեղք չհամարես նրանց համար, որովհետև չգիտեն, թե ինչ են անում» (հմմտ. Ղուկ. ԻԳ. 34):

Եպարքոսն ասաց նրան. «Եթե չզգոնանաս և չթողնես այդ մտքերդ, ես կավելացնեմ չարչարանքները և կզրկեմ քեզ քաղցր կյանքից»: Սուրբ Տրիփոնն ասաց. «Քրիստոսի շնորհներով ես զգոն էի և զգոն եմ, որովհետև բազում չարչարանքներով բազմանում են հավիտենական Թագավորի` ինձ շնորհելիք պարգևները»: Եվ բռնակալը հրամայեց նրան բանտ տանել և որոշ ժամանակ թողնել, որ ետ կանգնի և ընդունի իր կամքը: Օրեր անց հրամայեց սրբին ատյան բերել: Եվ դատավորն ասաց. «Խրատվեցի՞ր, երբ տանջանքներից հետո որոշ ժամանակ հանգիստ թողեցի»: Սուրբ Տրիփոնը պատասխանեց. «Խրատված և կրթված էի մանկուց ի վեր և արհամարհեցի կուռքերին ու սիրեցի Աստծուն, որն արարեց երկինքն ու երկիրը ու դրանց միջի արարածներին. Նրան եմ օրհնում, փառաբանում ու երկրպագում և ապրում եմ Նրա պատվիրաններով, որովհետև ով ուրանա Նրան` ուրացված կլինի Աստծու հրեշտակների առջև, որ երկնքում են»: Եվ բարկանալով` բռնակալը հրամայեց երկաթյա բևեռներ բերել և խփել սրբի ոտքերին. և այդպես ամբողջ օրը քայլեցրին ձյան վրայով և անց էին կացնում քաղաքի փողոցներով: Սակայն սուրբը չէր ընկրկում, այլ հաստատուն էր մնում հավատքի մեջ` պատրաստ հավիտենական կյանք ստանալու: Բռնակալը զարմացավ սրբի ժուժկալությունից և այլ տանջանքներ էր մտքով անցկացնում: Եվ տասը հոգու հրամայեց ծեծել սրբին գավազաններով, և այդ անգամ ևս սուրբը չենթարկվեց բռնակալի կամքին: Եվ եպարքոսը հրամայեց ջահերով այրել սրբի կողերը: Եվ բազում հավատացյալներ սրբին տեսան լույսով պայծառացած ու կատարյալ գեղեցկությամբ զարդարուն և սկսեցին օրհնել Աստծուն: Եվ ձեռքերը երկինք ամբարձելով` Աստծու սուրբն ասաց. «Տե՛ր Աստված Հիսուս Քրիստոս, թո՛ղ չարը չզորանա ինձ վրա և իր գործակիցներով չարչարելով` ինձ չհեռացնի Քո կամքից: Արժանի՛ դարձրու ինձ մտնելու Քո ընտրյալ հոտի մեջ և արժանանալու անապական պսակի, որ խոստացել ես Քո սուրբ ծառաներին վերջին օրվա [համար]: Եպարքոսը հարցրեց սրբին. «Ի՞նչ ես ուզում ասել կամ ի՞նչ ես մտադրվել ստանալ, որ այդպես կամավոր տրվել ես տանջանքի ու մահվան»: Սուրբ Տրիփոնը պատասխանեց. «Բազում անգամ լսեցիր ինձնից, որ կենդանի է Աստված, որ երկնքում է. միայն Նրան եմ պաշտում և լոկ Նրանից երկյուղում և այլևս ոչ մեկից»: Այս լսելով` բռնակալը հասկացավ նրա անդրդվելիությունը և սրբի նկատմամբ մահվան վճիռ կայացրեց: Եվ հրապարակում բարձրաձայնելով` ասաց. «Արքունական դատաստանով որոշվում է` քրիստոնեական հավատքի համար կայսեր հրամանով բազում չարչարանքներ կրած և այնուամենայնիվ ինքնակալի կամքին չենթարկված Փռյուգիացի Տրիփոնին սպանել սրով»:

Երբ սրբին հասցրեցին մարտիրոսության վայրը, ձեռքերը երկինք պարզեց, սկսեց աղոթել Տիրոջն ու ասել. «Գոհանում եմ Քեզնից, ամենակա՛լ Տեր, որ մանկությունիցս ի վեր ինձ առաջնորդեցիր արդարության ճանապարհներով և դևերին հալածելու շնորհ ընծայեցիր, որ նրանց վանեմ Քո ծառաներից և աղախիններից: Եվ դևերի դեմ մղված պատերազմներում Քո ծառային հաղթող դուրս բերեցիր` նրանց դարձնելով նկուն և ամենուր թողնելով ամոթահար: Իմ մարտիրոսությունից հետո ևս թո՛ղ շարունակվի` վտանգվածների միջից դևերին հալածելու Քո ողորմության շնորհը` բոլոր հավատացյալների համար, ովքեր կարտաբերեն Քո ծառա Տրիփոնի անունը: Գոհանում եմ Քեզնից, որ ինձ արժանի դարձրեցիր չարչարվելու և մեռնելու Քո անվան համար: Դասի՛ր ինձ կարգը Քո վկաների, որ փառավորվեցին` մահն ընդունելով Քո Տերության առջև, որ նրանց հետ արժանանամ փառավորելու Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն. այժմ և միշտ և հավիտյանս. ամեն»:

Եվ երբ արտասանեց` «Ամեն», անմիջապես սրով հատեցին երանելի Տրիփոնի գլուխը, և այսպես ավանդեց հոգին` ի փառս Աստծու:

Սա եղավ Նիկիա քաղաքում: Եվ եղբայրները, որ այնտեղ էին, գողացան սրբի նշխարները, դրեցին տապանի մեջ և նավով ուղարկեցին այն գյուղը, որի մասին խոսվեց վերևում:

Այսպես մարտիրոսվեց սուրբ Տրիփոնը` փետրվար ամսի երկուսին, հռչակավոր և հիշատակելի վկայությամբ: Եվ նրա մարտիրոսության վայրում բազում դիվահարներ էին բժշկվում: Եվ նրանց հետ մեկտեղ սուրբ Տրիփոնի աղոթքներով Տերը թո՛ղ խնամի նաև բոլոր հավատացյալներին, որ այստեղ և հանդերձյալ կյանքում փառավորի Իրեն փառավորողներին, որովհետև Նրան վայել է փառք, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

1  Գրքում` «երկնաւոր»: Փխ. ըստ շարակարգի:

Վարք Սրբոց, Հատոր Դ, Ս. Էջմիածին - 2010թ.

Աղբյուր՝ Surbzoravor.am