Այսպէս է ասում Տէրը. «Ով մեղաւորին իր մոլորութեան ճանապարհից յետ է բերում, կը փրկի նրա հոգին մահուանից եւ կը ծածկի մեղքերի մի ամբողջ բազմութիւն» (Հակոբոս 5:20)

Ղազար Փարպեցի

Ղազար Փարպեցի (մոտ 442-VI դ. սկիզբ), միջնադարյան հայ պատմիչ, «Հայոց պատմության» և «Թուղթ առ Վահան Մամիկոնյան» երկերի հեղինակ։

Մերձավոր կապ է ունեցել Մամիկոնյան նախարարական տան հետ։ Ավարայրի ճակատամարտից հետո նրանց հետ տեղափոխվել է Ցուրտավ (Վրաստան)։ Նախնական կրթությունն ստացել է Աշուշա բդեշխի պալատում, խաղընկերոջ՝ ապագա մարզպան Վահան Մամիկոնյանի քեռու՝ Աղան Արծրունու վերահսկողությամբ։ Մոտ 465-470 թվականներին ուսանել է Բյուզանդիայում։ Վերադառնալով՝ հաստատվել է Կամսարականների նախարարական տիրույթում՝ Շիրակում, զբաղվել ուսումնա-կրթական գործերով։ 484-486 թվականներին եղել է Սյունիքում։ 486 թվականին մարզպան դարձած Վահան Մամիկոնյանը Ղազար Փարպեցուն կանչել է Սյունիքից և նշանակել Վաղարշապատի վերակառուցված վանքի առաջնորդ։ Ղազար Փարպեցին բարեկարգել է վանքի շինությունները, ստեղծել մատենադարան, ձեռնամուխ եղել լուսավորական աշխատանքի, որը նրա դեմ առաջ է բերել հետադեմ հոգևորականության թշնամությունը։ Ստիպված հեռացել է (մոտ 490-ին) Ամիդ, որտեղ գրել է «Թուղթ առ Վահան Մամիկոնյան» ուղերձը։ Հայոց մարզպանը ետ է կանչել Ղազար Փարպեցուն և պատվիրել գրել հայոց պատմությունը։ Ըստ ավանդության, թաղված է Փարպիի ձորում։

«Թուղթ առ Վահան Մամիկոնյան»-ը վավերական աղբյուր է V դ. 2-րդ կեսին հայոց եկեղեցում գոյություն ունեցող երկու թևերի անհաշտ պայքարի մասին, երբ Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի մահից հետո հետադեմ կղերականությունը հալածանք էր սկսել առաջադեմ մտավորականությանը։

Երկեր

1793 թվական Վենետիկում տպագրված Ղազար Փարպեցու «Հայոց պատմության» շապիկը
Պատմական և գիտական առումով ավելի արժեքավոր է «Պատմություն Հայոց»-ը։ Այն բաղկացած է առաջաբանից և 3 դրվագից։ Առաջաբանում Ղազար Փարպեցին հիշատակում է իր նախորդների՝ Ագաթանգեղոսի և Փավստոս Բյուզանդի աշխատությունների համառոտ բովանդակությունը, արժեքավորում դրանք, նշում, որ գրավոր սկզբնաղբյուրներից բացի օգտագործել է նաև ականատեսների պատմածները՝ նախապես ստուգելով և ճշտելով։

Առաջին՝ Ա դրվագում մանրամասն շարադրված են Վռամշապուհի գահակալության տարիների քաղաքական պատմությունը և Սասանյան Պարսկաստանի պառակտիչ ու դավադիր քաղաքականությունը մինչև Արշակունյաց թագավորական հարստության անկումը(428)։

Երկրորդ՝ Բ դրվագի նյութը Վարդանանց պատերազմն է, համընկնում է Եղիշեի «Վարդանի և Հայոց պատերազմի մասին» երկի ժամանակաշրջանին։

Երրորդ՝ Գ դրվագը ամենաարժեքավորն է, որովհետև Ղազար Փարպեցին իր նկարագրած դեպքերի ականատեսն է։ Այն ընդգրկում է 460-480-ական թվականների հայ-պարսկական փոխհարաբերությունների և հայերի 482-484 թվականների հակապարսկական ապստամբության պատմությունը։

Ղազար Փարպեցու «Թուղթ»-ն ամբաստանագիր է ընդդեմ ժամանակի հոգևորականության, անհատի իրավունքների պաշտպանության փորձ, միջնադարյան ազատամտության կարևոր փաստաթուղթ։ Ղազար Փարպեցին հրաժարվում է աղանդավորների հետ կապերի խզելուց և նրանց քննադատելուց, քանի որ Քրիստոսը ուսուցանել է ուրիշին դատավոր չլինել։ Նա գրում է բարոյական արժեքների, հոգևորականների առաքինության ու աշխարհիկների քաջության պատմությունը, որն ընթանում է պայքարի, հակադրությունների ու ելևէջների ձևով։ Նա աշխարհիկ ֆեոդալների իշխանությունը սահմանափակում է տնտեսական, քաղաքական, եկեղեցունը՝ կրոնական գործունեությամբ։ Ղեկավարը, ըստ Ղազար Փարպեցու չպետք է բացարձակացնի, գերագնահատի իր իշխանությունն ու հեղինակությունը, նրա և ղեկավարվողի միջև պետք է լինի որոշակի համապատասխանություն և հաղորդակցականություն։

