Այսպէս է ասում Տէրը. «Ով մեղաւորին իր մոլորութեան ճանապարհից յետ է բերում, կը փրկի նրա հոգին մահուանից եւ կը ծածկի մեղքերի մի ամբողջ բազմութիւն» (Հակոբոս 5:20)

Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյան

Պարզ հավատացյա՞լ ես. դու ամենաբախտավորն ես: Ոչ մեկի կյանքը քոնի նման հարուստ չէ, և ոչ մեկին վիճակված չէ հավաքել անդնդի չքնաղ ծաղիկները, որ դու կարող ես հավաքել այս կյանքի ընթացքում: Միայն թե մենակ, առանց հովվի մի քայլիր: Քայլիր եկեղեցու հետ, որովհետև դեռ գառնուկ ես, իսկ շուրջբոլորդ շատ են գայլերը` անթիվ, անհամար: Դու բախտավոր ես, որովհետև Քրիստոս արցունքներով է քեզ փնտրում, և Հայրը սպասում է, որ ապահով տուն վերադառնաս: Սուրբ Հոգու շնորհները Եկեղեցու ծորակներից լիառատորեն քեզ համար են հեղվում: Վերևում հիշված բոլոր մարդիկ քեզ համար են, սիրելի հիվանդ եղբայր, այս աշխարհի անտառներում կորած, խաբված, ցեխերի մեջ տապալված ու ցեխոտված, բայց միշտ ադամանդ եղբայր, դու` ոսկի, դու` անգին, թանկագին եղբայր: