Այսպէս է ասում Տէրը. «Քանի որ Քրիստոս մարմնով չարչարուեց մեզ համար, դուք եւս զինուեցէ՛ք նոյն մտքով. որովհետեւ, ով մարմնով չարչարւում է, դադարում է մեղանչելուց, որպէսզի մարմնի մէջ մնացած ժամանակ այլեւս ոչ թէ ըստ մարդկային ցանկութիւնների, այլ ըստ Աստծու կամքի ապրի» (Պետրոս 4:1)

Տիրոջ պատկերին հավատարիմ

Մարդու դերի ու տեղի, նրա առաքելության, բարոյական արժեհամակարգի, հոգեկերտվածքի եւ նկարագրի, կյանքի ու մահվան հարցերը դեռեւս հնագույն շրջանից են քննարկվում աստվածաբանության, փիլիսոփայության եւ գրականության մեջ:

Աստված իր անսահման սիրով ու բարությամբ ստեղծեց աշխարհը եւ մարդուն. Նա Սեր է, «իսկ նա, ով չի սիրում, չի ճանաչում Աստծուն, քանի որ Աստված սեր է» (Ա. Հովհ. Դ. 8)... Ծննդոց գիրքը հրաշալի ներկայացնում է մարդու արարումը. «Աստված ասաց. «Մարդ ստեղծենք մեր կերպարանքով ու նմանությամբ, նա թող իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի անասունների եւ երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա»: Եւ Աստված մարդուն ստեղծեց Իր պատկերով, Աստծու պատկերով ստեղծեց նրան, արու եւ էգ ստեղծեց նրանց» (Ծննդ. Ա. 26-27): Այսինքն՝ մարդն արարվել է Տիրոջ պատկերով եւ նմանությամբ: Եկեղեցական նշանավոր հայր Բարսեղ Կեսարացին սուրբգրային այս հատվածը մեկնում է այսպես. «Մարդ ստեղծենք մեր պատկերով եւ նմանությամբ... Աստվածային պատկերը մեզ շնորհվում է Տիրոջ կամքով, սակայն Նրան նմանվում ենք մեր կամքով...» (Св. Василий Кесарийский, Беседа первая о сотворении человека по образу, ЖМП, 1972, N 1, с. 36-37):

Հովհան Դամասկացու տեսակետի համաձայն՝ «Տիրոջ պատկերով եւ նմանությամբ» արարված լինելու իրողությունը ցույց է տալիս, որ մարդն օժտված է բանականությամբ եւ ազատ կամքով, ուստի աստվածային խոսքով առաջնորդվելով՝ կարող է նմանվել Արարչին:

Կյուրեղ Ալեքսանդրացին կարծում է, որ «պատկերով ու նմանությամբ» բառերը միեւնույն իմաստն ունեն, եւ դրանք տարբերակելն ու տարանջատելը ճիշտ չէ (А. Бронзов, Примичание // Иоанн Дамаскин. Точное изложение православной веры, кн. 2, СПБ, 1894, с. 68): «Կերպարանքով» ու «նմանությամբ» բառերի միջեւ իմաստային անքակտելի կապ կա, եւ պատահական չէ, որ Հին ու Նոր Կտակարանների տարբեր հատվածներում օգտագործվում է դրանցից մեկը. առաջինը հիշեցնում է աստվածային շնորհի, իսկ երկրորդը՝ հոգեւոր-բարոյական այն արժեհամակարգի մասին, որին հետեւելով՝ մարդը նմանվում է Աստծուն, միանում Նրան:

Աստված մարդուն ստեղծում է կատարյալ. «Քո հրեշտակներից փոքր-ինչ ցածր դրիր նրան եւ փառք ու պատվով պսակեցիր նրան» (Սաղմ. Ը. 6):

