Այսպէս է ասում Տէրը. «Ով մեղաւորին իր մոլորութեան ճանապարհից յետ է բերում, կը փրկի նրա հոգին մահուանից եւ կը ծածկի մեղքերի մի ամբողջ բազմութիւն» (Հակոբոս 5:20)

Ներսես Շնորհալի

ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ, Ներսես Դ Կլայեցի, սուրբ Ներսես Շնորհալի, Երգեցող մոտ 1100, Ծովք բերդ (Ծոփաց նահանգի Անձիտ գավառ) - 13.8.1173, Հռոմկլա, Ամենայն հայոց կաթողիկոս 1166-ից, Հայ առաքելական եկեղեցու տոնելի սուրբ: Հաջորդել է ավագ եղբորը՝ Գրիգոր Գ Պահլավունուն: Գրիգոր Մագիստրոս Պահլավունու ծոռը, իշխան Ապիրատ Պահլավունու որդին, Գրիգոր Բ Վկայասերի քրոջ թոռը: Մեծացել է Գրիգոր Բ Վկայասերի, այնուհետև Բարսեղ Ա Անեցու խնամքի ներքո, հիմնավոր կրթություն ստացել Քեսունի մոտ գտնվող Շուղրի Կարմիր վանքի դպրոցում՝ աշակերտելով Ստեփանոս Մանուկ եպիսկոպոսին: 16 տարեկանում ձեռնադրվել է կուսակրոն քահանա և վերանվանվել Ներսես (հայտնի չէ ավազանի անունը): Մինչև կաթողիկոս դառնալը եղել է Գրիգոր Գ Պահլավունու օգնականն ու խորհրդատուն: 1116-ից ապրել և ստեղծագործել է Կոմմագենեի Տլուք գավառի Ծովք դղյակում, 1150-ից՝ Հռոմկլայում: Դա պայմանավորված է եղել կաթողիկոսական աթոռը Ծովք, այնուհետև Հռոմկլա տեղափոխություններով: 1121-35-ին զբաղվել է եկեղեցական-ազգային գործունեությամբ:

Ներսես Շնորհալին և Գրիգոր Գ Պահլավունին մտադիր են եղել հայրապետական աթոռը փոխադրել բուն Հայաստան՝ Անի, և վերականգնել հայական իշխանությունը Անիում: Սակայն Հայաստանի ծանր քաղաքական պայմանները թույլ չեն տվել իրագործել այդ ծրագիրը, և երկու եղբայրները հայրապետական աթոռը Ծովքից տեղափոխել են Հռոմկլա (տես Հռոմկլայի կաթողիկոսարան), որտեղ և ծավալվել է Ներսես Շնորհալու հովվական-եկեղեցական, մշակութային, մատենագրական և մանկավարժական բեղուն գործունեությունը: Ենթադրվում է, որ 1121-35-ին այցելել է Անի, շրջել բուն Հայաստանում, մոտիկից ծանոթացել հայ ժողովրդի կյանքին ու կենցաղին: Իր կաթողիկոսության տարիներին Ներսես Շնորհալին սերտ կապեր է պահպանել Հայաստանի բոլոր նշանավոր վանքերի և արևելյան վարդապետների հետ, թղթակցել նրանց հետ դավանական, եկեղեական, ազգային., ինչպես նաև գրական ու գիտական բազում խնդիրների շուրջ: Որպես մեծ հեղինակություն վայելող անձնավորություն նրան են ուղարկել (1164) հաշտեցնելու Կիլիկյան Հայաստանի երկու հայ իշխաններին՝ Թորոս Բ Ռուբինյանին և Լամբրոնի բերդի տեր Օշին Բ Հեթումյանին: 1141-ին իր կաթողիկոս եղբոր հետ մասնակցել է Անտիոքի ժողովին, որը գումարվել էր Անտիոքի Ռուդոլֆ լատին պատրիարքի գործունեությունը քննելու համար: Այդ ժողովից են սկսվել հայ-կաթոլիկ եկեղեցական հարաբերությունները:

Ներսես Շնորհալին միջեկեղեցական ճանաչում և համբավ է վայելել իր բացառիկ գիտականությամբ, աստվածաբանական պատրաստվածությամբ, առաքինազարդ վարքով, սրբակեցությամբ: Համարվել է ավետարանական ոգով եկեղեցիների միության և համագործակցության ջատագով, եկեղեցու մեծ վարդապետ համաքրիստ. մտքի և մշակույթի պատմության մեջ: Ներսես Շնորհալուն հույները, ասորիները և հռոմեացիները նմանեցրել են III-V դդ. եկեղեցու մեծ հայրերին, նրա համբավը տարածվել է բոլոր ազգերի, այդ թվում՝ ոչ քրիստոնյաների մեջ: Ներսես Շնորհալուն ժամանակի հունական և ասորական աղբյուրները կոչել են «Նոր Գրիգոր Աստվածաբան»: Հայ եկեղեցու պատմության մեջ Գրիգոր Ա Լուսավորչից, Սահակ Ա Պարթևից, Մեսրոպ Մաշտոցից և Գրիգոր Նարեկացուց հետո ոչ ոք այնքան մեծարանք ու սեր չի վայելել իր ժամանակակիցների և հետագա սերունդների մոտ, որքան Ներսես Շնորհալին՝ իբրև սուրբ, հայրապետ և մատենագիր: Մեծարվել է կենդանության օրոք, իսկ շիրիմը դարձել է ուխտատեղի: Նրա մահը սգացել են բյուզանդական արքունիքը, ողջ քրիստոնյա աշխարհը:

