Այսպէս է ասում Տէրը. «Արդ, մի՛ կորցրէք ձեր վստահութիւնը, որի մէջ մեծ վարձատրութեան հատուցում կայ: Ձեզ համբերութիւն է պէտք, որպէսզի Աստծոյ կամքը կատարելով՝ հասնէք նրա խոստմանը» (Եբրայեցիներ 10:35)

Պրիսկիղա և Ակյուղաս

Պողոս Առաքյալն իր ողջ քարոզչական գործունեության ընթացքում ունեցել է շուրջ ինը տասնյակ համագործակիցներ, որոնց թվում էին նաև ազգությամբ հրեա Ակյուղաս և Պրիսկիղա ամուսինները (հուն.` Akulas kai Priskilla, լատ.` Aquilas` «արծիվ» (aquila) և Priscilla` «հին», «հնագույն» (prisca) բառերից): Ակյուղասն ավանդաբար համարվում է նաև 70 առաքյալներից մեկը:

Նոր Կտակարանը մեզ շատ քիչ տեղեկություններ է փոխանցում այս անձանց մասին, սակայն համադրելով սակավաթիվ այդ տեղիները, կարող ենք ստանալ նախնական քրիստոնեության տարածման դժվարին գործի համար իրենց կյանքը տված այս ընտանիքի գործունեության համառոտ նկարագիրը, որն այսօր էլ կարող է լինել հոգևոր-բարոյական պատկառելի նկարագրի և անմնացորդ ծառայասիրության օրինակ: Առաջին տեղեկություններն այս անձանց մասին գտնում ենք Գործք Առաքելոցում.

«Սրանից յետոյ Պօղոսը Աթէնքից մեկնելով` եկաւ Կորնթոս. եւ այնտեղ գտաւ Ակիւղաս անունով մի հրեայի, ծագումով պոնտացի, որը իր կնոջ` Պրիսկիղայի հետ նոր էր եկել Իտալիայից, համաձայն Կղօդէոս կայսեր հրամանի, որով բոլոր հրեաները Հռոմից պէտք է հեռանային» (Գործք. ԺԸ 1-2ա):

Ակյուղասը ծագումով պոնտացի հրեա էր, որ ինչ-ինչ պատճառներով գալով Հռոմ, այստեղ ամուսնանում է Պրիսկիղայի հետ: Հռոմում հրեաները դեռևս Օգոստոս կայսեր օրոք բավական մեծ թիվ էին կազմում: Հեթանոսները, սակայն, ատում էին հրեաներին սնահավատության (թվացյալ կամ իրական) և մոլեռանդությամբ, իսկ հռոմեական կայսրերը վերջինների պատճառով առաջացող հաճախակի խժդժությունների և ընդվզումների համար: Շուտով այս ամենին ավելանում է նաև հրեականությունը քրիստոնեության հետ շփոթող հեթանոսական թյուր կարծիքը, ինչն էլ իր հերթին ստիպում է, որ հեթանոսները և ի մասնավորի հռոմեական իշխանություններն սկսեն կասկածանքով և անհանդուրժողականությամբ մոտենալ նաև քրիստոնյաներին: Հատկապես Կլավդիոս կայսեր տիրապետության օրոք սկսեց քրիստոնեական հալածանքների մի նոր շրջան, որի ընթացքում Ք. հ. 49թ. կայսրը բոլոր հրեաներին Հռոմից վտարելու հրաման արձակեց, այդ մասին խոսում է հենց Սվետոնիոսն իր «Տասներկու կեսարների կյանքը» պատմական կոթողային աշխատության մեջ: Եւ քանի որ հռոմեական իշխանությունները քրիստոնեությունը դիտարկում էին որպես հուդայական կրոնի հերթական աղանդ, հետևաբար այս հրամանով քրիստոնյաներին ևս բռնի կերպով վտարում էին Հռոմ քաղաքից: Այս ընթացքում է որ, ինչպես և նշվում է Գործք Առաքելոցում, Ակյուղասն ու Պրիսկիղան ևս աքսորվում են Իտալիայից և բնակություն հաստատում Կորնթոսում, քանի որ մասնագիտությամբ վրանագործներ էին, իսկ Կորնթոսը լի էր շրջիկ առևտրականներով, որոնք կարիքն ունեին վրանների: Այստեղ էլ առաջին անգամ Ք. հ. 52թ.` իր երկրորդ քարոզչական ճամփորդության ժամանակ նրանց է միանում Պողոս Առաքյալը:

«Եւ որովհետեւ արհեստակից էր, նրանց մօտ մնաց եւ աշխատում էր, քանի որ արհեստով վրանագործներ էին: Նա ամէն շաբաթ օր քարոզում էր ժողովարանում եւ համոզում հրեաներին ու հեթանոսներին: Երբ Շիղան եւ Տիմոթէոսը Մակեդոնիայից իջան եկան, Պօղոսը Հոգու կողմից մղւում էր վկայութեամբ փաստելու հրեաներին, թէ Յիսուսն է Քրիստոսը» (Գործք. ԺԸ 2բ-5):

Արդյո՞ք Ակյուղասն ու Պրիսկիղան մինչ Պողոս Առաքյալին հանդիպելը ընդունել էին քրիստոնեություն, թե դարձի էին եկել վերջինիս հանդիպելուց հետո` հստակ հայտնի չէ: Այս հանդիպումից հետո, սակայն, Ակյուղասն ու Պրիսկիղան դարձան Պողոս Առաքյալի հավատարիմ ընկերներն ու նվիրյալ գործակիցները: Պողոսը բնակություն է հաստատում նրանց տանը և քանի որ Ակյուղասն ու Պրիսկիղան զբաղվում էին վրանագործությամբ, Առաքյալն սկսում է օգնել նրանց, որովհետև ինքն էլ հմուտ էր վրանագործության արհեստի մեջ: Շուտով նրանց են միանում նաև Տիմոթեոսն ու Շիղան, ովքեր այստեղ էին եկել Մակեդոնիայից` Թեսաղոնիկեցիների եկեղեցու մասին մխիթարական լուրերով (հմմտ. Գործք. ԺԸ 5):

Հետաքրքրական է աշխարհիկ կյանքի պարզության և հոգևոր վեհության այս անսովոր համադրությունը, որ լավ տեսանելի էր նախնական քրիստոնեության դարաշրջանում ապրող բոլոր քրիստոնյաների կյանքում, և սա տարօրինակ չէր, քանի որ Քրիստոս ինքն էլ ծնվել ու կենցաղավարում էր պարզագույն և հասարակ միջավայրերում, կիսում էր իր երկրավոր հոր` Հովսեփի աշխատանքը և իր տնօրինական գործունեությանը մասնակից դարձնում պարզ ձկնորսների:

Ինչպես հայտնի է, Կորնթոս քաղաքը Պողոս Առաքյալի վրա այնքան էլ հաճելի տպավորություն չթողեց: Եթե Աթենքը, որտեղ ոչ վաղ անցյալում եղել էր Պողոս Առաքյալը, հունական մշակույթի և կրթության կենտրոն քաղաք-համալսարան էր, ապա Կորնթոսը` ընդհակառակն, ամենատարբեր արատների և հեթանոսական բոլոր հնարավոր պաշտամունքների կենտրոն էր և հայտնի իր անբարո նկարագրով: Հետևաբար, բնական էր, որ ճամփորդող քարոզիչի համար չափազանց դժվար պիտի լիներ այդ իրավիճակում հեշտությամբ կողմնորոշվելն ու ավետարանական ճշմարտությունները քարոզելը: Ամենայն հավանականությամբ Պողոսը Կորնթոս էր եկել միայնակ: Դա, անկասկած, պիտի առավել ուժեղացներ անհանգստությունը, ինչպես և տեսնում ենք հենց իր խոսքերում. «Եւ ես տկարութեամբ, երկիւղով եւ սաստիկ դողով եղայ ձեզ հետ» (Ա Կորնթ. Բ 3):

Կորնթոսում Ակյուղասի և Պրիսկիղայի տնից Պողոս Առաքյալն ամեն շաբաթ գնում էր ժողովարան` քարոզելու: Ժողովարանում Պողոսի քարոզը դժգոհությունների մեծ ալիք բարձրացրեց մոլեռանդ հրեաների շրջանում, և եթե չլիներ Ակյուղասի և Պրիսկիղայի աջակցությունը, ապա Պողոսն ամենալուրջ վտանգների առաջ կարող էր կանգնել: Կորնթոսում, ինչպես նաև Եփեսոսում, Ակյուղասն ու Պրիսկիղան, վտանգելով իրենց կյանքը, հրեաներից թաքցնելով` իրենց տանն էին պահում Պողոս Առաքյալին, ինչի մասին վկայում է Ք. հ. 59 թ. Պողոս Առաքյալի` Հռոմեացիներին ուղղված նամակի վերջաբանում առկա ողջույնի խոսքը.

