Այսպէս է ասում Տէրը. «Քանի որ Քրիստոս մարմնով չարչարուեց մեզ համար, դուք եւս զինուեցէ՛ք նոյն մտքով. որովհետեւ, ով մարմնով չարչարւում է, դադարում է մեղանչելուց, որպէսզի մարմնի մէջ մնացած ժամանակ այլեւս ոչ թէ ըստ մարդկային ցանկութիւնների, այլ ըստ Աստծու կամքի ապրի» (Պետրոս 4:1)

Սրբասեր Տեր Եղիշե քահանայի՝ ճգնավոր կրոնավորի ու մենակյացի խոսքը` «Հայր մեր» աղոթքի մասին

Մեկն է ճշմարիտ Հայրը և Արարիչն ամբողջ աշխարհի. առանց ախտերի հղացավ և առանց ցավերի ծնեց երևացող ու աներևույթ ամեն բան: Նա, ով ծնեց, եկավ և ուսուցանեց որդիներին` դիմել երկնավոր Հորը, որպեսզի այս աշխարհը մշտապես չմնա խանձարուրի ու օրորոցի մեջ, կաթնակեր, ուրիշների ձեռքով կերակրվող մանուկ, թաթախված ու թաղված գարշելի ախտերի մեջ, որից ձանձրացան մայրերն ու ստնտուները, և դայակներն ու սնուցողները երես դարձրեցին: Դրանք օրենքն ու մարգարեներն են. ծովի մեջ լվացին և չկարողացան սրբել, գետն անցկացրին և չթրջեցին, շատացրին օճառը, լվացին բորակով, և չսրբեցին, իրենց մոտ բերելով` բարձրացրեցին, գցեցին ու հեռացան:

Երկնավոր Հայրը գթաց, երկնքից երկիր խոնարհվեց ու բոլորին գտավ հոսող արյան, կուռքերի պաշտամունքի, մեռելոտի զոհերի մեջ: Առավ, լվաց, սրբեց, երկնավոր զգեստն հագցրեց և մոտեցրեց նույն որդեգրությանը:

Սովորեցրեց հայրենի վարդապետությունը, որպեսզի դիմեն սիրելի երկնավոր Հորը: Ասում է.

«Աղոթք անելիս տղայաբար շատախոս մի՛ եղեք. Աստված սրտի խորհուրդներն է լսում և բարի գործերի փոխարեն բարին է հատուցում: Բերանով վկայելու համար բավական է այսքանն ասելը.

«Հա՛յր մեր, որ երկնքում ես, սուրբ է Քո անունը» (տե՛ս Մատթ. Զ 79):

Բնույթով պարզ է, բայց առավել է մտքերի բարձրությամբ. դեպի վեր է նայել տալիս և սովորեցնում է, որ Աստված է բոլորի Հայրը: Որդիները դիմում են Հորը. գութի կարոտն է ստիպում նրանց, և կարոտի կամքը Հորը բերում է դեպի ողորմությունն ու գութը: Հարկ է, որ որդիները լինեն ըստ Հոր կամքի, ապա Հայրը՝ ըստ որդիների կամքի նրանց պետքերը կհոգա և իր ամբողջ հարստության ժառանգորդը կդարձնի : Հայր անունը մեկ է հոգևորների ու մարմնավորների համար. պետքերը, մասերի բաժանվելով, զանազանվում են միմյանցից: Երկրավոր հայրերին մարմնի ցանկության ախտերը շարժեցին դեպի որդեծնություն` ախտավոր հղությամբ ախտավոր որդիներ ծնելու:

Փոփոխական է հայրությունը. երբեմնի որդին դառնում է հայր. նա հեռանում է այս աշխարհի կյանքից, հայրությունը վերցվում է նրանից, նրա տեղը գալիս է որդին, դառնում է հայր և գնում նույն ճանապարհով: Այսպիսի փոխանորդությամբ էլ պիտի ավարտվի այս աշխարհը:

Աստծու` մարդկանց Հայր լինելու այս պարգևը ավելի մեծ է, քան մարդկանց տրված բոլոր պարգևները: Հրեշտակներն իշխանություն չունեն այս ասելու. նրանք, թեև հզոր են ու հոգևոր, բայց սպասավորներ են, որդիներ չեն: Զգուշացի՛ր, ո՛վ մարդ. ինչպիսի պատվով մեծարվեցիր, մինչև իսկ համարձակվեցիր Աստծուն քեզ Հայր անվանել. մտածի՛ր, Հոր պատվի համեմատ կերպավորի՛ր քեզ, որպեսզի երկնավորներն ու երկրավորներն իմանան, որ իսկապես Աստծու որդի ես: Աստված խոսքով ծնեց մարդուն. թեև խոսքով չես կարող, մարմնիդ կամքով մի՛ թաթախվիր հողի մեջ, կտրի՛ր, հեռացրո՛ւ քեզնից ավելորդ ցանկությունները: Քեզ շատ ու բավական համարիր անհրաժեշտ կերակուրները, չափը մի՛ անցիր և մի՛ շվայտանա: Գիրությունից ճարպոտում է մարդը, իսկ ճարպի առատությունից ծնվում են անօրինություններ. ինչպես որ արբեցությունից ծնվում է պիղծ անառակությունը. այդպիսինն Աստծուն Հայր անվանել չի կարող: Մի՞թե ինքդ չես վկայում` ասելով.

«Սուրբ է Քո անունը».

ո՞վ կարող է Աստծուն անուն դնել. սուրբ` այս է Աստծու ճշմարիտ անունը: Սուտ աստվածների անունները սուրբ չեն. մեկը գող է, մեկը` մարդասպան, մեկը` շուն, և բոլորը լի են չարչարանքների ախտերով. մանավանդ որ գոյություն էլ չունեն և ոչ էլ լինելու են: Մարդիկ, որ աստված են անվանում դրանց, Աստծու ճշմարիտ որդիներ չեն. ում որ ուսուցանում է դիմել Աստծուն և ում որ հրամայում է աղոթքով կանգնել Աստծու առջև, նրանցով բոլորի համար բացում է դուռը, որպեսզի բոլորը դիմեն` մտնելու այն դռնով, սովորեն նույն աղոթքը` աղաչել Աստծուն և ասել.

«Հա՛յր մեր, որ երկնքում ես, սուրբ է Քո անունը»:

Երբ աղոթքով սովորեն ճշմարտախոս լինել, աշխարհում ճշմարտագործ կերևան. այնժամ կարող են լքել սուտ աստվածներին ու հեռանալ նրանցից:

Հեռացան քարից ու փայտից, որոնց հայր ու մայր էին անվանում, և հրաժարվեցին իրենց անառակ գործերից, նրանց մտքերը սրբվեցին իմաստության գիտությամբ, և նրանց բերանները բացվեցին` համարձակորեն խոսելու և ասելու.

«Թո՛ղ գա Քո արքայությունը, թո՛ղ լինի Քո կամքը երկրի վրա այնպես, ինչպես երկնքում է» (Մատթ. Զ 10):

Աստված թագավոր է ամեն բանի վրա, Նրա արքայությունն Իր կամքը կատարողների վրա է: Ասում է` միայն թող գա Քո արքայությունը: Այս, ինչպես այն խոսքը, որ ասում է.

«Ծագելու է Յակոբի աստղը, և մի մարդ է բարձրանալու իսրայելացիներից, պիտի հասնի ու կորստյան մատնի ամաղեկացիների զորությունը» (տե՛ս Թվեր, ԻԴ 17):

Աստղը ծագեց, և Մարդը բարձրացավ, հարվածեց սպանեց սատանային` այսինքն` հեթանոսների զորությունը: Ի սկզբանե Աստծու կամքն էր այս, և կատարվեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալստյամբ: Հարկ է, որ սովորենք այս աղոթքը և հավատով հուսանք Նրա երկրորդ գալստյանը, երբ մեր աղոթքների համեմատ էլ մեր գործերը ստուգությամբ կերևան:

«Թող գա Քո արքայությունը»:

Ինքը` Արքայությունը, սովորեցնում է խոսել Իր մասին.