Կենսագրություն

Ղազար Փարպեցին մեծացել ու դաստիարակվել է Հայոց ապագա սպարապետ և մարզպան Վահան Մամիկոնյանի հետ՝ վերջինիս մոր՝ Ձվիկ իշխանուհու խնամակալության ներքո։ Նախնական կրթությունն ստացել է Գուգարաց Աշուշա բդեշխի պալատում՝ իշխանուհու եղբոր՝ V դարի ականավոր կրթական գործիչ Աղան Արծրունու վերահսկողությամբ, իսկ 465-470 թվականներին ուսանել է Բյուզանդիայում։ 486 թվականին մարզպան Վահան Մամիկոնյանը նրան նշանակել է Վաղարշապատի վանքի առաջնորդ։ Փարպեցին բարեկարգել է վանքի շինությունները, ստեղծել մատենադարան, ձեռնամուխ եղել լուսավորական աշխատանքի, սակայն հանդիպել է զորեղ հակառակորդների։ Մոտ 490 թվականին նա ստիպված հեռացել է Ամիդ և այնտեղից գրել «Թուղթ առ Վահան Մամիկոնյան» ինքնապաշտպանական ուղերձը։ Մարզպանը նրան հետ է կանչել, պաշտպանել չարախոսներից և հանձնարարել է գրել «Պատմություն Հայոց»-ը։ Փարպեցու «Թուղթը» կարևոր տեղեկություններ է հաղորդում V դարի 2-րդ կեսին հայ եկեղեցական շրջանակներում առկա հունասեր և պարսկասեր խմբավորումների, նրանց փոխադարձ բանակռիվների ու բախումների մասին։ Այն առաջին անգամ հրատարակել է Մկրտիչ Էմինը 1853 թվականին, իսկ 1868 թվականին Միքայել Նալբանդյանը փոխադրել է աշխարհաբարի։

Առավել արժեքավոր է Փարպեցու «Պատմություն Հայոց»-ը, որը կոչվում է նաև Երրորդ պատմություն՝ Ագաթանգեղոսի և Փավստոս Բուզանդի երկերից հետո։ Այն բաղկացած է առաջաբանից և 3 դրվագից։

Առաջաբանում պատմիչը շարադրել է նախորդների պատմությունների համառոտ բովանդակությունը։ Բուն պատմությունը Փարպեցին սկսել է 387 թվականի իրադարձություններից՝ Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև Հայաստանի առաջին բաժանումից։ Առաջին դրվագում շարադրել է Արշակ Գ-ի և Վռամշապուհի գահակալության տարիների քաղաքական պատմությունը, Սասանյան Պարսկաստանի պառակտիչ քաղաքականությունը մինչև Արշակունյաց թագավորական հարստության անկումը (428 թվական) և ավարտել է Սահակ Պարթևի (439 թվական) ու Մեսրոպ Մաշտոցի (440 թվական) մահվանն առնչվող դեպքերի նկարագրությամբ։ Երկրորդ դրվագի նյութը Վարդանանց պատերազմն է. համընկնում է Եղիշեի «Վարդանի և Հայոց պատերազմի մասին» երկի ժամանակաշրջանին։ Երրորդ դրվագը Հայաստանի՝ 460-484 թթ-ի պատմության միակ սկզբնաղբյուրն է, որտեղ նկարագրված դեպքերի ականատեսն ու մասնակիցն է նաև հեղինակը։ Ներկայացնում է այդ շրջանի հայ-պարսկական փոխհարաբերություններն ու հայերի՝ 482-484 թվականների ապստամբության պատմությունը և ավարտում Վահան Մամիկոնյանի՝ Պարսից արքունիքի կողմից Հայոց մարզպան ճանաչվելու բախտորոշ իրադարձությամբ։ Փարպեցու «Պատմություն Հայոց»-ը տպագրվել է 1793 թվականին, Վենետիկում, աշխարհաբարը՝ 1895 թվականին, Ալեքսանդրապոլում։ Հրատարակվել է նաև ֆրանսերեն (1869 թվական)։ «Պատմությունը» և «Թուղթը» միասին («Պատմություն Հայոց և Թուղթ առ Վահան Մամիկոնյան») հրատարակվել է 1904 թվականին, Թիֆլիսում։ Ըստ ավանդության՝ Ղազար Փարպեցին թաղված է Ղազարավան գյուղի (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզում) եկեղեցու ավանդատանը, մեկ այլ տվյալով՝ Մշո Սբ Առաքելոց վանքի բակում։

Տեսանյութը՝ ԱՐ հեռուստաընկերության «Մեր Մեծերը» հաղորդաշարի