«Ողջունեցէք Պրիսկէին և Ակիւղասին` իմ գործակիցներին ի Քրիստոս Յիսուս, որոնք իմ անձի համար վտանգեցին իրենց գլուխը, և որոնցից միայն ես չէ, որ շնորհակալ եմ, այլև` հեթանոսների բոլոր եկեղեցիները: Ողջունեցէք և նրանց առտնին եկեղեցին» (հմմտ. Հռոմ ԺԶ 14):

Պողոսը Կորնթոսում մնաց և քարոզեց մոտ տասնութ ամիս.

«Իսկ Պօղոսը դեռ շատ օրեր մնալով` եղբայրներից հրաժեշտ առաւ եւ նաւարկեց դէպի Ասորիք: Նրա հետ էին նաեւ Պրիսկիղան եւ Ակիւղասը: Նա Կենքրայում գլուխը խուզել էր, քանի որ ուխտ էր արել: Եւ Եփեսոս հանսելով` նրանց այնտեղ թողեց և ինքը ժողովարան մտնելով` խօսքն ուղղեց հրեաներին: Եւ նրան աղաչեցին, որ երկար ժամանակ այնտեղ մնայ, բայց յանձն չառաւ, այլ հրաժեշտ տուեց նրանց ու ասաց. «Աստծու կամքով նորից կը գամ ձեզ մօտ»: Եւ Եփեսոսից մեկնեց ու իջաւ Կեսարիա. դրանից յետոյ ելաւ վեր, Երուսաղէմ եւ ողջոյն տուեց եկեղեցուն. ապա իջաւ Անտիոք « (Գործք. ԺԸ 18-22):

Այս ամենից հետո Պողոսը հեռացավ Կորնթոսից, իսկ Ակյուղասն ու Պրիսկիղան ուղեկցեցին նրան: Կենքրայի նավահանգստից ճանապարհ ընկնելով` նրանք հասնում են Եփեսոս, որտեղից Պողոսն շտապում է Երուսաղեմ` Զատկի տոնին մասնակցելու` Եփեսոսում թողնելով իր ուղեկիցներին և խոստանալով շուտով վերադառնալ: Իսկ Ակյուղասն ու Պրիսկիղան Եփեսոսում գտնվելու ընթացքում, իրենց շուրջը համախմբելով քրիստոնայներին, այստեղ ևս հիմնում են իրենց առտնին եկեղեցին, ինչի մասին վկայում է և Պողոս Առաքյալը Կորնթացիներին ուղղած իր նամակում, որ գրել էր հենց Եփեսոսում.

«Ձեզ ողջունում են Ասիայի եկեղեցիները: Մեծապէս ողջունում են ձեզ ի Տէր Ակիւղասը եւ Պրիսկիղան իրենց տան մէջ եղող եկեղեցիով հանդերձ» (Ա Կորնթ.. ԺԶ 19):

Այս ժամանակ Եփեսոսում էր գտնվում ազգությամբ հրեա Ալեքսանդրացի Ապողոսը, ինչպես և կարդում ենք Գործք Առաքելոցում.

«Ապողոս անունով մի հրեայ, ծագումով ալեքսանդրիացի, եկաւ հասաւ Եփեսոս. սա մի ճարտարախօս մարդ էր եւ հմուտ` Գրքերին: Տեղեակ էր նա Տիրոջ ճանապարհին եւ Հոգով եռում էր. խօսում եւ ճշմարտութեամբ ուսուցանում էր Յիսուսի մասին: Գիտէր միայն Յովհաննէսի մկրտութիւնը: Սա սկսեց ժողովարանում համարձակօրէն խօսել: Նրան լսելով` Ակիւղասը եւ Պրիսկիղան նրան իրենց մօտ առան եւ ճշմարտագոյնս բացատրեցին նրան Աստծու ճանապարհը» (Գործք. ԺԸ 14-2):

Շնորհաշատ հրեա Ապողոսը ծնվել և իր ուսումն ստացել էր կրոնա - փիլիսոփայական դպրոցներով հայտնի գիտական խոշոր կենտրոն Ալեքսանդրիայում և կարողացել էր իր մեջ միաձուլել փիլիսոփայական փայլուն ուսումը կրակոտ հավատքի հետ: Սակայն Ապողոսն իր քարոզչության ընթացքում խիստ շեշտադրում էր Հովհաննեսի մկրտությունը: Ակյուղասն ու Պրիսկիղան Ապողոսին բացատրեցին, որ Հովհաննես Մկրտչի քարոզած մկրտությունը կոչ էր ապաշխարության և մաքրման, իսկ Քրիստոսի մկրտությունը ենթադրում էր միաձուլում Քրիստոսի հետ` նրա մահվան, թաղման և Հարության միջոցով: Իմաստուն ամուսինները նպատակահարմար գտան Ապողոսի գիտելիքներն ուսյալ հույներին քարոզելու համար: Այս է պատճառը, որ քիչ ժամանակ անց մենք տեսնում ենք, թե ինչպիսի ջերմ ընդունելություն է գտնում Ապողոսը Կորնթոսում (հմմտ Ա Կորնթ. Ա 12; Գ 4-9; Դ 6; ԺԶ 12):

