Այսպէս է ասում Տէրը. «Եւ եթէ Հայր էք կոչում նրան, որ առանց աչառութեան դատում է իւրաքանչիւրին ըստ գործերի, ապա երկիւղո՛վ ապրեցէք այս աշխարհում ձեր պանդխտութեան ժամանակ»

Սբ. Ամբրոսիուս Մեդիոլանումացի․ «Ոչ ոք չի կարող հափշտակել Աստծո զորությունը»

[...] « Տեսե՞լ եք իմ սրտի սիրածին » (Երգ 3, 3)։

« Ինչո՞ւ ես լալիս »։ Դու ես քո արցունքների պատճառը. դու ես, որ ինքդ քեզ լացել ես տալիս։ Լացում ես, որովհետև չես հավատում Քրիստոսին. հավատա՛ և կտեսնես Նրան։ Քրիստոսն այստեղ է, Նրանից երբեք չեն զրկվում նրանք, ովքեր Նրան փնտրում են։ « Ինչո՞ւ ես լալիս »։ Արցունքների փոխարեն, կենդանի և Աստծուն արժանի հավատք ունեցիր։ Մի՛ մտածիր մահկանացու բաների մասին և չես լացի։

« Ո՞ւմ ես փնտրում »։ Չե՞ս տեսնում, որ Քրիստոսը Աստծո զորությունն է, Քրիստոսը Աստծո իմաստությունն է, Քրիստոսը սրբություն է, Քրիստոսը ողջախոհություն է, Քրիստոսը մաքրություն է, Քրիստոսը ծնվել է Կույսից, Քրիստոսը մշտապես պատկանում է Հորը, և Հոր մոտ է, և Հոր մեջ է. ծնված է, բայց ո՛չ ստեղծված, ո՛չ ընկած, միշտ սիրված, ճշմարիտ Աստված՝ ճշմարիտ Աստծուց։

« Վերցրել են իմ Տիրոջը և չգիտեմ, թե որտեղ են դրել Նրան »։ Սխալվում ես, ո՜վ կին։ Դու կարծում ես, թե Քրիստոսը գերեզմանից վերցվել է ուրիշների ձեռքով, այլ ո՛չ թե՝ որ հարություն է առել սեփական զորությամբ։ Մինչդեռ ոչ ոք չի կարող վերցնել, հափշտակել Աստծո զորությունը, ոչ ոք չի կարող վերցնել Աստծո իմաստությունը, ոչ ոք չի կարող վերցնել ճշմարիտ սրբությունը։ Քրիստոսը չի վերցվել ու չի հեռացվել արդարի գերեզմանից, կույսի ներաշխարհից, Իրեն հավատարիմ հոգու գաղտնարաններից. և նույնիսկ եթե ոմանք կամենան հափշտակել Նրան, չեն կարող վերցնել Նրան ու հեռացնել։

Այդ ժամանակ Տերը նրան ասում է. « Մարիա՜մ, ի՛նձ նայիր »։ Մինչև այդ պահը, քանի դեռ չէր հավատում, կոչվում է « կին ». հազիվ սկսում է շրջվել դեպի Նա, անվանվում է Մարիամ։ Ստանում է անունը նրա, ով ծնեց Քրիստոսին. արդարև, հոգին է, որ հոգեպես ծնում է Քրիստոսին։ « Նայի՛ր ինձ », ասում է։ Ով նայում է Քրիստոսին, ուղղում է ինքն իրեն. ով չի տեսնում Քրիստոսին, մոլորվում է։ Ուստի, դեպի Նա շրջվելով, տեսնում է Նրան և ասում է. « Ռաբբունի՛ », որ նշանակում է « Վարդապետ »։ Ով նայում է, շրջվում է. ով շրջվում է, ավելի խորը կերպով է ընկալում. ով տեսնում է, առաջադիմում է։ Ուստի Վարդապետ է անվանում Նրան, ում մեռած էր կարծում. գտնում է Նրան, ում կորած էր կարծում։ [...]

 

Սբ. Ամբրոսիուս Մեդիոլանումացու (339/340-397) « Կուսության մասին » աշխատությունից
Աղբյուր՝ Mashtoz.org