Ադամն ու Եւան սկզբնապես հավատարիմ եւ հնազանդ էին Արարչին. Ժողովողի գիրքը վկայում է. «...Աստված մարդուն ուղղամիտ է ստեղծել...» (Է. 29), այսինքն՝ առաջին մարդը արդարամիտ էր եւ հակված չէր մեղք գործելու:

Սակայն մեր նախածնողները խաբվում են. «Չեք մահանա, որովհետեւ Աստված գիտեր, որ այն օրը, երբ դրանից ուտեք, կբացվեն ձեր աչքերը, եւ դուք կլինեք աստվածների նման՝ կիմանաք բարին ու չարը» (Ծննդ. Գ. 4-5), հակառակվում Տիրոջը եւ ճաշակում արգելված պտուղը: Նրանք խախտում են Տիրոջ պատվիրանը, եւ իբրեւ բանական, սեփական արարքների համար պատասխանատու էակներ՝ մեղանչում Նրա դեմ: Աստված անհնազանդության համար պատժում է նրանց՝ արտաքսելով բերկրության դրախտից (Ծննդ. Գ. 23): Մարդը արարվել էր անմահ. մահը ադամական մեղքով մուտք գործեց աշխարհ:

Չպետք է կարծել, թե նախածնողների մեղքը փոքր էր ու թեթեւ. ըստ էության այն ներառում է մեղանչումի բազմաթիվ տարրեր՝ հպարտություն, քանզի մարդը ցանկանում է հասու լինել ավելիին, քան թույլատրված է, անհավատարմություն եւ անհնազանդություն Տիրոջը, գայթակղություն՝ մարդը խաբվում է օձից, «գողություն»՝ օգտվում է արգելված պտղից, փառասիրություն՝ ձգտում է նմանվել Արարչին... Օգոստինոս Երանելին ասում է. «Երբ խախտվեց աստվածային պատվիրանը, նախահայրը հենց նույն պահին զրկվեց Տիրոջ շնորհից» (Н. Малиновский, Православное догматическое богословие, ч. 2, Ставрополь-Губернский, 1903, с. 314): Մարդը, որն ի սկզբանե հնազանդ եւ արդարամիտ էր, դառնում է մեղանչական, հեռանում Արարչից՝ Կենաց աղբյուրից: Ակնհայտ փոփոխություն է տեղի ունենում նաեւ նրա հոգեւոր նկարագրում. ադամական մեղքից հետո խզվում է մարդ-Աստված ներդաշնակ կապը, նախածնողները փորձում են Տիրոջից թաքնվել, համակվում են տառապալից երկյուղով. «Երեկոյան նրանք լսեցին Տեր Աստծու՝ դրախտում շրջագայելու ոտնաձայնը, եւ Ադամն ու իր կինը Տեր Աստծուց թաքնվեցին դրախտի ծառերի մեջ...» (Ծննդ. Գ. 8):

Ադամական մեղքից առաջ մարդու հոգու եւ մարմնի միջեւ բացարձակ ներդաշնակություն էր տիրում, այնպես որ, երբ հոգին ազատորեն ձգտում էր Աստծուն, հնազանդվում Նրան, մարմինը եւս խոնարհաբար ենթարկվում եւ ծառայում էր Արարչին: Այդ ներդաշնակությունն ու հավասարակշռությունը լիովին խախտվում է մեղքի հետեւանքով, եւ քանի որ մարդը չի հնազանդվում Արարչին, նրա մարմինն էլ այլեւս չի ենթարկվում հոգուն: Ընդ որում, մարդկային մարմինը ոչ միայն չի հնազանդվում հոգուն, այլ սկսում է իշխել նրան, եւ անկյալ մարդը դառնում է մարմնական կրքերի, գայթակղությունների գերի... Օգոստինոսը գրում է. «Ոչինչ առավել հստակ չէ, քան Եկեղեցու՝ ադամական մեղքի մասին վարդապետությունը, եւ միեւնույն ժամանակ մարդկային բանականության համար այդ վարդապետությունից առավել խորհրդավոր ու անհասանելի ոչինչ չկա...» (Блаженный Августин, О заслугах и отпущении грехов, к Мерцеллину, т. 3, Киев, 1885, с. 444-445):

Բնականաբար, Աստծո պատկերով եւ նմանությամբ արարված մարդը չի կարող «աստված» դառնալ եւ հավասարվել իր երկնային Հորը. նա միայն պետք է ձգտի առ Աստված տանող ճանապարհը գտնել եւ պահպանել Նրանից շնորհված պատկերն ու նմանությունը: Աստվածաբանության մեջ կիրառվող «նմանվել Տիրոջը» (imitatio Dei) դրույթն ինքնին ենթադրում է մարդու՝ Արարչի պատկերով եւ նմանությամբ ստեղծված լինելը: Աստծուն նմանվելու խնդիրը նաեւ սուրբգրային հետեւյալ հատվածում է արծարծվում. «Տերը խոսեց Մովսեսի հետ ու ասաց. «Խոսի՜ր Իսրայելի որդիների հետ եւ նրանց ասա՜. «Սո՜ւրբ եղեք, քանզի ես՝ ձեր Տեր Աստվածը, սուրբ եմ» (Ղեւտ. ԺԹ. 1-2): «Սրբությունը» (kadosh) Տիրոջ էությունն է, որով Նա բացարձակ տարբեր է իր իսկ ստեղծագործությունից: Սակայն երկնային Հայրն անհաղթահարելի պատնեշ չդրեց, այլ հենց Ինքը հրահանգեց Իր պատկերով եւ նմանությամբ արարված մարդուն՝ ընտրել ճշմարիտ ուղին, ազատագրվել մարդկային մեղքերից, արատներից եւ թուլություններից, հասնել կատարելության: Մարգարեները եւս ընդգծում են մաքրագործվելու անհրաժեշտությունը. «Պատմվե՞ց քեզ, ո՜վ մարդ, թե ի՜նչ է բարին եւ ի՞նչ է ուզում քեզնից Տերը. իրավունք հաստատել, ողորմություն սիրել եւ պատրաստ լինել քո Տեր Աստծու հետեւից գնալու» (Միք. Զ. 8): Այս հատվածում գտնում ենք Աստված-մարդ հարաբերության մի խորհրդավոր պատկեր. մարդը, անշուշտ, չի կարող համեմատվել եւ մրցել Տիրոջ հետ, սակայն, եթե գտնի աստվածային լույսը, սրբագործվի, կարող է Աստծու հետեւից գնալ: Այս միտքը հանդիպում է նաեւ սուրբգրային այլ հատվածներում. «Եթե ուշադրությամբ լսեք այս բոլոր պատվիրանները, որոնք ես այսօր պատգամում եմ ձեզ, որ անեք, այն է՝ սիրեք ձեր Տեր Աստծուն, գնաք Նրա ճանապարհով ու հարեք Նրան...» (Բ. Օրենք ԺԱ. 22): Իսկ ո՞րն է Տիրոջ ճանապարհը... Այս մասին խոսվում է Ելից գրքում. «Տեր Աստված եմ, գթացող եւ ողորմած, համբերատար, բարեգութ ու ճշմարիտ, որ արդարությունն է պաշտպանում, Իր ողորմածությունն է ցուցաբերում հազարավոր սերունդների հանդեպ, վերացնում անօրենությունները, անիրավություններն ու մեղքերը...» (ԼԴ. 6-7): Ինչպես երկնային Հայրն է բարեգութ եւ ողորմած, նույնպես եւ մենք պետք է գթանք ու ողորմենք, ներենք՝ փոխարենը ոչինչ չակնկալելով, լինենք խոնարհ, համբերատար եւ արդարամիտ՝ փրկվելով մեղքերի գարշահոտ ճահճուտից... Այսպես միայն կիրագործվի Հովելի մարգարեությունը. «Այո՜, կլինի այնպես, որ, ով որ կանչի Տիրոջ անունը՝ կապրի» (Հովել Բ. 31): «Գնալ Աստծո ճանապարհով» նշանակում է կատարել Նրա պատվիրանները՝ վշտակից լինելով սգացողին, կերակրելով սովյալին, բարձրացնելով անկյալին, մխիթարելով կարոտյալին: Աստվածահաճ կայնքով ապրելով միայն կարող ենք «բացահայտել» եւ «ճանաչել» Տիրոջը, զգալ Նրա ներկայությունն ու զորությունը: Հակառակ դեպքում կկորցնենք Նրան՝ մնալով միայնակ, «դատարկ» եւ «ունայն»: Եսայի մարգարեն այս մասին զգուշացնում է. «Մի՞թե Տիրոջ ձեռքն անկարող է փրկել, կամ Նա ծանրացրել է Իր ականջը, որ չլսի. ո՜չ, ձեր մեղքերն են պատնեշ դարձել ձեր եւ Աստծու միջեւ, ձեր անօրենությունների պատճառով է Նա Իր երեսը շրջել ձեզնից, որ չգթա: Արդարեւ, ձեր ձեռքերը պղծված են արյամբ, եւ ձեր մատները՝ մեղքով. ձեր շուրթերն անօրենություն խոսեցին, եւ ձեր լեզուները խորհում են անիրավություն...» (Ես. ԾԹ. 1-3): Արարիչը մարդուն շնորհել է ամենաթանկն ու անփոխարինելին՝ ազատ կամքը, ուստի մարդն ինքն է որոշումներ կայացնում եւ իր հոգեւոր նկարագրին համապատասխան ընտրություն կատարում:

Մարդը կապված էր աստվածային արարչագործությանը, եւ սուրբգրային այս հատվածը դա է վկայում. «Տեր Աստված մարդուն ստեղծեց երկրի հողից...» (Ծննդ. Բ. 7): Կենաց ծառի՝ բարու եւ չարի գիտության պտուղը ճաշակելուց հետո Ադամի ու Եւայի «աչքերը բացվում են» (հմմտ. Ծննդ. Գ. 4-6), խարխլվում է բնության հետ ունեցած նախնական ներդաշնակությունը, մարդը հեռանում, օտարվում է բնությունից...

Առաջին մեղքից՝ անհնազանդությունից հետո խաթարվում է նաեւ աստվածնմանությունը... Մարդը կարծես «հայելի» է, Աստծո արտացոլանքը. մեղքերը, կրքերն ու գայթակղությունները խամրեցնում եւ ապականում են այդ հայելին, եւ նա դադարում է Տիրոջ պատկերը, արտացոլքը լինելուց... Պողոս առաքյալն այս մասին հստակ ասում է. «...որովհետեւ բոլորն էլ մեղք գործեցին եւ զրկվեցին Աստծու փառքից...» (Հռոմ. Գ. 23), այսինքն՝ ապականվեց տիրաշնորհ այն պատկերը, որը փայլում էր աստվածային փառքով: Հայ Եկեղեցու մեծագույն հայր Ս. Ներսես Շնորհալին նկատում է.

«Եթէ ըստ պատկերի Աստուծոյ արարաւ մարդն, որպէսզի ըստ հայելւոյ օրինակի մաքուր պահելով զսիրտս եւ ջնջիչ ժանգոյ մեղաց, եւ միշտ առ Աստուած նայելով, եւ այնու լինիմք նմանող Աստուծոյ եւ պատկերակից: Իսկ որք մեղօք ժանգացուցանեն զոգիս, ոչ կարեն զլոյս Աստուածութեանն յինքեանս կերպարանել, որպէս եւ ոչ անմաքուր հայելեաւ զդէմս երեսաց ոք կարէ տեսանել. եւ այնպիսեացն ոգիքն ոչ լինին կերպարան Աստուծոյ, թէպէտ եւ մարդիկ են բնութեամբ, այլ չարին՝ զոր սիրեցին» (Ս. Ներսես Շնորհալի, Ընդհանրական թուղթք, Երուսաղէմ, 1871, էջ 288):