«Նա աշխարհի մեջ էր, և աշխարհը նրանով եղավ, սակայն աշխարհը նրան չճանաչեց» (Հովհ. Ժ 10):

Սովորեցնում է ասել Հայր, որպեսզի միայն Նրան իմանաս աշխարհի Արարիչ. իբրև Արարիչ` Հայրն է բոլորի, բայց Նրա որդեգիրը մարդն է միայն: Ով արարեց, Նույնը և արքա է, ով եկավ, Նույնինն է և արքայությունը, ով բնությամբ մեր Աստվածն է, Նույնը մեր Հայրն է Իր Աստվածության շնորհներով: Երբ Աստված բոլորի Հայրն է, ապա և Քրիստոս եղբայրն է բոլորի, ովքեր կատարում են Նրա կամքը: Արքա էր և քո Եղբայրը եղավ: Այս պարգևները մեծ են առաջին արարչության [պարգևներից]. այն ժամանակ ասվեց, թե մարդն Աստծու պատկերով ստեղծվեց` Օրինակի նման. իսկ հիմա Հոգեղենը կամեցավ մեր հողեղեն պատկերով լինել, որպեսզի սա Իրենով սովորի առաքինի դառնալ: Որովհետև սա չկարողացավ միաբանել Իրեն, Ինքը առավ նրա կերպարանքը, ինչպես որ Ինքը գիտի, Ինքը անքակտելի ու անխախտելի, անհասանելի և անասելի, միայն հավատալի և հուսալի որպիսությունը կերպարանեց և միայն նրան սիրելու արժանացրեց: Մերով խոսում է մեզ հետ և ուսուցանում. խոսում է նմանով և երևացողներիս ուսուցանում աներևույթ Աստվածությունը, որպեսզի երևացողների միջոցով ճանաչենք աներևույթ արքայությունը: Ով եկավ, Նույն Ինքը երկրորդ անգամ պիտի գա: Այժմ վարդապետությունը աշակերտներին որդիներ է ասում, ծառաներին տերեր է դարձնում և մահկանացուներիս անմահության է հրավիրում` ասելով.

«Թո՛ղ գա արքայությունը», որպեսզի զգուշությամբ պատրաստվենք, ապա և Իր իշխանությամբ հատուցի մեզ:

Որքան կարող ես, քեզ ժառանգակից դարձրու, արքայության մասերին բարձրացրու: Ըղձալի է աղոթքը և մեր բնությունից վեր պարգևներ է խոստանում:

«Թո՛ղ լինի, ասում է, քո կամքը»:

Աստծու կամքը մարդու սրբությունն է: Քանի որ բաժնեկից դարձրեց Իր արքայությանը. ոչ թե որովհետև չենք կարող հասնել այն բաժնին, այլ որպեսզի դյուրությամբ ստանանք համբերությունը մեր հույսի համար, ինչպես նրանք, ում սովորեցրեց աղոթքը: Եթե նրանք կատարյալ դարձան աղոթքով, ապա նաև մենք կարող ենք: Միայն հավատա՛, հուսա՛, սիրի՛ր, և նույն պահին կատարյալ կդառնաս ուրախությամբ: Եւ եթե տրտմությամբ չարչարակից լինես Քրիստոսին, Ինքը` Աստված քեզ կզորացնի` համբերելու. եթե անհնարին լինէր այդ, Աստված մեզ այդպիսի աղոթք չէր սովորեցնի: Առաջիններին նայեցեք ու քաջալերվեցէ՛ք. հավատի համար բավական չհամարեցին միայն իրենց չարչարանքը, այլ նաև մեռնելն ապրելուց լավ համարեցին, Նահատակադրին նայեցին ու նահատակվեցին: Խոսքով նրանց գովողներ լինենք, իսկ գործով` նույն նահատակությամբ նահատակվողներ: Աստված բոլորի Հայրն է, բոլորս պետք է որդիներ լինենք, քանզի մեկն է ժառանգությունը, որ բաշխեց բոլորին:

«Թո՛ղ Քո կամքը երկրի վրա լինի այնպես, ինչպես երկնքում է»:

Որովհետև Աստված կարող է բոլոր մարդկանց երկնավոր դարձնել, աղոթքը թողնում է մեր կամքին, քանի որ մենք` երկրավորներս, ինքներս կարող ենք երկնավոր լինել: Վերին զորքերը սիրով սպասավորում են Նրա կամքին, միաբան փառավորում են Աստծուն և Նրա ահագին փառքից ծածկում են իրենց ոտքերն ու երեսները, որպեսզի իրենց մեջ սիրեն Աստծուն, աչքով տեսնելու փոխարեն բավական են համարում իրենց մեջ սիրելը, և նրանց սիրո համար Աստված Իր կամքը սիրով կատարում է նրանց մեջ:

Մի՛ փութացեք մարմնավոր աչքերով տեսնել Աստծուն, որպեսզի անժամանակ չհատնեք: Մեր սերը թո՛ղ պատգամավոր լինի Նրա մոտ, և Նրա սիրո համար թո՛ղ մեր մեջ կատարվի Նրա կամքը: Շտապե՛նք ընթանալ այն ամենով, ինչ որ մարգարեները մեզ սովորեցրին, քանզի նրանք խոսքերով ասացին և գործերով կատարեցին, և նրանց Վարդապետն այլ մեկը չէր, քան Նա, ով այս աղոթքը սովորեցրեց քեզ: Դու նույնպես սովորի՛ր աղոթքը խոսքով և գործով շտապի՛ր կատարել: Հեռու չես հրեշտակներից. նրանց հետ ես աղոթում, նրանց հետ ես փառավորում Աստծուն: Եւ ինչպես որ դու ես միաբանվում նրանց հետ, այնպես էլ նրանք են քեզ երգակից լինում աղոթելիս և օրհնելիս: Համարձակորեն բացում ես բերանդ ու ասում.

«Թո՛ղ Քո կամքը լինի երկրի վրա այնպես, ինչպես երկնքում է»:

Այս իշխանությունն ավելի մեծ է, քան առաջին օրհնությունները. այն ժամանակ միայն երկրի վրա պետք է տիրէիր իշխանությամբ, այժմ, ասում է` երկնքում և երկրի վրայ:

«Մեր հանապազօրյա հացը տո՛ւր մեզ այսօր»:

Երկրաբույս հացը Աստված շնորհում է բոլորին ըստ այն խոսքի, որ ասում է.

«Մարդկանց ու անասուններին դու ես ապրեցնում, Տէ՛ր» (Սաղմ. ԼԵ 7):

Ինչպէ՞ս կարող է այս հացի մասին ասել, եթե սա հանապազօրյա չէ. մանկությունն անհնար է դարձնում այն ուտել, հիվանդությունը` կրճատում է ուտելու ցանկությունը, աղքատությունը` հնարավորություն չի տալիս այն ունենալ, մահը` քակտում է և հեռացնում նրանից:

«Ձեր հայրերը անապատում մանանան կերան, սակայն մեռան: Այս է երկնքից իջած հացը: Եթե մեկն այս հացից ուտի, հավիտյան կապրի» (Հովհ. Զ 49, 52).

այս խոսքերը լսում էին Նրանից, և անմիջապես հասկանալ չէին կարողանում: Կրկնում է, նույն խոսքն ասում է երեք անգամ, որպեսզի հեշտությամբ լսեն և խոսքի զորությունը հավատով ընկալեն.

«Ես եմ, ասում է, կենդանի հացը, որ երկնքից է իջել. եթե մեկն այս հացից ուտի, մահ չի ճաշակի» (տե՛ս Հովհ. Զ 51):

