Այսպէս է ասում Տէրը. «Ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծոյ հրեշտակների առաջ: Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ ուրանայ, Աստծոյ հրեշտակների առաջ պիտի ուրացուի» (Ղուկասի 12:8)

Սուրբ Հովհան Ոսկեբերան. Խոնարհության մասին

Երբեք մի՛ մեծամտացիր քո խոնարհությամբ: Հնարավոր է, որ ձեզ ծիծաղելի թվան իմ խոսքերը, թե խոնարհությունը կարող է մեծամտացնել, բայց մի զարմացեք, այն մեծամտության է տանում, երբ անկեղծ չի լինում: Ինչպե՞ս և ի՞նչ ձևով: Երբ այն լինում է ի ցույց մարդկանց, արվում փառաբանվելու և սնափառության նպատակով, որովհետև այդ դեպքում դա սատանայի գործ է: Ինչպես շատերը պարծենում են նրանով, որ իրենք սնապարծ չեն, այդպես էլ խոնարհները ընկնում են փառամոլության մեջ՝ մեծամտության պատճառով: Փորձենք հիշել Քրիստոսի պատվիրանը.

«Երբ կատարեք այն բոլորը, որ ձեզ հրամայված է, ասացեք, թե՝ անպիտան ծառաներ ենք. ինչ որ պարտավոր էինք անել, այն արեցինք» (Ղուկաս ԺԷ 10), ինչպես նաև տիեզերական ուսուցչի խոսքերը. «Ես ինքս ինձ նպատակին հասած չեմ համարում» (Փիլիպեցիներ Գ 13): Ով համոզված է, որ ոչ մի մեծ բան չի արել, ինչ էլ որ արած լինի, իրեն նպատակին հասած չի համարում, միայն նա՛ կարող է խոնարհ լինել: Շատերը խոնարհության պատճառով ընկան հպարտության մեջ, թող նման բան մեզ հետ չպատահի: Եթե դու խոնարհության որևէ գործ ես կատարել, մի՛ հպարտացիր դրանով, այլապես ամեն ինչ կկործանես: Այդպիսին էր փարիսեցին: Նա սկսեց մեծամտանալ նրանով, որ տասանորդ է տվել աղքատներին և կործանեց ամեն ինչ: Բայց այդպիսին չէր մաքսավորը: Լսիր, թե նորից ինչ է ասում Պողոսը. «Ինքս իմ մասին բան չգիտեմ, բայց սրանով չեմ արդարանում» (Ա Կորնթացիներ Դ 4):

Տեսնո՞ւմ ես, թե ինչպես նա չի մեծամտանում, այլ ամեն կերպ նվաստացնում և խոնարհեցնում է իրեն և այն դեպքում, երբ արդեն հասել է ամենաբարձր առաքինության: Նաև երեք պատանիները շիկացած հնոցի մեջ ի՞նչ էին ասում. «Արեցիր այս բոլորը մեր մեղքերի պատճառով» (Դանիել Գ 28), դա էլ հենց նշանակում է «կոտրած սիրտ ունենալ», այդ պատճառով էլ նրանք կարողացան ասել. «Կոտրված սրտով և տառապած հոգով թող ընդունելի լինենք» (Գ 39):

Նրանք այդպես խոնարհ էին նաև հնոցի մեջ գցվելուց հետո, նույնիսկ ավելի խոնարհ, քան հնոցի մեջ գցվելուց առաջ:

Երբ տեսան իրենց հետ կատարված հրաշքը, իրենց անարժան համարելով փրկության համար՝ առավել ևս խոնարհվեցին, քանզի մենք հատկապես այն ժամանակ ենք կոտրված հոգի ձեռք բերում, երբ համոզվում ենք, որ մեր արժանիքների պատճառով չենք արժանացել մեծ բարերարության: Սակայն նրանք չէին կարող բարերարություն չստանալ ըստ իրենց արժանիքների: Նրանք թույլ տվեցին, որ իրենց հնոցը նետեն, գերի էին տարվել դեռևս իրենց պատանեկության տարիքում, այն դեպքում, երբ մյուսները մեղանչեցին և տրտնջացին, չվրդովվեցին և չասացին, թե ի՞նչ օգուտ մեզ, որ ծառայում ենք Աստծուն, ի՞նչ շահեցինք մենք՝ երկրպագելով Նրան: Պիղծ մարդը մեզ տեր է դարձել, կռապաշտության համար մենք կռապաշտների կողմից տանջանքներ ենք կրում. գերի տարվեցինք, հայրենիքից, ազատությունից և հարազատ ամեն ինչից զրկվեցինք, դարձանք ստրուկներ և ծառայում ենք հեթանոսներին: Նրանք ոչ մի նման բան չասացին, այլ ասացին՝ «Գործած անօրենությունների պատճառով» և սկսեցին աղոթել ոչ թե իրենց, այլ մյուսների համար:

Ուրեմն խոնարհամիտ լինենք, ինչպես հարկն է նվաստացնենք մեզ, որպեսզի խոնարհությունը մեզ համար հպարտության առիթ չհանդիսանա: Դու խոնա՞րհ ես, նույնիսկ բոլոր մարդկանցից առավե՞լ: Մի՛ մեծամտացիր դրանով և մի պարսավիր մյուսներին, որպեսզի քո գովասանքները քեզ չկործանեն: Դու խոնարհամիտ ես և այն պիտի քեզ համար լինի մեծամտությունից զերծ մնալու պատճառ, իսկ եթե դրա միջոցով ընկնես մեծամտության մեջ, ապա ավելի լավ կլինի, որ ընդհանրապես խոնարհ չլինես: Երբ մտքերդ քեզ կստիպեն զարմանալ քո խոնարհությամբ, ապա պատկերացրու քո Տիրոջը, թե ինչպես նսեմացրեց Իրեն: Այդժամ դու այլևս չես զարմանա քեզ վրա, քեզ չես գովաբանի, այլ կծիծաղես՝ որպես ոչնչի չհասածի: Քրիստոս, Աստված լինելով, ծառա դարձավ, մահվանն անհաղորդ լինելով՝ հաղորդակից դարձավ դրան մարմնով, իսկ մենք նույնիսկ եթե հանուն Նրա չենք տալիս մեր հոգիները, ապա ըստ բնության օրենքի՝ այն անպատճառ պիտի տանք՝ որոշ ժամանակ անց ակամայից կյանքից հեռանալով: Այդպես էլ հարստությունը, եթե չտանք հանուն Նրա, ապա անպայման կտանք մահվան ժամանակ: Այդպես է նաև խոնարհության դեպքում, եթե մենք հանուն Նրա խոնարհ չլինենք, ապա մեզ կխոնարհեցնեն վշտերը, դժբախտությունները, նեղությունները:

Ուրեմն ամաչենք Քրիստոսի այդպիսի սիրուց, ինքներս բոցավառվենք Նրա հանդեպ սիրով: Այդքան անհոգ չգտնվենք մեր իսկ հոգու փրկության համար, այլ սիրենք Նրան մեր ուժերի ներածի չափով, հանուն Նրա սիրո ամեն ինչ տանք և՛ հոգին և՛ ունեցվածքը և՛ փառքը և մնացած այլ բաները ուրախությամբ, պատրաստակամությամբ, ջանասիրությամբ՝ դա չհամարելով մի ինչ-որ լավություն Տիրոջը, այլ հենց մեզ համար օգտակար գործ, որովհետև այդպիսին է սիրո օրենքը, սիրողներն իրենց համար երջանկություն են համարում հանուն սիրելիների տառապելը: Մենք էլ այդպես հանձնենք մեզ մեր Տիրոջը, որպեսզի մենք էլ արժանանանք գալիք բարիքներին մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով, Որի հետ նաև Հորը և Սուրբ Հոգուն փա՜ռք այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:

Ռուսերենից թարգմանեց` Գայանե ԹԵՐԶՅԱՆԸ
Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» երկշաբաթաթերթ