Բացի «Շնորհալի» պատվանունից, որն ընդունված էր Կիլիկյան Հայաստանում (մասնավորապես Սև լեռան վանքերի դպրոցներում), ինչպես «Քերթողը» Սյունիքում, Հայոց կաթողիկոսը մեծարվել է «Երկրորդ Լուսավորիչ Հայոց», «եռամեծ վարդապետ», «երանաշնորհ սուրբ» «աղոթք Հայ եկեղեցու և հայ հոգու», «տիեզերալույս վարդապետ», «համահրեշտակ» և այլ որակումներով:

Ներսես Շնորհալին հայ ամենաբազմարդյուն և բազմավաստակ մատենագիրներից է, համաքրիստոնեական չափանիշով մեծ մատենագիր: Նրա մատենագրական ժառանգությունը գրեթե անկորուստ հասել է մեզ: Գործերի մեծ մասը տպագրվել է, թարգմանվել տասնյակ լեզուներով և բազմիցս վերահրատարակվել: Նրա բազմաժանր ստեղծագործությունները՝ աստվածաբանական, դավանական,մեկնողական, ծիսապաշտամունքային, պատմական., փիլիսոփայական, մանկավարժական բնույթի երկերը, բանաստեղծություններն ու պոեմները, նամակներն ու քարոզները, աղոթքներն ու շարականները հայոց «արծաթե դարի» և Կիլիկյան Հայաստանի պատմության առաջին շրջանի հոգևոր-մշակութային, կրոնաաստվածաբանական մնայուն արժեքներից են, որտեղ արտահայտված են ժամանակի ազգային-քաղաքական տրամադրությունները, Հայոց պետության և Հայ եկեղեցու գաղափարախոսությունը, վերջինիս ինքնանկախության, ազգային նկարագրի, ուղղափառության պաշտպանությունը:

Ներսես Շնորհալու մատենագրական վաստակն ընդունված է բաժանել երկու մասի՝ արձակ և չափածո: Կաթողիկոս ընտրվելուց հետո գրված առաջին արձակ գործը «Ատենաբանութիւն»-ն է:

Սա ճառ է, որը Ներսես Շնորհալին արտասանել է իր կաթողիկոսական ձեռնադրության և օծման առիթով, Ծաղկազարդի օրը, 1166-ի ապրիլի 17-ին, Հռոմկլայում գումարված ազգային-եկեղեցական ժողովում:

Նշելով իր կաթողիկոս եղբոր արժանիքները՝ այնուհետև անդրադառնում է իր ժամանակի դժվարություններին, մասնավորապես հայ ժողովրդի՝ հայրենի երկրից, անցյալի փառքից, պետականությունից զրկված լինելուն, կաթողիկոսական աթոռի տարագիր վիճակին, որոնց պատճառով շատ դժվար էր կատարել հայրապետական գործերը, ժողովրդին խրատել, ուսուցանել և սերմանել Աստծո խոսքը: Ճառի վերջում Ներսես Շնորհալին աղոթում է, որ Աստված իրեն ուժ ու կարողություն տա՝ իր հոտը հովվելու, մխիթարելու, հույս հայտնում, որ Աստված կփրկի «զմեզ ի բերանոյ առիւծոց», կազատի գերության կապանքներից և բոլորին կվերադարձնի հայրենիք: Ներսես Շնորհալու արձակ գործերի պսակն է «Թուղթ ընդհանրական»-ը, որը գրվել է «Ատենաբանութիւն»-ից երեք ամիս անց:

«Թուղթ ընդհանրական»-ը Ներսես Շնորհալու անդրանիկ կոնդակն է՝ ուղղված հայ ժողովրդին: Այն որակվել է «ջահ լուսատու աստուածասիրացն մտաց», «պանծ ալի մատեան», «դաւանութիւն ուղղափառ հաւատոյ եկեղեցւոյս մերոյ», որտեղ ամբարված են նաև հոգևոր դասին և ժողովրդին ուղղված աստվածային պատվիրաններ, հոգեշահ խրատներ:

«Թուղթ ընդհանրական»-ը սկսվում է սիրո ողջույնով և հայրապետական օրհնությամբ: Ներսես Շնորհալին խոսում է իր կաթողիկոս ընտրվելու, եղբոր՝ Գրիգոր Գ Պահլավունու մահվան, իր վրա դրված հայրապետ. բարձր պարտականությունների մասին: Ներածականում համառոտ, բայց ամբողջական ձևով ներկայացնում է Հայ եկեղեցու ուղղափառ դավանությունը, եկեղեցական կարգն ու կանոնը, ավանդությունները: Այնուհետև իր հայրապեական խոսքն ուղղում է ժամանակի բոլոր դասերին և հասարակական խմբերին՝ «Առ կրօնաւորս», «Առառաջնորդս սրբոց ուխտից վանականաց», «Առառաջնորդս եկեղեցւոյ», «Առ դասս քահանայից», «Առ իշխանս», «Առ զինուորաց դասս», «Առ քաղաքականսդ» (քաղաքի բնակչության), «Առ երկրագործս», «Առ կանանց դասս» նրանց տալով իր խրատը և պատգամը՝ կրոական, եկեղեցական ու ազգային պարտականությունների մասին: «Թուղթ ընդհանրական»-ը ժամանակի Հայ եկեղեցու, հոգևորականության, ժողովրդի կյանքի և բարքերի հայելին է, պատմական վավերագիր և արժեքավոր գրական երկ: Հայոց կաթողիկոս Հակոբ Ա Կլայեցին 1268-ին «Թուղթ ընդհանրական»-ը նույնությամբ ընդօրինակել է տվել և ուղղել ժողովրդին՝ որպես իր անդրանիկ կոնդակ: Այն այսօր էլ չի կորցրել իր արդիականությունը և ազդեցությունը՝ որպես եկեղեցական կանոնների, հոգևոր կյանքի և եկեղեց. բարեկարգության լավագույն ձեռնարկ և ուղեցույց:

Ներսես Շնորհալին իր կաթողիկոս եղբոր հանձնարարությ ամբ գրել է Մատթեոսի Ավետարանի մեկնությունը (հրտ. 1825), որը հասցրել է մինչև 5-րդ գլխի 17 համարը: Մեկնությունը համարվում է «գեղեցիկ և հանճարեղ բանիւ» գրված գործ: Անհայտ են մեկնությունը կիսատ թողն ելու հանգամանքները. այն շարունակել է Հովհաննես Երզնկացին (Ծործորեցի): Ներսես Շնորհալին գրել է նաև Կաթողիկե թղթերի մեկնությունը: Ներսես Շնորհալու արձակ գործերի մեջ կարևոր տեղ են գրավում նրա թղթերը և նամակները, որոնք մեծ մասամբ վերաբերում են դավանական, կրոնական, եկեղեցական միության խնդիրներին: Հիշատակելի են «Առ Մանուել թագաւոր Հոռոմոց» երեք, «Թուղթ առ Միքայել պատրիարք Հոռոմոց», ինչպես նաև արևելյան վարդապետներին գրած դավանական թղթերը, արևորդիների աղանդի մասին պատմող «Ի Սամոստիա քաղաք յաղագս արևորդաց դարձի» և համաճարակի վտանգին ենթարկված եդեսացիներին ուղղված նամակները:

Ներսես Շնորհալին արևելյան վարդապետների խնդրանքով թարգմանել է ս. Սարգսի վկայաբանությունը, Դավիթ Անհաղթի նշանավոր «Բարձրացուցէք» ներբողի և Գրիգոր Նյուսացու «Ամենայն չար» ճառի մեկնությունը:

Թարգմանական արժեքավոր գործերից են «Վարք սուրբ Պարսամայ», «Ներբողեան Յովհաննու Ոսկեբերանի ի սուրբն Գրիգոր Լուսաւորիչն հայոց», «Վարք Տարագրոսի և Պրոբոսի» ևն:

Ներսես Շնորհալու առաջին չափածո ստեղծագործությունը «Վիպասանութիւն» քերթվածն է՝ գրված 1121-ին (հրտ. 1643): Հեղինակի վկայությամբ՝ շարադրվել է «հոմերական վիպասանությամբ» հայ գրականության մեջ հիմք դնելով մի նոր ժանրի (լրիվ վերնագիրն է՝ «Շարադրութիւն հոմերական վիպասանութեամբ սակս Հայկազանցն սեռի և Արշակունեացն զարմի ի սկզբանց մինչև ի վախճան»):

