Այսպէս է ասում Տէրը. «Մի՛ պարծեցիր վաղուայ օրով, որովհետեւ չգիտես, թէ վաղն ինչ է բերելու քեզ: Թող քեզ քո ընկե՛րը գովի, եւ ոչ թէ՝ քո բերանը, օտարը, եւ ոչ թէ՝ քո շուրթեր» (Առակներ 27:1-2)

Աղոթք շրջանավարտի

Տեր Աստված ամենակալ, Արարիչ երկնքի և երկրի. Քեզ եմ խնդրում խոնարհված անձովս և գթություն հայցում Քեզանից:

Լսի՛ր, Տեր, մեր աղաչանքները և ընդունիր Քո ծառաների խնդրանքը ու պարգևիր Քո առատ ողորմությունը բոլոր հավատացյալներին, և մանավանդ մեզ՝ շրջանավարտներիս, որ կամենում ենք ստանալ Քո օրհնությունը ու լինել աստվածահաճո և բարեվաստակ մարդիկ՝ գործակցությամբ մեր Տիրոջ և Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի:

Եվ Դու, մարդասեր և ողորմած Տեր, ինչպես որ սկզբից օրհնեցիր մեր նախահորը՝ Ադամին, և նրա բոլոր ժառանգներին՝ պարգևելով նրանց կարողություն՝ ամեն բան անել, օրհնի՛ր նաև մեզ ու հաջողի՛ր մեր բոլոր գործերը՝ հեռու պահելով չար սովորություններից, աշխարհի խաբեական պատրանքներից, որոնցով մարդիկ կորցնում են իրենց հոգիները:

Արդ, խնդրում եմ Քեզ, բարերար և բազումողորմ Աստված, նայի՛ր մեր երկրպագությանը, խոնարհվի՛ր Քո ծառաների աղաչանքին և լսի՛ր մեր խնդրանքը, քանի որ Քեզ ենք ապավինում միայն և Քո առատ ողորմությունն ու զորությունն ենք փափագում:

Տեր, օրհնի՛ր մեզ և մեր բոլոր ուսուցիչներին՝ արդյունավետ դարձնելով նրանց վաստակն ու աշխատանքը:

Ամրապնդի՛ր, Տեր, մեզ մեր մտքի մեջ՝ Քո առջև միշտ բարին խորհել, խոսել և գործել և փրկիր չար խորհուրդներից, խոսքերից ու գործերից:

Քո երկնային թագավորության գանձերով վարձատրի՛ր մեր ուսուցիչներին, և մենք, գոհանալով՝ կփառավորենք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

Աղբյուր՝ Qahana.am