Աղոթքի մեջ ուսուցանում է ա՛յս հացը հանապազորդ խնդրել Աստծուց: Եթե լավ միտ դնես, ով այս հացը սրբությամբ է ուտում և Նրան արժանի կերպով է պատրաստում իր անձը, նա կարիք չի ունենայ երկրավոր արքայության. անմահ հացը դրվում է մահկանացու ձեռքի մեջ, ձեռքն անմիջապես անմահանում է, և այն ուտելով` մարդն ամբողջովին` շնչով, մարմնով ու հոգով հոգիանում ու բաժնեկից է դառնում Քրիստոսին. միայն թե սկզբի զորությունը անարատ պահի մինչև վերջ: Չկա երկրավոր չարչարանք, որ hաղթի նրան, նրա առջև արհամարհելի է արծաթը, և ոսկին ատելի է նրա աչքում, աշխարհի մեծությունը ցավ է համարում, որովհետև նրա խորհուրդները սրբվել են երկնավոր ազատության մեջ` ամբողջովին լցվելով անմահ հացով: Նույնը հարմար է բոլորին. եթե մանուկ է, կատարյալ հասակի է երևում, եթե տկարացած է ցավերից, Աստուծու զորությունը բնակվում է նրա մեջ, եթե հեռանում է այս աշխարհի կյանքից, իր հետ Աստծու մոտ է տանում անմահ կյանքը: Մեր Տերը աղոթքի մեջ ա՛յս է ուսուցանում` աղաչել Իրեն` տո՛ւր մեզ մեր հանապազօրյա հացը, ո՛չ թե [հացը] երկրից, այլ Տիրոջից, պարզ է, որ ոչ թե երկնքից, այլ բոլորի Տիրոջը:

Ասում է.

«Այս է իմ մարմինը, և այս է իմ արյունը» (տե՛ս Մատթ. ԻԶ 26, Մարկ. ԺԴ 22, Ղուկ. ԻԲ 19):

Թեև անփշրելի էր, բայց քո սիրո համար փշրվեց, և քեզ, որ փշրվեցիր քո կամքով, անփշրելի Աստվածությամբ Իրեն միացրեց.

«Դժոխքում չես թողնի ինձ և քո սուրբին ապականություն տեսնել չես տա» (Սաղմ. ԺԵ 10):

Ուրբաթ օրը խաչվեց` մահը փշրելու համար, իսկ կիրակի օրը Ադամի փշրված ոսկորները հավաքեց, հարություն տվեց` անմահության համար, և շատերին ցույց տվեց իսկապես և ոչ առաչօք: Մի օր հացացավ վերնատանը և հանապազ հացանում է Եկեղեցիներում` սուրբ սեղանի վրա: Նախ Ինքը ճաշակեց Իրենից, ապա մեզ բոլորիս ճաշակից դարձրեց նույն չարչարանքներին: Այլևս չարչարանքների մեջ չէ, այլ հայրական փառքի մեջ փառավորվում է հրեշտակների ու մարդկանց կողմից: Նա մեր բոլորի չարչարանքները բարձրացրեց դեպի Իր անչարչարելի Աստվածությունը: Մեր այս հավատի hույսը իբրև հաստատուն խարիսխ պահենք մեր հոգում ու մարմնում: Ինչպես որ շինության սյունն է հաստատուն պահում շինությունը, այդպես էլ մարդու հավատն է անքակտելի [միության մեջ պահում] Աստծու հետ, որով համարձակությամբ կարող ենք բարբառել և ասել.

«Ների՛ր մեզ մեր հանցանքները, ինչպես որ մենք ենք ներում նրանց, որ հանցանք են գործում մեր դեմ»:

Սա ճշմարիտ աղոթք է` բանական և գործնական. երբ դու քո ընկերոջից չես պահանջում քո պարտքը, այնժամ Աստված էլ ներում է քեզ քո բոլոր հանցանքները և անմեղ դարձնում: Լսի՛ր Պետրոսին, որ հարցնում էր Տիրոջը, թե քանի անգամ պետք է ների եղբորը, երբ նա իր դեմ մեղանչի, մինչև յո՞թ անգամ, և թե ինչպես սովորեց մեր Տիրոջից, որ նրան ասաց, թե`

«Քեզ չեմ ասում, թե յոթ անգամ, այլ յոթ անգամ յոթանասուն» (տե՛ս Մատթ. ԺԸ 2122):

Պետրոսն իբրև մարդ սահման դրեց, մեր Տերը չսահմանափակեց Իր Աստվածության բարերարությունն ու մարդասիրությունը:

Մենք մեր խոսքով ու գործով անընդհատ մեղանչում ենք, Աստված տեսնում է և զանց է առնում, որպեսզի Իր երկայնամտությամբ մեզ ապաշխարության դարձնի: Չմեղանչելը մարդու համար կատարյալ արդարություն է, իսկ եթե իբրև մարդ մեղանչում է, թող շտապի զղջալ և ապաշխարել: Բաց են Նրա ողորմության դռները, Նա դրանք չի փակում ապաշխարողների առջև: Մանավանդ նրանք, ովքեր հավատով խնդրել գիտեն, կարող են նաև առաքինությամբ ճգնել` հոգևոր վաստակների համար. նրանք ոչ միայն ներում են իրենց ընկերների` իրենց դեմ գործած մեղքերը, այլ նաև իրենց ունեցվածքն են բաշխում աղքատներին: Աստծու զորությունն է, որ նրանց դեպի առաքինություն է ձգում, և անում են, ինչպես որ առաջիններն էին անում.

«Ովքեր գյուղերի, ագարակների ու ինչքերի տեր էին, վաճառում էին դրանք և վաճառվածի գումարը բերում դնում էին առաքյալների ոտքերի առաջ» (տե՛ս Գործք, Դ 3435):

Մեր Տերը նրանց ուղարկեց` խոսքը քարոզելու, և նրանք քարոզում էին խոսքը և մատակարարում էին յուրաքանչյուրին ըստ իր կարիքի: Խոսքի ձայնը հասնում է ականջին, բայց Երկնայինի սերը առանց խոսքի էր ուսուցանում առատաձեռն լինել. տալիս էին ոչ թե, որովհետև կամենում էին աղքատանալ, այլ որովհետև կամենում էին հասնել այլ` երկնավոր մեծության: Եւ դու, երբ թողնում ես քո ընկերոջ պարտքերը, ոչ թե ատելով ատում ես քո ունեցվածքը, այլ որ քո արած սակավ ողորմությամբ Աստված կթողնի քեզ քո բազում պարտքերը, որ ունէիր: Հետևի՛ր այս խոսքերին. երբ քո ընկերոջը ներես, դու նույնպես արժանի կլինես ներման:

Համարձակությամբ բացում ես բերանդ և ասում.

«Մի՛ տանիր ինձ դեպի փորձություն, այլ փրկի՛ր չարից»:

Աստված չի կամենում մարդուն փորձության տանել, այլ կամենում է ազատել փորձությունից և փրկել մահվանից:

Քանզի Նա, ով Իր Որդուն չխնայեց և մեր բոլորի համար մահվան մատնեց Նրան, Նրանով ամենայն բարիք է շնորհում բոլորին, ովքեր խնդրում են Իրենից: Թեև մենք չենք կարող փոխարենը հատուցել Աստծուն, որքան կարող ենք, չծուլանա՛նք. մեր սակավապետությունը պահք է համարվում, չափավոր խմելը` գինուց հրաժարում, միջին հանդերձանքը` անշքություն է համարվում, միայն անհրաժեշտն ունենալը` աղքատություն, երանության հասնելու համար հեզ և հանդարտ լինենք խոսելիս, ընկերոջը ուսուցանենք հեզություն: Եթե չքնել չենք կարող, ապա գոնե ամբողջ գիշերը չտրամադրե՛նք քնին, որպեսզի բնավ չմոռանանք սաղմոսներն ու օրհնությունները: Եթե աղքատների կարիքները չենք կարող լրացնել, մի պատառ [հացի] և մի բաժակ [ջրի] կարոտ չթողնե՛նք նրանց: Մեր ունեցվածքի մեջ թող չլինի՛ որբերից ու այրիներից հափշտակված բան, և մեր ունեցած ամեն ինչը թող Աստծուն նվիրված լինի, այնժամ նաև մեր անձերը կլինեն Նրան հաճելի ու ընդունելի պատարագներ: Տղամարդի՛կ ու կանա՛յք, ծառանե՛ր ու ազատնե՛ր, բոլորս շտապե՛նք կատարել Աստծու պատվիրանները, քանզի մեր Տերը եկավ բոլորիս թողության համար:

Նրա մարդասիրությանը վայել են փառք, իշխանություն և պատիվ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն։

Աղբյուր՝ Holytrinity.am