Այսպէս է ասում Տէրը. «Քանի որ Քրիստոս մարմնով չարչարուեց մեզ համար, դուք եւս զինուեցէ՛ք նոյն մտքով. որովհետեւ, ով մարմնով չարչարւում է, դադարում է մեղանչելուց, որպէսզի մարմնի մէջ մնացած ժամանակ այլեւս ոչ թէ ըստ մարդկային ցանկութիւնների, այլ ըստ Աստծու կամքի ապրի» (Պետրոս 4:1)

Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի

Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, կրոնական կառույց Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Օշական գյուղում: Արագածոտնի թեմի առաջնորդանիստ եկեղեցին (1996 թվականից): 443 թվականին կառուցել է իշխան Վահան Ամատունին՝ Մեսրոպ Մաշտոցի գերեզմանի վրա:

17-րդ դարում եկեղեցին եղել է կիսավեր: Առաքել Դավրիժեցին գրել է.

… հոյակապ, լայնանիստ, բարձրաբերձ... այս տաճար-հանգստարանի ողջ տանիքը վաղ ժամանակներից փլվել, նստել էր, միայն Ավագ խորանն էր մնացել ծածուկ: 

1639-1645 թվականներին Փիլիպոս Ա Աղբակեցի կաթողիկոսը հիմնովին նորոգել է եկեղեցին: 19-րդ դարում Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին վերստին եղել է խարխուլ և վթարային վիճակում, ուստի 1850 թվականին Ներսես Ե Աշտարակեցին կոնդակով դիմել է Սինոդին՝ եկեղեցին նորոգելու առաջարկով: 1860 թվականին Միքայել Նալբանդյանը, Հնդկաստան մեկնելուց առաջ, ուխտի է եկել Օշական, և եկեղեցու անմխիթար վիճակը տեսնելով, բանաստեղծությամբ իր վիշտն ու դառնությունն արտահայտել:

1668-1672 թվականներին եկեղեցու վերակառուցման համար Գրիգոր վարդապետի ղեկավարությամբ նախապատրաստական աշխատանքներ են կատարվել: 1872 թվականին Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցին կոնդակով հայ ժողովրդին կոչ է արել՝ նյութապես սատարել եկեղեցու վերակառուցմանը: 1873-1879 թվականներին օշականցիների մասնակցությամբ Սուրբ Մոսրոպ Մաշտոց եկեղեցին հիմնովին վերակառուցվել է և 1879 թվականի հոկտեմբերի 21-ին օծվել: Փաստորեն նոր եկեղեցի է կառուցվել, նոր հորինվածքով (մինչև 20-րդ դարը դեռևս պահպանված են եղել նախկին շենքի պատերի հետքերը, արևելքում՝ արտաքուստ բազմանիստ Ավագ խորանով): Նոր եկեղեցին թաղածածկ դահլիճ է՝ երեք թաղակիր կամարներով, ձվաձև հատակագծով Ավագ խորանի երկու կողմերում՝ ուղղանկյուն ավանդատներով: Արտաքին ճակատները զարդարված են դեկորատիվ կամարաշարով: Ավագ խորանի տակ Մեսրոպ Մաշտոցի դամբարանն է (443). ուղղանկյուն թաղածածկ խուց է, արևելքում՝ խորշով, հյուսիսից և հարավից՝ մուտքերով (հյուսիսը փակվել է, իսկ հարավը բացվել է դեպի ավանդատուն):

1880 թվականին, եկեղեցու հարավային կողմում, Վահան Ամատունու գերեզմանի վրա, կանգնեցվել է հուշակոթող, 1884 թվականին եկեղեցուն արևելքից կցել են երկհարկ, 8-սյունանի ռոտոնդայով պսակված զանգակատուն, որը բացառիկ է հայկական ճարտարապետության մեջ իր տեղադրությամբ, գլանաձև ծավալով և Ավագ խորանից բացվող մուտքով:

1913 թվականին եկեղեցու հարավային կողմում կառուցվել է դպրոցի շենք: 1960-1964 թվականներին Վազգեն Ա Պալճյանի հոգածությամբ, միլանահայ Հ. և Թ. Ղազարոսյան եղբայրների բարերարությամբ, բարեկարգվել է եկեղեցու շրջապատը, նորոգվել են Մեսրոպ Մաշտոցի դամբարանը և եկեղեցին, դեպի դամբարան տանող մուտքի դիմաց կանգնեցվել է կոթող՝ մեսրոպյան այբուբենի երկաթագիր տառերով, և դրվել դամբարանի արևելյան խորշում (ճարտարապետ՝ Բ. Արզումանյան), աղոթասրահում կախվել է երկաթակուռ ջահ (ճարտարապետ՝ Ռ. Իսրայելյան):