Մեղքի ժանգը չարությունն է, որը ապականում է մեզ շնորհված աստվածային պատկերը: Սակայն Տերը մշտապես հնարավորություն է տալիս զղջալու, ապաշխարելու, «վերագտնելու» եւ «վերածնվելու»... «Եւ արդ, ահա՜ մեղաւոր ծառաս եկել ընկել եմ Քո առաջ եւ թախանձելով խնդրում եմ Քեզանից ողորմութիւն. մի՜ յիշիր իմ բազում մեղքերը, իմ անօրէնութիւնները երեսովս մի՜ տուր, որ թէ՜ կամովի, թէ՜ ակամայ մեղանչեցի, թէ՜ խօսքով, թէ՜ գործով եւ թէ՜ անտեղի մտածութիւններով պղծուեցի, թէ՜ անգիտութեան եւ թէ՜ ծուլութեան եւ թէ՜ մոռացութեան պատճառով մեղք գործեցի, քանզի Դո՜ւ, Տէ՜ր, սովոր ես գթալ ու ողորմել, ներել բազում մեղքերը եւ քաւել անօրէնութիւնների ամբողջ բազմութիւնը...» (Հովհան Մանդակունի):

Մարդն է արարչագործության թագն ու պսակը. «Հրեշտակներից որի՞ն երբեւէ ասաց. «Նստի՜ր իմ աջ կողմում, մինչեւ որ քո թշնամիներին քո ոտքերին պատվանդան դարձնեմ»: Չէ՞ որ բոլորն էլ սպասարկող հոգիներ են, որոնք ուղարկվում են ի սպասավորություն նրանց, որ ժառանգելու են փրկությունը» (Եբր. Ա. 13-14): Մարդկային անկյալ բնությունը վերականգնվում է Աստծո Որդու մարդեղությամբ: Առաքյալի վկայությամբ՝ մեղսաթաթախ մարդը փրկագործվեց «...թանկագին արյամբ Քրիստոսի, որ անբիծ եւ անարատ է, ինչպես մի գառ. Նա, որ նախասահմանված էր նախքան աշխարհի ստեղծումը եւ երեւաց ժամանակների վախճանին ձեզ համար...» (Ա. Պետր. Ա. 19-20):

Առաքելական վարդապետությանը հետեւելով՝ եկեղեցական հայր Իրենեոս Լիոնացին գրում է. «Բանն Աստծո մարդացավ՝ նմանվելով մարդուն եւ մարդուն նմանեցնելով Իրեն, քանզի Որդուն նմանվելով՝ մարդը թանկ դարձավ Հոր համար: Չնայած նախկինում ասվել էր, որ մարդն արարվել է Տիրոջ պատկերով, բայց դա ինքնին գործով չէր արտահայտվել, քանզի դեռեւս աներեւույթ էր Բանը, որի պատկերով ստեղծվեց մարդը. վերջինս հեշտությամբ կորցրեց աստվածնմանությունը: Երբ Բանն Աստծո մարմնացավ... վերականգնվեց նմանությունը՝ տեսանելի Բանի միջոցով մարդը դարձավ նմանակից աներեւույթ Հորը» (Св. Ириней Лионский, Против ересей, кн. 5, с. 2): Երկնային Հայրը թույլ տվեց, որ Իր Միածին Որդին չարչարվի եւ խաչվի մեզ համար... Առավել մեծ սեր եւ թանկ զոհաբերություն անհնար է պատկերացնել...