Բաղկացած է 1600 տողից: Քրիստոբեական ոգով և հայրենասիրական շնչով գրված այս քերթվածը հայ ժողովրդի չափածո պատմությունն է՝ սկզբից մինչև իր ժամանակները: Ներսես Շնորհալին, հետևելով Մովսես Խորենացուն, պատմում է Հայկազն, Արշակունի, Բագրատունի տոհմերի մասին, երախտագիտությամբ խոսում Գրիգոր Ա Լուսավորչի, Ներսես Ա Մեծի, Սահակ Ա Պարթևի, Մեսրոպ Մաշտոցի, նրանց եկեղեցաշեն ու հայրենանվեր գործունեության մասին: Հանգամանորեն անդրադարձել է Պահլավունի իշխաններին և կաթողիկոսներին՝ Գրիգոր Մագիստրոս Պահլավունուն, Գրիգոր Բ Վկայասերին, Բարսեղ Ա Անեցուն, Գրիգոր Գ Պահլավունուն և այլոց, դրվատել նրանց գործերը: Սրտառուչ ու հայրենասիրական ոգով է նկարագրված Վարդանանց պատերազմը, Ղևոնդյանց քահանաների արիությունը:

Ներսես Շնորհալու չափածո հայրենասիր. ստեղծագործության գլուխգործոցը «Ողբ Եդեսեայ քաղաքի» պոեմն է (1145, հրտ. 1810), որը բաղկացած է 2096 տողից և ունի չորս մաս՝ նախերգանք, Եդեսիայի պաշարումն ու կոտորածը, անեծքները և Ներսես Շնորհալու հույսերը գալիքի նկատմամբ: «Ողբ Եդեսիոյ»-ն միջնադարյան հայ և համաշխարհային գրականության ամենանշանավոր ստեղծագործություններից է՝ գրված քրիստոնեական կրոնի սկզբունքների ջատագովությամբ և հայրենասիրական, քնարական շնչով: Պոեմի նյութը և եղելությունները պատմական են, բովանդակությունը 1144-ին Հալեպի Զանգի ամիրայի կողմից Եդեսիա (Ուռհա) քաղաքի պաշարման, գրավման, քրիստոնյա բնակչության անգութ կոտորածի և քաղաքի կործանման մասին է: Ներսես Շնորհալին պոեմը գրել է իր Շահան եղբոր որդու՝ Ապիրատ իշխանի (հետագայում՝ Հայոց կաթողիկոս Գրիգոր Զ Ապիրատ) խնդրանքով, որը պաշարման ժամանակ եղել է Եդեսիայում, ազատվելով՝ գնացել է Ծովք և այդ ողբերգական դեպքերը պատմել հորեղբորը:

Պոեմը գրված է դիմառնության ձևով. Եդեսիան անձնավորված է իբրև որդեկորույս, որբևայրի մի կին, որն ավերակների վրա նստած սգում է իր դժբախտությունը և հրավիրում քրիստոնեական եկեղեցիներին և համայն քրիստոնյա աշխարհին ողբակից լինել իրեն:

Այնուհետև իր խոսքն ուղղում է Մեծ Հայքին, Վաղարշապատ և Անի քաղաքներին, Հայ եկեղեցուն, ոգեկոչում իր անցյալի փառավոր պատմությունը՝ դրանով, ի դեմս Եդեսիայի, ողբալով ողջ Հայաստանի և իրենց փառքից ու հզորությունից զրկված Հայոց երկու նշանավոր մայրաքաղաքների դառն իրականությունը: Ներսես Շնորհալու գրչի տակ Եդեսիայի անկումը դարձել է աշխարհածավալ, համամարդկային և համաքրիստոնեական ողբ ու վիշտ: Ողբի հիմնական գաղափարը Հայաստանի անկախության կորուստն է և նրան ազատագրված տեսնելու երազն ու հավատը:

«Ողբ Եդեսիոյ» պոեմում Ներսես Շնորհալին հանդես է գալիս թե՛ որպես քրիստոնյա մեծ մտածող, հումանիստ և թե՛ ճշմարիտ ու ջերմ հայրենասեր: Նա քրիստոնեական գաղափարախոսությունը և ազգասիրությունը զուգորդում, շաղկապում է միմյանց՝ երկը վերածելով քրիստոնյա բոլոր ժողովուրդների եղբայրության և համերաշխության մի օրհներգի՝ ընդդեմ բռնության և չարիքի: Պոեմն ավարտվում է լավատեսությամբ, հայ ժողովրդի և Հայաստանի ազատագրության հույսով:

Ներսես Շնորհալու չափածո գործերից է «Բան հաւատոյ» (1151, հրտ. 1928, տես «բանք չափաւ», էջ 182-238) քերթվածը: Բաղկացած է 1500 տողից և ունի կրոնադավան. բովանդակություն: Գրվել է եկեղեցու հայրերի դավանական գրվածքների հետևողությամբ: Հեղինակի նպատակն է եղել հերքել քաղկեդոնականությունը, պաշտպանել և հաստատել Հայ եկեղեցու ուղղափառությունը: «Բան հաւատոյ»-ն հետագա դարերում հայ դավանաբանների համար եղել է հակաքաղկեդոնական պայքարի գաղափարական զենք: Ներսես Շնորհալու բանաստեղծական տաղանդի գլուխգործոցն է «Յիսուս Որդի» պոեմը (1152, հրտ. 1643)՝ բաղկացած 4000 տողից և երեք գրքից: Համարվում է հայ մատենագրության երկրորդ Նարեկը, որովհետև կոչվում է նաև «Ողբերգութիւն վիպասանական ի տառից սրբոց»:

«Յիսուս Որդի»-ն Հին և Նոր կտակարանների պատմության բանաստեղծ. վերարտադրությունն է՝ ընդելուզված Ընդհանրական եկեղեցու պատմության դրվագներով: Քերթվածն ավարտվում է Քրիստոսի Երկրորդ գալստյան, Վերջին դատաստանի և աշխարհի վախճանի դանթեական նկարագրությամբ: Ըստ հեղինակի բնութագրման՝ պոեմը բովանդակում է մարդկության անցյալը, ներկան և ապագան, «խօսք է ընդ Աստուծոյ», բազմազան աղոթքն երի մի շարք, որտեղ երևում են մեծ երգասացի, աղոթողի զգացումները, հոգեվիճակը և ողջ էությունը: «Յիսուս Որդի»-ն դարերի ընթացքում հայ ժողովրդի մեջ վայելել է մեծ ժողովրդականություն և եղել ընթերցանության ամենասիրելի գրքերից (բազմիցս վերահրատարակվել է, թարգմանվել մի շարք օտար լեզուներով): «Վիպասանութիւն»-ը, «Ողբ Եդեսիոյ»-ն, «Բան հաւատոյ»-ն և «Յիսուս Որդի»-ն գեղարվեստական չափածո խոսքի նոր տեսակներ են, հայ վիպերգական և վիպաքնարական պոեմների նախօրինակները:

Ներսես Շնորհալու չափածո գրվածքների մեջ իր ուրույն տեղն ունի «Հաւատով խոստովանիմ» նշանավոր աղոթքը:

Առաջին անգամ լույս է տեսել 1616-ին, Լվովում, «Սաղմոս ի Դաւիթ» գրքում, ապա՝ 1661-ին Ամստերդամում՝ «Կարճառօտ ժամագիրք» ժողովածուում: Առանձին գրքով առաջին անգամ հրատարակվել է Վենետիկում, 1690-ին, այնուհետև բազմիցս վերահրատարակվել: «Հաւատով խոստովանիմ»-ը համաշխարհային հոգևոր գրականության գոհարներից է (թարգմանվել է 36 լեզուներով): Բաղկացած է 24 տնից (օրվա 24 ժամերի համեմատ) և բովանդակում է աղոթքի բոլոր տեսակները (դավանական, զղջական, պաղատական, խոստովանական ևն): Հեղինակն այն անվանել է «Քրիստոսին հավատացող յուրաքանչյուր անձի աղոթք»: Գրված է արձակ, բայց հոգևոր ապրումների, հույզերի հարստությամբ և ներքին ռիթմով ազատ բանաստեղծություն է:

Ներսես Շնորհալու չափածո գործերից են ներբողյանները՝ «Ի սուրբ Խաչն», «Առ սուրբ հրեշտակսն» ևն, խրատներ, առակներ (հանելուկ իմաստով): Հանելուկի՝ իբրև գրական առանձին տեսակի ստեղծումը, մշակումը և դասական կատարելագործումը կապվում է Ներսես Շնորհալու անվան հետ: Նրանից մնացել է ավելի քան 300 հանելուկ, որոնք գրվել են «վասն ուրախութեան մարդկան», և որոնց նպատակն էր զվարճալի եղանակով ուսուցանել մարդկանց, նրանց մեջ զարգացնել սրամտություն, դիտող ականություն: Ներսես Շնորհալուց պահպանվել են մանկավարժական-ուսուցողական բնույթի ոտանավորներ, ուղերձներ ու բանքեր, որոնք չունեն իրենց նախօրինակը հայ բանաստեղծության մեջ:

Գրվել են ընթերցողին բարոյապես կրթելու, օգտակար գիտելիքներ տալու նպատակով: Խրատական ոտանավորներից մի քանիսն ունեն կարճ տողեր՝ բաղկացած 36 հանգավոր տներից, որոնցից յուրաքանչյուրն սկսվում է հայոց այբուբենի հերթական տառի անունով: Հեղինակն այս ձևն է ընտրել, ինչպես ինքն է նշել, որպեսզի մանուկները կարողանան հեշտությամբ և՛ նյութը մտապահել, և՛ յուրացնել հայոց գրերի կարգը: Ներսես Շնորհալին ժամանակի մեծ գիտնական և իր բարեկամ բժշկապետ Մխի թար Հերացու խնդրանքով գրել է «Յաղագս երկնից և զարդուց նորա» (1162) տիեզերագիտական պոեմը: Գրվածքի վերջում կա մի «Յորդորակ» 62 տողից բաղկացած, որը հավատի դավանություն է արարչության, Ամենասուրբ Երրորդության և Բանի Մարդեղության մասին: Յուրաքանչյուր տան (երկտողի) սկզբի տառերը կազմում են «Մխիթար բժիշկ, ընկալ ի Ներսեսէ զայս բան» գլխակապը:

Ներսես Շնորհալու գործունեության և մատենագրական վաստակի մեջ առանձնահատուկ և կարևոր տեղ են գրավում միջեկեղեց. հարաբերությունները հույների հետ և Հայ ու Հույն եկեղեցիների միության հարցի շուրջ նրա գրած թղթերը՝ ուղղված Բյուզանդիայի Կիռ Էմմանվել կայսրին, Կ. Պոլսի Միքայել պատրիարքին, ինչպես նաև արևելյան վարդապետներին:

1165-73-ին Ներսես Շնորհալին գրել է իր նշանավոր երեք դավանական թղթերը՝ «Գիր խոստովանութեան հաւատոյ Հայաստանեայց եկեղեցւոյ», «Սահմանք հաւատոյ Հայաստանեայց եկեղեցւոյ» և «Յաղագս աւանդութեանց եկեղեցւոյ» (հրտ. «Թուղթք ընդհանրական»-ում, 1865): Այդ թղթերում Ներսես Շնորհալին ներկայացրել է Հայ եկեղեցու դավանությունը և հստակորեն ճշտել ու սահմանել միության հարցում Հայ եկեղեցու դիրքը: Եկեղեցիների միության հարցում Ներսես Շնորհալու առաջ քաշած սկզբունքները Հայ եկեղեցին անփոփոխ պահպանել է հետագա դարերում. դրանք գործում են նաև այսօր, իսկ միջեկեղեցական հարաբերություններում Հայոց հայրապետներն ու վարդապետները առաջնորդվել են Ներսես Շնորհալու ոգով և նախանշած ուղիով: Բյուզանդիան եկեղեցիների միությունը ձգտել է ծառայեցնել իր քաղաքական նպատակներին, այն է՝ խարխլել Կիլիկիայում նորահաստատ հայ ազգային պետականության հիմքերը, իրեն ենթարկել նաև բուն Հայաստանը, իսկ Հայ եկեղեցուն զրկել ինքնուրույնությունից և միացնել կայսերական եկեղեցուն, հայերին դարձնել քաղկեդոնական: Հետագայում եկեղեցիների միության հարցը Հռոմի կաթոլիկ եկեղեցին ևս ըմբռնել է նույն կերպ՝ որպես ամբողջական ենթարկում Հռոմի պապի գերագույն քաղաքական և հոգևոր իշխանությանը:

Ներսես Շնորհալին եկեղեցիների միության հարցին մոտեցել է նոր սկզբունքներով: Ըստ նրա՝ միությունը պետք է լինի բոլորի համաձայնությամբ, հիմնված փոխադարձ հարգանքի, զիջողության և հանդուրժողականության վրա: Ներսես Շնորհալին գտնում էր, որ դավանական և ծիսական տարբերություններն ու ազգային ավանդությունները եկեղեցական հարաբերություններում վճռական նշանակություն չունեն, և դրանք չպետք է հիմք դառնան հակառակության և ազգամիջյան թշնամության: Երբ տարբեր եկեղեցիներ ընդունում են քրիստոնեական հավատի հիմնական ճշմարտությունները, ապա Ս. Ծնունդը հունվարի 6-ին թե դեկտեմբերի 25-ին տոնելը, «Սուրբ Աստված» (Երգ Երեքսրբենի) սրբասացությունը Սուրբ Երրորդությանը թե Որդուն վերագրելը, անգամ գլխավոր հարցը՝ Քրիստոսի մեջ մեկ կամ երկու բնություն դավանելը Ներսես Շնորհալին համարել է ուղղափառության սահմանի մեջ, եթե դրանք ասվում են առանց հակառակության ոգու, առանց փոխադարձ մեղադրանքների և աննախապաշար մտքով: Լինելով եկեղեցիների միության ջերմ պաշտպան՝ Հայոց կաթողիկոսը հույներից պահանջել է հարցը քննել ոչ որպես Տէր ընդ ծառայի՚ հրամայելով, այլ՝ «հաւասար ընդ հաւասարի» բանակցելով, ոչ թե «թագաւորական ահարկու զօրութեամբ», այլ՝ «քաղցրագոյն խոնարհութեամբ», փոխադարձ հասկացողությամբ և զիջումներով: Եկեղեցին երի բաժանումը հակառակ է Ավետարանին և Աստծո կամքին: Ներսես Շնորհալին հայտարարում էր, որ Հայ եկեղեցին միությունը պատկերացնում է ոչ թե մոլորությունից դարձ դեպի ճշմարտություն, այլ հանուն աստվածային սիրո հաղորդությունը վերահաստատելու պայման: Ներսես Շնորհալին իր միութենական ձգտումների մեջ քրիստոնեական և ավետարանական սկզբունքների հետ դրել է նաև ազգային նպատակներ՝ հայ ժողովրդի ապահովությունը, խաղաղությունն ու բարօրությունը փնտրելով քրիստոնյաների համերաշխ միության և փոխադարձ օգնության մեջ:

Ըստ Մ. Օրմանյանի, Ներսես Շնորհալին «բարձրաբարբառ քարոզիչն է Հայոց եկեղեցու ներողամիտ և լայնախոհ տեսության, որ եկեղեցու միությունն ըմբռնում էր հիմնական կետերի համաձայնության և փոխադարձ հոգևոր հաղորդակցության մեջ և մերժում է տիրապետության ու ստրկաբար նմանողության ամեն պահանջները, որոնց վրա հաստատած են Հույն և Լատին եկեղեցին եր միության անհրաժեշտ պայմանը» («Ազգապատում», հ. 1, 1912, էջ 1417):

Ներսես Շնորհալուց սկսած, և հատկապես, ի դեմս նրա, հայ աստվածաբանական միտքը և կրոնաեկեղեցական գաղափարախոսությունը դեռևս XII դ. հանգել է նրան, ինչը ներկայումս քրիստոնյա աշխարհում անվանվում է էկումենյան շարժում: Ներսես Շնորհալին որպես երաժիշտ և շարականագիր թողել է բազմաժանր երաժշտական ժառանգություն՝ Տերունական, պահոց օրերի, սրբերին նվիրված, դավանական, վարքագրական,ազգային-հայրենասիրական բովանդակությամբ բազում շարականներ, տաղեր, գանձեր, մեղեդիներ: Դարեր շարունակ մեծ ժողովրդականություն են վայելել գիշերային ժամի «Առաւօտ լուսոյ»-ն, «Յիշեսցուք»-ը, «Զարթիք»-ը, «Աշխարհ ամենայն»-ը, առավոտյան ժամի «Նորաստեղծեալ»-ը, «Արարչական»-ը (ըստ շաբաթվա 6 օրերի), արևագալի ժամի երգերը՝ «Յարևելից մինչև ի մուտս», «Ճգնաւորք Աստուծոյ», «Լոյս, արարիչ լուսոյ», «Անեղանելիդ Աստուած», «Ճանապարհ և ճշմարտութիւն» ճաշու կամ երրորդ ժամի «Օրհնեմք զքեզ»-ը, «Նահապետին Աբրահամու»-ն, խաղաղական ժամի «Նայեաց սիրով»-ը, «Ի քէն հայցեմք»-ը ևն: Ներսես Շնորհալուն են պատկանում նաև Համբարձումից մինչև Հոգեգալուստ պահք պահելու, Վարդավառի, Հոգեգալստյան և Վերափոխման տոները երեքօրյա և բազմօրյա դարձնելու հրահանգը և այդ տոներին նվիրված շարականները: Հիշարժան են Աբգար թագավորին, Տրդատ Գ Մեծին և Աշխեն թագուհուն, ս. Գևորգ և ս. Սարգիս զորավարներին, Ավարայրի հերոսներին, Ղևոնդյանց նահատակներին նվիրված շարականները: Առանձնապես բարձր արվեստով են ստեղծված Վարդանանց նվիրված «Նորահրաշ պսակաւոր» և «Արիացեալք» շարականները:

Ներսես Շնորհալու երգերից ու շարականներից շատերը սկսվում են իր անվան սկզբնատառով՝ կազմելով «Ներսէսի երգ»: Ներսես Շնորհալին հայ երաժշտության կիլիկյան դպրոցի ամենափայլուն ներկայացուցիչն է և առհասարակ միջնադարյան Հայաստանի մասնագետ բանաստեղծ-երաժիշտներից մեծագույնը: Նա իր արվեստի խորքով, տարողությամբ ու արժեքով դուրս է գալիս ազգային սահմաններից ու դառնում համաքրիստոնեական (մանավանդ՝ արևելաքրիստոնեական) քաղաքակրթության խոշոր երևույթներից մեկը: Պահպանված գրական ու երաժշտական շատ նյութեր, ձեռագր. փաստեր ցույց են տալիս, որ Ներսես Շնորհալին եղել է ոչ միայն բազմարդյուն երգահան, այլև՝ իր ժամանակի լավագույն երգիչ կատարողներից մեկը, գեղագետ, տեսաբան, ուսուցիչ, իսկ որպես ստեղծագործող հորինել է հոգևոր (եկեղեցական) արտապաշտամունքային ու, ամենայն հավանականությամբ, նաև աշխարհիկ երգեր:

Արտապաշտամունքային են կոչվում այն ստեղծագործությունները, որոնք թեև արդյունք են կրոն. ներշնչման, բայց նախատեսվել են ոչ թե պաշտոներգության մեջ ներմուծելու, այլ կենցաղում կատարելու համար: Ներսես Շնորհալու արտապաշտամունքային գործերից «Յիսուս Որդի» ծավալուն պոեմն անցյալում եղանակավոր (ասերգի ձևով) պատմվել ու մի ամբողջ շարք հատվածներում էլ նաև երգվել է, ինչպես «Սասունցի Դավիթ» էպոսը: Հոգևոր երաժշտության բնագավառում Ներսես Շնորհալին մեծ բարենորոգիչ է թե՛ իր բուն ստեղծագործությամբ և թե՛ պաշտոներգության ծիսական կողմի բարեկարգությամբ: Նա կարգավորել է հայոց մինչ այդ այլայլված, աղքատացած պաշտոներգությունը, բարեձևություն ու միակերպություն հաղորդել դրան, բազմապիսի ստեղծագործություններով ճոխացրել և, միաժամանակ, XII դ. համար արդեն հնացած մասերից ու ձևերից մաքրել նույն պաշտոներգությունը՝ զետեղելով սեփական տաղանդավոր հեղինակությունները երկար ու ձիգ սաղմոսասացությունն երի փոխարեն:

Ներսես Շնորհալին վերանայել է հայկական միջնադարյան ծիսական-երաժշտական բոլոր գրքերը. դրանցից մի քանիսը լրացրել հիմնովին: Միջնադարյան ձեռագրերում ցրված Ներսես Շնորհալու երգերը քննության են ենթարկվում դրանց գրական խոսքի կառուցվածքի (տաղաչափության), ձայնեղանակների նշման ու գործնական կիրառման և խազավորման (խազագրերի հյուսվածքի) տեսակետներով: Բացի այդ, նույն երգերի մի ստվար մասն առկա է նաև Էջմիածնում՝ XIX դ. հայկական ձայնագրության նոր համակարգի նշաններով ձայնագրված ժողովածուներում: Վերջիններս ներկայացնելով հայոց հոգևոր երգարվեստի, մասնավորապես երգեցողության, ուշ միջնադարյան պատկերը՝ միաժամանակ անդրադարձնում են այդ արվեստի հին ու հնագույն շատ շերտեր, որով և համեմատելի են միջնադարյան գրչագիր համապատասխան մատյանների հետ: Հիշյալ ձայնագրյալ ժողովածուներում ներփակված Ներսես Շնորհալու ավելի քան 200 ստեղծագործությունների (շարականների և Պատարագի ու Ժամագրքի երգերի) որոշումը հնարավորություն է տալիս գաղափար կազմելու նրա երաժշտաբանաստեղծական արտահայտվելակերպի գլխավոր առանձնահատկությունների մասին, տարբերելու այդ ստեղծագործության ժանրային-ոճական հիմնական ոլորտները և խորամուխ լինելու նրա արվեստի փիլիսոփայության մի քանի էական կողմերի մեջ: Դրանք են՝ ձգտումը դեպի գեղարվեստական կատարելությունը, որ հոգևոր երգարվեստում բարձրացնում է երաժշտության գեղազգայական ներգործության ուժը, արլ. ու արմ. մասնագիտացված արվեստների, նաև սեփական ժողովրդի աշխարհիկ երգ-երաժշտության կենսունակ տարրերի համարձակ օգտագործումը, որ նոր առումներ է հաղորդում հոգևոր երգին՝ երբեմն նույնիսկ աշխարհընկալման տեսակետով: Վերջապես, մեղեդիական ազատ, զարդոլորուն ոճի զարգացումը, որը, բարդ համաձայնությունների (լադերի) ու բաղադրյալ (խրոմատիկ) հնչյունաշարի աստիճանների անկաշկանդ կիրառման պայմաններում, քնարական զեղումները հաճախ տեղափոխում է ներքին ապրումների ոլորտը: Ներսես Շնորհալին հայկական միջնադարի այն մեծերից է, որը Գրիգոր Նարեկացու, Մանուել և Տրդատ ճարտարապետների, Թորոս Ռոսլինի և Սարգիս Պիծակի նման հազվագյուտ արվեստագետների շարքում իր գործունեությամբ արժեքավոր ավանդ է մուծել Վերածննդի շրջանն ու դրան հատուկ հումանիզմի շարժումը հեռուներից նախապատրաստելու գործում:

Հայ եկեղեցին ս. Ներսես Շնորհալու հիշատակը տոնում է Խաչվերացի հինգերորդ կիրակիի նախորդ շաբաթ օրը՝ «սրբոց թարգմանչաց վարդապետաց» հետ: Կաթողիկոական գահին Ներսես Դ Կլայեցուն հաջորդել է Գրիգոր Դ Տղան:

Տեքստի աղբյուր՝ Armenianreligion.am
Տեսանյութը՝ ԱՐ հեռուստաընկերության «Մեր Մեծերը» հաղորդաշարի