Պողոս Առաքյալը, ինչպես և խոստացել էր, շուտով վերադառնում է Եփեսոս. նրա հետ էր նաև Տիմոթեոսը: Եկավ նաև Կորնթոսից վերադարձած Ապողոսը, որ ցանկանում էր տեսնել իր վրանագործ ուսուցիչների ուսուցչին (հմմտ. Գործք ԺԹ 1-22): Մեծ մխիթարություն էր Ակյուղասի և Պրիսկիղայի համար միասին տեսնել իրենց ուսուցչին և աշակերտին, ով խանդավառված ոգով ամբողջությամբ տրվել էր քարոզչությանը: Պողոսն իր հետևորդների հետ սկսում է գործնականորեն զբաղվել հերձվածների կողմից ալեկոծվող Կորնթոսի եկեղեցու վիճակի բարելավմամբ` հենց Եփեսոսում Ք. հ. 58թ. գրելով կորնթացիներին ուղղված առաջին նամակը:

Կարելի է ենթադրել, որ Պողոս Առաքյալը Եփեսոսումնցկացրած երեք տարիների ընթացքում բնակվում էր Ակյուղասի և Պրիսկիղայի տանը: Երեք տարի հետո Պողոս Առաքյալը, կրկին իր խոստման համաձայն, մեկնում է Մակեդոնիա, Հունաստան և հանգրվանում Կորնթոսում: Հետևելով Պողոս Առաքյալին` Ակյուղասը և Պրիսկիղան ևս թողնում են Եփեսոսը և Ք. հ. 54 թ., երբ արդեն մահացել էր Կլավդիոսը, մեկնում Հռոմ, այն մտադրությամբ, որպեսզի այստեղ նույնպես ծառայեին Աստծու Եկեղեցուն և պատրաստվեին դիմավորելու Սուրբ Պողոս Առաքյալին, ով վաղուց էր ծրագրել Հռոմ այցելությունը (հհմտ. Գործք. ԺԹ 21, Հռ. Ա 11-12): Հռոմում Ակյուղասի և Պրիսկիղայի տանն էր հավաքվում քրիստոնյաների մի մեծ բազմություն. այս էր պատճառը, թերևս, որ Պողոս Առաքյալը հռոմեացիներին ուղղած իր նամակում, որ գրել էր Կորնթոսում, առաջինը ողջունում է հենց Ակյուղասին և Պրիսկիղային (հմմտ. Հռ. ԺԶ 3): Հռոմում արդեն ավելացել էր քրիստոնյաների թիվը և նրանց մեջ մեծ բազմություն էին կազմում Պողոս Առաքյալի մտերիմները, որոնցից քսանվեց հոգու անունները թվարկում է Պողոսը:

Ակյուղասի և Պրիսկիղայի մասին վերջին տեղեկությունը, որ մենք ստանում ենք Նոր Կտակարանից, արձանագրված է Եփեսոսի եպիսկոպոս Տիմոթեոսին ուղղված նամակում. «Ողջունիր Պրիսկային եւ Ակիւղասին…» (Բ Տիմ. Դ 19): Պողոս Առաքյալն Իր կյանքի վերջին օրերին գրած այս նամակում նորից հիշատակում է Ակյուղասին ու Պրիսկիղային, ինչն էլ հասկանալի է դարձնում, որ Ակյուղասն ու Պրիսկիղան վերջնականապես չէին հաստատվել Հռոմում, այլ Պողոս առաքյալի հրահանգով կրկին վերադարձել էին Եփեսոս` տեղական եկեղեցուն և Տիմոթեոս եպիսկոպոսին ծառայելու համար:

Այսպես իրենց ամբողջ կյանքը Ակյուղասն ու Պրիսկիղան նվիրեցին Քրիստոնեական Եկեղեցուն ծառայելուն` ամեն ինչում օգտակար լինելով Պողոս Առաքյալի քարոզչությանը: Հատկանշական է, որ նրանք երբեք միևնույն վայրում երկար չմնացին. Հռոմ, Կորնթոս, Եփեսոս, Հռոմ, ապա նորից Եփեսոս. սրանք էին հիմնական այն քաղաքները, որտեղ անշահախնդիր կերպով քարոզչական գործունեություն էր ծավալում Ա դարի Քրիստոնեական Եկեղեցու նվիրյալ ամոլը: Նախնական Քրիստոնեական Եկեղեցում նմանատիպ մարդիկ շատ էին, ովքեր լինելով աշխարհիկ, իրենց անմնացորդ նվիրումն ու ծառայությունն էին բերում Ընդհանրական Եկեղեցու զորացման գործին:

Ակյուղաս և Պրիսկիղա անուններն օգտագործված են Նոր Կտակարանում վեց անգամ, և հետաքրքրական է, որ այս վեցից չորս անգամվա ժամանակ առաջինը հիշատակվում է Պրիսկիղայի` Ակյուղասի կնոջ անունը: Այս հանգամանքը շատերին ստիպել է կարծել, թե այսպիսով Ղուկաս Ավետարանիչը և Պողոս Առաքյալը փորձել են ցույց տալ Պրիսկիղայի ծավալած գործունեության առավել կարևոր լինելը, իսկ ոմանք փորձեցին սա բացատրել այն տեսակետով, ըստ որի Պրիսկիղան հռոմեական ազնվական իշխանական տոհմի ներկայացուցիչ էր, որն ընդունել էր քրիստոնեությունը և հետևաբար տոհմական պատկանելության համար է, որ Պողոսը նրա անունն ամուսնու անունից առաջ է հիշատակում: Հովհաննես Ոսկեբերան Հայրապետը, սակայն, դեռևս Դ դարում կարծում էր, որ և Ակյուղասը, և Պրիսկիղան աղքատ քրիստոնյաներ էին հասարակ ծագումով, իսկ Պողոս առաքյալը հիշատակում էր Պրիսկիղայի անունն սկզբում, որովհետև ցանկանում էր ցույց տալ Պրիսկիղայի դերի կարևորությունը տնային եկեղեցում և ոչ առավելությունը Ակյուղասի հանդեպ:

Այսօր եւս Հռոմում պահպանվում են Պրիսկիղայի անունը կրող ժայռափոր մի գերեզման` կատակոմբ և մի եկեղեցի, որտեղ ավանդության համաձայն պահվում են նահատակների մասունքները: Չնայած պարզ չէ, արդյո՞ք Գործքում հիշատակված Պրիսկիղայի մասին է խոսքը, թե ոչ, քանի որ Պրիսկիղա անունով հայտնի են նաև այլ նահատակ սրբուհիներ:

Ակյուղասի և Պրիսկիղայի հետագա գործունեության մասին գրավոր աղբյուրները լռում են, սակայն համաձայն Եկեղեցու ավանդության և համեմատաբար ավելի ուշ` Է - Ը դարերում ձևավորված վարքագրական աղբյուրների, Ակյուղասը հետագայում դարձել է Հերակլիոնի եպիսկոպոս և երկար ժամանակ Ասիայում քարոզչական լայն գործունեություն ծավալելուց հետո, գլխատմամբ սպանվել հեթանոսների ձեռքով: Նահատակության պսակ է առել նաև նրա կինը` Պրիսկիղան, որը գաղտնի այցելություններ էր կատարում Ներոն կայսեր ժամանակ բանտարկված քրիստոնյաներին և ոգևորում ու քաջալերում էր նրանց` հավատքի մեջ ամուր մնալու համար: Ուղղափառ Եկեղեցում Ակյուղասը համարվում է յոթանասնից առաքյալներից մեկը ու նաև հիշատակվում առանձին` հուլիսի 14-ին, մեր Եկեղեցում, սակայն, նա չի անցել տոնացույցի մեջ: Հայ Եկեղեցու տօնացույցի համաձայն Խաչի տոնին հաջորդող չորրորդ կիրակիի նախորդ շաբաթ օրը մենք կատարում ենք Հիսուս Քրիստոսի 72 աշակերտների հիշատակը, որոնցից մեկն էլ ավանդաբար Ակյուղասն է համարվում: Չնայած այս ամենին, ինչպես և Շնորհք Պատրիարքն է նշում. «Արժանի էին ասոնք, որ անցնէին միասնաբար նաեւ մեր տօնացոյցի մէջ, ինչպէս անցած են միւս եկեղեցիներուն մօտ»:

Աղբյուր՝ Նոթատետր