Մինչդեռ այսօր, երկրային կյանքի ունայն մրցավազքում, գոյապահպանման կեղտոտ եւ գազանային պայքարում մարդը մոռանում եւ ուրանում է իր Հորը, կորցնում Նրա սերն ու ներկայությունը... Եւ ի՞նչ է զգում իր նմանին հոշոտած եւ զոհի արյան մեջ ձեռքերը թաթախած, որբի եւ այրիի հացը խլած, խիղճն ու հոգին սատանային վաճառած մարդը...

Ո՞վ է նա, ո՞րն է նրա պատկերը, ինչո՞վ պետք է հատուցի անհատուցելին... քանզի «Ով թափի մարդու արյունը, նրա արյան փոխարեն թող թափվի իր արյունը, որովհետեւ Աստծու պատկերով եմ ստեղծել ես մարդուն...» (Ծննդ. Թ. 6):

Ընդունել Աստծո զորությունը, պահել Նրա պատվիրանները, հետեւել Նրան, նշանակում է մերժել երկրայինն ու անցողիկը: Եսայի մարգարեն ասում է. «...իսկ նրանք, որոնք Տիրոջն են ապավինում, նոր ուժ պիտի ստանան...» (Խ. 31), այսինքն՝ ով ընտրում է առ Աստված տանող դժվարին ուղին, զորություն եւ կարողություն է ստանում՝ մեղքերի եւ գայթակղությունների դեմ պայքարելու, մարդկային թուլությունները հաղթահարելու, խաղաղավետ նավահանգստին հասնելու:

Գրիգոր Աստվածաբանն ընդգծում է.

«...մարդն արարված է բարիք գործելու, որպեսզի փառաբանի ու մեծարի Արարչին, եւ որքան հնարավոր է նմանվի Նրան» (Св. Григорий Богослов, Творения, т. 1, с. 535): Փաստորեն մարդը երկինքը երկրին, արարչագործությունը Արարչին կապող օղակն է: Երկրային կյանքի ողջ ընթացքում նա փորձում է վերագտնել խեղված պատկերը, վերականգնել անկյալ բնությունը եւ արժանանալ Տիրոջ արքայությանը՝ «...այն հույսով, որ ստեղծվածներն իրենք էլ ազատվեն ապականության ծառայությունից՝ Աստծու որդիների փառքի ազատության հասնելու համար. քանզի գիտենք, որ բոլոր ստեղծվածները հեծեծում են եւ երկունքի ցավի մեջ են մինչեւ այժմ...» (Հռոմ. Ը. 21): Անսասան հավատով, նվիրումով եւ խոնարհությամբ, սրբագործվելով միայն մարդը կարող է վերականգնել խամրած եւ խեղված պատկերը. «Եւ մենք բոլորս բաց երեսով տեսնելով Տիրոջ փառքը ինչպես հայելու մեջ՝ նույն պատկերով ենք նորոգվում փառքից փառք, որպես թե Տիրոջ Հոգով» (Բ. Կորնթ. Գ. 18):

Աստվածային պատկերը մեզ շնորհված է ի սկզբանե, սակայն Արարչին նմանվում ենք սեփական կամքով եւ ընտրությամբ. եթե պայքարում ենք մեղքի ու գայթակղության դեմ, խոնարհ ենք, արդարամիտ, եթե բարեգութ ենք եւ ողորմած, մեր դեմ մեղանչողին ներում ենք այնպես, ինչպես Տերն է ներում մեզ՝ մեղսագործներիս, ուրեմն գտել ենք առ Աստված տանող ճանապարհը... Մետրոպոլիտ Նիկոլայ Յառուշեւիչն ասում է. «Աստված, Ում մենք հավատում ենք, հավերժ է... Նրա գոյությունը չունի սկիզբ եւ վախճան: Թեեւ մեր հոգին ունի գոյության սկիզբ, սակայն չունի վախճան, այն անմահ է... Աստված է ամենասուրբ Հոգին, եւ մարդը աստվածային շնորհի (հոգու) օգնությամբ կարող է հասնել սրբացման բարձունքին» (Митрополит Николай (Ярушевич), Слово ‘‘Душа’’ // Слова речи послания , 1941-1946, с. 47-48):

