Այսպէս է ասում Տէրը. Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք: ՍԻՐԱՔ ; 20 ,28

Սոցիալական արդարությունը հոգևոր և աշխարհիկ ուղիներում

Մարդն արդարություն է պահանջում, նույնիսկ փոքրիկ երեխան, եթե նրա ձեռքից վերցնում ես կոնֆետը կամ խաղալիքը, սկսում է լացել՝ անարդարության զգացումն ունենալով, որովհետև արդարության ընկալումն արդեն իսկ առկա է նրա հոգում: Արդարություն հասկացության մասին խոսելիս կարող ենք հանդիպել տարբեր սահմանումների և բնութագրումների, որոնք մեծմասամբ համընկնում են միմյանց: Արդարություն ասելով՝ հասկանում են ճշմարտություն, իրավացիություն, օրինականություն, իրավունքի, խղճի, բարոյականության պահանջներին համապատասխանություն և այլն: Բայց երբ խոսում ենք աշխարհիկ և հոգևոր արդարությունների մասին, տեսնում ենք, որ դրանք միանշանակորեն տարբեր հարթությունների վրա են գտնվում: Ուշագրավ է, որ մարդկային փոխհարաբերություններում ավելի շատ քննարկվում է սոցիալական արդարության խնդիրը, և դրա արդարացի լուծման ուղիները: Մի առակում պատմվում է, որ երկու մարդ վիճաբանում են մի հողակտորի համար և չեն կարողանում վեճը խաղաղությամբ և արդարացի լուծել: Որոշում են դիմել մի իմաստուն ճգնավորի օգնությանը: Երբ ճգնավորը տեսնում է, որ երկուսն էլ իրենց արդարացի են համարում և արդարություն են պահանջում, առաջարկում է գնալ այդ վիճելի հողատարածքը:

- Սա ի՛մ հողակտորն է, - գոչում է վիճաբանողներից մեկը:

- Ո՛չ, իմն է, - հակառակվում է մյուսը:

Այդժամ ճգնավորն այդ հողակտորի վրա ծնկի է գալիս և աղոթում: Այնուհետև կանգնում է և ասում.

- Ես այս հողակտորի համար հողին հարցրի:

- Եվ այն ի՞նչ ասաց քեզ,- հետաքրքրվում են վիճաբանողները:

- Պատասխանեց, որ ձեզ նման արդարություն է պահանջում: Ասաց, որ դուք են նրան պատկանում, այլ ոչ թե նա՝ ձեզ...

Այս առակում տեսնում ենք, որ վիճաբանողները արդարություն են ուզում, բայց յուրաքանչյուրն այն հասկանում է իր անձնական շահերից ելնելով: Սա նաև կոչում են մարդկային արդարություն, որը պատմության շրջափուլերում ունեցել է զանազան զարգացումներ և տարբեր հասարակարգերում սահմանվել՝ ըստ այդ արժեընկալման չափորոշիչների:

Հետևաբար, երբ փիլիսոփաները խոսում են արդարության մասին, այն համարում են հարաբերական արդարություն, որը կարող է խմբագրվել հանրույթների կողմից և ունենալ տարբեր ընկալումներ և սահմանումներ տարբեր ժամանակներում: Բայց այսպիսի արդարությունը որևէ կապ չունի հոգևոր արդարության հետ, որը կոչում են նաև Աստվածային արդարություն և որը անփոփոխ ու բացարձակ է:

Եթե թերթենք պատմության էջերը, կարող ենք նկատել, որ հին ժամանակներում մարդիկ արդարության հիմքը ուժն էին համարում, քանի որ նա էր արդարություն հաստատում, ով ուժեղ էր, և առաջինն ինքն էր օգտվում ձեռք բերած նյութական բարիքներից, և այս մոտեցումը գերակայում էր ցեղախմբերի մեջ հնագույն ժամանակներում: Թերևս այսպիսի մոտեցումը, ցավոք, ներկայումս կարող ենք նկատել միջազգային հարաբերություններում, որտեղ գերտերություններն են թելադրում իրենց սկզբունքները և իրականում ուժի իրավունքով առաջնորդվում միջազգային հարաբերություններում, թեպետ այդ ամենը փորձում են քողարկել ժողովրդավարություն անվան ներքո: Այնուհետև քաղաքակրթության զարգացմանը զուգընթաց, հասարակության մեջ արդարություն է համարվում արժանավոր լինելու հանգամանքը և ջանադրությունը, քանի որ ով ինչքան շատ է աշխատել և ջանք գործադրել, արժանի է ստանալու, պարգևատրվելու շատ ավելին, քան մյուսները: Կամ քաղաքակիրթ աշխարհում, ինչպես օրինակ` մարդիկ սկսում են հերթ կանգնել հաց գնելու համար, և արդարացի են համարում, որ նա պետք է առաջինը հաց գնի, ով առաջինն է ժամանել, թեև հերթի վերջում, ով ուշացել է, հնարավոր է չկարողանա այլևս հաց գնել, եթե հացը չի բավականացրել բոլորի համար: Այս խնդիրը բերում է արդարության մեջ հավասարության գաղափարի անհրաժեշտության ամրապնդմանը, ուր արդարություն է համարվում, եթե բոլորին հացը հավասարապես հասանելի է դառնում: Այնուամենայնիվ, սոցիալական արդարության այս մոտեցումը հոգևոր արդարությունից տարբերվում է: Սբ. Պաիսիոս Աթոսացին «Հոգևոր պայքար» գրքում նկարագրում է այդ տարբերությունը, ուր նշում է՝ շատը տուր քո մերձավորին, իսկ քիչը` պահիր քեզ: Նկատում ենք, որ հոգևոր արդարության հիմքում ընկած է ոչ թե ուժը, արժանավոր լինելը, հավասարությունը, իրավունքը, այլ սերը մերձավորի հանդեպ: Նա ասում է, որ մարդկային արդարության դեպքում երկու մարդիկ տասը սալորը հավասարապես կբաժանեին միմյանց միջև, իսկ Աստվածային արդարության դեպքում` քիչը քեզ կպահես, իսկ շատը` մերձավորին կտաս:

Անաչառության և հավասարության ընկալումը բավական մեծ տեղ ունի մարդկային արդարության մեջ: Պատմում են, որ երկու հոգի խնձորը կիսում են` մեծ և փոքր մասերի: Առաջինը վերցնում է մեծ կտորը, երկրորդն ընդվզում է, թե ինչո՞ւ մեծ կտորը վերցրիր: Առաջինն ասում է` իսկ դու ինչպե՞ս կվարվեիր: Երկրորդը պատասխանում է` փոքրը կվերցնեի, իսկ մեծ կտորը կթողնեի քեզ: Առաջինը պատասխանում է` ահավասիկ ես քո ցանկությունը կատարել եմ` մեծը վերցրել եմ, իսկ փոքրը թողել եմ քեզ: Այս պատմության մեջ տեսնում ենք, որ երկրորդը միանգամից ընդվզում է խնձորի անհավասար բաշխման պատճառով և անարդարացի է համարում նման մոտեցումը, սակայն նախընտրում է խնձորի փոքր կտորը վերցնել: Սա մարդկային արդարությանը բնորոշ պատմություն է: Հոգևոր արդարության դեպքում` երկրորդ անձը չէր ընդվզի, այլ սիրով փոքրը կվերցներ և նույնիսկ ուրախ կլիներ դրա համար:

Աբրահամի և Ղովտի պատմության մեջ այս մոտեցումն առկա է, երբ Ղովտը որոշում է բնակվել բարեբեր բնակավայրում, և Աբրահամը զիջում է նրան ու հեռանում է այլ ուղղությամբ (Ծննդ. 13.10-12): Բայց հոգևոր արդարությունն առանց դատողության կորցնում է իր իմաստը, քանի որ յուրաքանչյուր իրավիճակ պահանջում է յուրովի լուծում: Եթե երկու հոգի մտածում են, որ միայն խնձորի փոքր կտորը վերցնելն է արդարությունը, ապա կարող է առաջանալ մի իրադրություն, երբ երկուսն էլ փորձում են վերցնել խնձորի փոքր կտորը և ոչ թե օգնում են միմյանց, այլ խանգարում: Այս առումով սբ. Պաիսիոս Աթոսացին նշում է հողակտորի բաժանման հարցը երկու եղբայրների միջև, ուր հողը բաժանվում է ոչ թե հավասարապես, այլ ըստ կարիքի և անհրաժեշտության: Ում ընտանիքն ավելի մեծ է, և երեխաները՝ շատ, նա ստանում է հողակտորի ավելի մեծ մասը, իսկ փոքր հատվածը տրվում է փոքր ընտանիք ունեցող եղբորը: «Գործք Առաքելոց»-ում առաքյալները նյութական բարիքները նույնպես բաժանում էին ըստ կարիքի և անհրաժեշտության, այլ ոչ թե հավասարապես բոլորին միևնույն չափով (Գործք 4.32-35): Եթե մարդկային արդարության հիմքում ընկած է շահը, անաչառությունը, հավասարությունը, օրենքը, ապա հոգևոր արդարությունն ավելի բարձր հարթության վրա է, քանի որ դրա հիմքում` սերը, ողորմածությունը և դատողությունն է: Երբ շնացող կնոջն ըստ օրենքի բերեցին քարկոծելու, Հիսուս մատնանշեց արդարության հիմնասյուները` սերը և ողորմածությունը: Եվ այդ կնոջն ասաց` ես էլ քեզ չեմ դատապարտում, գնա՛, այսուհետև մի՛ մեղանչիր (Հովհ. 8.10-11): Հետևաբար, հոգևոր արդարության հիմքում ոչ թե պետք է փնտրենք օրենքի անողոք իրագործումը և մեղավորին քարկոծելը, այլ սերը և ողորմածությունը:

Միևնույն խնդրին Ավետարանում հանդիպում ենք շաբաթ օրով բժշկության պարագայում (Մատթ. 12.9-14): Այս դիտանկյունից՝ ռուս հոգևորական Վադիմ Կորժևսկին նշում է՝ արդ, ոչ թե արդարությունը պետք է որոնել անկյալ բնության աշխարհում, այլ` սերը: Եվ դրանից բխում է, որ արդարություն հասկացությունը պետք է հաստատվի մեղավորի հանդեպ սիրո գործերով, այլ ոչ թե նրանից արդար գործեր պահանջելով: Հակառակ դեպքում՝ այդպիսի «արդարությունը» կարող է ոչնչացնել, ինչպես կործանեց այն անողոք ծառային, որն իր պարտքը արդարության սկզբունքով պահանջում էր, թեև ինքը թագավորից ողորմածաբար ներում էր ստացել իր չվճարած պարտքի համար (Մատթ. 18.27-30):

Եթե Հին Կտակարանում մարդկային փոխհարաբերություններում արդարության չափանիշը պարզապես օրենքը, պատվիրանները պահելու մեջ է և հստակ գերակայում է հավասարության սկզբունքը՝ ինչպես ինձ հետ ես վարվել, այդպես էլ քեզ հետ է արդարացի վարվել` ատամի փոխարեն` ատամ, աչքի փոխարեն` աչք, ապա Ավետարանում սիրո և ողորմածության պատվիրանն է գործում, և արդարությունը բնորոշվում է նույնիսկ թշնամուն սիրելու պատվիրանով (Մատթ. 5.38-48): Հետաքրքական է, թե Մաքսիմոս Խոստովանողն ինչպես է բնորոշում արդարությունը: Ըստ նրա մոտեցման՝ երեք տեսակի արդարություն է առկա` մարդկային, հրեշտակային և Աստվածային: Ի՞նչ է մարդկային արդարությունը: Այն շոշափելի բարիքների հավասար բաշխումն է, և բարյացակամությունն՝ ուրիշների նկատմամբ:

Ի՞նչ է հրեշտակային արդարությունը: Այն աստվածային գիտելիքների առատաձեռն բաշխումն է: Ի՞նչ է Աստվածային արդարությունը: Այն տառապանքն է նրանց համար, որոնք մեղքի մեջ են ընկնում: Մարդկային արդարությունը հիմնված է իրավունքի և բարոյական նորմերի վրա: Այս արդարությունը կարելի է բաժանել երկու մասի` ներքին և արտաքին: Արտաքինը այն հարաբերություններն են, որոնցով հատկորոշվում է արդարություն հասկացությունը մարդկային փոխհարաբերություններում՝ ըստ տվյալ հասարակության մեջ արժեընկալման, որոնք կարգավորվում են իրավունքի, օրենսդրության միջոցով: Ներքին արդարությունը չափորոշվում է մարդու խղճի և բարոյական նորմերի միջոցով: Սողոմոն Իմաստունը երկու կանանց միջև ծագած խնդիրը լուծեց ըստ խղճի և մայրական սիրո արդարության (Գ Թագ. 3.16-28): Իսկ Աստվածային արդարությունը հաճախ մեր ուժերից ու հասկացություններից վեր է, որովհետև այն շատ անգամ կարող է խորթ լինել մարդկային արդարության սկզբունքին: Երբ Հիսուս նշում է, որ պիտի չարչարանքներ կրի և անարգվի, Պետրոսն ընդվզում է (Մատթ. 16.22-23): Մաքսիմոս Խոստովանողը նշում է, որ Տերը Պետրոսին հանդիմանում է ոչ թե նրա համար, որպեսզի նրան վիրավորի, ինչպես ոմանք մտածում են, այլ ցույց տալու, որ մարդկային արդարությունը տարբերվում է Աստվածային արդարության ուղուց, քանի որ Նրա մահը մեզ համար Կյանք դարձավ, և Նրա անարգանքը` փառք մեզ համար:

Երբ Տերը Պետրոս առաքյալին զգուշացնում է մոտեցող նեղությունների մասին, առաքյալը մտածում է ըստ մարդկային բնական կարգի` մարդկային արդարության, ըստ որի՝ անարդար է թույլ տալ, որ կյանքը լինի ծաղրված, իսկ փառքը` անարգված: Այդ պատճառով Տերը մերժում է այդ միտքը. իրողությունների գերբնական կարգի մեջ ճիշտ չէ փնտրել բնական արդարություն: Փաստն այն է, որ Տերը պատրաստվում է իրագործել մեր փրկությունը հակադրությունների միջոցով` մեզ կյանք տալ մահվան միջոցով, փառք` անարգանքի միջոցով: Ահա Տերը կամենում է ցույց տալ, որ մարդկային դատողությունն ու արդարությունն այս դեպքում անկարող է հասկանալ Երկնային Նախախնամությանը: Սբ. Պաիսիոս Աթոսացին նշում է, որ Աստվածային արդարությամբ հաճախ մեկին գումարած մեկ հավասար է երկուսի, բայց երբեմն էլ` երկու միլիոնի: Աստվածային արդարության բնորոշում կարող ենք հանդիպել նաև որոմների առակում (Մատթ. 13.24):

Ռուս հոգևորական միտրոպոլիտ Ֆիլարետ Վոզնեսենսկին բնորոշում է արդարության երեք տեսակ և նշում` առաջինը օրենքի, օրինապահության արդարությունն է, երբ մարդիկ ամեն կերպ ձգտում են ապրել օրինապահությամբ և իրագործել օրենքը, սակայն մարդը կարող է հայտնվել անողոք, խստասիրտ հոգեվիճակում: Սա քրիստոնեական մոտեցում չէ:

Երկրորդը` բարեկրթության արդարությունն է, երբ անձը մարդկային փոխհարաբերություններում փորձում է ապրել ոչ միայն արտաքին օրենքների և ավանդույթների համաձայն, այլև, ընդհանուր առմամբ, իր խղճի համաձայն: Բարեխիղճ կյանք է վարում ու ամեն ինչում փորձում է մերձավորների հանդեպ բարյացակամ լինել և նրանց ցանկություններն իրագործել: Բայց այսպիսի փափուկ արդարությամբ մարդիկ հաճախ սպառվում են և որոշ ժամանակ անց փորձում են արագ ու քաղաքավարի կերպով խուսափել մյուսներից նրանց խնդրանքները չկատարելու համար:

Երրորդը` սրտի արդարությունն է, քրիստոնեական արդարությունը: Այս արդարությունը լեցուն է սիրով և ողորմածությամբ, որն ամփոփված է «Ոսկե կանոն»-ի պատգամով, թե այն ամենը, ինչ կկամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դուք արեք նրանց (Մատթ. 7.12): Մենք պետք է ոչ միայն օրինապահ ու բարեխիղճ լինենք, այլ առավել կերպով՝ աստվածային սիրով առաջնորդվենք, քանի որ հոգևոր արդարությունն ամբողջանում է սիրո պատվիրանը պահելու և իրագործելու մեջ:

Հովհաննես Մանուկյան

Աղբյուր՝ Surbzoravor.am