Այսպէս է ասում Տէրը. «Ով մեղաւորին իր մոլորութեան ճանապարհից յետ է բերում, կը փրկի նրա հոգին մահուանից եւ կը ծածկի մեղքերի մի ամբողջ բազմութիւն» (Հակոբոս 5:20)

Գեղամ Սարյան

Գեղամ Սարյան (իրական անունը՝ Բաղդասարյան Գեղամ Բաղդասարի) (դեկտեմբերի 25, 1902, Թավրիզ, Իրան - նոյեմբերի 14, 1976, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդահայ բանաստեղծ, թարգմանիչ: ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1967)։ ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1970, «Քրիզանթեմ» բանաստեղծությունների ժողովածուի համար): Ուկրաինական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1972): ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից: 1946 թվականին, 1962 թվականին և 1970 թվականին ընտրվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր:

Կենսագրություն

Ծնվել է 1902 թվականի դեկտեմբերի 25-ին Իրանի Թավրիզ քաղաքում: 1920 թվականին ավարտել է Թավրիզի Կենտրոնական թեմական միջնակարգ դպրոցը։ 1922 թվականից հաստատվել է Խորհրդային Հայաստանում, Գյումրիում զբաղվել ուսուցչությամբ։ 1927-1928 թվականներին աշխատել է «Ավանգարդ», «Մաճկալ», 1928-1931 թվականներին՝ «Բանվոր» թերթերում, 1934-1935 թվականներին՝ «Խորհրդային գրականություն» ամսագրում: Այնուհետև զբաղվել է բացառապես ստեղծագործական աշխատանքով։

Ստեղծագործությունը

Դասական քնարերգության ավանդներով սնված պատանի Սարյանը գրել է տխրահույզ, ներհուն երգեր («Օ՛, ես դեռ մանկուց...», «Ծխախոտս», «Երկնքի պես հոգի ունեմ պարզ ու մուրջ...» և այլն)։ Տպագրվել է 1919 թ.-ից։ 1925 թվականին լույս է տեսել Սարյանի առաջին գիրքը՝ «Շիրակի հարսանիքը», 1930 թվականին՝ բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն՝ «Երկիր խորհրդային»։ Այնուհետև հրատարակվել են Սարյանի քնարական երգերի, բալլադների, պոեմների ժողովածուները՝ «Երկաթե ոտնաձայներ» (1933 թ.), «Միջօրե» (1935 թ.), «Գյուլնարա» (1935 թ.), «Բանաստեղծություններ» (1940 թ.), «Բալլադներ» (1944 թ.), «Հատընտիր» (1951 թ.), «Քրիզանթեմ» (1968 թ., ՀԽՍՀ պետական մրցանակ)։ Լույս են տեսել նաև «Պատմվածքներ» (1928 թ.) ժողովածուն, «Օտար մարդը» (1929 թ.) վիպակը, «Երեք երգ» (1936 թ.), «Գրիգոր Դերեն» (1967 թ.) դրամատիկական պոեմները, «Հրաշալի սերունդ» (1950 թ.) չափածո վեպը և թատերգություններ։

Սարյանը միշտ հավատարիմ է մնացել քնարերգուի իր խառնվածքին ու ոճին. ջերմ, անմիջական, մտերմիկ, երբեմն պայծառ տխրությամբ համակված նրա երգերը հայրենիքը, սերը, ստեղծարար աշխատանքը, մարդը գովերգող ձոներ են։ Հույզի և խոհի, քնարական նուրբ խոսքի և քաղաքացիական բուռն պաթոսի ներդաշնակությամբ, թեմատիկ բազմազանությամբ, կենսական հագեցվածությամբ, գեղարվեստական հյուսվածքի ինքնատիպությամբ են հատկանշվում Սարյանի բալլադները, պոեմները, չափածո դրամաներն ու ավանդազրույցները, որոնցում պատկերվել են քաղաքացիական կռիվները և Հայրենական մեծ պատերազմի հերոսականությունը («Բալլադ սիրո և հերոսության մասին», «Լուսանկարը»), հայ ժողովրդի պատմական ճակատագրին ու հայության ազգային–հայրենասիրական ոգորումները («Դեպի կառափնարան», «Փառքի տաճարը»)։ Դասական արժեքներ են Արևելքի ժողովուրդների ազգային և հոգևոր զարթոնքի թեմաներով Սարյանի ստեղծած բալլադները («Գյուլխանդա, «Գյուլնարա, «Իրանի»)։ Նրա շատ բանաստեղծություններ երգի են վերածվել։ Գրել է նաև մանուկների համար։ Հայերեն է թարգմանել է Ա. Պուշկինի, Մ. Լերմոնտովի, Հ. Հայնեի, Ի. Ճավճավաձեի, Ի. Գրիշաշվիլու ստեղծագործություններից, ինչպես նաև Մ. Տվենի «Հեկլբերի Ֆիննի արկածները»։ Սարյանի երկերը առանձին գրքով հրատարակվել են շատ ժողովուրդների լեզուներով։ Մահացել է 1976 թվականի նոյեմբերի 14-ին, Երևանում։

Քրիզանթեմ

Քրիզանթեմ, ճերմակ քրիզանթեմ,
Վերջին ծաղիկ, աշնան վերջին հառաչ...
Ես քեզ էլ ի՞նչ սրտով բարի մաղթեմ,
Իմ տխրություն` կանգնած աչքիս առաջ:

Դու բացվեցիր ձմռան նախադռան,
Էլ քեզ ինչպե՞ս ասեմ` գա'լդ բարի,
Ես քեզ նման ճերմակ, դու ինձ նման,
Շուտով կծածկի մեզ ձյունն աշխարհի...

Շուտով կծածկի մեզ ձյունն աշխարհի,
Ես քեզ էլ ի՞նչ սրտով բարի մաղթեմ,
Ճամփորդներ ենք մենք նույն ճանապահի,
Քրիզանթեմ, ճերմակ քրիզանթեմ:

Տեսանյութը՝ ԱՐ հեռուստաընկերության «Մեր Մեծերը» հաղորդաշարի