1962 թվականին Մեսրոպ Մաշտոցի բազալտե գերեզմանաքարը փոխարինվել է օնիքս քարից պատրաստված նոր տապանաքարով: 1964 թվականին եկեղեցու հյուսիսարևմտյան անկյան մոտ կառուցվել է աղբյուր (ճարտարապետ՝ Ա. Իսրայելյան): 1966 թվականին Ավագ խորանում մարմարե նոր սեղան է պատրաստվել՝ վրան «Աստվածածինը Մանկան հետ» սրբապատկերով (նկարիչ՝ Հ. Մինասյան):

1964-1966 թվականներին, հնդկահայ Պ. Ալեքսանյանի բարերարությամբ, եկեղեցու ներսը նկարազարդարվել է «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարով (նկարիչներ՝ Հ. Մինասյան, Հ. Մամյան): Որմնանկարն իրականացվել է եռապատկեր հորինվածքով՝ ճարտարապետությանը ներդաշնակ: Արևմտյան պատի որմնանկարում պատկերված է Մեսրոպ Մաշտոցը՝ նորաստեղծ այբուբենը ձեռքին: Որմնանկարը կամարակապ լուսամուտով բաժանվում է երկու մասի՝ ձախ կողմում Մեսրոպ Մաշտոցն է՝ շրջապատված աշակերտներով, աջ կողմում՝ հայրապետական գահին բազմած Սահակ Ա Պարթևը, կողքին կանգնած են Վռամշապուհ թագավորը և թագուհին, Վահան Ամատունի իշխանը և նախարարները, նրանց վերևում Արարատի ձյունազարդ գագաթն է և Հռիփսիմեի տաճարը: Կենտրոնում հնարամտորեն օգտագործված է լուսամուտի բացվածքը, որի ապակու վրա, դրսից պայծառ լույսով ողողված, գրված է հայոց այբուբենը:

Հարավային պատին կանգուն և ծնրադիր նետաձիգ զինվորներն են՝ Հայոց աշխարհի պահապանները, նրանց գլխավերևում՝ ուժի, հայրենիքի կենսունակության խորհրդանիշ թևատարած արծիվը: Հյուսիսային պատին պատկերված է Հայաստանի գարունը՝ ծաղկած ծառերով, զվարթ աղջիկներով: Որմնանկարը զուգակցում է հայկական մանրանկարչության, միջնադարյան քանդակագործության ու որմնանկարչության ավանդները և 20-րդ դարի հայկական մոնումենտալ արվեստի լավագույն ստեղծագործություններից է:

1995 թվականին եկեղեցու արևմտյան կողմում կանգնեցվել է հուշակոթող: 1996 թվականին Գարեգին Ա Սարգիսյանի հովանավորությամբ և Արագածոտնի թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ջանքերով, ամերիկահայ Ջ. Կոբոյանի բարերարությամբ, եկեղեցամերձ դպրոցի շենքը հիմնովին վերակառուցվել է, և 1997 թվականին այնտեղ բացվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց դպրատունը (ճարտարապետ՝ Բ. Արզումանյան): Երկհարկանի, սյունազարդ և գմբեթավոր դահլիճներով, ցուցասրահներով, հարուստ գրադարանով, շքեղ կահավորված շենք է, որի սրահներում ներկայացված են հայ անվանի արվեստագետների ստեղծագործություններ: 1999 թվականին Դպրատանը կազմակերպվել է «Աստվածաշնչական Հայաստան» միջազգային գիտաժողովը, իսկ նույն թվականից, Թարգմանչաց տոնին, ամենամյա «Մաշտոցյան ընթերցումներ» գիտաժողովները:

1997 թվականին եկեղեցու արևմտյան կողմում, Ժ. և Հ. Գաբրիելյանների բարերարությամբ կառուցվել է առաջնորդարանի շենքը (ճարտարապետ՝ Հ. Բաբախանյան), 2000 թվականին Ջ. Կոբոյանի միջոցներով բարեկարգվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու տարածքը։

Տեսանյութը ներկայացնում է ԱՐ հեռուստաընկերության «Ոչ միայն հացիվ» հաղորդաշարը։