Նոր Կտակարանում «Աստծո պատկերով» արտահայտությունը սերտորեն կապվում է քրիստոսաբանության եւ վախճանաբանության հետ: Աստծո Որդին Հոր պատկերն է. «...այդ անհավատների մտքերն այս աշխարհի աստվածը կուրացրեց, որպեսզի նրանց մեջ չծագի Քրիստոսի Ավետարանի փառքի լույսը, Քրիստոսի, որ պատկերն է աներեւույթ Աստծու» (Բ. Կորնթ. Դ. 4, հմմտ. Կող. Ա. 15), կամ՝ «Նա, որ լույսն է Նրա փառքի եւ բուն պատկերը Նրա էության, որ իր խոսքի զորությամբ հաստատ է պահում տիեզերքը» (Եբր. Ա. 3): Աստվածաշնչյան այս հատվածները վկայում են, որ Աստծո Որդուն հավատալով ու հետեւելով՝ մարդը վերականգնում է երկնային Հորից շնորհված պատկերը, որը խեղվել եւ խամրել էր մեղքերի, գայթակղությունների հետեւանքով. «Այժմ դուք եւս թոթափեցե՜ք այդ բոլորը՝ բարկություն, զայրույթ, չարություն, հայհոյություն եւ խեղկատակություն՝ ձեր բերաններից: Մի՜ ստեք միմյանց. հանեցե՜ք ձեր վրայից հին մարդուն իր գործերով եւ հագե՜ք նորը, այն, որ նորոգված է գիտությամբ, ըստ իր Արարչի պատկերի...» (Կող. Գ. 8-10): Այս ընթացքով միայն կարող ենք վերականգնել մարդկային անկյալ բնությունը եւ պահպանել աստվածնմանությունը. «Եւ ինչպես որ կրեցինք հողեղենի պատկերը, նույնպես եւ պիտի կրենք երկնավորի պատկերը» (Ա. Կորնթ. ԺԵ. 49): Իսկ Հովհաննես ավետարանիչը գրում է. «Սիրելինե՜ր, այժմ Աստծու որդիներ ենք. եւ դեռ հայտնի էլ չէ, թե ինչ ենք լինելու: Գիտենք, որ, երբ Նա հայտնվի, լինելու ենք Նրա նման...» (Ա. Հովհ. Գ. 2):Պահպանենք Տիրոջ պատկերը եւ մտապահենք Պողոս առաքյալի խոսքերը. «Ինչ որ կարելի է իմանալ Աստծու մասին, հայտնված է նրանց, քանզի Աստված Ինքը հայտնեց այն նրանց. արդարեւ ի սկզբանե աշխարհի Աստծու աներեւույթ հատկությունները, այն է՝ Նրա մշտնջենավորությունը եւ զորությունը եւ աստվածությունը, իմանալի կերպով տեսանելի են Նրա ստեղծածների մեջ. այնպես որ, ամենեւին արդարանալ չեն կարող. որովհետեւ ճանաչեցին Աստծուն, բայց իբրեւ Աստված չփառավորեցին կամ գոհություն չմատուցեցին Նրան, այլ իրենց մտածումների մեջ նանրացան, եւ նրանց սրտերը անմտությամբ խավարեցին: Իրենք իրենց իմաստունների տեղ էին դնում եւ հիմարացան...» (Հռոմ. Ա. 19-22):

Սիրենք միմյանց՝ մշտապես հիշելով, որ յուրաքանչյուրս Աստծու մի մասնիկն ենք՝ արարված Նրա պատկերով...

Արփինե ՉԱԹԻԿՅԱՆ

«ԷՋՄԻԱԾԻՆ» Ամսագրի խմբագիր

Աղբյուր՝ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