Այսպէս է ասում Տէրը. «Ով մեղաւորին իր մոլորութեան ճանապարհից յետ է բերում, կը փրկի նրա հոգին մահուանից եւ կը ծածկի մեղքերի մի ամբողջ բազմութիւն» (Հակոբոս 5:20)

Տեր Պարգև քահանա Զեյնալյան. Եկեղեցին կարիքն ունի այդ քաջության հոգով ոգևորված հովիվների ու հավատացյալների

«Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ով ոչխարների փարախը դռնով չի մտնում, այլ ուրիշ տեղով է բարձրանում, նա գող է և ավազակ. իսկ ով դռնով է մտնում, հովիվ է ոչխարների» (Հովհ. 10;1-3)։

Քաջ հովվի կերպարն ամենաարտահայտիչ այլաբանություններից մեկն էր, որով մեր Տեր Հիսուս Քրիստոս ներկայացնում էր Իր մարդեղացման պատճառն ու այն փրկության կերպն ու միջոցը, որ Նա բերել էր մարդկությանը:

Տերը մատնանշում է նախ սուտ մարգարեներին ու քարոզիչներին. «Լավ իմացեք,- ասում է Հիսուս, - երբ կտեսնեք մեկին, որ դռնից չի մտնի փարախ, այլ պատերի վրայով թաքուն սողոսկելով կմտնի կամ դուրս կգա փարախից, նա հափշտակող գող է, որովհետև եթե հովիվ լիներ, դռնով կմտներ»: Հիսուս ասում է, որ այդպիսիները ընդունելի չպիտի լինեն, քանի որ աշխատեցին որպես գող մտնել փարախ, որ բանավոր ոչխարներին գողանան և մոլորեցնեն, բայց ոչխարները նրանց չպետք է հետևեն: Երբ որ իսկական հովիվն է ձայն տալիս, հետևողները ճանաչում են նրա ձայնը, հետևում նրա ձայնին, փարախից դուրս են գալիս և գնում են մաքուր ու ընտիր արոտներում արածելու, ուր բարի հովիվը տանում է նրանց և առաջներն ընկած առաջնորդում: «Ես եմ քաջ հովիվը,- շարունակում է Հիսուս,- որ ճանաչում եմ Իմ ոչխարներին և ճանաչվում եմ նրանց կողմից. և ինչպես Երկնավոր Հայրն է Ինձ ճանաչում, Ես էլ Իմ Երկնավոր Հորն եմ ճանաչում, գիտեմ Նրա կամքը, կատարում եմ այն, Իմ կյանքն էլ պիտի զոհեմ, որ մարդկությունը հոգևորապես փրկվի»: Հիսուսի խոսքերը շատ խորհրդավոր էին. Նա ամփոփ խոսում էր Իր Մեսիայության, փրկագործ մահվան և կենդանարար Հարության մասին:

Հիսուսի աշակերտները, սակայն, շփոթվել էին Իր այս խոսքերից: Իսկ ամենամեծ խուճապը սկսվեց, երբ Տիրոջ խոսքերը սկսեցին իրականանալ: Անզոր, անհույս մարդկանց արհամարհանքով, ստորաքարշությամբ, հիասթափությամբ էր պատված Քրիստոսի Եկեղեցին այն օրը, երբ Նա մահացավ: Վարանող հետևորդների մի փոքրիկ խումբ, որոնցից ամենահամարձակը, երդվելով, ուրացավ Քրիստոսին, իսկ ամենասիրելին լքեց ու հեռացավ տրտմության ժամին: Նրանց առջև փակված էր ժողովարանը, նրանց ձեռքից վերցրել էին բոլոր զենքերը: Եթե խոսեն իրենց լեզվով, նրանց կմատնի գալիլեացու բարբառը, եթե խոսեն հունարենով` այն արհամարհված էր հրեաների կողմից: Այդուհանդերձ, ինչպե՞ս այդ ընկճվաճ ու հալածված մարդկանց հաջողվեց հաղթահարել երկյուղն ու հուսահատությունը, քանդել չհասկացվածության պատնեշն իրենց ու աշխարհի միջև, գրավել արքաների ու նրանց զորքերի սրտերը, իսկ նրանց վարդապետությունն անցավ գավառից գավառ ողջ աշխարհում:

Ինչպիսի՞ իշխանությունը կարող էր նման ծայրահեղ անզորությունը վերածել մեծագույն հզորության: Դրան կա մեկ պատասխան. Հիսուս Քրիստոսի` Մեռելներից Հարությունը, որ առաջացրել էր բոլոր այդ մեծ վերափոխությունները:

Եթե մենք համեմատենք անարգ վերջաբանը, որով ավարտվեց Հիսուսի երկրային կյանքը, այն աստվածային հատկացուցիչների հետ, որոնք Նա վերագրում էր Իրեն, այդ վերագրումը մեզ համար պիտի անհասկանալի մնա այնքան ժամանակ, քանի դեռ տեսնում ենք միայն Նրա բաժին տառապանքներն ու ստորացումները` բաց թողնելով Հարության փաստը, որով եզրափակվեց Հիսուսի պատարագումը: Միայն այդ փաստի հռչակումն ու կարևորումն է հստակ լույս սփռում Նրա չարչարանքների վրա և հնարավորություն տալիս ամբողջությամբ ընկալելու Նրա զոհաբերության գինն ու նշանակությունը:

Հիսուսի մահվան տեսարանից հուսահատված առաքյալները լսեցին Հարության ավետիսն ու հավատացին: Չնայած վախին, սգին ու անորոշությանը, նրանց սրտերում ծնվեց ջերմագին հույսը, որը շուտով վերածվեց հաստատուն համոզման ու հավատքի: Իսկ հավատքը նրանց մղեց հոգևոր սխրանքների ու քաջագործությունների: Նրանք իրենց աչքի առաջ ունեին Հիսուսի` քաջ հովվի կերպարը, որ կանչում էր իրենց ևս արիանալու և նույն քաջությամբ հովվելու Քրիստոսի բանավոր հոտը:

Առաքյալներից հետո այդ նույն հովվությունը ստանձնեցին Եկեղեցու հայրապետները, եպիսկոպոսները, վարդապետներն ու քահանաները, որոնց ոգեշնչում էր նույն քաջ հովվի կերպարը: Ով ուզում է քաջ հովիվ լինել, պետք է առանց վարանելու, առանց վախենալու հոտի առջևից գնա, և հոտն էլ կհետևի նրան, որովհետև կտեսնի հովվի մեջ այդ քաջությունը: Քաջությունը չի կարելի ծածկել. այն բացահայտ է, երևում է: Նաև վախկոտությունն է բացահայտ. դա էլ է երևում: Իսկ երբ հոտը տեսնում է հովվի քաջությունը, ինքն էլ է քաջ դառնում, և միասնաբար, միախմբված գնում դեպի Արքայություն:

Մեր օրերում ևս Քրիստոսի Մարտնչող Եկեղեցին կարիքն ունի այդ քաջության հոգով ոգևորված հովիվների ու հավատացյալների:

Տեր Պարգև քահանա ԶԵՅՆԱԼՅԱՆ
Սիսիանի տարածաշրջանի հոգևոր հովիվ
Աղբյուր՝ Irates.am